Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ:

1. Դրամավարկային քաղաքականություն. ԿԲ-ն բարձրացրել է տոկոսադրույքը մինչև 6,75%

Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը սեպտեմբերի 15-ին բարձրացրել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 6,75%: Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8,25%, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5,25%: Որոշումը դարձել է տոկոսադրույքի առաջին բարձրացումը ավելի քան երեք տարվա ընթացքում:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը որոշումը բացատրել է նախ և առաջ բարձր ներքին պահանջարկի գործոններով: Կարգավորողը դիտարկում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով ներքին պահանջարկը, գնաճային սպասումները, արտաքին տնտեսական պայմանները և երկրի ռիսկի հավելավճարը:

Ֆինանսական շուկայի համար տոկոսադրույքի բարձրացումը կարող է նշանակել կարգավորողի վերջին որոշման ուղղության փոփոխություն՝ դրամավարկային պայմանների մեղմացման տևական ժամանակահատվածից հետո:

2. Բանկային հատված. ԿԲ տոկոսադրույքը և վարկավորման արժեքը

ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը կրկին ուշադրության կենտրոն է բերել բանկային ֆինանսավորման արժեքը: ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը չի բացառել Հայաստանում վարկերի տոկոսադրույքների բարձրացումը դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլի շարունակության դեպքում: Ընդ որում, նա ընդգծել է, որ տրանսմիսիոն մեխանիզմն աշխատում է ժամանակային հապաղումով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերի 16-ին խորհրդարանում մեկնաբանելով այս թեման, հայտարարել է, որ երկրի ինքնիշխան վարկանիշի հետևողական բարձրացումը պետք է նպաստի տոկոսադրույքների նվազեցմանը: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ֆինանսական ռեսուրսների արժեքի վրա ազդում են արտաքին գնաճային  գործոնները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը:

Այսպիսով, վարկավորման ընթացիկ արժեքը կարող է ձևավորվել տարբեր ուղղվածություն ունեցող գործոնների ազդեցության տակ՝ դրամավարկային պայմանների խստացման, ԿԲ տոկոսադրույքի տրանսմիսիայի, արտաքին գնաճային ճնշման և ինքնիշխան ռիսկի փոփոխության:

3. Արժութային շուկա. դոլարը կայուն է, եվրոն նվազել է, ռուբլին ՝ամրապնդվել

Հայաստանի արժութային շուկայում սեպտեմբերի 14–18-ի արդյունքներով դոլարի փոխարժեքը գրեթե չի փոխվել. ամերիկյան արժույթը թանկացել է 363,28 դրամից մինչև 363,44 դրամ, կամ առնվազն 0,05%:

Եվրոն այս ժամանակահատվածում նվազել է 419,23 դրամից մինչև 417,05 դրամ՝ մոտ 0,5%-ով: Ռուսական ռուբլին, ընդհակառակը, ամրապնդվել է 4,2997-ից մինչև 4,3123 դրամ՝ մոտ 0,3%-ով:

Բանկային և արժութային շուկաների համար նման դինամիկան կարող է նշանակել արժութային պայմանների հարաբերական կայունության պահպանում՝ դրամի նկատմամբ հիմնական արտարժույթների սահմանափակ տատանումների պարագայում:

4. Կապիտալի շուկա. ռիսկի հավելավճարը նվազել է մինչև մոտ 170 բազիսային կետ

Հայկական եվրոպարտատոմսերի գծով ռիսկի հավելավճարը նվազել է մինչև մոտ 170 բազիսային կետ, սեպտեմբերի 15-ին հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ-ն դինամիկան կապում է ինչպես գլոբալ իրացվելիության և զարգացող շուկաների ակտիվների նկատմամբ պահանջարկի, այնպես էլ Հայաստանի համար յուրահատուկ գործոնների հետ, ներառյալ երկրի ռիսկի ընկալման փոփոխությունը:

Կապիտալի շուկայի համար դա կարող է նշանակել ներդրողների կողմից ընկալվող երկրի ռիսկի նվազում և Հայաստանի ինքնիշխան պարտքային գործիքների գնահատման ընթացիկ պայմանների բարելավում:

5. Ֆինանսական բարեփոխումներ. ԿԲ-ն և Արժույթի միջազգային հիմնադրամը քննարկել են բանկերը, վճարումները և կապիտալի շուկան

ՀՀ ԿԲ-ն և ԱՄՀ առաքելությունը սեպտեմբերի 16-ին քննարկել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, դրամավարկային և արժութային քաղաքականությունը, միջազգային պահուստները և ֆինանսական սեկտորի վիճակը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գործող «Stand-By Arrangement» պահուստային համաձայնագրի շրջանակում կառուցվածքային ուղենիշերի կատարմանը:

Ֆինանսական հատվածի համար այս օրակարգը կարող է նշանակել համակարգային ռիսկերի կառավարման մեխանիզմների և ֆինանսական ենթակառուցվածքների կարգավորման շարունակություն: Աշխատանքը միաժամանակ ընդգրկում է բանկային կարգավորումը, վճարումները և կապիտալի շուկան:

6. Ներդրումային շուկա. Freedom Broker Armenia-ն գնահատել է ԿԲ տոկոսադրույքի բարձրացման ազդեցությունը

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը չի համարում, որ ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը 0,25 տ.կ.-ով էական ազդեցություն կունենա տեղական շուկայում շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա:

Պետական պարտատոմսերի շուկայում Հովակիմյանը հնարավոր է համարում գների վրա փոքր ճնշումը: Դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլի շարունակության դեպքում շուկայի արձագանքը, նրա գնահատմամբ, ավելի արտահայտված կլինի, սակայն ցածր իրացվելիությունը կարող է դանդաղեցնել առանձին թողարկումների վերագնահատումը:

Այսպիսով, վերջին ավելի քան երեք տարվա ընթացքում տոկոսադրույքի առաջին բարձրացումը շուկայի մասնակցի կողմից առայժմ դիտարկվում է նախ և առաջ որպես դրամավարկային պայմանների չափավոր ճշգրտում: Կապիտալի շուկայի համար անմիջական նշանակություն կարող է ունենալ պետական պարտատոմսերի եկամտաբերության փոփոխությունը, առանձին հատվածների իրացվելիությունը և ֆինանսական գործիքների արժեքի մեջ ԿԲ որոշումների փոխանցման արագությունը:

7. Միջազգային պահուստներ. փոխանցումների և կապիտալի ներհոսքն ապահովել է ռեկորդային $6,5 մլրդ

Հայաստանի համախառն միջազգային պահուստները օգոստոսին աճել են մինչև ռեկորդային $6,5 մլրդ՝ դրամական փոխանցումների և կապիտալի զգալի ներհոսքի շնորհիվ, ասվում է անցյալ շաբաթ հրապարակված Համաշխարհային բանկի սեպտեմբերյան ակնարկում: Այս ծավալը համապատասխանում է ներմուծման մոտ 4,3 ամսվա ծածկույթին:

Ֆինանսական շուկայի համար պահուստների ռեկորդային ծավալը կարող է նշանակել երկրի արտաքին ֆինանսական դիրքի ամրապնդում և արտարժութային իրացվելիության հավելյալ պաշարի ձևավորում:

8. Գնաճ. սննդամթերքին բաժին է ընկնում գների աճի 57%-ը

Համաշխարհային բանկի վերլուծաբանները նշում են, որ սննդամթերքին և ոչ ալկոհոլային խմիչքներին բաժին է ընկնում Հայաստանում գնաճի 57%-ը: Նշվում է, որ գնաճն օգոստոսին փոքր-ինչ նվազել է՝ հասնելով տարեկան կտրվածքով 4,4%-ի՝ հուլիսի տարեկան 4,5%-ի համեմատ, իսկ բազային գնաճը մոտ է ընդհանուր գնաճին, ինչն արտացոլում է բարձր ներքին պահանջարկը և թողարկման ճեղքվածքի կրճատումը:

Ֆինանսական շուկայի համար գնաճի նման կառուցվածքը կարող է մատնանշել ներքին պահանջարկի կողմից գնային ճնշման պահպանումը՝ չնայած օգոստոսին ընդհանուր գնաճի փոքր-ինչ դանդաղմանը:

Շաբաթվա արդյունքները

Շաբաթն նշանավորեց դրամավարկային քաղաքականության անցումը ավելի խիստ կարգավորման. ԿԲ-ն ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը, ընդ որում որոշման ազդեցությունը վարկավորման և կապիտալի շուկայի վրա սահմանվում է տրանսմիսիոն մեխանիզմի աշխատանքի արագությամբ և իրացվելիության վիճակով:

Շուկայի ուշադրության հիմնական ուղղություններն են մնում ԿԲ նոր տոկոսադրույքի փոխանցումը վարկային և պարտքային գործիքներին, գնաճային դինամիկան, արժութային հոսքերը և ֆինանսական կարգավորման հետագա կարգավորումը:

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․  2026 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 17-ի համեմատ, նվազել է 0.06 կետով՝ կազմելով 363.44 դրամ։

Կենտրոնական բանկի կայքէջի համաձայն՝ եվրոն նույնպես նվազել է 0.18 կետով՝ կազմելով 417.05 դրամ, մինչդեռ ռուբլին աճել է 0.0049 կետով՝ կազմելով 4.3123 դրամ։

  18.09.2026 17.09.2026
ԱՄՆ դոլար-Դրամ 363.44 363.5
Եվրո-Դրամ 417.05 417.23
Ռուբլի-Դրամ 4.3123 4.3074

ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը զգալի ազդեցություն չի ունենա Հայաստանի շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա․ Freedom Broker Armenia–ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը չի ակնկալում ԿԲ տոկոսադրույքի բարձրացման էական ազդեցություն շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա տեղական շուկայում:

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում նա պարզաբանեց, որ իր կանխատեսումը պայմանավորված է մոնետար պայմանների չափավոր խստացմամբ, ինչպես նաև նրանով, որ տվյալ քայլը առնվազն մասնակիորեն արդեն ներառված էր շուկայի սպասումներում:

ՀՀ ԿԲ Խորհուրդը սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել բարձրացնել դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 6,75%:

Հովակիմյանը կարգավորողի՝ տոկոսադրույքը 25 բազիսային կետով բարձրացնելու որոշումն անվանել է, ընդհանուր առմամբ, սպասելի քայլ:

«Մենք ավելի վաղ նշել էինք կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի բարձրացման հավանականությունը՝ հաշվի առնելով, որ սպառողական գնաճը երկրում ընթացիկ տարվա փետրվարից պահպանվում էր ԿԲ 3% (±1 տ.կ.) թիրախային միջակայքի վերին սահմանից բարձր: Ընդ որում, կարգավորողի ներկայացուցիչների խոսքով, առանձնակի անհանգստություն է առաջացնում հենց բազային գնաճի կայունությունը»,- պարզաբանեց նա:

Freedom Broker Armenia-ի տնօրենի խոսքով՝ ևս մեկ կարևոր գործոն է արտաքին գնաճային ճնշման ռիսկերի աճը՝ նավթի կտրուկ բարձրացած գների (մեկ բարելի դիմաց $100-ից բարձր) և Մերձավոր Արևելքում վերջին աշխարհաքաղաքական էսկալացիայի պատճառով առաջացած լոգիստիկ բարդությունների ֆոնին. Հորմուզի նեղուցով նավագնացության շարունակվող սահմանափակումները (ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության ֆոնին) և Կարմիր ծովը Ադենի ծոցին միացնող Բաբ էլ-Մանդեբի նեղուցով (նավթի համաշխարհային ծովային փոխադրումների առանցքային երթուղիներից մեկը) փոխադրումների հետ կապված խնդիրները և այլն:

Հովակիմյանը նշեց նաև, որ պետական պարտատոմսերի շուկայում հավանական է փոքր ճնշում գների վրա, թեև դրամային կորպորատիվ պարտատոմսերի գների/եկամտաբերության վրա ազդեցությունը, նրա կարծիքով, չնչին կլինի՝ շուկայի թույլ իրացվելիության և արդեն իսկ գոյություն ունեցող, հարաբերականորեն լայն սպրեդերի շնորհիվ:

«Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ պրոինֆլյացիոն գործոնների պահպանման ֆոնին դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլի շարունակության դեպքում շուկայի արձագանքն ավելի արտահայտված կլինի: Սակայն ցածր իրացվելիությունը և շուկայի սահմանափակ արդյունավետությունը կարող են հանգեցնել դրա դրսևորմանը ժամանակային հապաղումով, ինչպես նաև առանձին թողարկումների ոչ լիարժեք վերագնահատմանը»,- եզրափակել է նա:

Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Arca ազգային վճարային համակարգի և UnionPay-ի համագործակցության շրջանակում պաշտոնապես տրվել է Հայաստանում Arca UnionPay քարտերի մեկնարկը:

Կոնվերս Բանկը Հայաստանում առաջիններից իր քարտապաններին հնարավորություն է տալիս ստանալ մեկ քարտ՝ երկու տեղական և միջազգային քարտերի հնարավորություններով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Arca UnionPay քարտերի թողարկման մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր արարողությունը կայացել է սեպտեմբերի 18-ին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԲ, Armenian Card ազգային վճարային համակարգի, UnionPay International համակարգի, ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան, ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ:

Կոնվերս Բանկը ներկայացրել է և Բանկի բրենդինգով խորհրդանշական քարտը ստորագրել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը:

Նա նշել է. «Այս նախաձեռնությանը առաջիններից միանալը Կոնվերս Բանկի համար բնական է։ Մենք հետևողականորեն ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ և ֆինանսական լուծումներ, և այս համագործակցությունն այդ մոտեցման շարունակությունն է:

Կոնվերս Բանկի կողմից Arca UnionPay քարտերի թողարկումը հատկապես կարևորում եմ երկու տեսանկյունից։ Առաջինը մեր հաճախորդների համար ստեղծվող հավելյալ արժեքն է։ Եթե նախկինում Arca քարտի կիրառելիությունը հիմնականում սահմանափակվում էր Հայաստանի վճարային ենթակառուցվածքով, ապա համատեղ քարտով հնարավոր է գործարքներ կատարել նաև UnionPay-ի միջազգային ցանցում՝ օգտվելով երկու համակարգերի առավելություններից։

Մյուս կարևոր ուղղությունը Հայաստանի ազգային վճարային համակարգի միջազգային ինտեգրումն է։ Arca-ի և UnionPay-ի համագործակցությամբ այն կապվում է միջազգային լայն ցանցի հետ՝ ընդլայնելով հայկական բանկերի և նրանց հաճախորդների հասանելիությունը»։

Arca-ի տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով` «Այս նախագիծն աննախադեպ է ոչ միայն Arca-ի, այլև Հայաստանի վճարահաշվարկային էկոհամակարգի համար։ Երկու ազգային վճարային համակարգերի՝ Arca-ի և UnionPay-ի համագործակցության արդյունքում հայկական բանկերն առաջին անգամ հնարավորություն են ստանում թողարկելու համատեղ քարտ, որի սպասարկումը Հայաստանում իրականացվում է Arca-ի կանոններով, իսկ երկրից դուրս՝ UnionPay-ի սպասարկման ցանցում։

Սա համագործակցության առաջին փուլն է․ նախատեսվում են նաև այլ լուծումներ, այդ թվում՝ արագ դրամական փոխանցումների ուղղությամբ»։

UnionPay International-ի բիզնեսի զարգացման դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Սյան Յուն ասել է. «Arca-ի հետ համագործակցությունը կարևոր քայլ է UnionPay-ի ներկայության ընդլայնման և Հայաստանի վճարային շուկայի հետ ավելի սերտ ինտեգրման ճանապարհին։ Համատեղ քարտի գործարկմամբ մենք միավորում ենք Arca-ի տեղական փորձն ու ենթակառուցվածքը UnionPay-ի միջազգային ցանցի հետ՝ Հայաստանի քարտապաններին հասանելի դարձնելով մեր ծառայություններն աշխարհի տարբեր երկրներում։

Մենք բարձր ենք գնահատում Arca-ի, Կոնվերս Բանկի և ծրագրին միացած մյուս գործընկերների հետ համագործակցությունը և վստահ ենք, որ սա երկարաժամկետ գործընկերության նոր հնարավորությունների սկիզբն է»։

Arca Unionpay քարտերը Կոնվերս Բանկում արդեն հասանելի են:

010 511 211, conversebank.am

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին։

Խաղային ու հագեցած մթնոլորտում մասնակիցները սովորեցին ճիշտ տնօրինել ու խնայել գումարը, ճանաչել ու պաշտպանվել ժամանակակից ֆինանսական զեղծարարություններից, ինչպես նաև արդյունավետ կիրառել թվային ֆինանսական գործիքները։

Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծեց Junius ֆինանսական մրցաշարի դրական ազդեցությունը մասնակիցների շրջանում։

«Յուրաքանչյուր նոր մրցափուլի ընթացքում մասնակիցների թիվն աճում էր, և, ի ուրախություն մեզ, ամեն անգամ նոր երեխաներ էին միանում մրցաշարին։ Ունեինք նաև մրցաշարի «հնաբնակներ», որոնք մասնակցում էին բոլոր խաղերին՝ մշտապես ձգտելով լինել առաջատարների թվում։ Խաղի կանոնների համաձայն՝ մեկ անգամ հաղթելուց հետո մասնակիցը հաջորդ երեք ամիսների ընթացքում չի կարող կրկին հաղթող ճանաչվել և ստանում է միայն խրախուսական մրցանակ։ Այնուամենայնիվ, այս անգամ ևս ունեցանք խրախուսական մրցանակներ ստացող մասնակիցներ, որոնք անկեղծորեն ուրախ էին նաև այդ մրցանակների համար», – նշել է Տաթևիկ Վարդևանյանը։

Երեխաների աճող հետաքրքրությունը, մեծ ոգևորությունն ու ձեռք բերած գիտելիքները հերթական անգամ ցույց են տալիս, որ Idram Junior հավելվածում հասանելի Junius ֆինանսական մրցաշարը ֆինանսապես գրագետ սերունդ ձևավորելուն նպաստող և ապագա հաջողությունների ամուր հիմքերը դնող ռազմավարական նախաձեռնություն է։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար: Հավելվածի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը և Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ընդլայնել են համագործակցությունը․ Բանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Գործընկերությունն ուղղված է ակումբի հետագա զարգացմանը և ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզում նոր ու նշանակալի հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

Սպորտի աջակցությունը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից է։ Բանկը երկար տարիներ նպաստում է Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և իրականացնում հովանավորչական լայնածավալ ծրագիր, որն ընդգրկում է ֆուտբոլը, ֆուտզալը, ըմբշամարտը, հեծանվասպորտը։

Յունիբանկը հատկապես կարևորում է այն նախաձեռնությունները, որոնք ոչ միայն օգնում են հայ մարզիկներին հասնել բարձր արդյունքների, այլև նպաստում են երիտասարդների շրջանում սպորտի և առողջ ապրելակերպի տարածմանը։ Յունիբանկի և «Ալաշկերտ» ՖԱ-ի համագործակցությունը միավորում է ընդհանուր արժեքներ՝ զարգանալու, մշտապես առաջ շարժվելու և բարձր արդյունքների հասնելու ձգտումը։

«Ալաշկերտ» ՖԱ-ն իր 15-ամյա պատմության մեջ 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր, 3 անգամ՝ սուպերգավաթակիր։ «Ալաշկերտն» առաջին հայկական ակումբն է, որը խաղացել է եվրագավաթային խմբային փուլում։ 

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։

Կուտակված 4,719,020 դրամի շնորհիվ կազմակերպության շահառու հանդիսացող երեխաներն ուսումնական տարին սկսեցին լիարժեք պատրաստված՝ անհրաժեշտ դպրոցական հագուստով և գրենական պիտույքներով։

Սեպտեմբեր ամսվա ընթացքում հավաքված «մի դրամներն» ուղղվելու են «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության իրականացմանը։ Նախաձեռնության նպատակն է ճանաչել, արժևորել և տեսանելի դարձնել կանանց առաջնորդությունն ու ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանման ոլորտում։

COP17-ի շրջանակում «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունն իրականացվում է  «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ի, «ՕքսԵՋեն» հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կանանց խմբի (CBD Women’s Caucus) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։ 

Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծեց նախաձեռնության կարևորությունն ու հեռանկարային բնույթը։

«Բնապահպանությունն ու կայուն զարգացումը «Մի դրամի ուժի» առանցքային ուղղություններից են, ուստի այս ծրագիրն ամբողջությամբ արտացոլում է մեր որդեգրած արժեքները։ Ուրախ ենք աջակցել մի նախաձեռնության, որն ընդգծում է կանանց անփոխարինելի ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանման ոլորտում։ Իդրամն ու IDBank-ը շարունակում են աջակցել այն ծրագրերին, որոնք ոչ միայն վեր են հանում կարևորագույն խնդիրները, այլև ուղղված են գործնական լուծումներ գտնելուն և կայուն ապագա ապահովելուն»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Նունե Սաքանյանի խոսքով՝ նախաձեռնությունը կարևոր հարթակ է կանանց աշխատանքը տեսանելի դարձնելու և նրանց դերն ընդգծելու համար։

«Ուրախ ենք, որ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության՝ COP17 հատուկ թողարկման գլխավոր գործընկերը «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն է։ Այս աջակցությունն առանցքային է նախաձեռնության իրականացման, կանանց առաջնորդության արժևորման և բնապահպանական արդյունավետ լուծումների խթանման գործում։ Շնորհակալ ենք այս արժեքավոր համագործակցության և հավասար հնարավորությունների գաղափարը կարևորելու համար»,- նշեց Նունե Սաքանյանը։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։

ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

ՀՀ-ի սուվերեն վարկանիշի աճը պետք է նվազեցնի տոկոսադրույքները, բայց արտաքին գործոններն ճնշում են գործադրում գնաճի վրա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի  ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամի ժամանակ անդրադարձել է վարկերի տոկոսադրույքների հնարավոր բարձրացման մասին հարցին։

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չէր բացառել վարկերի տոկոսադրույքների բարձրացման հավանականությունը՝ հաշվի առնելով ԿԲ խորհրդի որոշումը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով մինչև 6,75% բարձրացնելու մասին։

Ընդ որում, նա ընդգծել էր, որ ԿԲ դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը չի նշանակում բանկային տոկոսների անհապաղ աճ:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի հետևողական բարձրացումը պետք է հանգեցնի նաև տոկոսադրույքների որոշակի նվազմանը: Բայց նաև չենք կարող չընդունել, որ զուգահեռաբար տեղի են ունենում գլոբալ գործընթացներ, որոնք հանգեցնում են գնաճային երևույթների։ Մասնավորապես, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, իրավիճակը Հորմուզի նեղուցում: Ես նկատի ունեմ, որ տոկոսները պայմանավորված են ոչ միայն մեր գործոնով», – ասել է Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հարցին վարկային բեռը զսպելու քայլերի վերաբերյալ։

 Վարչապետը հավելել է նաև, որ կառավարությունն աշխատանքային ձևաչափով պարբերաբար քննարկում է այս կամ այն հարցերը։

«Մենք աշխատում ենք այս ուղղությամբ», – ասել է նա:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ հուլիսին առևտրային բանկերի վարկային գործարքների տոկոսադրույքը կազմել է 12,51%՝ հունիսի 13,18%-ի դիմաց:

Վարկանիշների մասին

2026 թվականի հուլիսին Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները  «BB-» մակարդակում՝ «Դրական» կանխատեսմամբ։

Ընթացիկ տարվա հուլիսին Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը փոխել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» «դրականի»՝ հաստատելով թողարկողի երկարաժամկետ վարկանիշները ազգային և արտարժույթով Ba3 մակարդակում։

 2026 թ.-ի օգոստոսին S&P Global Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները «BB-/B» մակարդակում՝ պահպանելով «դրական» կանխատեսումը։

Գնաճի մասին

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2026 թ.-ի օգոստոսին 2025 թ.-ի օգոստոսի համեմատ գրանցվել է 4,4% գնաճ։

Հաշվետու ժամանակահատվածում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են 6,4%-ով (տ/տ), ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2,4%-ով (տ/տ), իսկ ծառայությունների սակագները՝ 2,8%-ով (տ/տ)։ Հայաստանի 2026 թ.-ի պետբյուջեում գնաճը սահմանված է 3% (±1%) մակարդակում։ Համաձայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ զեկույցի՝ 2026 թ.-ի արդյունքներով Հայաստանում գնաճն սպասվում է սցենարից (Ա-Բ) կախված՝ 4,5-4,2%։

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:

Պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

  • Թողարկման ընդհանուր ծավալը՝ 5,000,000,000 ՀՀ դրամ
  • Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10,000,000 ՀՀ դրամ
  • Քանակը՝ 500 հատ
  • Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
  • Արժեկտրոնային եկամտաբերությունը՝ լողացող

Որպես շուկա ստեղծող՝ Ակբա բանկը ֆոնդային բորսայում կապահովի նշված պարտատոմսերի կանոնավոր առք ու վաճառքի հայտերի առկայությունը՝ ներդրողների համար ձևավորելով բարձր իրացվելիություն և թափանցիկ գնագոյացում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որևէ ծառայություն վճարովի չի դարձել․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որի հետևանքով որևէ ծառայություն վճարովի դառնար։

«Ոչ, չեն փոխվել խաղի կանոնները։ Փաթեթը նույնն է մնացել։ Հակառակը՝ որոշ բաներ լրացվել են, այսինքն՝ որոշակի փոփոխություններ եղել են դեպի դրական ուղղությամբ։ Օրինակ՝ դեղերի ցանկի մեջ որոշ լրացումներ ենք արել»,- ասել է Ավանեսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նրա խոսքով՝ հունվարի 1-ից ի վեր փաթեթում որևէ փոփոխություն չի կատարվել, որը կարող էր հանգեցնել ծառայությունների նվազման կամ դրանց վճարովի դառնալուն։

Անդրադառնալով մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարին՝ նախարարը նշել է, որ ընտրվել է այնպիսի մոդել, որը հավասարակշռություն կմտցնի պետության, գործատուի և աշխատողի միջև։

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ 10 800 դրամ ապահովագրավճարից քաղաքացին կվճարի 2 հազար դրամ, որը նախատեսվում է ձևավորել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին չվճարված գումարի հաշվին, իսկ պետությունն ու գործատուն՝ 4 400-ական դրամ։