Բացասական եզրակացություն՝ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ՇՄԱԳ հաշվետվությանը

Բացասական եզրակացություն՝ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ՇՄԱԳ հաշվետվությանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետական փորձաքննական բացասական եզրակացություն (ԲՓ № 165-26) է տվել «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026-2028 թվականներին մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությանը։ Փաստաթուղթը 2026 թ. նոյեմբերի 20-ին ստորագրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Բացասական եզրակացությունը տրվել է խոշորացված Եղեգնաձոր համայնքի ավագանու նոյեմբերի 19-ի արտահերթ նիստի հաջորդ օրը, որով ավագանին կասեցրել էր ընկերությանը համաձայնություն տված Եղեգիսի ավագանու 2026 թ. ապրիլի 17-ի 52Ա որոշումը։

Բացասական եզրակացության հիմնավորումները

Փորձաքննությունը եզրակացրել է, որ «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունը թերի է և բավարար չէ նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության հնարավոր բացասական ազդեցությունները գնահատելու, կանխելու ու նվազեցնելու համար։

Մասնավորապես, հաշվետվությունը չի պարունակում հորատանցքերի և հորատահրապարակների ճշգրիտ տեղադիրքերը՝ ARM WGS-84 կոորդինատային համակարգով, ինչպես նաև դրանց արտացոլումը տեղանքի քարտեզի վրա։ Առանց այդ տվյալների հնարավոր չէ գնահատել աշխատանքների հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների, հողերի, կենսաբազմազանության և հասարակության վրա։

Փորձաքննությունը նշել է, որ նախագիծը նախատեսում է օգտագործել մոտ 9750 լ ջուր, դիզվառելիք՝ 1950լ, բենզին՝ 750լ և յուղաքս՝ 150լ։ Ընկերությունը, սակայն, չի ներկայացրել ջրամատակարարման աղբյուրը, ջրի օգտագործման հաշվարկը, կեղտաջրերի հեռացման և վերամշակման եղանակը, ինչպես նաև՝ արտանետումների ու թափոնների կառավարման հստակ մեխանիզմներ։

Հատկապես էական է համարվել այն հանգամանքը, որ տարածքում առկա են ջրահոսքեր, իսկ խմելու ջրի աղբյուրների ջրերը հոսելով խառնվում են հորատանցքերի հարևանությամբ հոսող ջրերին։ Միևնույն ժամանակ, ընկերությունը չի ներկայացրել ջրային ռեսուրսների պաշտպանության համար անհրաժեշտ քարտեզագրական նյութեր և հորատանցքերի տեղադրման ճշգրիտ տվյալներ, չնայած դա պահանջվել էր դեռևս 2022 թ. դեկտեմբերի 9-ի ԲՓ № 0185-22 եզրակացությամբ և N 64-Ն որոշմամբ։

Փորձաքննությունը նաև արձանագրել է, որ հաշվետվության մեջ հակասական են տեղեկությունները բաց լեռնային փորվածքների և ռեկուլտիվացիայի վերաբերյալ։ Թեև ընկերությունը պարզաբանել է, որ բաց լեռնային փորվածքներ չեն նախատեսվում, հաշվետվության տարբեր բաժիններում նշվել են նոր հետախուզառուների կամ փորվածքների մասին՝ առանց դրանց ծավալների, տեղադրության և ռեկուլտիվացիոն ծախսերի հաշվարկի։

Առանձին խնդիր է համարվել պատմամշակութային ժառանգության անտեսումը։ Հայտի տարածքում առկա են պետական ցուցակում հաշվառված «Բնակատեղի Ջանի», «Խաչքար Սմբատի», «Խաչքար» և «Ջրաղաց» հուշարձանները, ինչպես նաև նորահայտ հնագիտական օբյեկտներ՝ ամրոց-բնակատեղի, քարայր-կացարաններ և գերեզմաններ։ Դրանք, սակայն, չեն արտացոլվել քարտեզագրական նյութերում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել գնահատել դրանց հարևանությամբ աշխատանքների ռիսկերը և սահմանել պահպանական միջոցառումներ։

Փորձաքննությունը նշել է նաև, որ ուսումնասիրության տարածքը բարձր կարգի ալպյան և ենթալպյան արոտավայրեր են, որտեղ տարեկան 5-6 ամիս արոտ են տեղափոխվում մոտ 4-4.5 հազար խոշոր և 8-10 հազար մանր եղջերավոր կենդանի։

Միևնույն ժամանակ, տարածքում հայտնաբերվել է պտղակալած վիճակում գտնվող Սմիրնիոպսիս հայկական բուսատեսակ, որի և այլ տեսակների ուսումնասիրության համար անհրաժեշտ են լրացուցիչ գարնանային և վաղ ամառային դիտարկումներ։

Հաշվետվությունը չի ներկայացրել նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների զարգացման ռազմավարությամբ Եղեգիս համայնքի զարգացման ուղղությունների՝ գյուղատնտեսության, ագրո և էկոտուրիզմի հետ ծրագրի համատեղելիության գնահատումը։

Փորձաքննությունը եզրակացրել է, որ ներկայացված նյութերը բավարար չեն՝ որոշելու նախատեսվող գործունեության ազդեցությունների բնույթը, ծավալը, տևողությունը և շրջակա միջավայրի վրա հնարավոր վտանգները։ Դրա հետևանքով հնարավոր չէ նաև հիմնավորված սահմանել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ինչպես նաև՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը և Օրհուսի կոնվենցիայի դրույթները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտին տվել է պետական փորձաքննական բացասական եզրակացություն։

Ի՞նչ էր նախատեսում «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ–ն

Ծրագրով նախատեսվում էր Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական տարածքում՝ շուրջ 46.14կմ² (4614.2հա) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերում, 2430-3250մ բացարձակ բարձրությունների վրա իրականացնել որոնողագնահատողական աշխատանքներ։

«Մենդիա Ռեսուրսիսը» նախատեսում էր անցել 920 կմ երկրաբանական երթուղի, 2026-2028 թվականներին հորատել մինչև 15 նոր հորատանցք՝ 400մ միջին խորությամբ, ընդհանուր 5000-6000մ ծավալով, կառուցել 15 հորատահրապարակ և մինչև 3կմ նոր ճանապարհ։ Ըստ ծրագրի՝ հորատահրապարակների ընդհանուր մակերեսը կազմելու էր 1750 մ², իսկ հողի հեռացումը՝ մոտ 1800 մ³։

Ընկերությունը նախատեսում էր նաև նմուշառում՝ 150 երկրաբանական, 3000 քիմիական և 240 միներալոգիական նմուշ՝ ընդհանուր 3390 նմուշ, որոնք հետազոտվելու են ALS ROMANIA SRL լաբորատորիայում։

Հանրային դիմադրություն

Հանքավայրի շուրջ իրավական և հասարակական լարվածությունը ձգվում է դեռևս 2022 թվականից։  Հանրային լսումները, որոնք նշանակված էին 2022 թվականի հոկտեմբերի 14-ին, բոյկոտվել և տապալվել էին, քանի որ համայնքը դեմ է եղել նախատեսվող գործունեությանը: Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը լսումները հայտարարել էր չկայացած: Սակայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› դրական եզրակացություն էր տրամադրել ընկերությանը  2022-2025 թթ-ին որոնողական աշխատանքների համար։ Եղեգիս համայնքն անօրինական էր համարել Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման հայտին տրված բնապահպանական փորձաքննական դրական եզրակացությունը։ 

Տեղի բնակիչների ահազանգով ԷկոԼուրը բնակիչների և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ բարձրացել էր դեպի Վարդենիսի հանքերևակման տարածք և արձանագրել, որ այդ տարածքում բացվել է ճանապարհ, խախտվել է մեծ քանակությամբ հողային ռեսուրս՝ մեծամասամբ ալպիական մարգագետիններ, որոնք օգտագործվում են անասուններին արածեցնելու նպատակով։ Տարածքը նաև վայրի կենդանիների էկոմիջանցքն է։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները նշել էին, որ տեղյակ չեն, թե ով է բացել այս ճանապարհը։

2025թ-ին ընկերությունը ցանկացավ երկարաձգել երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը մինչև 2028թ․: 2025թ. սեպտեմբերի 18-ին Վարդահովիտում կայացած հանրային լսումից հետո՝ հոկտեմբերի 27-ին, Եղեգիսի ավագանին միաձայն՝ 8 դեմ, 0 կողմ ձայներով մերժեց ընկերությանը տրված թույլտվության ժամկետի երկարաձգումը (N 96-Ա որոշում)։

Չնայած դրան և ընկերության կողմից դատարան ներկայացված հայցի ապահովման միջոցի մերժմանը՝ 2026 թ. ապրիլի 17-ին Եղեգիսի ավագանին առանց նոր հանրային լսման ընդունել էր 52Ա որոշումը՝ համաձայնություն տալով աշխատանքներին։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2026թ. հոկտեմբերի 29-ին Վարդահովիտում կազմակերպված երկրորդ հանրային լսումը կրկին անցել է լարված մթնոլորտում՝ ուղեկցվելով բուռն վիճաբանություններով և առարկություններով։ Փորձաքննության ընթացքում ստացվել են նաև բնակիչների և Եղեգիսի ավագանու անդամների կողմից ստորագրված բազմաթիվ գրավոր բողոքներ ու դիմումներ։ Բողոքները դարձել են բացասական եզրակացության հիմնավորումներից մեկը։

Նոյեմբեր 26, 2026 at 16:28

Կանաչ անցումը պետք է լինի ներառական և հիմնված մարդու իրավունքների վրա․ ամփոփվել են «Կանաչ անցում» ծրագրի արդյունքները

Կանաչ անցումը պետք է լինի ներառական և հիմնված մարդու իրավունքների վրա․ ամփոփվել են «Կանաչ անցում» ծրագրի արդյունքները

Կանաչ տնտեսությանն անցման և կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված վերափոխումները պետք է իրականացվեն՝ առանց հասարակության որևէ շերտի անտեսելու և մարդու իրավունքների սկզբունքները պահպանելով։ Այս գաղափարի շուրջ էին միավորվել «Արդար անցում՝ հանուն մարդու իրավունքների, դիմակայունության, ներառականության, արժեքի և արդարության» ծրագրի ամփոփիչ միջոցառման մասնակիցները։

2025 թվականի օգոստոսին մեկնարկած ծրագիրն իրականացվել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցությամբ, Շվեդական ինստիտուտի ֆինանսավորմամբ։ Նախաձեռնության գլխավոր նպատակը կանաչ անցման գործընթացում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների խթանումն է։

Ամփոփիչ հանդիպմանը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մասնակիցները ներկայացրին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները՝ անցկացված դասընթացները, հետազոտությունները, հրապարակված գիտական հոդվածներն ու ոլորտային այլ նախաձեռնությունները։ Ծրագրի առանցքում արդար կանաչ անցման հայեցակարգն է, ըստ որի՝ բնապահպանական և տնտեսական բարեփոխումները պետք է ապահովեն բոլոր խմբերի ներառական մասնակցությունն ու հաշվի առնեն նրանց իրավունքներն ու կարիքները։

Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ծրագրերի պատասխանատու Մելինե Ավագյանը հույս հայտնեց, որ ծրագրի ամփոփումը նոր գործողությունների և հնարավորությունների սկիզբ կդառնա։ Նրա դիտարկմամբ՝ թեև կանաչ անցումը նոր գործընթաց չէ, դրա իրականացման ընթացքում ներառականության ու մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները դեռևս բավարար չափով չեն կիրառվում, և ծրագիրը նպատակ ուներ այդ սկզբունքներն առավել հասանելի դարձնել տարբեր ոլորտների մասնագետներին, հետազոտողներին և որոշում կայացնողներին։ Մելինե Ավագյանը կարևորեց նաև ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը՝ կանաչ քաղաքականություններում մարդու իրավունքների սկզբունքների համակարգված ներդրման գործում։

Նոյեմբեր 25, 2026 at 18:10

COP17-ից հետո. Երևանում քննարկվեցին Հայաստանի բնապահպանական առաջնահերթություններն ու գործնական քայլերը

COP17-ից հետո. Երևանում քննարկվեցին Հայաստանի բնապահպանական առաջնահերթություններն ու գործնական քայլերը

Նոյեմբերի 23-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Convergences Armenia Forum-ի առաջին համաժողովը, որը կազմակերպել էին Convergences-ը և Acted Armenia-ն՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։ Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբեց պետական մարմինների, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական ու ձեռնարկատիրական շրջանակների ներկայացուցիչներին՝ քննարկելու COP17-ից հետո երկրի բնապահպանական օրակարգն ու համագործակցության ուղիները։

Համաժողովը հիմնված էր նախորդիվ Երևանում, Գյումրիում և Կապանում անցկացված երեք տարածաշրջանային երկխոսությունների արդյունքների, ինչպես նաև COP17-ի շրջանակում Acted Armenia-ի կազմակերպած կենսաբազմազանությանը նվիրված երկու պանելային քննարկումների վրա։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը։ Փոխնախարարը շեշտեց, որ կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների վրա աճող ճնշումը և էկոհամակարգերի դեգրադացիան փոխկապակցված խնդիրներ են, որոնց լուծումը պահանջում է համակարգված մոտեցում՝ պետական, տեղական, գիտական, մասնավոր և հասարակական հատվածների միասնական ներգրավմամբ։ Նրա խոսքով՝ COP17-ի առանցքային ուղերձը միջազգային պարտավորություններն ազգային և տեղական մակարդակներում կոնկրետ գործողությունների վերածելն է, իսկ բնության պահպանությունը պետք է դիտարկել ո՛չ թե որպես զարգացմանը խոչընդոտող, այլ երկարաժամկետ տնտեսական ու սոցիալական առաջընթացի հիմնարար նախապայման։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Ժյուլի Ֆորն իր ելույթում կարևորեց COP17-ի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ նշելով, որ դրանք պետք է արտացոլվեն ազգային քաղաքականություններում և համայնքային որոշումներում։ Անդրադառնալով առկա խնդիրներին՝ դիվանագետը մատնանշեց Երևանում օդի որակի վատթարացումն ու Սևանա լճի խոցելիությունը՝ ընդգծելով, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին ջրի, էներգետիկայի, բնական պաշարների և թափոնների կառավարման ոլորտներում կոնկրետ նախագծեր իրականացնելու հարցում։

ACTED կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Պասկալ Բերնարն իր հերթին ներկայացրեց կառույցի ռազմավարական տեսլականը՝ «զրո մեկուսացում, զրո ածխածնային հետք և զրո աղքատություն»։ Նա ընդգծեց, որ հնարավոր չէ հասնել բնապահպանական կայունության՝ առանց աղքատության և անհավասարության դեմ պայքարի, իսկ Հայաստանում առկա գիտական ներուժն ու քաղաքացիական հասարակության ակտիվությունը պետք է միավորել կայուն գործընկերությունների շուրջ։

Համաժողովի առանցքային հատվածներից էր «COP17-ից այն կողմ» բարձրաստիճան պանելային քննարկումը։ Բանախոսներն էին՝  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Կարեն Խաչատրյանը,  «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Նազարեթ Սեֆերյանը, «Հայաստան ծառատունկ» ծրագրի ռազմավարական գործընկերությունների և ազդեցության տնօրեն Մարինա Մխիթարյանը և  ձեռնարկատեր, Beer Academy-ի և Epos-ի հիմնադիր Արմեն Ղազարյանը։ Քննարկումը վարեց շրջակա միջավայրի կառավարման փորձագետ Մարի Չաքրյանը։

Բանախոսներն անդրադարձան Հայաստանի բնապահպանական և կենսաբազմազանության առաջնահերթություններին՝ դիտարկելով, թե ինչպես կարելի է ամուր գործընկերության, ինստիտուցիոնալ համագործակցության և համայնքների ներգրավման միջոցով ստանձնած պարտավորություններից անցում կատարել գործնական քայլերի։

Միջոցառման ընթացքում գործեց նաև տեղական նախաձեռնությունների և բնապահպանական լուծումների ցուցահանդես։ Այնուհետև աշխատանքները շարունակվեցին զուգահեռ ընթացող երկու թեմատիկ աշխատաժողովներով՝ «Բնություն և տարածքային դիմակայունություն» և «Էներգետիկա և ռեսուրսների արդյունավետ օգտագործում», ինչպես նաև՝ «Green Talks. Սերունդը՝ հանուն փոփոխությունների» երիտասարդական նիստով, որոնց արդյունքներն ու հիմնական եզրակացություններն ամփոփվեցին համաժողովի ավարտին։

Նոյեմբեր 25, 2026 at 12:47

Հայաստանը. բնապահպանական, կլիմայական և էներգետիկ ոլորտների մարտահրավերներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը

Հայաստանը. բնապահպանական, կլիմայական և էներգետիկ ոլորտների մարտահրավերներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը

Նոյեմբերի 24-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի անունից Քիշնևում կայացած Քաղաքացիական հասարակության գագաթնաժողովում ներկայացրել է «Հայաստանը. բնապահպանական, կլիմայական և էներգետիկ ոլորտների մարտահրավերներն ու ՔՀԿ-ների գործունեությունը» վերանայումը։

Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ Հայաստանը բախվում է բնապահպանական մի շարք լուրջ մարտահրավերների, այդ թվում՝

  • Էկոհամակարգերի և կենսաբազմազանության ոչնչացում, ինչպես նաև տնտեսական գործունեության որոշ տեսակների հետևանքով շրջակա միջավայրի աղտոտում։
  • Քաղաքաշինության հետևանքով կանաչ տարածքների կորուստ, երթևեկության գերծանրաբեռնվածություն և օդի աղտոտում։
  • Թափոնների տեսակավորման և վերամշակման թերզարգացած համակարգեր, ինչպես նաև սանիտարական աղբավայրերի պակաս։
  • Հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցեր (SLAPP)։
  • Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) օրենսդրության և բնապահպանական փորձաքննության ընթացակարգերի բացեր։
  • Տնտեսական զարգացման ծրագրերի՝ մարդու առողջության վրա ազդեցության գնահատման բացակայություն։
  • Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության խախտում՝ ջրի մակարդակի նվազման հետևանքով։

Կլիմայական մարտահրավերներ

Կլիմայի փոփոխությունը Հայաստանի համար առաջացնում է մարտահրավերների մեկ այլ կարևոր խումբ։

  • 1935-2020 թվականների ընթացքում Հայաստանում միջին ջերմաստիճանն աճել է 1.38°C-ով։
  • Նույն ժամանակահատվածում (1935-2020 թթ.) միջին տարեկան տեղումների քանակը նվազել է 14%-ով։
  • 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է բնական վտանգավոր երևույթներով պայմանավորված 569 արտակարգ դեպք, այդ թվում՝ ջրհեղեղներ, հորդառատ տեղումներ, ձնաբքեր և ուժեղ քամիներ։ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նման դեպքերի թիվն աճել է 160-ով՝ կազմելով 39.1%։
  • Կլիմայական քաղաքականությունների արդյունավետ իրականացումն ու սահմանված կլիմայական թիրախների իրագործումը շարունակում են մնալ կարևոր մարտահրավերներ։
  • Համայնքներում բավարար ֆինանսական միջոցներ չկան կլիմայական դիմակայունության ամրապնդմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար։
  • Տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, բացակայում են կլիմայի փոփոխությանը հարմարվողականության ծրագրերը։
  • Կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների իրականացման ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները սահմանափակ են։
  • Տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում առկա է կլիմայի փոփոխության մասնագետների պակաս։
  • Վաղ նախազգուշացման համակարգերը բավարար զարգացած չեն։

Էներգետիկ ոլորտի մարտահրավերները

Վիկտորյա Բուռնազյանն անդրադարձել է նաև Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացումներին և մարտահրավերներին։

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025 թվականին էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում տարբեր տեսակի էլեկտրակայանների մասնաբաժինները կազմել են՝

  • Հիդրոէլեկտրակայաններ՝ 21.0%
  • Ջերմային էլեկտրակայաններ՝ 33.6%
  • Ատոմային էլեկտրակայան՝ 29.1%
  • Հողմային էլեկտրակայաններ՝ 0.0%
  • Արևային էլեկտրակայաններ՝ 16.3%

Արևային էներգետիկայի ոլորտն արդեն գերազանցել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի ռազմավարությամբ սահմանված՝ մինչև 2030 թվականը նախատեսված թիրախը։

Միևնույն ժամանակ, երկիրը բախվում է մի շարք էական մարտահրավերների՝

  • Հայաստանը չունի արդյունաբերական նշանակության սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ և մեծապես կախված է էներգակիրների արտաքին մատակարարումներից։
  • Արևային էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների ընդլայնումն առաջ է անցել էլեկտրական ցանցերի ենթակառուցվածքների և էներգիայի կուտակման համակարգերի զարգացման տեմպերից։
  • 2026-2031 թվականների Կառավարության ծրագիրը նախատեսում է մինչև 2031 թվականը ապահովել առնվազն 800 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ներդրում։ Դրանք նախատեսված են ցերեկային ժամերին արտադրված արևային էներգիան կուտակելու և երեկոյան ժամերին՝ էլեկտրաէներգիայի առավելագույն պահանջարկի ժամանակ, օգտագործելու համար։ Սակայն այդ ներդրման տնտեսական արդյունավետությունը դեռևս հստակ չէ։
  • Արևային էներգետիկայի զարգացման հետևանքով առաջացող էլեկտրոնային թափոնների վերամշակման և օգտահանման խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
  • Արևային էլեկտրակայանների կառուցման նպատակով գյուղատնտեսական հողերը փոխադրում են այլ նպատակային նշանակության, ինչի հետևանքով կրճատվում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։
  • Թեև վերականգնվող էներգետիկայի զարգացումը նպաստում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, այն միաժամանակ մեծացնում է մետաղների պահանջարկը և, հետևաբար, խթանում հանքարդյունաբերության ընդլայնումը, որն իր հերթին կարող է բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա։
  • Հայաստանում գործում է 191 փոքր հիդրոէլեկտրակայան (ՓՀԷԿ)։ Ուսումնասիրված 47 գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի մեծ մասը չունի գործող ձկնանցարաններ և ձկնապաշտպան ցանցեր, ինչպես նաև չի ապահովում անհրաժեշտ բնապահպանական թողքը։ ՓՀԷԿ-երի զգալի մասն աշխատում է նաև սարքավորումների ցածր արդյունավետությամբ։ Արդյունքում խախտվել են գետային էկոհամակարգերը, իսկ այդ գետերում ձկնային պոպուլյացիաները վերացել են։
  • Հայաստանում էներգետիկ աղքատությունը շարունակում է լայն տարածում ունենալ՝ 2021 թվականի դրությամբ կազմելով 58.6%։
  • Էներգաարդյունավետության և էներգախնայողության ծրագրերն իրականացվում են հիմնականում հանրային շենքերում, իսկ որոշ դեպքերում՝ բազմաբնակարան բնակելի շենքերում։ Գյուղական բնակավայրերի բնակելի տների էներգաարդյունավետության մակարդակը շարունակում է ցածր մնալ։
  • Վառելափայտը շարունակում է մնալ ջեռուցման ամենամատչելի տարբերակը՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի համեմատ։ Սակայն առանց բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման շենքերը բավարար չափով չեն պահպանում ջերմությունը, ինչի հետևանքով ավելանում է վառելափայտի սպառումը և լրացուցիչ ճնշում գործադրվում անտառային ռեսուրսների վրա։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը բնապահպանական, կլիմայական և էներգետիկ ոլորտներում

Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրել է նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) գործունեությունը բնապահպանական, կլիմայական և էներգետիկ ոլորտներում։

Նա նշել է, որ ՔՀԿ-ները բարձրացնում են հանրության իրազեկվածությունը հնարավոր վնասակար ծրագրերի հետ կապված բնապահպանական ռիսկերի վերաբերյալ, կազմակերպում հանրային բողոքի ակցիաներ և ցույցեր, ինչպես նաև իրականացնում ստորագրահավաքի արշավներ։

Առանձնահատուկ լուրջ խնդիր են հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերը (SLAPP), որոնք ներկայացվում են ՔՀԿ-ների, բնապահպան ակտիվիստների և լրատվամիջոցների դեմ։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ակտիվորեն քարոզչություն են իրականացնում հակա-SLAPP օրենսդրության ընդունման ուղղությամբ։

ՔՀԿ-ները մշտադիտարկում են կառավարության և միջազգային զարգացման բանկերի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, հրապարակում մշտադիտարկման արդյունքներն ու վերլուծական զեկույցները, ինչպես նաև գնահատում համապատասխան ոլորտներում իրականացվող քաղաքականությունների կատարողականը։ Դրանց թվում են Կենսաբազմազանության ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագիրը, Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC) իրականացումը և վերականգնվող էներգետիկայի ռազմավարությունը։

ՔՀԿ-ները նաև նպաստում են Ռիոյի երեք կոնվենցիաների միջև համադրությունների և փոխլրացնող գործողությունների խթանմանը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (UNFCCC), Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) և Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (UNCCD)։

Բացի այդ, ՔՀԿ-ները համայնքներում բարձրացնում են իրազեկվածությունը կլիմայական քաղաքականությունների, կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և դրա մեղմման միջոցառումների վերաբերյալ։ Նրանք կազմակերպում են կլիմայական դիմակայունության ամրապնդմանն ուղղված վերապատրաստումներ, աջակցում հարմարվողականության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը և համայնքների համար մշակում գործնական ուղեցույցներ։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետևողական շահերի պաշտպանության գործունեությունը նպաստել է նաև բնապահպանական օրենսդրության և կարգավորող ընթացակարգերի բարելավմանը։

ՔՀԿ-ների շահերի պաշտպանության արդյունքում փոփոխություններ են կատարվել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) պահանջներում՝ սահմանելով, որ արևային էլեկտրակայանների ծրագրերի շրջանակում շահագործումից դուրս բերված արևային վահանակները և այլ էլեկտրոնային թափոնները չպետք է տեղադրվեն կենցաղային աղբավայրերում։ Փոխարենը՝ ընկերությունները պարտավոր են այդ թափոնները պահել հատուկ նախատեսված տարածքներում, մինչև դրանք փոխանցվեն վերամշակման կամ օգտահանման լիցենզավորված օպերատորներին։

ՔՀԿ-ների շահերի պաշտպանության գործունեության արդյունքում փոքր հիդրոէլեկտրակայանները (ՓՀԷԿ-երը), անկախ իրենց տեղադրված հզորությունից, այժմ ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության՝ սկսած 0 ՄՎտ-ից։ Վերանայվել է նաև բնապահպանական թողքի հաշվարկման և հաշվառման կարգը։

Ավելին, ՔՀԿ-ները մշտադիտարկում են վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումները, կազմակերպում փորձագիտական քննարկումներ և պատրաստում վերլուծական զեկույցներ։

Նոյեմբեր 24, 2026 at 20:22

Հետաքննությունը հանցագործություն չէ. ի պաշտպանություն Եգիպտոսում բռնի անհետացման ենթարկված լրագրողների

Հետաքննությունը հանցագործություն չէ. ի պաշտպանություն Եգիպտոսում բռնի անհետացման ենթարկված լրագրողների

Եգիպտական հետաքննական լրագրության Matsadaash հարթակի խմբագրության վեց լրագրողներ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ բռնի անհետացման մեջ են։ Նրանց առևանգել են ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք գիշերով ներխուժել են նրանց տներ։ Ակնհայտ է, որ լրագրողները հետապնդման են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեության համար։ Մինչ օրս նրանց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա։

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի լրագրողական համայնքին ու քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներին՝ համախմբվել և բարձրաձայնել իրենց համերաշխության ձայնը։ Մեր միասնական կոչը պետք է հասնի Եգիպտոսի իշխանություններին և ստիպի նրանց անհապաղ ազատ արձակել մեր գործընկերներին ու երաշխավորել նրանց անվտանգությունը։

Լրագրողները պետք է հնարավորություն ունենան բացահայտելու ճշմարտությունը՝ առանց հետապնդումների և բռնաճնշումների վախի։

Matsadaash-ի լրագրողների առևանգումն ու բռնի անհետացումն արդեն իսկ խստորեն դատապարտել են ՄԱԿ-ի փորձագետները, Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI), Amnesty International-ը, ինչպես նաև՝ Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները՝ ընդգծելով անկախ լրագրողների նկատմամբ հետապնդումների անթույլատրելիությունը։

Միջազգային ստորագրահավաքին կարող եք միանալ նշված հղմամբ։

Նոյեմբեր 24, 2026 at 13:39

Հետաքննությունը հանցագործություն չէ. ի պաշտպանություն Եգիպտոսում բռնի անհետացած լրագրողների

Հետաքննությունը հանցագործություն չէ. ի պաշտպանություն Եգիպտոսում բռնի անհետացած լրագրողների

Եգիպտական Matsadaash հետաքննական լրագրության հարթակի ողջ խմբագրակազմը՝ 6 լրագրող, արդեն ավելի քան մեկ ամիս է՝ գտնվում է բռնի անհետացման մեջ։ Ուժայինները գիշերով ներխուժել են նրանց տներ և առևանգել մասնագիտական գործունեության պատճառով։ Մինչ օրս նրանց մասին որևէ լուր չկա։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն կոչ է անում Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի լրագրողական համայնքին համախմբվել ու բարձրացնել համերաշխության ձայնը։ Մեր միասնական արձագանքը պետք է հասնի Եգիպտոսի իշխանություններին և ստիպի վերանայել իրենց մոտեցումները՝ անհապաղ ազատ արձակելով մեր գործընկերներին ու երաշխավորելով նրանց անվտանգությունը։

Լրագրողները պետք է ազատ լինեն բացահայտելու ճշմարտությունը՝ առանց հետապնդման վախի։

Նոյեմբեր 24, 2026 at 13:39

Ավանդական գիտելիքները, գենդերը և կենսաբազմազանության պահպանությունն «Էրեբունի» պետական ​​արգելոցին հարակից համայնքներում

Ավանդական գիտելիքները, գենդերը և կենսաբազմազանության պահպանությունն «Էրեբունի» պետական ​​արգելոցին հարակից համայնքներում

awhhe.am

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ–ն իրականացրել է հետազոտություն՝ գնահատելու ավանդական գիտելիքների ներդրումը կենսաբազմազանության պահպանման գործում՝ հաշվի առնելով գենդերային ասպեկտը։ «Էրեբունի» պետական ​​արգելոցին հարակից համայնքներում անցկացված հետազոտության արդյունքները վկայում են զգալի բացի մասին. մի կողմից առկա են ավանդական էկոլոգիական գիտելիքներ, իսկ մյուս կողմից՝ դրանք պատշաճ կերպով չեն ճանաչվում և արդյունավետորեն չեն կիրառվում կենսաբազմազանության պահպանության, ինչպես նաև համայնքային մակարդակում շրջակա միջավայրի կառավարման գործընթացներում։

Ավանդական գիտելիքներն առաջվա պես առկա են առօրյա գործելակերպում, մասնավորապես՝ դեղաբույսերի, ուտելի և թեյաբույսերի հավաքման ու օգտագործման, ժողովրդական բժշկության, սերմերի պահպանման և փոքրածավալ գյուղատնտեսությունում։ Այս գիտելիքները մեծապես հիմնված են տեղական երկարամյա փորձի վրա. բոլոր հարցվողներն իրենց համայնքներում բնակվում են ավելի քան հինգ տարի, իսկ 83,8%-ը 36 տարեկանից բարձր տարիքի է։ Հարցվողների 58,1%-ը կանայք են, որոնք առանձնահատուկ դեր են խաղում որպես բույսերի օգտագործմանը, տնամերձ մշակաբույսերի աճեցմանն ու սերմերի պահպանմանը վերաբերող գիտելիքների կրողներ և փոխանցողներ։

Այնուամենայնիվ, այս գիտելիքները բավարար չափով ինտեգրված չեն ժամանակակից կենսաբազմազանության պահպանման գործելակերպերում: Հարցվածները հիմնականում օգտագործում են ավանդական գիտելիքները բուժիչ նպատակներով, սերմերի պահպանման և տնամերձ հողամասի մշակման համար, մինչդեռ ոչ ոք չի նշել դրանց կիրառումը արոտավայրերի կառավարման կամ կլիմայի փոփոխությանը հարմարվողականության մեջ: Սա ենթադրում է, որ տեղական արժեքավոր փորձը դեռևս թերօգտագործված է էկոհամակարգերի կառավարման և համայնքի դիմակայունության ամրապնդման գործում:

Արդյունքները նաև արտացոլում են աճող բնապահպանական մտահոգությունները: Հարցվածների ավելի քան երկու երրորդը (67,7%) նշել է բուսատեսակների անկումը, մինչդեռ մյուսները նշել են հողի ճաքճքումը, անապատացումը և առանձին տեսակների անհետացումը: Այս դիտարկումները ցույց են տալիս, որ բնակիչներն ականատես են լինում էկոհամակարգերի փոփոխությունների, որոնցից կախված են ավանդական սովորույթները և տեղական կենսամիջոցները: Ռեսուրսների ոչ բավարար լինելը նույնպես ակնհայտ է անասնապահությունում. անասնապահությամբ զբաղվող հարցվածների 61,1%-ը առկա խոտածածկույթի ռեսուրսները համարել է անբավարար, որոշ տնային տնտեսություններ լրացուցիչ խոտ են գնում կամ կեր են հավաքում լեռնային տարածքներից, այդ թվում՝ արգելոցին հարակից տարածքներից: Նման պայմանները կարող են մեծացնել բնական բուսականության վրա ճնշումը և նպաստել ավանդական գյուղատնտեսական գործելակերպերի թուլացմանը, մասնավորապես այն պատճառով, որ երիտասարդ սերունդներն աշխատանք են փնտրում իրենց համայնքներից դուրս:

Հատկապես կարևոր եզրահանգումներից մեկը վերաբերում է գիտելիքների առկայության և մասնակցության միջև գենդերային անհամապատասխանությունը։ Չնայած կանայք ավանդական էկոլոգիական գիտելիքների կարևոր կրողներ են, հարցվածների 67,7%-ը նշել է, որ կանայք չեն մասնակցում բնապահպանական գործունեությանը, և միայն մեկ հարցված է հայտնել պատահական մասնակցության մասին։ Սա ենթադրում է, որ հիմնական մարտահրավերը ոչ այնքան կանանց գիտելիքների կամ հետաքրքրության բացակայությունն է, այլ նրանց փորձի սահմանափակ կիրառումը հանրային բնապահպանական նախաձեռնությունների, համայնքային որոշումների կայացման և կենսաբազմազանության կառավարման մեջ։ Չնայած հարցվածներն էկոլոգիական կրթությունը, հանրային նախաձեռնությունները, կայուն գյուղատնտեսությունը և ռեսուրսների պատասխանատու օգտագործումը ճանաչել են որպես այն ոլորտները, որտեղ կանայք կարող են ներդրում ունենալ, ավանդական գիտելիքների պահպանումը չի  նշվել որպես հնարավոր ներդրում։ Սա կարող է վկայել կանանց ավանդական գիտելիքների անբավարար ճանաչման մասին՝ որպես բնապահպանական փորձագիտության արժեքավոր ձև։

Հարցումը նաև բացահայտում է տեղեկատվության տրամադրման ու կառավարման ոլորտում բացերը։ Հարցվածների միայն 54,8%-ն էր տեղյակ «Էրեբունի» պետական ​​արգելոցի գոյության մասին, իսկ թունաքիմիկատների թաղման վայրի վերաբերյալ իրազեկվածությունն էլ ավելի ցածր էր (48,4%)։ Այսպիսով, պահպանվող տարածքին մոտ գտնվելն ամենևին չի երաշխավորում, որ բնակիչներն իրազեկ են դրա կենսաբազմազանության արժեքների, պահպանության նպատակների կամ բնապահպանական ռիսկերի մասին։ Տեղեկացվածության ոչ բավարար մակարդակը կարող է նաև սահմանափակել համագործակցության հնարավորությունները բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների, բնապահպանական կառույցների և արգելոցի վարչակազմի միջև։

Ընդհանուր առմամբ, ստացված արդյունքները վկայում են արժեքավոր ավանդական գիտելիքների, շրջակա միջավայրի վատթարացման ընկալման, կենսական միջոցների ապահովման հարցում դժվարությունների և շրջակա միջավայրի կառավարմանը տեղական համայնքի սահմանափակ մասնակցության համակցության մասին: Մասնավորապես, կանանց գիտելիքներն ու փորձը տեղական մակարդակում բնության պահպանությանն ուղղված գործողություններում բավարար չափով ճանաչված և ներկայացված չեն։ Հետևաբար, առկա է ռիսկ, որ ավանդական գիտելիքները կկորչեն երիտասարդ սերունդների համար և կբացառվեն կենսաբազմազանության  պահպանման պաշտոնական գործընթացներից:

Այս համատեքստում հետազոտությունը հիմք է ստեղծում ոչ միայն առկա ավանդական էկոլոգիական գիտելիքների, այլև գիտելիքների, մասնակցության և կառավարման միջև առկա բացի վերաբերյալ։ Այս բացի հաղթահարումը կարող է ամրապնդել կենսաբազմազանության պահպանությունը և համայնքային դիմակայունությունը՝ միաժամանակ ապահովելով, որ կանանց գիտելիքներն ու փորձը ճանաչվեն որպես արժեքավոր ներդրում տեղական բնական պաշարների կայուն կառավարման գործում։

Նոյեմբեր 24, 2026 at 12:30

Հայաստանում մեկնարկել է ստորագրահավաք՝ հակա-SLAPP օրենքի ընդունման պահանջով

Հայաստանում մեկնարկել է ստորագրահավաք՝ հակա-SLAPP օրենքի ընդունման պահանջով

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժումը ստորագրահավաք է նախաձեռնել՝ ՀՀ կառավարությունից և Արդարադատության նախարարությունից պահանջելով Հայաստանում ընդունել հակա-SLAPP (Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր) օրենսդրություն։

Նախաձեռնողների խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ բնապահպաններ, էկոակտիվիստներ, իրավապաշտպաններ, լրագրողներ և հանրային խնդիրների՝ աղտոտված օդի ու ջրի, ապօրինի շինարարության, կոռուպցիայի մասին բարձրաձայնող քաղաքացիներ իրենց արտահայտած կարծիքների համար ենթարկվում են դատական հետապնդումների։ Որոշ ազդեցիկ ընկերություններ և պաշտոնյաներ դատական հայցերն օգտագործում են հանրային ձայնը լռեցնելու, կարծիքի ազատ արտահայտումը սահմանափակելու և հանրային նշանակության որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցությունը նվազեցնելու համար։

«Դրանց հետևանքով մարդիկ տարիներով ներքաշվում են ծախսատար դատական գործընթացների մեջ, իսկ մյուս քաղաքացիները կարող են վախենալ բարձրաձայնել իրենց խնդիրները»,– նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

Շարժումը պահանջում է ընդունել հանրային մասնակցության պաշտպանության օրենսդրություն, որը հնարավորություն կտա արագ դադարեցնել չարաշահող դատական գործընթացները, պաշտպանել քաղաքացիներին անհամաչափ ֆինանսական բեռից և ապահովել խոսքի ազատության գործուն երաշխիքներ։

Ստորագրահավաքի հեղինակները ՀՀ կառավարությունից և Արդարադատության նախարարությունից պահանջում են՝

  • Նախաձեռնել հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման գործընթացը։

  • Հրապարակել գործընթացի հստակ ժամանակացույցը։

  • Ապահովել քաղաքացիական հասարակության, փորձագետների և տուժած քաղաքացիների մասնակցությունը օրենսդրության մշակմանը։

«Հանրային շահը պաշտպանող քաղաքացին պետք է լինի պաշտպանված օրենքով։ Միացի՛ր պահանջին և ստորագրի՛ր, որպեսզի հանրային շահի պաշտպանությունը չդառնա դատական հետապնդման պատճառ»,- կոչ են անում նախաձեռնողները։

Ստորագրահավաքին միանալու համար կարող եք անցնել հղումով։

Նոյեմբեր 21, 2026 at 01:04

«Հանածո վառելիքից հրաժարվելու որոշումը տապալվեց, բայց էլեկտրիֆիկացման ուղղությունը բխում է Հայաստանի շահերից»․ Դիանա Հարությունյանը՝ COP31-ի արդյունքների մասին

Հիշեցնենք, որ պատմության ամենաերկար կլիմայական համաժողովն ավարտվեց առանց գլխավոր քաղաքական փաստաթղթի՝ «Անթալիայի պակտի» ընդունման, քանի որ Եվրամիությունը, Պանաման և Մարշալյան կղզիները պաշտոնապես առարկեցին հանածո վառելիքից հրաժարվելու կետերի վերացման դեմ​։

Ինչո՞ւ տապալվեց հանածո վառելիքից հրաժարվելու որոշումը. «արգելքից» դեպի «սահմանափակում»

Դիանա Հարությունյանի գնահատմամբ՝ COP31-ում արձանագրված անհաջողությունը պատահական չէր, այլ տարիներ շարունակ հասունացող գործընթացի արդյունք։ Նրա խոսքով՝ հանածո վառելիքից հրաժարվելու միջազգային քաղաքական կամքի թուլացումը սկսվել էր դեռևս չորս համաժողով առաջ՝ Գլազգոյում (COP26), երբ ածխից հրաժարվելու որոշման տեքստում տեղի ունեցավ շրջադարձային տերմինաբանական փոփոխություն։

Մասնավորապես, նախնական փաստաթղթում ամրագրված էր «արգելք» բառը (phase-out), ինչը ենթադրում էր ածխի օգտագործման լիարժեք և վերջնական դադարեցում։ Սակայն բանակցությունների ընթացքում Հնդկաստանի առաջարկով և կոնսենսուսի չհասնելու վտանգի պատճառով (որի դեպքում որոշումն ընդհանրապես չէր ընդունվի) «արգելք» ձևակերպումը փոխարինվեց «սահմանափակում» բառով (phase-down)։ Այս զիջմամբ պարտադիր հրաժարման փոխարեն ամրագրվեց ծավալների կրճատման ավելի մեղմ ձևակերպում, ինչը երկրներին հնարավորություն տվեց շարունակել ածխի օգտագործումը։ Խնդիրն ավելի խորացավ Բաքվում կայացած համաժողովի ժամանակ, երբ նավթ արդյունահանող երկրները սկսեցին գործել ավելի համակարգված ու համախմբված։

«Քանի գնաց՝ նավթարդյունաբերող երկրներն ավելի կոնսոլիդացվեցին, և նրանց միացան նաև ածուխ օգտագործող ու մատակարարող երկրները։ Իսկ ածուխ մատակարարող երկիր Ավստրալիան այս անգամ հանդես էր գալիս որպես Թուրքիայում կայացած համաժողովի նախագահող»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այդ երկրները տիրապետում են մեծ ֆինանսական լծակների․ նրանք ֆինանսավորում են լոբբինգ իրականացնող կազմակերպություններին, ինչպես նաև՝ ազդեցություն ունեն թույլ զարգացած երկրների պատվիրակությունների վրա, որոնց ֆինանսական կայունությունը որոշ չափով կախված է նրանցից։ Բացի այդ, համաժողովին նախորդել էր Չինաստանում կայացած ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռակողմ հանդիպումը, որտեղ հայտարարվել էր նավթի և ածխածնային վառելիքի արդյունահանումն ու տեղափոխումը զարգացնելու մտադրության մասին։

Արդյունքում Գլազգոյում սկսված և Բաքվում խորացած միտումները հանգեցրին նրան, որ COP31-ի վերջնական որոշումից ընդհանրապես դուրս մնաց հանածո վառելիքից մաքուր, ածխածնային չեզոք էներգետիկայի «անցում կատարելու» հիմնական ձևակերպումը՝ թուլացնելով փաստաթուղթը՝ նախորդ որոշումների համեմատ։ Փոխարենը շեշտը դրվեց ածխաթթու գազի որսման և պահեստավորման (CCS) վիճարկելի տեխնոլոգիայի վրա։

«Այդ տեխնոլոգիան ունի վտանգներ՝ կապված ծովային խորշերում CO2-ը պահելու հետ, ինչի դեմ հանդես է գալիս օվկիանոսների կենսաբազմազանությամբ մտահոգված համայնքը։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե այդ տեխնոլոգիան աշխատի, այն շատ քիչ հարց է լուծում, քանի որ չի կարող կլանել այն հսկայական քանակը, որն արտանետվում է տնտեսական զարգացման և էներգիայի սպառման աճին զուգընթաց»,- ընդգծեց փորձագետը։

Ի՞նչ հնարավորություն է տալիս COP31-ը Հայաստանին

Անդրադառնալով հարցին, թե գլոբալ և տեղական մակարդակում ինչ կարող է անել Հայաստանը, Դիանա Հարությունյանը շեշտեց, որ չնայած ընդհանուր բացասական ֆոնին, COP31-ում ընդունվել է մի կարևոր որոշում, որը լիովին բխում է Հայաստանի շահերից և էներգետիկ քաղաքականությունից։ Խոսքը էլեկտրիֆիկացման գաղափարախոսության մասին է։

«Դա այն ուղղությունն է, որը Հայաստանն արդեն որդեգրել է իր էներգախնայողության ծրագրում (երբ դու հանածո վառելիքն անմիջապես չես այրում, այլ խթանում ես էլեկտրական էներգիայի օգտագործումը, որը կարող է ստացվել վերականգնվող ռեսուրսների և ատոմային էներգետիկայի հիման վրա՝ առանց ածխածնային արտանետումների)։ Սա ուղղակիորեն նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը՝ նվազեցնելով մեր երկրի կախվածությունը ներկրվող վառելիքից, հիմնականում՝ գազից»,- պարզաբանեց Հարությունյանը։

Եզրափակելով՝ Դիանա Հարությունյանը կարևորեց այն հանգամանքը, որ էլեկտրիֆիկացման ուղղությունը համընկնում է Եվրամիության դիրքորոշման հետ։ Նրա խոսքով՝ պետք է իրատեսորեն գնահատել իրավիճակը․ այն պայմաններում, երբ ավանդական այլ դոնորներ, ինչպես ԱՄՆ-ը, հրաժարվում են իրենց դոնորական գործառույթից, այսօր Հայաստանի և աշխարհի համար հիմնական դոնորը մնում է Եվրամիությունը։

Շրջակա միջավայրի պահպանությունը՝ ՀՀ նոր Սահմանադրության նախագծում

Շրջակա միջավայրի պահպանությունը՝ ՀՀ նոր Սահմանադրության նախագծում

yourconstitution.am կայքում հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։

Նախագծում շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ դրույթների բովանդակությունը պահպանվել է։

«Շրջակա միջավայրի պահպանությունը» վերնագրով դրույթը ներառված է նախագծի 10-րդ հոդվածում և բաղկացած է մեկ կետից։ Գործող Սահմանադրության 12-րդ հոդվածում այն ներկայացված է երկու կետով։

Նոր Սահմանադրության նախագծում գործող Սահմանադրության 12-րդ հոդվածի երկրորդ կետը՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին», տեղափոխվել է 25-րդ հոդված, որը վերաբերում է «Մարդու և քաղաքացու հիմնական պարտականություններին»։

Իսկ առաջին կետի ձևակերպումը պահպանվել է անփոփոխ. «Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև»։

Ինչպես գործող Սահմանադրությամբ, նոր Սահմանադրության նախագծով ևս ընդերքը և ջրային ռեսուրսները սահմանվում են որպես պետության բացառիկ սեփականություն։

Նախագծով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը դառնում են երկրի իրավական համակարգի մաս։ Դա նշանակում է, որ դրանք գործում են Հայաստանում՝ առանց դրանց բովանդակությունն ամեն անգամ առանձին օրենքում ամրագրելու անհրաժեշտության։

Նոյեմբեր 23, 2026 at 15:47