Սփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվում


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Սփյուռքից Հայաստան կատարվող ներդրումների էական ակտիվացում է նկատվում։

«Երեկ Կոտայքի մարզ կատարած մեր շրջայցի ընթացքում տեսանք, որ, օրինակ, Ֆանտան գյուղի ջերմատներից մեկը կրկին Սփյուռքի գործարարների ներդրում է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանում իրականացվող ամենախոշոր ներդրումային ծրագիրը՝ Firebird-ը, նույնպես Սփյուռքի գործարարների, մասնագետների և ներդրողների ջանքերով է կյանքի կոչվում։

Նրա խոսքով՝ Երևանում շրջայցերի ժամանակ հանդիպել են տասնյակ սփյուռքահայերի, որոնք անվերապահ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը։ «Կան խմբեր, ակումբներ, որոնք իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսելու իրավունքը։ Ուզում եմ պաշտոնապես ասել, որ այդ մարդիկ ընդհանրապես Սփյուռքը չեն։ Իրենք Սփյուռքում այլևս ճնշող փոքրամասնություն են և լուսանցքային կազմակերպություններ»,- ասել է վարչապետը։



ՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքով


Քաղաքականություն


ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշեւը ապրիլի 9-ին հյուրընալվել են ՀՀ ԿԸՀ-ում։

Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Դեսպանը հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքից։



Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասին


Քաղաքականություն


Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պաշտոնապես հայտարարել է, որ Բեյրութում իրականացված օդային հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմի անձնական քարտուղար և խորհրդական Ալի Յուսուֆ Հարշին։ Թիրախային հարվածն իրականացվել է Լիբանանի մայրաքաղաքի Թալլեթ Խայաթ թաղամասում՝ խմբավորման հիմնական հենակետ համարվող Դահիե թաղամասից դուրս։ 

Ըստ զինվորականների՝ Հարշին ոչ միայն Քասեմի վստահելի անձն էր, այլև նրա զարմիկը, ով առանցքային դեր էր խաղում առաջնորդի գրասենյակի և անվտանգության կառավարման գործում։

Զուգահեռաբար, Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Լիտանի գետի վրայով անցնող երկու «կենտրոնական» անցումների։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ այդ ուղիներն օգտագործվում էին «Հեզբոլլահի» կողմից հազարավոր միավոր զենքեր, հրթիռներ և արձակման կայանքներ Հարավային Լիբանան տեղափոխելու համար։



Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է


Հայաստան


Մարտի 3-ին՝ ժամը 12․37-ին, ցուցադրաբար անտեսելով իրավական նորմերը, «ԲՄՎ»-ի վարորդը դրիֆթ էր կատարել մայրաքաղաքի Ուլնեցու և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի աշխատակիցները ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և պարեկների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ իր մեքենայով դրիֆթը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։



Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Մշակույթ


Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետները և կապալառու շինարարական ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ մույթների նորոգումը, ինչպես նաև ամրացման և բարեկարգման մնացած աշխատանքներն ավարտական փուլում են և ընթանում են ըստ նախագծի։ Նախարարը հերթական անգամ ընդգծել է աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման խնդիրը։




Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը


Աշխարհ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային զարգացումները և Իրանում հրադադարը: 

Էրդողանն այն բնութագրել է որպես կրիտիկական հնարավորություն, որը պետք է ողջամտորեն օգտագործել կայուն խաղաղության համաձայնագրի ապահովման և այդ գործընթացը խափանելու ցանկացած փորձ կանխելու համար:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի՛ և կընդլայնի աջակցությունը դիվանագիտական նախաձեռնություններին՝ սերտորեն համագործակցելով Պակիստանի և այլ բարեկամ երկրների հետ՝ կայուն կարգավորման հասնելու համար:

Թուրքիայի նախագահն Իրանի շուրջ իրավիճակը քննարկել է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, շնորհակալություն հայտնել վերջինիս այդ գործընթացում ունեցած դերի համար:



Քննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցը


Հայաստան


Մի կարևոր սարքավորում ենք ուզում ձեռք բերել: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Նա նշեց, որ քննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցը:

«Այն մեզ թույլ է տալիս ամբողջությամբ շերտագրել և ԱԲ-ի հետ համադրելով՝ որոշել՝ ինչ տեսակի նորոգում պետք է անենք. այսինքն՝ սարքավորումը կանցնի ճանապարհի վրայով և մեզ խորհուրդ կտա այնտեղ միջին նորոգում անե՞նք, թե՞ հիմնանորոգում, մինչև ի՞նչ խորությամբ շերտ մենք այնտեղ փոխենք, և ի՞նչ հատիկային կազմով շերտ ստանանք: Երթևեկելով այդ ճանապարհով՝ մեզ կպատմի, օրինակ՝ ճանապարհի 70 սմ խորության վրա գտնվող ճաքերի մասին, ինչը մեզ թույլ կտա որոշել հիմնանորոգում անել, թե միջին նորոգում անել»,- ասաց Խուդաթյանը:

«Ասֆալտապատումը մոտեցնում ենք վիրահատության ճշգրտությանը և տրամաբանությանը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շուկայի ուսումնասիրությամբ այս սարքավորումների գինը տատանվում է 1.2-1.5 մլն դոլարի արժեքով, հետևաբար, այո՛, այդ լրջությամբ սարքավորման մասին ենք խոսում, որը տարածաշրջանային նշանակության սարքավորում է»,- ասաց ՏԿԵ նախարարը:



45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ


Ավտո


45 տրոլեյբուսները, որոնք վարչապետի հանձնարարականով և Կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 9-ի նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան»,- ասաց Ավինյանը՝ անդրադառնալով Երևանում տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանում տրանսպորտի վիճակին, կարևորեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը. «Եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում ՀՀ-ում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել, և սա էլի շատ մեծ նախագիծ է: Բայց որ այդ նախագիծն իրականացվելու է, երկու կարծիք չկա: Մենք բոլորս ուզում ենք, որ ժամկետները կարճ լինեն»: Ըստ Փաշինյանի՝ ռազմավարական նպատակն այն է, որ մետրոն շրջանաձև տեսք ստանա, ինչի արդյունքում երթևեկության տրամաբանությունը ևս կփոխվի, իսկ արդյունավետությունը կմեծանա: