COP17, «Նաիրիտ» և 2026թ. օրակարգ․ ԱԼԳ ՔՀՖ ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի նիստը՝ «Էկոլուր» մամուլի ակումբում

COP17, «Նաիրիտ» և 2026թ. օրակարգ․ ԱԼԳ ՔՀՖ ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի նիստը՝ «Էկոլուր» մամուլի ակումբում

2026թ․ հունվարին «Էկոլուր» մամուլի ակումբում կայացավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2024-2025թթ․ գործունեության հաշվետվությունը, 2026թ․ գործողությունների ծրագիրը, Երևանում հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) շրջանակում նախատեսվող քայլերը և «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերափոխման ծրագիրը։

3-րդ աշխատանքային խմբի նախկին համակարգող Մարի Չաքրյանը ներկայացրեց 2024-2025թթ. իրականացված աշխատանքները։ Անդրադառնալով խմբի՝ նախորդ 2 տարիների գործունեության հիմնական ուղղություններին՝ Մարի Չաքրյանն առանձնացրեց կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության հարցերը՝ COP գործընթացներին ընդառաջ։

Նա նշեց, որ 2024թ․ սեպտեմբեր-նոյեմբերին անցկացվել են նախապատրաստական քննարկումներ՝ «COP29-ից դեպի COP30» կոնֆերանսի կազմակերպման և անցկացման համար: Կոնֆերանսն անցկացվել է 2024թ. դեկտեմբերիին ՀԱՊ քարտուղարության տրամադրած փոքր դրամաշնորհի միջոցներով՝ ներգրավելով ոչ միայն 3-րդ աշխատանքային խմբի այլև մյուս աշխատանքային խմբերի անդամներին: Կոնֆերանսից հետո որոշվել է շարունակել թեմայի շուրջ քննարկումները՝ «COP29-ից դեպի COP30» գործընթացի մեկնարկ հայտարարելով:

2025թ․ հունիսին «Էկոլուր» մամուլի ակումբում հիբրիդային ձևաչափով կազմակերպվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի COP 17-ի հետ կապված հարցերի քննարկում, որի շրջանակներում նամակ ուղարկվեց COP 17-ի կազմկոմիտեի նախագահին COP 17-ի նախապատրաստական հանդիպման վերաբերյալ։ Ի արձագանք՝ նախարարությունը կազմակերպել է հանդիպում քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

Խմբի անդամները մասնակցություն են ունեցել ՀԱՊ նախաձեռնած աշխատաժողովներին և միջոցառումներին։

Ակտիվ քննարկման առարկա են եղել ՄԱԿ-ի Կլիմիայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային առնչվող հարցերը։ Դեռևս 2024թ․ տարեսկզբից խումբը մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմիայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ հանդիպման օրակարգային հարցերի քննարկումը և առաջարկների ձևակերպումը։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, դրական գնահատելով Մարի Չաքրյանի աշխատանքը, շնորհակալություն հայտնեց վերջինիս խմբի գործունեությունը նախորդ 2 տարիներին համակարգելու համար։ Քննարկվեց խմբի նոր համակարգողի թեկնածուների առաջադրման և ընտրությունների կազմակերպման հարցը։

Այնուհետ անդամները նախանշեցին 2026թ. առաջնահերթ ուղղությունները։ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը նշեց․ «Իմ կարծիքով 2026թ․ հրատապ հարցերը երեքն են՝ COP 17-ին ընդառաջ ինչպես ենք աշխատելու, «Նաիրիտի» խնդիրը և դեպի խորհրդարանական ընտրություններ մեր դիրքորոշումը՝ այն հավակնորդների նկատմամբ, որոնք գնում են պատգամավոր դառնալու»։

COP17 և 3-րդ աշխատանքային խմբի գործողությունները

Քննարկման առանցքային թեմաներից էր ՄԱԿ-ի երեք՝ Կլիմայի փոփոխության մասին, Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիաների COP գործընթացների միջև սիներգիայի ձևավորումը և համագործակցության հնարավորությունները։

Արամ Գաբրիելյանը ներկայացրեց, որ Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածը սահմանում է կապը Կենսաբազմազանության և Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիաների հետ և պահանջում է սիներգիա երեք «Ռիո» կոնվենցիաների միջև։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մշակել միասնական դոկտրին՝ գործընթացների մոտարկման և «էկոլոգիական ամբողջականության» սկզբունքի որդեգրման համար։ «Սիներգիան պետք է ընդգրկի տեխնոլոգիաների զարգացում և փոխանցում, կարողությունների ամրապնդում, համակարգված դիտարկումներ, ինչպես նաև ֆինանսավորման նոր մեխանիզմներ «աղտոտողը վճարում է» սկզբունքի հիման վրա», – ասաց նա։

Ինգա Զարաֆյանն առաջարկեց COP17-ին ընդառաջ կազմակերպել մի շարք միջոցառումներ՝ միջազգային և տեղական մակարդակներում՝ ընդգրկելով նաև համայնքները:

Արամ Գաբրիելյանն էլ հավելեց, որ անհրաժեշտ է գործընթացը ներկայացնել քաղաքացիական հարթությունում․ «Պետք է ցույց տանք, որ քաղաքացիական հասարակությունն է կրում իրավունք և պարտավորություն։ Խնդիրը դուրս բերել քաղաքական դաշտից և բերել քաղաքացիական դաշտ»։

«Նաիրիտ» գործարանի խնդիրը

ՀՀ կառավարությունը հայտարարել է «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերափոխման ծրագրի մասին, որում նշվում է «Նաիրիտ» գործարանի ապամոնտաժման և տարածքի մաքրման մտադրության մասին՝ այն դարձնելով էկոլոգիապես անվտանգ և հետագա կառուցապատման համար պիտանի։ Ծրագրի իրականացման գործընթացում կառավարությանն աջակցում է Համաշխարհային բանկը։ Բանկի կառուցվածքում գործող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցով Հայաստանին տրամադրվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Այս գումարը նախատեսված է նախնական փուլում իրականացվող նախագծային և գնահատման աշխատանքների համար։ Ինչ վերաբերում է հիմնական ծրագրին, ապա, Համաշխարհային բանկի գնահատմամբ, դրա ընդհանուր արժեքը կարող է կազմել շուրջ 60 միլիոն ԱՄՆ դոլար։

Այս հարցի առնչությամբ Ինգա Զարաֆյանը նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ մոտ 100 հեկտար տարածքում նախատեսվում է իրականացնել հետազոտական աշխատանքներ՝ վիճակի գնահատման և վերականգնման առաջարկների մշակման նպատակով։

Նրա խոսքով՝ 2015թ. իրականացվել է տնտեսական գնահատում, որի արդյունքում արձանագրվել է, որ կաուչուկի արտադրությունը տնտեսապես շահավետ չէ։ Իրականացվել են տարբեր բնապահպանական գնահատումներ, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումներ։

Նա անդրադարձավ նաև 60 միլիոն դոլար արժեքով ծրագրին՝ նշելով, որ մինչ այժմ գործարանի տարածքի ամբողջական գնահատում չի իրականացվել, և հարցեր են առաջանում, թե ինչպես է որոշվել գումարի չափը։

Արամ Գաբրիելյանն անդրադարձավ բնապահպանական ռիսկերին․ «Գործարանի տարածքում առկա է շուրջ 1200 տոննա լակետինոլ, որի վնասազերծման տարբերակներ են քննարկվում։ 1200 տոննա լակետինոլի այրումը կարող է առաջացնել շուրջ 4000 տոննա CO₂-ի արտանետում»։

Ըստ  Արամ Գաբրիելյանի՝ նախատեսվում է տարածքը մաքրել և հանձնել քաղաքապետարանին, մինչդեռ այն արդյունաբերական նշանակության հող է և պետք է պահպանվի այդ կարգավիճակով։ Նա առաջարկեց դիտարկել տեխնոպարկի ստեղծման հնարավորությունը՝ որպես արդյունաբերական վերակենդանացման հիմք։

Քննարկման ընթացքում նշվեց, որ գործընթացն ունի քաղաքական բաղադրիչ և առաջարկ հնչեց կենտրոնանալ փաստաթղթերի մոնիթորինգի վրա։ «Պետք է ստեղծենք այս ամբողջ ընթացքի ուսումնասիրության միջավայր և ներգրավենք իրական շահառուներին՝ բնակիչներին»,- ասաց Արամ Գաբրիելյանը։

Նիստի ընթացքում արձանագրվեց, որ 3-րդ աշխատանքային խումբը կարող է շարունակել գործընթացի մոնիթորինգը և հանրայանցնել համապատասխան տեղեկատվությունը։

Մարտ 06, 2026 at 10:41

Սպիտակ տունը հերքել է, որ Վենսն ակնարկել է Իրանին միջուկային հարված հասցնելու մասին

Հաղորդագրությունը հրապարակվել է ի պատասխան ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսին առնչվող հաշվի հաղորդագրության, որտեղ նշվում էր, որ Վենսը ակնարկել է, թե Թրամփը «կարող է միջուկային զենք կիրառել»…

Ջրային կոմիտեն մեկնարկել է ջրամատակարարման համակարգերի ու խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման ծրագիր Երևանում և մարզերում

Ջրային կոմիտեն մեկնարկել է ջրամատակարարման համակարգերի ու խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման ծրագիր Երևանում և մարզերում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ ջրային կոմիտեն 2025թ․ դեկտեմբերից սկսել է ջրամատակարարման համակարգերի և խմելու ջրի բաշխիչ ցանցերի հիմնանորոգման 13 կապիտալ աշխատանքների ծրագիր։ Ծրագրի ավարտը նախատեսված է այս տարի։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից։ 

Ծրագրով նախատեսվում է վերանորոգել առավել վթարային ջրամատակարարման համակարգերը Երևան քաղաքի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաև մարզերում՝ Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում (Արմավիրի մարզ), Ալավերդի համայնքում (Լոռու մարզ) և Աշտարակ համայնքում (Արագածոտնի մարզ)։

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել ջրամատակարարման բաշխիչ ցանցերի ավելի հուսալի կառավարում, նվազեցնել շահագործման ծախսերը և բարելավել խմելու ջրի որակը։ Ակնկալվում է նաև տարեկան շուրջ 191 լ/վ ջրաքանակի խնայողություն, ինչը հնարավորություն կտա բարելավել ջրամատակարարման ժամանակացույցը Երևանում և մարզերում։

Ներկայում իրականացվող աշխատանքների ծավալները հետևյալն են․

– Նուբարաշեն վարչական շրջան՝ 47.5 կմ,

– Աջափնյակ վարչական շրջան՝ 38.5 կմ,

– Կենտրոն վարչական շրջան՝ 18 կմ,

– Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 14.5 կմ,

– Մարզերում՝ 22 կմ։

Ծրագրի շահառու է շուրջ 6300 տնտեսություն։

Մարտ 06, 2026 at 13:06

Պակիստանը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի սրման դեպքում կաջակցի Սաուդյան Արաբիային

Պակիստանի զինվորականները դատապարտել են Սաուդյան Արաբիայի դեմ շարունակվող Իրանի պատասխան հարձակումները՝ դրանք անվանելով «խաղաղության ջանքերը խաթարող սրացում»…

Ըստ Հիդրոմետի՝ Հայաստանում «թթվային թունավոր անձրևներ» չկան

Ըստ Հիդրոմետի՝ Հայաստանում «թթվային թունավոր անձրևներ» չկան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տարածել է հերքում, որում նշված է․

«Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող որոշ հրապարակումների կապակցությամբ՝ կապված «թթվային թունավոր անձրևների հետ», հայտնում ենք, որ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն Ամբերդի դիտակայանում իրականացնում է մթնոլորտային տեղումների որակական մոնիթորինգ։

Մարտի 7-8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն՝ տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել։

Միաժամանակ մարտի 9-11-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է հյուսիս-արևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ մարտի 12–20-ը հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմտյան հոսանքները, որոնք ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանում։ Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից, նման ցիկլոնների ներթափանցում մեր տարածաշրջան լինում է խիստ հազվադեպ։

Հավելենք նաև, որ առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն օդային զանգվածները Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է մթնոլորտային պայմանների մշտադիտարկում և առաջին իսկ փոփոխությունների դեպքում հասարակությունը տեղեկացված կլինի։

Բնակչությանը հորդորում ենք հետևել միայն ՊՈԱԿ-ի կողմից տրված պաշտոնական տեղեկատվությանը»։

Մարտ 09, 2026 at 14:01

Արդար գործի հանդեպ «ՔԱՂԱՔԱԿԻՐԹ» ազգի մշակույթի և հավատի ուժը կհաղթի կոպիտ ուժի տրամաբանությանը. Բաղայի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ին առաջարկել է ոչնչացնել «մի ամբողջ քաղաքակրթություն»՝ Իրանի տարածքում իր խոստացված հարվածներով…

Հայաստանը չպետք է դառնա փորձարկումների հարթակ. «Ռոսատոմը» առաջարկում է լուծումների լայն տեսականի

Հայաստանը չպետք է դառնա փորձարկումների հարթակ. «Ռոսատոմը» առաջարկում է լուծումների լայն տեսականի

www.news.am

Հեղինակ՝ Մարիա Ասատրյան

«Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան պատրաստ է Հայաստանին առաջարկել նոր ատոմակայան կառուցելու տարբեր տարբերակներ՝ փոքր մոդուլային ռեակտորներից մինչև 1000 մեգավատից ավելի հզորությամբ խոշոր էներգաբլոկներ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է «Ռոսատոմ»-ի զարգացման և միջազգային բիզնեսի տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը՝ մեկնաբանելով ապագա նախագծի հնարավոր ձևաչափերը, որը նախատեսված է փոխարինելու գործող Հայկական ատոմակայանը։

Նրա խոսքով՝ կայանի տեսակի և հզորության վերջնական ընտրությունը պետք է կատարի Երևանը՝ հիմնվելով երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ կարիքների վրա:

Ռեակտորների ունիվերսալ շարք

Կոմարովը ընդգծել է, որ «Ռոսատոմի» յուրահատկությունը կայանում է ժամանակակից III+ սերնդի ռեակտորների ամբողջական շարքում, որոնք ընդգրկում են գրեթե ամբողջ հզորության տիրույթը։

«Մենք, թերևս, աշխարհում միակ ընկերությունն ենք, որն ունի ժամանակակից, անվտանգ ռեակտորների ամբողջական շարք՝ սկսած ամենափոքր 50 մեգավատտանոց բլոկներից մինչև ամենամեծ 1250 մեգավատտանոց բլոկները։ Կան նաև միջին հզորության ռեակտորներ՝ մոտ 600 մեգավատտ», – նշեց նա։

Կոմարովի խոսքով, կոնկրետ լուծման ընտրությունը պետք է կախված լինի Հայաստանի կառավարության տեսլականից՝ երկրի էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջիկա տասնամյակներում։ Մասնագետները գնահատում են, որ նոր կայանը կարող է սկսել գործել մոտավորապես տասը տարի անց, ուստի անհրաժեշտ է կանխատեսել էներգիայի սպառման ապագա աճը հիմա։

«Ռոսատոմի» ներկայացուցիչը կարծում է, որ ապագա կայանի գրեթե ցանկացած հզորություն կարող է անխափան ինտեգրվել Հայաստանի էներգետիկ համակարգին։

Հնարավոր է նաև խոշոր էներգաբլոկ

Կոմարովը նշեց, որ Ռուսաստանը առաջարկել է Հայաստանի կառավարությանը քննարկել մոտավորապես 1000-1200 մեգավատտ հզորությամբ մեծ ռեակտորի կառուցման հարցը։

Նա հավելեց, որ նույնիսկ եթե երկիրը ապագայում էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենա, Ռուսաստանը պատրաստ է նպաստել դրա արտահանմանը հարևան երկրներ։

Փոքր մոդուլային ռեակտորներ. առավելություններ և սահմանափակումներ

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ակտիվորեն քննարկվում է փոքր մոդուլային ռեակտորների օգտագործումը: Սակայն, ըստ Կոմարովի, այս տեխնոլոգիայի շուրջ կան մի շարք առասպելներ:

Նա նշեց, որ փոքր ռեակտորը շինարարության ընթացքում պահանջում է ավելի քիչ ներդրումներ, քանի որ դրա հզորությունը զգալիորեն ցածր է: Սակայն արտադրված էլեկտրաէներգիայի արժեքը պարտադիր չէ, որ ցածր լինի:

«Եթե դուք կառուցում եք 50 մեգավատտ հզորությամբ բլոկ, այն, իհարկե, ավելի էժան է, քան 1000 մեգավատտ հզորությամբ բլոկը: Բայց փոքր բլոկից ստացված էլեկտրաէներգիան երբեք ավելի էժան չի լինի, քան մեծ բլոկից ստացված էլեկտրաէներգիան», – պարզաբանեց «Ռոսատոմի» ներկայացուցիչը:

Իրական նախագծեր՝ ընդդեմ կոնցեպտների

Կոմարովը նաև ընդգծեց, որ արտասահմանյան շատ փոքր մոդուլային ռեակտորային նախագծեր դեռևս մշակման փուլում են։

«Այսօր շատ ընկերություններ առաջարկում են իրենց նախագծերը, բայց շատ դեպքերում դրանք պարզապես կոնցեպտներ և ներկայացումներ են։ Գործնականում ավարտված նախագծեր չկան», – ասաց նա։

Ի տարբերություն դրա, Ռուսաստանը Չուկոտկայում արդեն շահագործում է լողացող ատոմակայան։ Ավելին, պայմանագիր է կնքվել Ուզբեկստանում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման համար, որտեղ շինարարությունն արդեն ընթացքի մեջ է։

Հնարավոր տարբերակ՝ RITM ռեակտորներ

Կոմարովը Հայաստանում կիրառվող տեխնոլոգիաների շարքում նշեց RITM տիպի ռեակտորները։

«Հայաստանը չպետք է դառնա փորձարկման հարթակ։ Եթե օգտագործվում է փոքր ռեակտոր, այն պետք է լինի այնպիսին, որն արդեն ապացուցել է իր հուսալիությունն ու անվտանգությունը», – ընդգծեց նա։

Նման ռեակտորներ արդեն օգտագործվում են ռուսական միջուկային սառցահատների և լողացող ատոմակայանների վրա։ Դրանց հզորությունը մոտավորապես 50 մեգավատ է, բայց դրանք կարող են օգտագործվել մոդուլային կերպով՝ մի քանի ռեակտորներ կարող են միավորվել մեկ էլեկտրակայանի մեջ։

Դեռևս մրցույթ չկա

Կոմարովի խոսքով՝ Հայաստանը դեռևս չի հայտարարել նոր էլեկտրակայանի կառուցման համար տեխնոլոգիա կամ կապալառու ընտրելու պաշտոնական ընթացակարգի մասին։

Այնուամենայնիվ, «Ռոսատոմը» արդեն իսկ ՀՀ կառավարությանը ներկայացրել է նյութերի համապարփակ փաթեթ։ Այն ներառում է տարբեր տեսակի ռեակտորների տեխնիկական առաջարկներ, ինչպես նաև նախագծի հնարավոր ֆինանսավորման մոդելներ։

Ավելին, կորպորացիան առաջարկում է հայկական ընկերությունների ակտիվ մասնակցությունը նախագծում։

Ռուսական կողմի կարծիքով՝ տեղական ձեռնարկությունների բաժինը կարող է հասնել 30%-ի։ Սա կստեղծի նոր աշխատատեղեր և կապահովի ազգային ընկերությունների աշխատանքային ծանրաբեռնվածությունը։

«Ռոսատոմը» առաջարկում է համապարփակ համագործակցության մոդել

Կոմարովը շեշտել է, որ կորպորացիան առաջարկում է ոչ միայն ռեակտորի շինարարություն, այլև միջուկային նախագծի համապարփակ աջակցություն։

Սա ներառում է միջուկային վառելիքի մատակարարում, աշխատած վառելիքի վերամշակում, ռադիոակտիվ թափոնների կառավարում և երկարաժամկետ տեխնիկական համագործակցություն։

Նրա խոսքով՝ հենց այս համապարփակ մոտեցումն է «Ռոսատոմի» առաջարկները մրցունակ դարձնում միջազգային շուկայում։

Ատոմային էներգիայի ապագան Հայաստանում

Կոմարովը նշեց, որ հիմնական նպատակը Հայաստանում ատոմային էներգիայի պահպանումն է գործող ատոմակայանի շահագործումից հետո։

Ռուսաստանն ու Հայաստանը երկար տարիների համագործակցություն ունեն այս ոլորտում, և, ըստ նրա, տրամաբանական կլիներ օգտագործել այս կուտակված գիտելիքներն ու փորձը նոր նախագծի իրականացման գործում։

Գործող ատոմակայանի կյանքի տևողության երկարաձգում

Ներկայումս աշխատանքներ են տարվում Հայկական ատոմակայանի կյանքի տևողության երկարաձգման ուղղությամբ։

Մասնագետներին հանձնարարված է հիմնավորել ատոմակայանի անվտանգ շահագործումը մինչև 2036 թվականը։ Այդ նպատակով կատարվում են տեխնիկական հաշվարկներ, արդիականացվում են սարքավորումները և պատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթերը։

Վերջնական որոշումը կկայացնի ազգային միջուկային անվտանգության կարգավորողը։

Հետագա երկարաձգման հնարավորություն

Պատասխանելով ատոմակայանի շահագործումը մինչև 2046 թվականը երկարաձգելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Կոմարովը նշել է, որ նման նպատակ դեռևս պաշտոնապես սահմանված չէ։

Նա նշեց, որ տեսականորեն ատոմակայանի կյանքի երկարաձգումը հնարավոր է, բայց դա կախված է արդիականացման մասշտաբներից և տնտեսական նպատակահարմարությունից։

«Ցանկացած ատոմակայանի կյանքը կարելի է երկարաձգել։ Հարցն այն է, թե որքան ներդրում կպահանջվի և որքանով դա տնտեսապես արդարացված կլինի», – նշեց նա։

Անվտանգությունը միջազգային հսկողության ներքո

Կոմարովը նաև մեկնաբանեց որոշ հարևան երկրների հայտարարությունները անվտանգության հնարավոր ռիսկերի մասին։

Նրա խոսքով՝ ատոմային էներգետիկան աշխարհի ամենաթափանցիկ ոլորտներից մեկն է։

Ատոմակայանի գործունեությունը վերահսկվում է ազգային կարգավորող մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Ատոմային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի կողմից։

Ավելին, պարբերաբար անցկացվում են միջազգային ստուգումներ և փորձագիտական ​​​​գնահատականներ, ինչը անհնար է դարձնում անվտանգության հետ կապված խնդիրները թաքցնելը։

Կոմարովը նշեց, որ Հայկական ԱԷԿ-ը գտնվում է սեյսմիկ գոտում, բայց այն արդեն ապացուցել է իր դիմադրողականությունը՝ դիմակայելով տարածաշրջանում ուժեղ երկրաշարժին և շարունակելով անվտանգ գործունեությունը։

Նա նշեց, որ թափանցիկությունը և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը մնում են ատոմակայանի անվտանգությունը ցույց տալու լավագույն միջոցը։

Մարտ 11, 2026 at 16:44

Իրանն ազատ է արձակել հատուկ ծառայությունների համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացիներին. ԻՐՆԱ

Ֆրանսիայի կառավարությունը միաժամանակ Միջազգային դատարանից պաշտոնապես հետ է վերցրել Իրանի դեմ իր հայցը…