ՀՀ նախագահի հրամանագրով ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են Մխիթար Գոշի և Երախտագիտության մեդալներով

ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն՝ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են Մխիթար Գոշի և Երախտագիտության մեդալներով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել`Մխիթար Գոշի մեդալով՝ Արմեն Սերգեյի Մկրտչյանին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝ Արսեն Վարդանի Ոսկանյանին Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետԱրտակ Սերյոժայի Գուրջանյանին Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետՌաֆիկ Արմենի Ալոյանին Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտանՀեղինե Հայկի Լոռյանին Ոստիկանության պարեկային ծառա-յության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտԵրախտագիտության մեդալով՝Վարդան Ազատի Մաթևոսյանին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալԳևորգ Վարուժանի Գալստյանին Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետՎահե Մելիքի Մելքոնյանին Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ ջրափրկարարական սարքավորումների վերանորոգման արհեստանոցի վարիչ»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

AI-ի պատճառով մարդկության վերացման հավանականությունը 0% է. Nvidia-ի ղեկավար

Nvidia-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հայտարարել է, որ մինչև 2030 թվականը արհեստական բանականության (AI) զարգացման հետևանքով մարդկության վերացման հավանականությունը, իր գնահատմամբ, «0%» է։

CBS News-ին տված հարցազրույցում Հուանգը AI-ի կողմից մարդկության ոչնչացման վերաբերյալ կանխատեսումները որակել է որպես չափազանցված՝ դրանք բնութագրելով որպես «աշխարհի վերջի մասին պատմություններ»։

Նրա խոսքով՝ AI-ի պատճառով աշխարհի վերջի մասին մարդկանց վախեցնելն անպատասխանատու մոտեցում է, իսկ նման կանխատեսումները, իր գնահատմամբ, չունեն բավարար գիտական հիմք։

Հուանգն անդրադարձել է նաև AI-ի անվտանգության ոլորտում նոր օրենսդրության անհրաժեշտության վերաբերյալ քննարկումներին։ Նա քննադատել է այն ընկերությունների և ոլորտի ներկայացուցիչների դիրքորոշումը, որոնք կոչ են անում ընդունել նոր օրենքներ՝ նշելով, որ տեխնոլոգիայի հնարավոր վնասների դեպքում արդեն գոյություն ունեն համապատասխան օրենքներ, որոնք կարող են կիրառվել։

Միևնույն ժամանակ, AI-ի արագ զարգացումը շարունակում է մտահոգություններ առաջացնել տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և հետազոտողների շրջանում։ Anthropic-ի, OpenAI-ի և այլ ընկերությունների ղեկավարներ տարբեր առիթներով բարձրաձայնել են առաջադեմ AI համակարգերի հնարավոր ռիսկերի մասին, իսկ մի շարք երկրներ քննարկում են տեխնոլոգիայի անվտանգության և կարգավորման մեխանիզմները։

Հուանգի նշած «0%» ցուցանիշը նրա անձնական գնահատականն է և ոչ թե գիտականորեն հաստատված հավանականություն։ AI-ի երկարաժամկետ ազդեցության և դրա ծայրահեղ ռիսկերի վերաբերյալ մասնագիտական գնահատականները շարունակում են տարբերվել։

Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում

Սեպտեմբերի 22-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային ցուցադրությունը: Այն կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով՝ դառնալով մշակութային երկխոսության, ինստիտուցիոնալ հիշողության և երկու կարևոր թանգարանային կենտրոնների հավաքածուների փոխադարձ վերաիմաստավորման նշանակալի հարթակ։ Ցուցադրության բացմանն ընդառաջ՝ այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆը։

Անկախության օրը նշանավորվում է նաև մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնություններով

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Անկախության 35-ամյակի առիթով և ընդգծել, որ արդեն երրորդ տարին է՝ այս օրը նշանավորվում է նաև մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնություններով․ «Մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը, և կարծում եմ՝ ընտրված խորագիրը՝ հարատև պետության վերաբերյալ, ավելի քան խոսուն է։ Անցնելով բարդ ճանապարհ՝ մենք ամուր կանգնել ենք այն ուղու վրա, որը տանում է դեպի մեր պետության՝ օրեցօր ավելի հզորացում, ուժեղացում և հարատևություն։ Եվ դա տեղի է ունենում նաև մշակույթի միջոցով»։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ խորհրդանշական է, որ Հայաստանի անկախության տոնին բացվող նոր ցուցադրությունն իրականացվում է միջազգային համագործակցության շրջանակում՝ հեղինակավոր թանգարանների մասնակցությամբ։  Հայկական մշակութային ժառանգությունը դիտարկվում է համաշխարհային մշակութային ժառանգության համատեքստում, իսկ միջազգային ցուցադրությունները հնարավորություն են տալիս տեսնելու տարբեր մշակույթների միջև կապերը, ընդհանրություններն ու փոխազդեցությունները՝ նպաստելով մեր երկրի թանգարանային գործունեության որակի բարձրացմանը։

Կրթական բաղադրիչի կարևորության մասին

Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է ցուցադրության կրթական բաղադրիչը՝ հույս հայտնելով, որ դպրոցականներն ակտիվորեն կայցելեն թանգարան, իսկ ցուցադրության միջոցով ստացած գիտելիքները կօգնեն նրանց նաև տարբեր առարկաների ուսումնառության ընթացքում։ «Նման ցուցադրություններն ավելին են, քան պարզապես տարբեր ցուցանմուշների ներկայացումը։ Դրանք դառնում են մեզ համար կարևոր գիտելիքի, ճանաչողության, ինչպես նաև մեր առօրյայի հետ կապի փոխանցման միջոց»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ցուցադրության կառուցվածքը հնարավորություն է տալիս հնագույն ժամանակներից հասնել մինչև մեր օրերը և տեսնել, թե անցյալի պատկերացումներն ինչ արձագանքներ ունեն ներկայում։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ցուցադրության համադրողներին և մասնագիտական խմբին գաղափարի մշակման և հաջող հայեցակարգի ձևավորման համար։ Նա ընդգծել է նաև հայ-գերմանական մշակութային համագործակցության շարունակական բնույթը՝ հիշեցնելով Բեռլին կատարած այցն ու ցուցադրության նախապատրաստման ընթացքում տեղի ունեցած քննարկումները։

Նախարարը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմի գործընկերներին, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին մշտական աջակցության և պատրաստակամության համար։ Նշվել է նաև, որ  Հայաստանի պատմության թանգարանն իր հերթին ցուցադրություն կունենա Բեռլինի Թանգարանային կղզում։

Գերմանական հավաքածուի որոշ նմուշներ առաջին անգամ են ցուցադրվում արտերկրում

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը ևս շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության 35-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով Բեռլինի նշանավոր թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությունը։ Դեսպանի խոսքով՝ ցուցադրությունը ներկայացնում է աշխարհը, երկիրը և միմյանց ճանաչելու ու հասկանալու մարդկության բազմադարյա փորձերը՝ բրոնզի դարից մինչև 20-րդ դար՝ միաժամանակ բացահայտելով տարբեր երկրների, մշակույթների և դարաշրջանների միջև առկա ընդհանրությունները։ Նա առանձնահատուկ ընդգծել է, որ գերմանական հավաքածուի որոշ նմուշներ առաջին անգամ են ցուցադրվում արտերկրում։ Կլաուդիա Բուշի գնահատմամբ՝ ցուցադրությունը ոչ միայն գիտական և մշակութային կարևոր արժեք ունի, այլև հայ-գերմանական հարաբերությունների և ժամանակակից թանգարանային համագործակցության բարձր մակարդակի վկայությունն է։ «Այս ցուցադրությունը մեր երկկողմ ռազմավարական գործընկերության մաս է՝ միտված տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի, կրթության և ակադեմիական համագործակցության խորացմանը, մշակութային փոխանակումների խթանմանն ու փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասել է Կլաուդիա Բուշը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպման գործում ներգրավված բոլոր գործընկերներին։

Այցելուները կտեղափովեն տարբեր քաղաքակրթություններ ու տարբեր ժամանակներ

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ևս շնորհավորել է ինչպես Անկախության 35-ամյակի, այլև կարևոր ցուցադրության բացման առթիվ: «Այս ցուցադրությունը մեր այցելուներին կտեղափոխի տարբեր քաղաքակրթություններ ու ժամանակներ՝ ստեղծելով յուրօրինակ երկխոսության հնարավորություն: Սա մեզ համար շատ կարևոր համագործակցություն է, որն անհնարին կլիներ առանց պետության աջակցոթյան»,- ասել է Դավիթ Պողոսյանը: Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի խոսքով՝ Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյա պատմության ընթացքում սա առաջին անգամն է, երբ կղզու վեց թանգարաններ համագործակցում և համատեղ իրենց ցուցանմուշներն են ներկայացնում Հայաստանի պատմության թանգարանում: «Խորհրդանշական է, որ մենք դուրս ենք գալիս կղզու սահմաններից և ներկայանում ենք աշխարհին, ինչը կարևորագույն քայլ է նաև մարդկանց միջև կապերի ամրապնդման տեսանկյունից»,- ասել է Մաթիաս Վեմհոֆը:

50  բացառիկ նմուշներ Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարաններից

«Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն» բացառիկ միջազգային ցուցադրությանը  շրջանակում կներկայացվեն ավելի քան 50 նմուշներ Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարաններից։ Դրանք ունեն ժամանակագրական լայն ընդգրկում՝ հին աշխարհից մինչև միջնադար և նոր ժամանակներ։ Առաջին անգամ մեկ հարթակում կհամախմբվեն Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված ցուցանմուշներ։ Կներկայացվեն Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, ինչպես նաև Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքեր։ Ցուցադրության առանցքային ցուցանմուշներից են Ք. ա. 12-11-րդ դարերով թվագրվող՝ վաղ երկաթի դարաշրջանի «արեգակնային համակարգի» բրոնզե մոդելները։ Հատկանշական է, որ դրանց բեռլինյան օրինակներն ընդհանրապես առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու տարբեր քաղաքակրթությունների մշակութային ժառանգության, առասպելաբանական մտածողության և տիեզերագիտական պատկերացումների միջև եղած ընդհանրություններին ու փոխակերպումներին։

Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։ Ցուցադրությունը գործելու է մինչև 2027 թվականի մարտի 21-ը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյանի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Կառավարությանը սրտանց շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս։

Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունն ակտիվորեն և որակապես զարգանում է։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և դրա գործնական բովանդակությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Չինաստան-Հայաստան հարաբերությունները մշտապես նոր բովանդակությամբ հարստացնելու նպատակով։

Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում և հզորություն, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»։

***

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։

***

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ։

Այս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը, ազգային միասնությունը և ստեղծագործ ոգին։

Հենվելով պետականության բազմադարյա ավանդույթների և հարուստ մշակութային ժառանգության վրա՝ Հայաստանը արժանապատվորեն անցել է նոր պատմական պայմաններում կայացման և զարգացման բարդ ճանապարհը, հաստատվել որպես առաջադեմ երկիր, որը ճանաչում և հարգանք է վայելում միջազգային ասպարեզում։

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ, որոնք դարձել են երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ամուր հիմքը։

Ղազախստանում մեծ հարգանքով են վերաբերվում հայ ժողովրդին, Ձեր հնագույն պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։ Մենք բարձր ենք գնահատում մեր պետությունների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հարաբերությունները։

Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք էապես բազմապատկել ձեռք բերված արդյունքները և Ղազախստան-Հայաստան համագործակցությունը ծառայեցնել մեր բարեկամ ժողովուրդների արմատական շահերին։

Այս հանդիսավոր օրը, հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք իմ հարգանքի խոսքերը և անսպառ եռանդի և հետագա մեծ հաջողությունների անկեղծ մաղթանքները՝ ինքնատիպ ու նշանավոր հայ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։

***

Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 35-րդ տարեդարձի առթիվ մեծ հաճույքով Ձեզ և Ձեր երկրի բարեկամ ժողովրդին եմ հղում սրտանց շնորհավորանքներս։

Անկախության տարիներին Հայաստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության և սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Մենք բարձր ենք գնահատում երկու ժողովուրդներին և պետություններին կապող պատմական կապերը։

Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Տաջիկստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։

Ուրախալի է, որ այսօր մեր երկրները կառուցողական փոխգործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հարթակներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել մեր բազմաբնույթ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և նպատակների իրականացում՝ ի բարօրություն երկրի բարգավաճման, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն, բարեկեցություն և հետագա առաջընթաց»։

***

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առիթով։

Անկախության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը զգալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։

Համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա հիմնված միջպետական երկխոսությունն առավել ընդլայնելու և խորացնելու մեր երկրների անսասան հանձնառությունը լիովին համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։

***

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։

***

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Անկախության տարիների ընթացքում Հայաստանը հաստատվել է որպես սեփական զարգացման ուղին ընտրած պետություն՝ հիմնված բաց շուկայական տնտեսության, զարգացած քաղաքացիական հասարակության և պրագմատիկ արտաքին քաղաքականության վրա։

Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում և արտահայտում է իր անփոփոխ հանձնառությունը՝ երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների, փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։

Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և համաձայնության հիման վրա մեր կառավարությունների միջև ձևավորված կապերն այսուհետ ևս կնպաստեն մեր երկրների առջև ծառացած կարևոր խնդիրների իրականացմանը։

Հարգելի՛ Նիկոլ Վովայի, շնորհավորելով երկրի պատմության նշանակալի տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։

***

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առիթով։

Միացյալ Նահանգները կիսում է Հայաստանի ուրախությունը՝ անկախության վերականգնման 35-ամյակի և ավելի խաղաղ, բարգավաճ ու ժողովրդավարական ապագայի ուղղությամբ ձեր պետության արձանագրած առաջընթացի արժևորման այս օրերին։ Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի է հնարավոր հասնել, երբ գործում ենք՝ առաջնորդվելով խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականով։ Մենք ակնկալում ենք առաջ մղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապակցվածությունը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել բացահայտել նոր հնարավորություններ Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի համար։

Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի առիթով»։

***

Թաիլանդի Թագավորության վարչապետ Անուտին Չանվիրակուլի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Թաիլանդի թագավորական կառավարության և Թաիլանդի թագավորության ժողովրդի անունից պատիվ ունեմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել սրտանց շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով։Թաիլանդը և Հայաստանն ավելի քան երեք տասնամյակ բարեկամական հարաբերություններ ունեն։ Համոզված եմ, որ մեր կապերը կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտներում մեր համագործակցության խորացման միջոցով։

Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Թաիլանդի ամուր հանձնառությունը՝ ամրապնդելու իր ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ՝ որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության կարևոր հարթակ։ Հետևաբար, մենք մեծապես կգնահատենք Թաիլանդ-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) շուրջ բանակցություններում Հայաստանի աջակցությունը՝ բանակցությունների հնարավորինս շուտ մեկնարկի հարցում, որը կարևոր քայլ կլինի Թաիլանդի և Հայաստանի համար առևտրային և ներդրումային հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև մեր երկու տարածաշրջանների միջև կապակցվածությունն ամրապնդելու գործում»:

***

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Միրզա Ֆախրուլ Իսլամ Ալամգիրի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

ՀՀ Անկախության օրվա առիթով ցանկանում եմ Բանգլադեշի ժողովրդի և իմ անունից փոխանցել Ձերդ Գերազանցությանն իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները։

Բանգլադեշը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ իր բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և խաղաղության ու բարգավաճման ընդհանուր ձգտումների վրա։ Վստահ եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համատեղ աշխատել՝ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու ուղղությամբ՝ հանուն մեր երկու ժողովուրդների բարօրության։

Ձերդ Գերազանցությանը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և շարունակական հաջողություններ, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ շարունակական խաղաղություն, կայունություն, առաջընթաց և բարգավաճում»:

Բաբաջանյան փողոցում վիճաբանությունից հետո տղամարդը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ձայներ են լսվում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր:

Նույն օրը՝ ժամը 11:23-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ազդրի շրջանում ստացած վնասվածքով բուժօգնության են տեղափոխել մի տղամարդու:

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Թե բա՝ “Ղարաբաղի անկախության հանրաքվեն Հայաստան-ԼՂ միավորման որոշումը դարձրել է պատմական փաստաթուղթ”։ Այսինքն, 1991 թ․ դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի՞ց է անկախացել։ Բա էլ ի՞նչ իմաստ ունի Սահմանադրության նախաբանում 1990 օգոստոսի 23-ի Հռչակագրին հղումը պահել։ Հայաստանի Սահմանադրությունը ՀՀ-ից 35 տարի առաջ անկախացած եւ կորստյան մատնված երկրի, նրա տարածքի, բռնատեղահանված բնակչության հետ ի՞նչ կապ ունի, ինչու՞ պիտի ունենա։ Իսկ եթե պիտի ունենա, էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել»։ 

ՀՀ նախագահի հրամանագրով մի շարք դիվանագետների բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը և համաձայն Սահմանադրության ու «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի, Հանրապետության նախագահի հրամանագրով մի շարք դիվանագետների բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել:։

Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ Նելլի Սարոյանին։

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան են ստացել․

  • Հայկ Դարբինյանը — Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի խորհրդական,

  • Անի Բադալյանը — Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի քարտուղար,

  • Լենա Թերզիկյանը — Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության եվրոպական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար:

Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ, տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, ինչպես նաև արժանացել են պատվավոր կոչումների։

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհավորել պարգևատրվողներին:

Հանրապետության նախագահի ելույթը.

«Այսօր պետական բարձր գնահատանքի են արժանացել մարդիկ, որոնց աշխատանքն ու նվիրումը Հայաստանի պետականության տարբեր ոլորտներում իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի կայացման գործում։

Ձեր վաստակը գնահատելով՝ մենք, ըստ էության, արժևորում ենք այն մարդկանց աշխատանքը, որոնցից յուրաքանչյուրն իր տեղում ամրացրել է պետության հիմքը։
35 տարին բավարար ժամանակ է՝ հասկանալու համար, թե ինչ ենք կարողացել ստեղծել և ինչու ենք երբեմն ձախողվել։
Մեր անկախ պետականությունն անցել է ծանրագույն փորձությունների միջով։ Եղել են հաղթանակներ, ձեռքբերումներ, առաջընթաց, բայց եղել են նաև կորուստներ ու սխալներ, որոնց հետևանքները դեռևս զգում ենք։ Պետության պատմության մեջ սխալներն անխուսափելի են։ Աններելի է դրանցից չսովորելը։

Մեր անցած ճանապարհի ամենածանր դասերից մեկն այն է, որ պետականության համար վտանգավոր կարող է լինել ոչ միայն ուժի կամ ռեսուրսի պակասը, այլև իրականության զգացողության կորուստը։
Երբ հայրենասիրությունը վերածվում է հայրենասիրական հռետորաբանության, իսկ ազգային նպատակների գիտակցումը՝ դրանց մասին բարձրաձայնելու: Առաջանում է վտանգավոր խզում՝ ցանկության և հնարավորության, խոսքի և իրականության, քաղաքական նպատակի և պետական հաշվարկի միջև։

Տարիների ընթացքում այդ խզումը երբեմն դարձել է քաղաքական մտածողության մաս։ Իրականության բարդությունը փոխարինվել է պարզեցված պատկերացումներով, սթափ հաշվարկը՝ ցանկալիի հաստատմամբ, իսկ պետական շահի երկարաժամկետ գնահատումը՝ պահի համար հեշտ ընդունելի, արտաքուստ հայրենասիրական, բայց բովանդակությամբ սնանկ խոսույթով։
Դա միայն քաղաքական սխալ չի եղել։ Դա պետական մտածողության խնդիր է։

Պետությունը չի կարող իրեն թույլ տալ ապրել այն իրականության մեջ, որն ինքն է ցանկանում տեսնել։ Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի, ճանաչել դրա սահմանները, ճիշտ գնահատել իր ուժերն ու հնարավորությունները և այդ գիտակցությունից ելնելով ձևակերպել իր նպատակներն ու ընտրել դրանց հասնելու ճանապարհը։
Սա հայրենասիրության հակադրությունը չէ։ Սա հայրենասիրության հասուն ձևն է։
Հայրենիքի հանդեպ սերը, ազգային արժանապատվությունը, սեփական պատմության և ինքնության նկատմամբ հավատարմությունը պետականության ամենակարևոր հոգևոր հիմքերից են։ Բայց զգացմունքը քաղաքականություն չի դառնում ինքնուրույն։ Այն պետական ուժ է դառնում այն ժամանակ, երբ միավորվում է սթափ դատողության, գիտելիքի, քաղաքական կամքի և պատասխանատվության հետ։

Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, իր քաղաքականության հիմքում դնում է հենց իրականությունից ելնելու, պետական շահը առաջնային դարձնելու և պետության երկարաժամկետ կարողությունները հետևողականորեն ամրապնդելու տրամաբանությունը։ Այս ճանապարհի կարևորությունը ոչ միայն այն է, որ արտահայտում է ներկա քաղաքականության ընտրությունը, այլև որ այն պետք է դառնա պետական կառավարման հաստատուն չափանիշ՝ անկախ քաղաքական ժամանակաշրջաններից և իշխանությունների փոփոխությունից։
Պետական պաշտոնը, հետևաբար, իրավունք չէ սեփական պատկերացումները իրականությունից վեր դասելու։ Այն պատասխանատվություն է՝ իրականությունը ճանաչելու և դրա պայմաններում հնարավոր լավագույն որոշումը կայացնելու համար։

Այս չափանիշը հատկապես կարևոր է այսօր։ Մեր ժամանակը պահանջում է պետական գործիչ, որը չի վախենում իրականությունը անվանել իր անունով, չի փոխարինում դժվար որոշումը հարմարավետ խոսքով և չի զոհաբերում երկարաժամկետ պետական շահը կարճաժամկետ քաղաքական հարմարավետությանը։
Անկախության 35-ամյակը հենց այս իմաստով նաև հասունության տարեդարձ է։ Մենք այլևս չենք կարող մեր պետականության մասին դատել միայն այն հարցով, թե ինչ ենք երազել կամ ինչ ենք ցանկացել։ Պետք է կարողանանք պատասխանել ավելի դժվար հարցին՝ ինչ ենք հասկացել մեր անցած ճանապարհից և ինչպիսի պետություն ենք պատրաստ կառուցել այդ փորձի հիման վրա։

Անկախությունը մեզ տրված պատմական հնարավորություն էր։ Պետականությունը՝ այդ հնարավորությունը պահպանելու և իրական բովանդակությամբ լցնելու ամենօրյա աշխատանքը։
Մեր պարտքն է հաջորդ սերունդներին փոխանցել ոչ միայն անկախության գաղափարը, այլև այն իրական, կենսունակ և ուժեղ պետությունը, որը կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը և սեփական ապագան կառուցել ոչ թե պատրանքների, այլ իր կարողությունների և հետևողական քաղաքականության վրա։
Այսօր ձեզ պարգևատրելով՝ մենք գնահատում ենք ձեր ներդրումը այդ պետության ստեղծման գործում։

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։
Թող մեր անցած ճանապարհի հաղթանակներն ուժ տան մեզ, սխալները՝ իմաստություն, իսկ անկախության գիտակցումը՝ պատասխանատվություն մեր պետության և գալիք սերունդների հանդեպ։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

https://www.youtube.com/watch?v=cx2Hgz22oeQ

Անաստաս Միկոյան փողոցում 16-ից 25 տարեկան մի խումբ երիտասարդներ ծեծել են կնոջն ու նրա ծնողներին. հնչել են կրակոցներ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցում՝ «Արև» սուպերմարկետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ու այդ ժամանակ հնչել են կրակոցներ։

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են համայնքային ոստիկանները՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Այնուհետև ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 18:30-ի սահմաններում Միկոյան 15 շենքի «Արև» սուպերմարկետի մոտ Երևանի բնակիչ 19-ամյա Ջիվան Թ.-ն, Լոռու մարզի բնակիչներ 17-ամյա Արման Հ.-ն, 19-ամյա Հովիկ Հ.-ն, Երևանի բնակիչներ 25-ամյա Լևոն Ա.-ն, 16-ամյա Տիգրան Թ.-ն, 18-ամյա Ավետ Մ.-ն անպարկեշտ վերաբերմունք են դրսևորել Երևանի բնակիչ 37-ամյա մի կնոջ նկատմամբ, ինչի հետևանքով վիճաբանություն է ծագել 37-ամյա կնոջ, նրա 59-ամյա հոր, 60-ամյա մոր միջև, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Ջիվան Թ․-ն և նրա հետ եղած նշված անձինք ծեծի են ենթարկել 37-ամյա կնոջը, նրա հորն ու մորը, ինչի հետևանքով վերջիններին պատճառվել են մարմնական վնասվածքներ։

Տեսնելով, որ իրավիճակը շիկանում է, ծեծված կնոջ հայրը իր մոտ եղած գազային ատրճանակով նախազգուշական 2 անգամ օդ է կրակում, որից հետո «ճիվաղները» դիմում են փախուստի։

Կարճ ժամանակ անց Նոր Նորք վարչական շրջանում համայնքային ոստիկանները հայտնաբերում են ծեծված կնոջ հորը և տեղափոխում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք ատրճանակը։ 

Ոստիկանները հայտնաբերել են նաև «BMW X7» մակնիշի ավտոմեքենան, որով կռվի մասնակիցներից մեկը հեռացել էր դեպքի վայրից։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

ԵՄ-ն չի ճանաչում Ուկրաինայի օկուպացված տարածքներում ՌԴ ընտրությունների արդյունքները․ պատժամիջոցներ կսահմանվեն

Եվրամիությունը Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո հայտարարել է Ուկրաինայի օկուպացված շրջաններում քվեարկության անցկացման պատասխանատուների դեմ պատժամիջոցների մասին:

«Ոչ այնտեղ անցկացված ընտրությունները, ոչ էլ դրանց արդյունքները երբեք չեն ճանաչվի»,֊ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

ԵՄ-ն նաև սկզբունքային պահանջներ է ներկայացրել ՌԴ Պետդումայի ընտրության անցկացման վերաբերյալ: Անկախ վերլուծաբանների և դիտորդների տվյալներով՝ վարչական և իրավական գործիքները լայնորեն օգտագործվել են չեզոքացնելու բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվել Ուկրաինայում պատերազմին, իսկ բնակչության մուտքն անկախ տեղեկատվություն զգալիորեն սահմանափակվել է: