Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)


Տեսանյութեր


Անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր տոնական համերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ Հանրապետության հրապարակում, նշված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում:

«Հնչելու են անկախության շրջանի լավագույն հիթերը` նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ:

Եկե՛ք միասին տոնենք Հայաստանի Հանրապետության անկախությունը»,- նշված է գրառման մեջ։



ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը


Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։ Այդ մասին ասված է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանի Ֆեյսբուքի էջում:
 
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
 
Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:



ՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր


Հայաստան


ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին և առաքելության էներգետիկ ոլորտի փորձագետներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ և ջրային ոլորտների զարգացմանն ու կարգավորմանն առնչվող արդիական հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էլեկտրական էներգիայի կուտակիչ կայանների զարգացման և կիրառման հնարավորություններին, ինչպես նաև դրանց դերին էներգետիկ համակարգի ճկունության և կայունության ապահովման գործում։

Քննարկվել են նաև էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը և սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր։

Ջրային ոլորտին առնչվող հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել խմելու և ոռոգման ջրի սակագներին, դրանց ձևավորման և կարգավորման առանձնահատկություններին։

Կողմերը կարևորել են ոլորտի զարգացման ուղղությամբ շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը։



Օգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները


Հայաստան


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության  կողմից 2026 թվականի օգոստոս ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 363 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է  134.3 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում

  • մթերային խանութներում՝ 54 խախտում, տուգանքի չափը՝ 33.5 մլն դրամ,
  • հանրային սննդի ոլորտում՝ 53  խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 19.9 մլն դրամ,
  • մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 47 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 13.6 մլն դրամ,
  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 36 խախտում, տուգանքի չափը՝ 8.7 մլն դրամ,
  • հագուստի, կոշիկի  և գործվածքների առևտրի ոլորտում՝ 22 խախտում, տուգանքի չափը՝ 4.9 մլն դրամ,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում՝ 15 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 15.7 մլն դրամ,
  • մսամթերքի առևտրի ոլորտում՝ 14 խախտում, տուգանքի չափը՝ 3.9 մլն դրամ,
  • շինանյութի առևտրի ոլորտում՝ 11 խախտում, տուգանքի չափը՝ 2.6 մլն դրամ,
  • տնտեսական ապրանքների խանութներում`  11 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 6.3 մլն դրամ,

  • այլ ոլորտներում` 100 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 25.2 մլն դրամ։   

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև  վարձու աշխատողի չձևակերպման 72 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է  317, իսկ տուգանքի չափը՝  շուրջ 79.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․

  • հանրային սննդի ոլորտում՝ 12 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 58, տուգանքի չափը՝ 14.5 մլն դրամ,
  • շինարարություն ոլորտում՝ 11 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 155, տուգանքի չափը՝ շուրջ 38.8 մլն դրամ,
  • այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 49 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 104, տուգանքի չափը՝  26 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով  հարկ վճարողների մոտ արձանագրվել է  27 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 10.3 մլն  դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • մթերային խանութներում՝ 5 խախտում, տուգանքի չափը՝ 1.9 մլն դրամ,
  • ատամնաբուժարանի ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 2 մլն դրամ,
  • հանրային սննդի ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.4 մլն դրամ,
  • այլ ոլորտներում`  14 խախտում, տուգանքի չափը՝ 5 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Ինֆոգրաֆիկա՝ հսկողական միջոցառումների արդյունքները։

 



Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին


Աշխարհ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նոր ձևաչափի՝ «Կարպատյան ութնյակի» (C8) ստեղծման մասին։ Ըստ նրա, այն միավորում է Ուկրաինային և եվրոպական հարևան երկրներին։

Զելենսկիի ներկայացմամբ՝ նոր ձևաչափում ընդգրկված են Ռումինիան, Սերբիան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան, Ավստրիան, Հունգարիան և Եվրամիությունը՝ որպես ամբողջություն։

«Սա կարևոր սկիզբ է մի գործընթացի, որի նպատակն է առավել ամրապնդել կապերը մեր երկրների միջև և խորացնել համագործակցությունը ԵՄ մակարդակով՝ անվտանգության, էներգետիկայի, լոգիստիկայի, անդրսահմանային առևտրի և մեր համայնքների աջակցության ոլորտներում»,— ասել է Ուկրաինայի նախագահը։



ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան


Հայաստան


ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Շիրազ Մանուկյանի և ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի լեզվակռվին՝ շեշտելով, որ ուսումնասիրելի է ծագած աստվածաբանական վեճը։

«Իմ առաջին եզրակացությունն այն է, որ չարժի Ազգային ժողովի նիստերի դահլիճում աստվածաբանական վեճեր ծավալել, որովհետև Աստվածաշնչում ասվում է, որ Աստծո անունը զուր տեղը պետք չէ տալ, և չեմ կարծում, որ Հիսուս Քրիստոսին կամ նրա արձանը պետք է օգտագործել որպես քաղաքական փաստարկների հավելյալ հզորացման գործիք»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։

ԱԺ նախագահն, անդրադառնալով Մանուկյանի այն պնդմանը, թե «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է վիրավորվի Հիսուսի արձանը դնելուց, շեշտել է․ «Ես Ձեզ պետք է ցավով տեղեկացնեմ, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն է դեմ արտահայտվել Հիսուսի արձանը դնելու գաղափարին, որովհետև գերագույն հոգևոր խորհուրդը պաշտոնապես հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Հիսուսի արձան դնելու նախաձեռնությունը»։



Պայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել


Աշխարհ


Առնվազն 15 մարդ զոհվել, 50-ը՝ վիրավորվել են Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Խայբեր Պախտունխվա նահանգում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով Geo TV հեռուստաալիքը։

Հեռուստակայանի տեղեկություններով՝ մզկիթը գտնվում է ոստիկանական բաժանմունքի հարեւանությամբ։ Պայթյունի հետեւանքով մզկիթի պատերից մեկը փլուզվել է, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։



Toyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտ


Բիզնես


Toyota-ն գնահատում է, որ 2028 թվականից գործարանների արդիականացման և ավտոմատացման համար տարեկան կարող է պահանջվել մոտ 1 տրիլիոն իեն՝ շուրջ 6.4 միլիարդ դոլար։

Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը նախատեսում է արագացնել ռոբոտների և ավտոմատացման տեխնոլոգիաների կիրառումը։ Նշված ներդրման գնահատականը ներառում է Toyota-ն, խմբի ընկերությունները և խոշոր մատակարարներին։ Ընկերության տվյալներով՝ գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտ։ Դրանց թվում կլինեն ինչպես մարդանման, այնպես էլ այլ տեսակի ռոբոտներ՝ ներառյալ արդեն առկա սարքավորումների փոխարինման և նոր տեղադրումների համար։

Ներդրումները կներառեն արդյունաբերական ռոբոտներ, ավտոմատացված լոգիստիկա, ինչպես նաև ապագայում գործարաններում մարդկանց և ռոբոտների համատեղ աշխատանքը։ Toyota-ի ռոբոտաշինության ուղղությամբ ակտիվացումը, ըստ «Bernstein»-ի վերլուծաբանների, կարող է նոր աճի հնարավորություններ ստեղծել նաև ավտոմեքենաների արտադրությունից դուրս։



Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում


Սպորտ


Մոսկվայի «Սպարտակի» և Տուլայի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում, սակայն նրա վերադարձն առայժմ հարցականի տակ է։


Ինչպես հայտնում է «Евро-Футбол.Ру»-ն, 50-ամյա ռուս մասնագետի գործակալները նրա ծառայություններն առաջարկել են Երևանի «Փյունիկի» ղեկավարությանը։ Երևանյան ակումբն Արտակ Օսեյանի հեռանալուց հետո այս պահին գլխավոր մարզիչ չունի, սակայն ակումբը հրաժարվել է Գունկոյի թեկնածությունից։


Ըստ ИнсайдЯН ռուսական տելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ ռուս մասնագետի՝ «Փյունիկը» գլխավորելու տարբերակն անձամբ արգելափակել է ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը։


Աղբյուրի փոխանցմամբ՝ Տուլայի «Արսենալից» հեռացվելուց հետո Գունկոյի ներկայացուցիչները կապ են հաստատել նաև հայկական այլ ակումբների հետ, սակայն այս պահին հստակ տարբերակներ չկան։ Այնուամենայնիվ, հավանականությունը մեծ է, որ մարզիչը կրկին կաշխատի Հայաստանում: Զուգահեռաբար, վերջերս տեղեկություններ էին շրջանառվում նաև այն մասին, որ Գունկոն կարող է գլխավորել բելառուսական «ՄԼ Վիտեբսկը»։

Դմիտրի Գունկոն 2020-ից 2025 թվականներին աշխատել է Հայաստանում՝ գլխավորելով երեք տարբեր ակումբներ։ Իր գլխավոր հաջողությանը նա հասել է Երևանի «Ուրարտուի» ղեկին՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

armsport.am





Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը


Հայաստան


Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա ենթակաների՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի դատավարությունը:

Քոչարյանը դատարան է բերվել Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ. օգոստոսին նա կալանավորվել էր մեկ այլ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և կաշառք ստանալու գործով:

Այսօրվա նիստի մեկնարկին դատարանը մերժել է գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Այնուհետև Յուրի Խաչատուրովի պաշտպանն է միջնորդել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ պատճառաբանելով, որ քրեական հետապնդումը հարուցելիս չի հաղթահարվել նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը: Կարծիք է հայտնել նաև Քոչարյանը, նշել՝ եթե ՀԱՊԿ ներկայացուցչի հետ խնդիր կար, պետք էր նախ հետ կանչել նրան, հետո միայն գործ սկսել:

Հանրային մեղադրողը, սակայն առարկել է, հիշեցրել, որ Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է, հետևաբար՝ Հայաստանի իրավապահ մարմիններն իրավասու են եղել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել: Ըստ Հայկ Հովհաննիսյանի՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար գործառույթներն իրականացնելիս քարտուղարն անձեռնմխելի է ընդունող պետության տարածքում, իսկ ՀՀ տարածքում նա չի օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից:

Բացի այդ, ըստ դատախազի՝ Խաչատուրովին վերագրվում է «Մարտի 1»-ի իրադարձությունների համար ենթադրյալ հանցավոր արարք, որը կապ չունի նրա՝ որպես ՀԱՊԿ քարտուղարի լիազորությունների հետ. անձն օգտվում է անձեռնմխելիությունից այն դեպքում, եթե նրան պետք է մեղադրյալ ներգրավել իր գործառույթների շրջանակներում կատարված ենթադրյալ արարքի համար: