Հայաստանի Մ-19 հավաքականի հայտացուցակը առաջիկա խաղերի համար

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են ազգային թիմ՝ մասնակցելու առաջիկա ուսումնամարզական հավաքին և Էստոնիայի ընտրանու դեմ կայանալիք ընկերական հանդիպումներին։

Մեր ընտրանին նախապատրաստական հավաքը կսկսի սեպտեմբերի 28-ին և այն կշարունակի մինչև հոկտեմբերի 5-ը՝ մարզումներն անցկացնելով ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում։

Այս հավաքի շրջանակներում Հայաստանի Մ-19 հավաքականը երկու ստուգողական խաղ կանցկացնի Էստոնիայի Մ-19 հավաքականի հետ։ Ընկերական հանդիպումները նախատեսված են հոկտեմբերի 2-ին և 5-ին:

Armsport

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանին՝ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ համաձայնության հասնելու համար, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայք Ուոլցը։

«Դուռը բաց է Իրանի համար՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար։ Նրանք կվերադառնան բանակցությունների։ Հուսով եմ՝ խաղաղ և դիվանագիտական ​​ճանապարհով», – ասել է Ուոլցը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած Al-Monitor կոնֆերանսում։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն իրատեսական չի համարում Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման և նյութական վնասի փոխհատուցման պահանջները՝ որպես բանակցային գործընթացը վերսկսելու պայմաններ։

Ուզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում

Ուզբեկստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ «Միասնության ուժը-2026» զորավարժություններին մասնակցելու համար։

Զորավարժություններին կմասնակցեն նաև Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները։

Դրանք կանցկացվեն երեք փուլով՝ «Գըզըլգայա», «Գարաբագլար» և «Բյույուք Զիրա» ուսումնական կենտրոններում։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե զորավարժությունների ընթացքում զինվորականները կկատարելագործեն մարտական տեխնիկայի կիրառման հմտությունները՝ օգտագործելով նաև ռազմածովային և ավիացիոն միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ասոցիացիան։

«Մեր մարզիկը նկատելի առավելությամբ պարտության է մատնել Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնցիոյին: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հենց սկզբից նախաձեռնողի դերում էր, աշխատում էր առաջին համարով ու ոչ մի շանս չտվեց մրցակցին:
Ավելի վաղ տպավորիչ հաղթանակներ տոնել ու 1/4 եզրափակիչ էին դուրս եկել նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը և Մ23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտին հասցնել. Թրամփ

Ուկրաինայում ընթացող հակամարտությունը պետք է ավարտին հասցնել, քանի որ դրա պատճառով տուժում է ամբողջ աշխարհը:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուկրաինայում ընթացող այս անհեթեթ և անվերջանալի պատերազմը պետք է դադարեցվի։ Դրա պատճառով տառապում է ամբողջ աշխարհը… Ի՜նչ խայտառակություն»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Ակնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առիթով:

«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին և Կառավարությանը Անկախության օրվա կապակցությամբ:

Ակնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում, համագործակցության ընդլայնում և մեր ժողովուրդների մերձեցում:

Այս առիթով Հայաստանի ժողովրդին ենք հղում խաղաղության, բարօրության և հետագա բարգավաճման մեր ամենաջերմ մաղթանքները»,- գրված է նախարարության X-ի էջում:

Իսրայելի բանակը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

«Ալ Ջազիրա»-ն հաղորդում է, որ Իսրայելի բանակը երկուշաբթի գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող քաղաքներին։

Հաղորդագրության համաձայն՝ թիրախ են դարձել հատկապես Նաբաթիե նահանգի Նաբաթիե ալ-Ֆավքամ և Զուտար ալ-Շարքիա քաղաքները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած հունիսի 26-ին Իսրայելի և Լիբանանի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրին, վերջին ամիսներին Իսրայելի բանակը և «Հեզբոլլահը» պարբերաբար փոխադարձ հարվածներ են հասցնում։

ԱՄՆ-ն Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

ԱՄՆ իշխանությունները Նիդեռլանդներին կոչ են արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կազմից՝ այդ կազմակերպության դեմ լայնածավալ պատժամիջոցներ նախապատրաստելու խորապատկերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Նիդեռլանդները քննարկում են դատարանին աջակցելու հնարավորությունները՝ աշխատակիցներին և պաշտպանվող վկաներին վճարումների շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև քննչական մեկուսարանի անվտանգության ապահովման հնարավոր խափանումները կանխելու նպատակով։

Հաղորդվում է, որ պատժամիջոցները կարող են սահմանվել արդեն երկուշաբթի օրը։ Համապատասխան նախազգուշացումը ամերիկացի պաշտոնյաները փոխանցել են Նիդեռլանդների ներկայացուցիչներին։ ՄՔԴ կենտրոնակայանը գտնվում է այդ երկրի տարածքում։

Նշվում է, որ պատժամիջոցները ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատար անձանց նկատմամբ նշված դատարանի կողմից իրականացվող հետաքննությունների պատասխանն են։
ԱՄՆ-ը և Իսրայելը ՄՔԴ-ին անդամակցող 125 երկրներից չեն։

The Wall Street Journal-ը սեպտեմբերի 20-ին վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին՝ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է լայնածավալ պատժամիջոցներ սահմանել ՄՔԴ-ի նկատմամբ, որոնք կարող են էապես սահմանափակել դատարանի աշխատանքը։

Բեռլինի թանգարանային գանձերը գալիս են Հայաստան

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային ցուցադրությունը: Այն կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով՝ դառնալով մշակութային երկխոսության, ինստիտուցիոնալ հիշողության և երկու կարևոր թանգարանային կենտրոնների հավաքածուների փոխադարձ վերաիմաստավորման նշանակալի հարթակ։

Ցուցադրության բացմանն ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆը։
Անկախության օրը նշանավորվում է նաև մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնություններով
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Անկախության 35-ամյակի առիթով և ընդգծել, որ արդեն երրորդ տարին է՝ այս օրը նշանավորվում է նաև մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնություններով․ «Մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը, և կարծում եմ՝ ընտրված խորագիրը՝ հարատև պետության վերաբերյալ, ավելի քան խոսուն է։ Անցնելով բարդ ճանապարհ՝ մենք ամուր կանգնել ենք այն ուղու վրա, որը տանում է դեպի մեր պետության՝ օրեցօր ավելի հզորացում, ուժեղացում և հարատևություն։ Եվ դա տեղի է ունենում նաև մշակույթի միջոցով»։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ խորհրդանշական է, որ Հայաստանի անկախության տոնին բացվող նոր ցուցադրությունն իրականացվում է միջազգային համագործակցության շրջանակում՝ հեղինակավոր թանգարանների մասնակցությամբ։ Հայկական մշակութային ժառանգությունը դիտարկվում է համաշխարհային մշակութային ժառանգության համատեքստում, իսկ միջազգային ցուցադրությունները հնարավորություն են տալիս տեսնելու տարբեր մշակույթների միջև կապերը, ընդհանրություններն ու փոխազդեցությունները՝ նպաստելով մեր երկրի թանգարանային գործունեության որակի բարձրացմանը։

Կրթական բաղադրիչի կարևորության մասին

Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է ցուցադրության կրթական բաղադրիչը՝ հույս հայտնելով, որ դպրոցականներն ակտիվորեն կայցելեն թանգարան, իսկ ցուցադրության միջոցով ստացած գիտելիքները կօգնեն նրանց նաև տարբեր առարկաների ուսումնառության ընթացքում։ «Նման ցուցադրություններն ավելին են, քան պարզապես տարբեր ցուցանմուշների ներկայացումը։ Դրանք դառնում են մեզ համար կարևոր գիտելիքի, ճանաչողության, ինչպես նաև մեր առօրյայի հետ կապի փոխանցման միջոց»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ցուցադրության կառուցվածքը հնարավորություն է տալիս հնագույն ժամանակներից հասնել մինչև մեր օրերը և տեսնել, թե անցյալի պատկերացումներն ինչ արձագանքներ ունեն ներկայում։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ցուցադրության համադրողներին և մասնագիտական խմբին գաղափարի մշակման և հաջող հայեցակարգի ձևավորման համար։ Նա ընդգծել է նաև հայ-գերմանական մշակութային համագործակցության շարունակական բնույթը՝ հիշեցնելով Բեռլին կատարած այցն ու ցուցադրության նախապատրաստման ընթացքում տեղի ունեցած քննարկումները։

Նախարարը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմի գործընկերներին, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին մշտական աջակցության և պատրաստակամության համար։ Նշվել է նաև, որ Հայաստանի պատմության թանգարանն իր հերթին ցուցադրություն կունենա Բեռլինի Թանգարանային կղզում։

Գերմանական հավաքածուի որոշ նմուշներ առաջին անգամ են ցուցադրվում արտերկրում

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը ևս շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության 35-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով Բեռլինի նշանավոր թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությունը։ Դեսպանի խոսքով՝ ցուցադրությունը ներկայացնում է աշխարհը, երկիրը և միմյանց ճանաչելու ու հասկանալու մարդկության բազմադարյա փորձերը՝ բրոնզի դարից մինչև 20-րդ դար՝ միաժամանակ բացահայտելով տարբեր երկրների, մշակույթների և դարաշրջանների միջև առկա ընդհանրությունները։ Նա առանձնահատուկ ընդգծել է, որ գերմանական հավաքածուի որոշ նմուշներ առաջին անգամ են ցուցադրվում արտերկրում։ Կլաուդիա Բուշի գնահատմամբ՝ ցուցադրությունը ոչ միայն գիտական և մշակութային կարևոր արժեք ունի, այլև հայ-գերմանական հարաբերությունների և ժամանակակից թանգարանային համագործակցության բարձր մակարդակի վկայությունն է։ «Այս ցուցադրությունը մեր երկկողմ ռազմավարական գործընկերության մաս է՝ միտված տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի, կրթության և ակադեմիական համագործակցության խորացմանը, մշակութային փոխանակումների խթանմանն ու փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասել է Կլաուդիա Բուշը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպման գործում ներգրավված բոլոր գործընկերներին։

Այցելուները կտեղափովեն տարբեր քաղաքակրթություններ ու տարբեր ժամանակներ

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ևս շնորհավորել է ինչպես Անկախության 35-ամյակի, այլև կարևոր ցուցադրության բացման առթիվ: «Այս ցուցադրությունը մեր այցելուներին կտեղափոխի տարբեր քաղաքակրթություններ ու ժամանակներ՝ ստեղծելով յուրօրինակ երկխոսության հնարավորություն: Սա մեզ համար շատ կարևոր համագործակցություն է, որն անհնարին կլիներ առանց պետության աջակցոթյան»,- ասել է Դավիթ Պողոսյանը: Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի խոսքով՝ Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյա պատմության ընթացքում սա առաջին անգամն է, երբ կղզու վեց թանգարաններ համագործակցում և համատեղ իրենց ցուցանմուշներն են ներկայացնում Հայաստանի պատմության թանգարանում: «Խորհրդանշական է, որ մենք դուրս ենք գալիս կղզու սահմաններից և ներկայանում ենք աշխարհին, ինչը կարևորագույն քայլ է նաև մարդկանց միջև կապերի ամրապնդման տեսանկյունից»,- ասել է Մաթիաս Վեմհոֆը:

50 բացառիկ նմուշներ Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարաններից

«Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն» բացառիկ միջազգային ցուցադրությանը շրջանակում կներկայացվեն ավելի քան 50 նմուշներ Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարաններից։ Դրանք ունեն ժամանակագրական լայն ընդգրկում՝ հին աշխարհից մինչև միջնադար և նոր ժամանակներ։ Առաջին անգամ մեկ հարթակում կհամախմբվեն Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված ցուցանմուշներ։ Կներկայացվեն Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, ինչպես նաև Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքեր։ Ցուցադրության առանցքային ցուցանմուշներից են Ք. ա. 12-11-րդ դարերով թվագրվող՝ վաղ երկաթի դարաշրջանի «արեգակնային համակարգի» բրոնզե մոդելները։ Հատկանշական է, որ դրանց բեռլինյան օրինակներն ընդհանրապես առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու տարբեր քաղաքակրթությունների մշակութային ժառանգության, առասպելաբանական մտածողության և տիեզերագիտական պատկերացումների միջև եղած ընդհանրություններին ու փոխակերպումներին։

Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։ Ցուցադրությունը գործելու է մինչև 2027 թվականի մարտի 21-ը։

Սոֆի Մխեյանի ելույթը հանվել է համերգային ծրագրից

Երգչուհի Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, համերգային ծրագրից հանվել է: Այս մասին երգչուհին հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել ոչ իր նախաձեռնությամբ և ոչ էլ որևէ հստակ պատճառաբանությամբ:

«Սիրելի՛ Վարդենիսցիներ,

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ Ձեր համայնքում կազմակերպվելիք համերգային ծրագրում, ինչպես արդեն տեղեկացրել էի, ելույթ պիտի ունենայի նաև ես:
Ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ էլ որևէ հստակ պատճառաբանությամբ իմ ելույթը ծրագրից հանվել է, և ես ներկա չեմ լինի համերգին:

Անկախության տոնը, ի վերջո, մեզանից յուրաքանչյուրին նաև հիշեցնում է մի շատ պարզ արժեքի մասին՝ լինել ազատ և անկախ՝ սեփական որոշումների, խոսքի ու ընտրության մեջ։

Վստահ եմ՝ դեռ առիթներ կունենանք հանդիպելու և միմյանց փոխանցելու այն սերն ու ջերմությունը, որը այս տարիների ընթացքում ձևավորվել է։

Շնորհավորում եմ բոլորիդ Անկախության տոնի առթիվ»,-գրել է Սոֆին: