1988-ից մինչև 2026․ սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում իրարանցում էր։ Չկար մի գյուղ կամ քաղաք, որտեղ չէին շտապում տեղամասեր։ Մարդիկ շտապում էին սեփական երկրի անկախության համար իրենց ձայնը տալու։ Քվեարկությանը մասնակցեցին ձայնի իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները․ նրանց 99․89 տոկոսը ընտրեց Արցախի անկախությունը։ Հանրաքվեին հաջորդեց խորհրդարանի ընտրությունն ու Կառավարության ձևավորումը։

 

Մինչ այս իրադարձությունները՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավորների համատեղ նստաշրջանում, ընդունվել էր Արցախի անկախության հռչակագիրը։

 

Արցախի հանրապետության հռչակման պատմությունը սկսվել էր ավելի վաղ՝ 1988-ին՝ Արցախյան շարժումով։ Սկզբնական պահանջը Հայաստանի հետ վերամիավորումն էր։ Սակայն երեք տարի անց իրավիճակը փոխվել էր․ Խորհրդային Միությունը փլուզվում էր, իսկ Ադրբեջանը 1991 թվականի օգոստոսի 30-ին հայտարարել էր իր անկախության վերականգնման մասին։

 

Արցախի համար առաջացավ նոր իրավիճակ․ եթե Ադրբեջանը դուրս էր գալիս Խորհրդային Միությունից, ապա Լեռնային Ղարաբաղը պետք է որոշեր իր ճակատագիրը։ Եվ հենց այդ պահին Արցախի քաղաքական ղեկավարությունը հենվեց 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ օրենքի վրա։ Այդ օրենքը միութենական հանրապետության կազմից դուրս գալու դեպքում հնարավորություն էր տալիս նրա կազմում գտնվող ազգային ինքնավարություններին ինքնուրույն որոշել իրենց իրավական կարգավիճակը։

 

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունված հռչակագիրն ու հաջորդած հանրաքվեն դարձան միջազգային իրավունքով մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորումն ու խորհրդանիշը։

 

1993-ից սկսած՝ տասնամյակներ շարունակ սեպտեմբերի 2-ն Արցախում նշվում էր մեծ շուքով։ Ստեփանակերտի փողոցներում անցկացվում էին հանդիսավոր միջոցառումներ, շքերթներ, համերգներ, Արցախ էին ժամանում Հայաստանի ղեկավարներն ու պետական պատվիրակությունները։

 

30 տարի անց՝ 2023-ին, անկախության օրը նշվեց այլ իրականության մեջ․ շրջափակման վերջին օրերն էին, արցախցիները հավաքվեցին Ստեփանակերտի հուշահամալիրում, օրն անցկացրին աղոթքով ու հոգեհանգստյան կարգով։

 

2024-ի սեպտեմբերի 2-ին, 30 տարվա մեջ առաջին անգամ դատարկ էր Վերածննդի հրապարակը։ Արցախի տեղահանված քաղաքացիներն ու պետական գործիչները հավաքվել էին Եռաբլուրում և Արցախի ներկայացուցչության մոտ։ 2025-ին Արցախի հանրապետության հռչակման 34-ամյակի օրը ադրբեջանական վանդալիզմի զոհը դարձավ Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը։

 

Սեպտեմբերի 2-ը շարունակում է նշանակվորել տասնյակ հազարավոր մարդկանց որոշումն ու սեփական երկիրը պահելու հաստատակամությունը։ Նշանավոր այս օրը այն սերունդների հիշողության օրն է, որոնք տեսել են անկախության շարժումն ու հռչակումը, պատերազմներն ու հաղթանակները, Ստեփանակերտի լեփ-լեցուն հրապարակներն ու․․․ դատարկված քաղաքները։

 

1991 թվականի դեկտեմբերի 10-ին մարդիկ շտապում էին իրենց ձայնը տալու, չիմանալով, որ առջևում պետք է ձգվեին պատերազմի ծանր տարիները՝ զոհերով, կորուստներով ու հաղթանակներով։ Բայց նրանք գիտեին, որ ուզում են հռչակել ու պահել իրենց պետությունը։

 

Հունաստանը պետք է մեկընդմիշտ հասկանա սա՝ Թուրքիան աչք չունի ուրիշի տարածքների վրա․ Էրդողան

Հունաստանը պետք է մեկընդմիշտ հասկանա սա՝ Թուրքիան աչք չունի ուրիշի տարածքների վրա, բայց թույլ չի տա որևէ մեկին ոտնահարել իր իրավունքները․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հունաստանը պետք է հրաժարվի իր ընտրած սխալ ուղուց և դադարեցնի ապառազմականացված կարգավիճակ ունեցող կղզիների ռազմականացումը»,- ասել է նա՝ հավելելով, թե «պատմությունը շատ լավ ուղեցույց է նրանց համար, ովքեր դրանից սովորում են»։

Հունաստանը մեղադրում է Թուրքիային իր ծովային և օդային տարածքները խախտելու և տարածքային հավակնություններ ունենալու համար։

Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին արգելափակել Արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը

Ֆրանսիան կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական անօրինական բնակավայրերից ապրանքների ներմուծումը և կարծում է, որ ԵՄ-ն կարող է ընդունել այն մոտեցումը, որը ցուցաբերել է Ղրիմի հարցում։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ Իռլանդիայում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպումից առաջ։

Նա նաև ողջունել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի, վարչապետ Բենիամին Նեթանյահուի և արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հայտարարությունները, որոնցով դատապարտում են Արևմտյան ափին ծայրահեղական բնակիչների կողմից բռնության աճը։ Նա նշել է, որ այս հայտարարությունները «ողջունելի» են, բայց կարող էին ավելի կոշտ լինել և պետք է ուղեկցվեն վճռական գործողություններով՝ անօրինական բնակավայրերի և բռնության ընդլայնումը դադարեցնելու համար։

«ԵՄ-ն, որն ունի առևտրի ոլորտում իրավասություն, չի կարող ընդունել այն փաստը, որ Արևմտյան ափի անօրինական բնակավայրերից ապրանքները անօրինականորեն մտնում են Եվրամիություն», – նշել է Բարոն։

Նրա խոսքով՝ սրանք այն տարածքներն են, որոնք Ֆրանսիան համարում է անօրինականորեն օկուպացված, և ԵՄ-ն չպետք է առևտրի միջոցով աջակցի դրանց հետ կապված գործունեությանը։

Բարոն կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին առաջ շարժվել այս հարցում՝ հիմնվելով Եվրոպական խորհրդի պահանջների վրա։

Ֆրանսիան նաև մտադիր է պաշտպանել Արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնման և բռնության համար պատասխանատուների նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը։

Հիշեցնենք, որ հուլիսին ԵՄ երկրներն արդեն քննարկել են իսրայելական բնակավայրերի հետ առևտրի հնարավոր սահմանափակումները։ Եվրոպական հանձնաժողովն անդամ պետություններին առաջարկել է մի քանի տարբերակ, այդ թվում՝ համապատասխան ապրանքների ներմուծման լիակատար արգելք։ Սակայն ԵՄ երկրները համաձայն չեն այն հարցում, թե արդյոք նման սահմանափակումները պետք է համարվեն միաձայնություն պահանջող պատժամիջոց, թե՞ որակյալ մեծամասնությամբ ընդունվող առևտրային միջոց։

 

Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա․ Արամ Ա-ի ուղերձը

Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա․ Արցախի Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․-ն։

«Ազգերն անցյալին կնայեն, անցյալի իրագործումներով կհպարտանան, անցյալի թերությունները կգիտակցեն, սակայն՝ միշտ ապագան ավելի ամուր հիմքերի վրա կերտելու գիտակցությամբ, հանձնառությամբ ու տեսլականով։ Հետևաբար, անցյալը չպետք է դառնա անցած, այլ՝ վերանորոգ հավատքով ու նպատակասլաց կամքով ապագային բացվելու ու քայլելու ամուր վճռականության վերահաստատման առիթ ու հիշեցում։

Այս հայեցակետով հարկ է մոտենալ Արցախի Հանրապետության անկախությանը։ Ազգերի պատմության մեջ պայմանները միշտ փոփոխական են, աշխարհաքաղաքական շահերի դասավորումը՝ միշտ հարափոփոխ։

Պետք է հեռու մնալ կաղապարված մտածողությունից, տեսական հղացքներից, ինչպես նաև տվյալ ժամանակի շահերի և մոտեցումների պարտադրանքից։ Հարկ է քայլել դեպի ապագա՝ հավատքին միախառնելով հույսը և այն թրծելով ամուր կամքով։

Այսօր, երբ հետադարձ ակնարկով կնշենք Արցախի Հանրապետության անկախության օրը, առաջին հերթին եկեք հիշենք մեր բոլոր նահատակներին, որոնք իրենց արյունը թափեցին հանուն Արցախի անկախության վերականգնման։ Եկեք նաև հիշենք Արցախի անկախության առավել ամրապնդման համար գործած ու ծառայած մեր ղեկավարներին, որոնք այսօր տառապում են Բաքվի բանտերում։ Արդարև, բավարար չէ միայն հիշելը, հարկ է այն վերածել պայքարի՝ ի խնդիր Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքների վերահաստատման և Արցախի քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատագրման։ Ասել ենք, կրկնում ենք և մի՛շտ պետք է ասենք, որ Արցախի անկախությունը պատմության փոշիներում թաղված չէ։ Այն մեր ազգի օրակարգի վրա առաջնահերթ տեղ պետք է գրավի՝ որքան էլ փորձենք իրապաշտության պիտակի ետին անցյալի էջը նկատենք փակված։

Վա՛յ այն ազգին, որ ինքն իրեն կբանտարկի ներկայիս շահերի նեղ սահմաններում՝ ծածկված իրապաշտության քողի հետևում։ Պատմության թատերաբեմի վրա կմնան այն ազգերը, որոնք իրենց ներկան կտեսնեն անցյալով ամրագրված և ապագայի տեսլականով զորացած ու կքայլեն առաջ՝ վերանորոգ հավատով ու հույսով։

Այսպե՛ս եղած է մեր ազգը։

Այ՛ս է պատգամը Արցախի Հանրապետության անկախության։ Մնանք ականջալուր ու հավատարիմ մեր պատմությանը, հին թե նոր, մեզ փոխանցված սրբազան պատգամներին »,- նշված է Արամ Ա․ Կաթողիկոսի ուղերձում։

Բնօրինակը՝ ստորև․

«ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՍՈՍԿ ԱՆՑԵԱԼ ՉԷ, ԱՅԼ ՆԱԵՒ ՈՒ ՄԻ՛ՇՏ՝ ԱՊԱԳԱՅ

Ազգեր անցեալին կը նային, անցեալի իրագործումներով կը հպարտանան, անցեալի թերութիւններուն կը գիտակցին, սակայն միշտ ապագան աւելի ամուր հիմերու վրայ կերտելու գիտակցութեամբ, յանձնառութեամբ ու տեսլականով։ Հետեւաբար, անցեալը պէտք չէ դառնայ անցած, այլ՝ վերանորոգ հաւատքով ու նպատակասլաց կամքով ապագային բացուելու ու քալելու ամուր վճռակամութեան վերահաստատման առիթ ու յիշեցում։

Այս հայեցակէտով հարկ է մօտենալ Արցախի Հանրապետութեան անկախութեան։ Ազգերու պատմութեան մէջ պայմանները միշտ փոփոխական են։ Աշխարհաքաղաքական շահերու դասաւորումը՝ միշտ յարափոփոխ։

Պէտք է հեռու մնալ կաղապարուած մտածողութենէ, տեսական յղացքներէ, ինչպէս նաեւ տուեալ ժամանակի շահերու ու մօտեցումներու պարտադրանքներէ։ Հաւատքին միախառնելով յոյսը եւ զայն թրծելով ամուր կամքով, հարկ է քալել դէպի ապագայ։

Այսօր, երբ յետադարձ ակնարկով կը նշենք Արցախի Հանրապետութեան անկախութեան օրը, առաջին հերթին եկէք յիշենք մեր բոլոր նահատակները, որոնք իրենց արիւնը թափեցին ի խնդիր Արցախի անկախութեան վերականգնման։ Եկէք նաեւ յիշենք Արցախի անկախութեան առաւել ամրապնդման համար գործած ու ծառայած մեր ղեկավարները, որոնք այսօր կը տառապին Պաքուի բանտերուն մէջ։

Արդարեւ, չի բաւեր միայն յիշել, հարկ է զայն վերածել պայքարի՝ ի խնդիր Արցախի անկախութեան վերականգնման, արցախահայութեան վերադարձի իրաւունքներու վերահաստատման եւ Արցախի քաղաքական բանտարկեալներուն շուտափոյթ ազատագրման։
Ըսած ենք, կը կրկնենք եւ մի՛շտ պիտի ըսենք, թէ Արցախի անկախութիւնը պատմութեան փոշիներուն տակ թաղուած չէ։ Ան մեր ազգի օրակարգին վրայ առաջնահերթ տեղ պէտք է գրաւէ՝ որքան ալ փորձենք իրապաշտութեան պիտակին ետին անցեալի էջը նկատենք փակուած։

Վա՛յ այն ազգին, որ ինքզինք կը բանտարկէ ներկայ շահերու նեղ սահմաններուն մէջ՝ ծածկուած իրապաշտութեան քօղին ետին։ Պատմութեան թատերաբեմին վրայ կը մնան այն ազգերը, որոնք իրենց ներկան կը տեսնեն անցեալով ամրագրուած եւ ապագայի տեսլականով հզօրացած ու կը քալեն յառաջ՝ վերանորոգ հաւատքով ու յոյսով։

Այսպէ՛ս եղած է մեր ազգը։

Այ՛ս է պատգամը Արցախի Հանրապետութեան անկախութեան։ Մնանք ականջալուր ու հաւատարիմ մեր պատմութենէն, հին թէ նոր, մեզի փոխանցուած սրբազան պատգամներուն»։

 

 

Նշանակվել են ԿԳՄՍ փոխնախարարներ – ABCMEDIA

Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում․ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Աննա Բաբաջանյանը համակարգելու է հանրակրթության և մասնագիտության կրթության ու ուսուցման ոլորտները:

Քրիստինա Թաթարյանը համակարգելու է արտաքին կապերի, սփյուռքի, երիտասարդության և ռազմավարական ծրագրերի ոլորտները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխատանքից ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը։

Սևանա լճի մակարդակը հասել է վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակին. Լևոն Ազիզյան

Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900,70 մ է․ հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Այս ցուցանիշը սեպտեմբերի 1-ի դրությամբ վերջին 64 տարիների ամենաբարձր մակարդակն է։ 2026 թվականը շարունակում է առանձնանալ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի ցուցանիշներով՝ իր ուրույն տեղը զբաղեցնելով բազմամյա դիտարկումների շարքում»,- գրել է նա։

Գիտնականներն ահազանգում են՝ մոլորակը գտնվում է աղետալի տաքացման շեմին․ ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ աշխարհը մոտենում է 1.5 աստիճան տաքացման շեմին, և որ այս շեմը կգերազանցվի առաջիկա տարիներին: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ այժմ հիմնական նպատակը շեմի պահպանումը չէ, այլ այն, որ գագաթնակետային տաքացումը տասնամյակներ շարունակ չտևի։

Մասնագետների կարծիքով՝ ներկայիս քաղաքականության պայմաններում ջերմաստիճանի գագաթնակետը կարող է հասնել 2.6 աստիճան Ցելսիուսի, իսկ լավագույն դեպքում այն կհասնի 1.8 աստիճան Ցելսիուսի: Զեկույցի համահեղինակ, պրոֆեսոր Դեբրա Ռոբերտսը նշել է, որ մոլորակը գտնվում է շրջադարձային կետում, և երկրների հավակնություններից է կախված, թե որքան կտևի այս գերտաքացումը:

Կլիման վերահսկողության տակ առնելը կպահանջի կտրուկ կրճատել բրածո վառելիքի արտանետումները և ակտիվորեն հեռացնել ածխաթթու գազն օդից։

Մասնագետները զգուշացնում են, որ նույնիսկ ջերմաստիճանի անկման դեպքում որոշ հետևանքներ՝ ծովի մակարդակի բարձրացումը, կարող են դառնալ անշրջելի:

Զեկույցում նշվում է, որ համայնքի հարմարվողականությունը և արտանետումների կրճատումը պետք է ընթանան ձեռք ձեռքի: Միևնույն ժամանակ՝ կլիմայագետ Ռիչարդ Բեթսը շեշտել է, որ արտանետումների կրճատումից չի կարելի հրաժարվել։

Վեհափառը Խաղաղության աղոթք է հնչեցրել Արցախի անկախության օրվա առթիվ

Սեպտեմբերի 2-ին Արցախի Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք։

Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթել են բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության համար։

Արարողության ավարտին նաև աղոթք  է մատուցվել արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

 

Ուշադրություն․ որպես անհետ կորած որոնվում է

Օգոստոսի 31-ի առավոտյան Տիգրան Նորիկի Մխիթարյանը դուրս է եկել տնից և մինչ այժմ չի վերադարձել։ Հարազատները որոնում են նրան։

Հագին բաց կապույտ ջինսե տաբատ է, երկարաթև սև վերնաշապիկ։

Հասակը՝ 1,74 մ։ Արտաքնապես ավելի նիհար և հյուծված է, քան լուսանկարում։

Տնից դուրս գալու պահին իր հետ գումար չի վերցրել։ Գտնվում է ծայրահեղ հյուծված վիճակում։

Նա տնից դուրս է եկել ժամը 09:00-ի սահմաններում՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածից՝ Գալշոյան փողոցից, և, ենթադրաբար, Նորքի կողմից շարժվել է դեպի քաղաքի կենտրոն։

Եթե ունեք որևէ տեղեկություն նրա գտնվելու վայրի, տեղաշարժի կամ վերջին հնարավոր տեսանելիության մասին, խնդրում ենք անհապաղ կապ հաստատել՝

096080405
043 986363
099 114808
091 779907

Պատերազմում դադարն ավարտվել է․ Իրանը և ԱՄՆ-ն փոխանակվել են հարվածներով

 

ԱՄՆ-ն և Իրանը չորեքշաբթի վերադարձել են պատերազմական վիճակի՝ շաբաթների ընթացքում ամենանշանակալի փոխհրաձգությունից հետո։ Վաշինգտոնը սպառնացել է ավելի ավերիչ հարվածներ հասցնել, մինչդեռ Իրանը դատապարտել է հարձակումը, որի հետևանքով, ըստ տեղեկությունների, սպանվել է հինգ քաղաքացի, իսկ տասնյակ քաղաքացիական անձինք, որոնք հարսանիքի էին մասնակցում, վիրավորվել են․ հայտնում է Reuters-ը։

Ինչպես նվել է, ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ երեքշաբթի հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդային պաշտպանությանը, ռադարային համակարգերին, ծովային ակտիվներին, ականապատման հնարավորություններին և կապի կայաններին, իսկ իրանական լրատվամիջոցները հաղորդել են Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող մի քանի թիրախների վրա հարվածների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Իրանը հարվածել է Բահրեյնում, Հորդանանում, Քուվեյթում և Իրաքում գտնվող ԱՄՆ ակտիվներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ոչնչացրել է Հորդանանում գտնվող մեծ թվով ամերիկյան ուժերի, սակայն երկու ամերիկացի պաշտոնյաներ Reuters-ին հայտնել են, որ նախնական գնահատականների համաձայն՝ զոհեր չեն եղել։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Քուվեյթի Ալի Ալ Սալեմ ավիաբազայի վրա՝ թիրախավորելով ԱՄՆ հրամանատարի կացարանը և անօդաչու թռչող սարքերի օբյեկտները։ Քուվեյթի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ չորեքշաբթի առավոտյան մայրաքաղաքի բնակելի համալիրում հրդեհ է բռնկվել, սակայն զոհեր չկան։ Քաթարի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Իրանի հարձակումները կբարդացնեն լարվածությունը զսպելու ջանքերը։ Այն հավելել է, որ «այդ հարձակումների, դրանց հետևանքների համար լիովին պատասխանատու է համարում Իրանի Իսլամական Հանրապետությանը»։

Հորդանանի զինված ուժերն ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը դիմակայել են թագավորության օդային տարածք մտած 13 բալիստիկ հրթիռների, որոնցից 10-ը որսացվել են, իսկ երեքն՝ ընկել են հեռավոր վայրերում։ Բահրեյնը հայտարարել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ իր ցամաքային ուժերը համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլում գտնվող ԱՄՆ բազաների վրա՝ սպանելով մի քանի ամերիկացի զինծառայողների։ Ո՛չ Իրաքը, ո՛չ ԱՄՆ-ն չեն հաստատել տեղեկությունը։