Փամբակ գյուղի տարածքում ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել է


Հայաստան


Ապրիլի 16-ին՝ ժամը 15:10-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի տարածքում, ջրագծի վթարի հետևանքով, երկաթգծի վրա մանր քարեր և հողազանգված են լցվել․ երկաթգծի հատվածը փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նովոսելցովո ջրագծի վթարի հետևանքով առաջացած ջրի հոսքից հարակից լանջից տեղի է ունեցել հողազանգվածի և քարաբեկորների սահք, ինչը փակել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի մոտ 30 գմ հատվածը։

Երկաթուղու աշխատակիցները փրկարարների օժանդակությամբ իրականացրել են հողազանգվածի մաքրման աշխատանքներ։

Երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է։



Ընդգծվել է երիտասարդների համար կրթական ծրագրերի կարևորությունը


Քաղաքականություն


Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության նախարար Վեր․ Հենրիկ Շահնազարյանի և հովիվ Վեր․ Սերոբ Մկրտիչեանի հետ։ Այս մասին հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով համատեղ ջանքերով երիտասարդների համար կրթական ծրագրեր նախաձեռնելու կարևորությունը։



Հրաշալի առիթ է` կարևորելու մեր կինոժառանգությունը


Հայաստան


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ կինոյի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

Հարգելի՛ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ, շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։ Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի: Այն միայն արվեստ չէ․ այն ժողովուրդների պատմության, հոգևոր արժեքների և ինքնության արտացոլումն է, որը, իրավամբ, կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանությունն ու մյուս մշակույթներին հաղորդակից լինելու հնարավորությունը։

Հետադարձ հայացք գցելով հայ կինոյի մեկդարյա պատմությանը՝ կարող ենք փաստել, որ պահպանելով ոլորտի ավանդույթները՝ այն շարունակում է զարգանալ՝ քայլելով ժամանակին համընթաց և ստեղծելով այնպիսի կինոկտավներ, որոնք հեղինակավոր տարբեր հարթակներում արժանանում են մրցանակների՝ ապացուցելով հայ կինոյի ստեղծարար ներուժի մրցունակությունը:

Հայ կինոյի օրը հրաշալի առիթ է նաև կարևորելու մեր կինոժառանգությունը, երախտագիտությամբ հիշելու մեր մեծանուն կինոգործիչներին, որոնք իրենց տաղանդով և նվիրումով հիմք են դրել ազգային կինոյի զարգացմանը, ինչպես նաև գնահատելու մեր օրերի ստեղծագործողներին, որոնք նոր շունչ ու ժամանակակից մտածողություն են բերում կինեմատոգրաֆիայի աշխարհ։

Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական նոր գաղափարները, միջազգային համագործակցությունը և երիտասարդ տաղանդների առաջխաղացումը։ Դրա վառ ապացույցներն են իրականացվող հիմնային բարեփոխումները: Առանձնակի հիշատակման են արժանի ներդրումների մասնակի վերադարձի, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲ ընկերության հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու որոշումները: Սրանք նոր ուղի են բացում կինեմատոգրաֆիայի պատմության մեջ՝ լավագույն հեռանկարների խոստումով:

Պետք է ընդգծել, որ ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի ծրագրով ներկայացվել է 10 հայտ՝ 1.4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը հաստատվել է: Նախարարության դրամական խրախուսման ծրագրով միայն 2025 թ. հայ կինոգործիչները մասնակցել են 17 միջազգային հեղինակավոր կինոփառատոների, իսկ միջազգային հարթակներին մասնակցության ծախսերի փոխհատուցմամբ՝ 16 ստեղծագործողի տրամադրվել է աջակցություն 11 միջազգային կինոհարթակների մասնակցության համար:

Կինոաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներ, լեցուն դահլիճներ և նորանոր հաղթանակներ։ Համոզված եմ՝ դուք դեռ շատ ասելիք ունեք՝ նոր սցենարներով ու ֆիլմերով։

Շնորհավո՛ր Հայ կինոյի օր։



ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր


Հայաստան


Մեկնարկում է 2026թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 10-12-րդ դասարանների սովորողների համար։ Աշակերտների մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ։

Մրցանակաբաշխությունն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով:

Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչի մասնակիցները, իսկ եզրափակիչ փուլում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարցազրույցի արդյունքում կորոշվեն հաղթողները։

Առաջին փուլը կանցկացվի մայիսի 20-ին՝ ժամը 16:00-ին։ Մասնակցության համար հարկավոր է մայիսի 20-ին՝ ժամը 15։45-ին, մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://app.codility.com/public-link/2026/, որով կիրականացվի մասնակցի գրանցումը (նախապես պետք չէ գրանցվել) (անուն, ազգանուն, դպրոց և այլն): Գրանցմանն անմիջապես կհաջորդի թեստային հարցումը։ Թեստային հարցման ընթացքում կտրվեն 50 հարցեր, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։ Գրանցման և թեստային հարցման համար նախատեսված ընդհանուր ժամանակը 1,5 ժամ է:

Եզրափակիչ փուլ անցած աշակերտները կստանան լրացուցիչ տեղեկատվություն։ Հարցերի դեպքում կարող եք դիմել Ռուզաննա Գորոյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով 010492333 հեռ.-ով։

Մրցանակաբաշխության հիմնական նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելն ու խրախուսելն է։ Հաղթողները հանդիսավոր պայմաններում կստանան խորհրդանշական արձանիկ-մրցանակը, դիպլոմ և դրամական պարգև։



Հայ գրոսմայստերների ցանկը համալրվել է ևս մեկ շախմատիստով


Սպորտ


ՖԻԴԵ-ն հայ երիտասարդ շախմատիստ Արթուր Դավթյանին շնորհել է գրոսմայստերի կոչում:

Շնորհավորում ենք Արթուրին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:



Միջոցառումներ՝ Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում


Հայաստան


Ապրիլի 15-ն աշխարհում նշվում է որպես Արվեստի համաշխարհային օր։ ԿԳՄՍ նախարարությունն Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում նախաձեռնել է բազմաժանր մշակութային միջոցառումներ:

Մի շարք մշակութային և կրթական հաստատություններ, մասնակցելով ծրագրին, անցկացրել են ցուցահանդեսներ, արվեստի բացօթյա արշավներ, ինտերակտիվ նախագծեր և ստեղծագործական տարաբնույթ նախաձեռնություններ, թատերական և մնջախաղային ներկայացումներ, ինչպես նաև համերգային ծրագրեր:

Նախաձեռնության նպատակը հանրային կյանքում արվեստի դերի կարևորումն ու ստեղծագործականության խթանումն է՝ միավորելով արվեստի տարբեր ուղղություններն ու ստեղծագործական գործընթացները:




«Իմ գույնը կարևոր է». լուսանկարչական նախագիծ՝ նվիրված Արվեստի համաշխարհային օրվան


ԿԳՄՍՆ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում իրականացնում է «Իմ գույնը կարևոր է» խորագրով լուսանկարչական նախագիծը՝ ևս մեկ անգամ կարևորելով մշակութային կրթությաններառականության և հավասարության արժեքները։

Լուսանկարչական նախագծում ներկայացված են կենտրոնի սաները, որոնցից յուրաքանչյուրն իր յուրահատուկ գույնն է հաղորդում արվեստի աշխարհին։ Հենց այս գաղափարից էլ ծնվել է նախագծի անվանումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երեխայի ստեղծագործական ինքնարտահայտումը կարևոր է և անփոխարինելի։

Նախագծի լուսանկարները հանրությանը կներկայացվեն նաև հանրային տարբեր վայրերում։ Դրանք ուղեկցվում են մշակույթի, հավասարության և ներառականության մասին ուղերձներով, որոնք, վստահաբար, անտարբեր չեն թողնի արվեստասեր հասարակությանը։

«Մեր կենտրոնի յուրաքանչյուր սան արվեստի միջոցով արտահայտում է իր ներաշխարհը, իր զգացողություններն ու երազանքները։ «Իմ գույնը կարևոր է» խորագրով նախագիծը հենց այդ մասին է՝ յուրաքանչյուր երեխայի անհատականությունը, նրա ձայնն ու գույնը տեսանելի դարձնելու մասին։ Մենք հավատում ենք, որ արվեստը միավորում է, ուժ է տալիս և ստեղծում հավասար հնարավորություններ բոլորի համար»,- նշում է կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ կենտրոնի առաքելությունն է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ տարբերությունները ոչ թե բաժանում, այլ հարստացնում են հասարակությունը՝ նպաստելով փոխադարձ հարգանքի, մարդասիրության և քաղաքակրթական արժեքների ամրապնդմանը։

Արդեն 35 տարի կենտրոնն իրականացնում է իր բացառիկ առաքելությունը՝ ապահովելով անվճար գեղարվեստական կրթություն զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող, սոցիալապես անապահով և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 960 երեխայի համար։

Կենտրոնի 148 ստեղծագործական խմբերը, որոնք գործում են Երևանում և մարզերում, դարձել են այն կարևոր հարթակը, որտեղ բազմազան կարիքներ ունեցող խմբերի երեխաները գտնում են ինքնահաստատման ուղին և սոցիալական ներառման իրական հնարավորությունը։

Այս տարի կենտրոնը նշում է իր գործունեության հոբելյանական՝ 35-ամյակը, ինչը կարևոր առիթ է վերահաստատելու իր հանձնառությունը՝ ներառական կրթության և մշակութային զարգացման սկզբունքներին։

«Մեզ համար շատ կարևոր է, որ հասարակությունը ոչ միայն տեսնի երեխաների ստեղծագործական ներուժը, այլև զգա, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ տեղն ու դերը մեր մշակութային կյանքում»,- ասել է կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։


«Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացնում են


«Զվարթնոց» օդանավակայան տանող Իսակովի պողոտայում իրականացվող լայնածավալ ճանապարհային աշխատանքների պատճառով հնարավոր են երթևեկության ժամանակավոր խցանումներ, հ…

Բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք-Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսը


Մշակույթ


Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք-Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ 

Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը (թուղթ, մատիտ, 45.4×55.5 սմ), ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կառավարության անդամներ, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

 

Շնորհավորելով Արվեստի  համաշխարհային օրվա առիթով՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրը նշանակալի է մի քանի առիթներով․ նախորդ տարի այս օրը շուրջ չորս տարի տևած վերանորոգումից հետո վերաբացվել է Ազգային պատկերասրահը, որի նպատակով պետությունը հատկացրել է ավելի քան 800 միլիոն դրամ։

 

«Այն հնարավորություն տվեց նորովի վերաբացել մշտական ցուցադրությունը և մեր հանրությանը հասանելի դարձնել նաև արվեստի այն գործերը, որոնք մինչ այդ ցուցադրված չէին։ Նախորդ տարի պատկերասրահի վերաբացման օրը, որը Արվեստի միջազգային օրը լինելուց բացի՝ նաև Արշիլ Գորկու ծննդյան օրն է, պատկերասրահը ցուցադրել էր Գորկու փոքրիկ մի գործ, որը 1974 թվականին փոխանցվել էր պատկերասրահին։ Այն խորհրդանշական մի ժեստ էր՝ ուղղված մեր մեծ նկարչի վաստակին։ Շատ ուրախ եմ, որ ուղիղ մեկ տարի անց հնարավորություն ունենք ոչ թե խորհրդանշական ձևով արժևորելու Արշիլ Գորկուն, այլ նրա ծննդյան օրը նշանավորել մի շատ կարևոր գործի՝ պատկերասրահ մուտքով։

 

Այս գործը պատկերասրահին հանձնելու հնարավորությունը ստեղծվել է պետության կողմից թանգարանների համալրման ծրագրի շրջանակում։ Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից տարբեր միջազգային աճուրդների դիտանցումներով պարզ է դարձել, որ Sotheby’s  հեղինակավոր աճուրդում վաճառվում է Արշիլ Գորկու գործերից մեկը։ Պետության միջամտության և քաղաքականության արդյունքում ավելի քան 30 միլիոն դրամ տրամադրելով՝ այսօր հնարավորություն ունենք վայելելելու Արշիլ Գորկու արժեքավոր գործերից մեկը։ Այն նաև մեր հանրությանը հնարավորություն կտա՝ նորովի ծանոթանալու թերևս ամենամեծ արժեքն ու անունը թողած հայազգի նկարիչներից մեկի հետ»,- նշել է նախարարը։

 

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը նախորդ տարի ավելի քան 330 միլիոն դրամ է հատկացրել տարբեր թանգարանների համար մշակութային արժեքների ձեռքբերման համար։ Նախարարը վստահություն է հայտնել, որ այս տարին էլ կամփոփվի Հայաստան նոր մշակութային արժեքներ վերադարձնելով, որոնք տեղ կգտնեն հայաստանյան թանգարաններում՝ հանրությանը վերադարձնելով մեր մշակութային ժառանգությանն ու արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունը։




Հայաստանի ծանրամարտի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը


Սպորտ


Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերջին մարզումներն են անցկացնում Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է հավաքականի մարզիկներին, հետևել նրանց մարզումներին, զրուցել թիմի անդամների և մարզիչների հետ՝ հաջողություն մաղթելով կարևոր ստուգատեսում: Հասմիկ Ավագյանը վստահություն է հայտնել՝ հավաքականի անդամները լավագույնս հանդես կգան, կպայքարեն մինչև վերջ և պատվով կներկայացնեն Հայաստանը՝ շարունակելով հայկական ծանրամարտի հաղթական ավանդույթները։

Կանանց հավաքականում ընդգրկվել են Տանզելա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը (երկուսն էլ՝ 53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Աննա Ամրոյանը, Ալինա Սուքիասյանը (երկուսն էլ՝ 77 կգ), Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 86 կգ) և Տաթև Հակոբյանը (+86 կգ):

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը, երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը։

Տղամարդկանց հավաքականում ընդգրկված են Գառնիկ Չոլաքյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Մարտին Պողոսյանը (79 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ), Արա Աղանյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 110 կգ) և Վարազդատ Լալայանը (+110 կգ)։

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Փիլոսյանը, երկրորդ մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը։

Հատկանշական է՝ տղամարդկանց թիմի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը և կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025 թվականի լավագույն մարզիկների անվանակարգերում: