Զինծառայողների մեծամասնությունը նոր համազգեստը դեռ չունի․ Տիգրան Աբրահամյան

Պաշտպանության նախարարը, տեղակալը, ԳՇ պետը, երկու տեղակալները հավաքվել ու, արդեն զավեշտալի է ասել, համազգեստի հարց են քննարկում․ Facebook-ի իր էջում գրում է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«2021 թվականից արդեն 5 տարի է անցել, ինչ առաջին անգամ հայտարարեցին համազգեստի փոփոխության մասին, սակայն զինծառայողների ճնշող մեծամասնությունը դեռ նոր համազգեստ չունի, իսկ ՊՆ ողջ ղեկավարությունը դեռ համազգեստի դետալներն է քննարկում:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ խոստումների և «բարեփոխումների» մասին»»:

 

Բացահայտում՝ «Հին Խնձորեսկ» արգելոցում

«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումների ժամանակ հուշարձանի հյուսիսային պատի տակ իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում լիարժեք տեսանելի է դարձել 1748-1749 թվականներին թվագրվող տապանաքարը, որը պատկանում է Ղրաբեկի որդի Սարքիսին․ տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Կառուցից նշում են, որ պեղումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը։

Նշենք, որ Անապատ եկեղեցին եղել է միջնադարյան գրչության հայտնի կենտրոն, որտեղ գրվել ու պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր։ Եկեղեցու բակի տապանատանն է հանգչում հայոց զորավար Մխիթար Սպարապետը։

ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու համար տեղամասեր կբացեն նաև Հայաստանում

ՌԴ Պետական դումայի ընտրություններին մասնակցելու համար Հայաստանում ընտրատեղամասեր կբացվեն․ տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանությունը։

Ընտրատեղամասերից մեկը գործելու է հենց դեսպանությունում (Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 13/3), մյուսը՝ Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում (Գյումրի, Գարեգին Նժդեհի փող., 1):

«Քվեարկությանը կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է հաղորդագրությունում։

 

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում սպառել է իր մեծ հեռահարության հրթիռների գրեթե ամբողջ պաշարը․ Reuters

ԱՄՆ բանակն Իրանի դեմ 5-ամսյա պատերազմի ընթացքում սպառել է իր զինանոցի բարձր ճշգրտությամբ մեծ հեռահարության հրթիռների պաշարների զգալի մասը․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թեմային ծանոթ երեք աղբյուրի:

Խոսքը հիմնականում ԱՄՆ բանակի «երկիր-երկիր» դասի՝ բանակային մարտավարական հրթիռային համակարգերի (ATACMS) և ճշգրիտ հարվածային հրթիռների (PrSM) մասին է։ Աղբյուրներից երկուսի խոսքով՝ ԱՄՆ-ն սպառել է այդ համակարգերի «գրեթե ամբողջ պաշարը»։

Նշվում է, որ մեծ հեռահարության այս զինատեսակներն ԱՄՆ բանակի սպառազինության կարևոր մասն են, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ հարվածներ հասցնել անվտանգ հեռավորությունից։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ի մատակարարած ATACMS հրթիռներն առանցքային դեր են խաղացել Ուկրաինայի պատերազմում՝ թույլ տալով ուկրաինական ուժերին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։ PrSM-ը նոր և կատարելագործված սերնդի համակարգ է․ նախատեսվում է, որ այն կփոխարինի ATACMS համակարգերին։

Աղբյուրները, սակայն, չեն հայտնում՝ նշված համակարգերից քանի միավոր է մնացել ԱՄՆ զինանոցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի հետ Իրանի դեմ պատերազմը սկսեց այս տարվա փետրվարին՝ կանխատեսելով, որ հակամարտությունը կարճ կտևի։ Պատերազմը, սակայն, ձգձգվում է, իսկ Reuters-ի աղբյուրները մտահոգություն են հայտնում, որ հրթիռների նվազող պաշարները կարող են սահմանափակել ԱՄՆ-ի՝ հակառակորդներին, այդ թվում՝ Ռուսաստանին և Չինաստանին, զսպելու կարողությունը։

 

Վերջին 10-ը տարում «Հայփոստ»-ի ամենացածր աշխատավարձ ստացած տնօրենն եմ․ Կոնջորյանի կինը խոսել է

Հետևելով Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ հարկ եմ համարում ներկայացնել պարզաբանումներ «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեության և իմ պաշտոնավարմանն առնչվող հարցերի վերաբերյալ․ Facebook-ի իր էջում գրել է «Հայփոստ»-ի ղեկավար Շուշան Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նա ԱԺ նորընտիր փոխխոսնակ Հայկ Կոնջորյանի կինն է։

«Հուսով եմ՝ ներկայացված փաստերը կնպաստեն թեմայի շուրջ ձևավորված թյուրընկալումների վերացմանը։

  • Իմ ղեկավարության ընթացքում  Հայփոստը պետական բյուջե է վճարել 1 միլիարդ ՀՀ դրամ դիվիդենտ (հիմք՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2141-Ա որոշում)։
  • 2025 թվականի արդյունքներով` ընկերությունը վնաս չի կրել. եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը (ընկերության EBITDA-ն) եղել է դրական։ Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Կարևոր է ընդգծել նաև, որ ամորտիզացիան դրամական արտահոսք չէ, հետևաբար ընկերությունը, առավել ևս պետությունը փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն)։
  • Համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների՝ իմ ղեկավարության ընթացքում` 2025 թվականին ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն):
  • Ես վերջին գոնե թե 10 տարիների «Հայփոստ»-ի ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ։ Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում՝ պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ:
  • 2024 թվականին ինձ վճարված շուրջ 5 միլիոն դրամը, որն իմ հայտարարագրում ներկայացվել է որպես «այլ եկամուտ», օրենքով սահմանված մայրության նպաստ է։
  • Հարկ եմ համարում հիշեցնել, որ ստանձնել եմ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները 2024 թվականի նոյեմբերի 22-ին։ Հետևաբար, 2024 թվականի տարեկան ֆինանսական ցուցանիշների կամ նախորդող գործընթացների (սակագների վերանայում և այլն) պատասխանատվություն կրել օբյեկտիվորեն հնարավոր չէ։

Կոչ եմ անում զերծ մնալ փաստերի կամայական մեկնաբանություններից և հարցերը դիտարկել բացառապես մասնագիտական տիրույթում»,- նշել է նա։

 

«Զանգեզուրի միջանցքի» բացումը մոտ է, Ստամբուլի և Բաքվի միջև ազատ տեղաշարժը հնարավոր կլինի մոտ ապագայում․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN TÜRK հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի մոտ ապագայում։

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը գրեթե ավարտել է նախագծի իր մասը։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է Կարսից նոր երկաթուղային գծի կառուցումը, իսկ Հայաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ պարտավորվել է կառուցել 42 կիլոմետրանոց հատված։

«Եթե ամեն ինչ ավարտվի, Ստամբուլի և Բաքվի միջև ազատ տեղաշարժը հնարավոր կլինի մոտ ապագայում», – հայտարարել է Հաջիևը։

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

63 կողմ, 28 դեմ ձայնով ՔՊ անդամ Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը դեմ քվեարկեց։

ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով է գնացել խանութ՝ ժամանակ խնայելու համար

ԱՄՆ-ում մի թոշակառու ուղղաթիռով է գնացել խանութ՝ ժամանակ խնայելու համարգրում է ria.ru-ն։

Նա ցանկացել է որքան հնարավոր է արագ հասնել իր սիրելի որսորդական պարագաների խանութ, բայց մեքենայով գնալը կտևեր մոտ մեկ ժամ։

Տղամարդը ոստիկանությանն ասել է, որ դա «շատ երկար» կլիներ։ Նրան չեն տուգանել, քանի որ նա ունեցել է թռիչքի իրավունք, ամեն ինչ օրինական է եղել։

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

Միացյալ Նահանգներում գործող Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձառենությանը, որով նա կոչ է անում կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորել՝ Բաքվի բանտում գտնվող հայերին այցելելու նպատակով․ գրում է «Ազատություն»-ը։

«Լեմկինի ինստիտուտը դիմում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Միացյալ Թագավորության, ԵՄ և այդ դաշինքի անդամ պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով նրանց Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայության միջոցով երաշխավորել տիկին Զոնաբենդի և Բաքու այցելող մյուս կանանց անվտանգությունը»,- նշված է հայտարարության մեջ։

«Իրավապաշտպաններին, ազդեցիկ անհատներին, քաղաքական գործիչներին և միջազգային կազմակերպություններին՝ մասնավորաբար այն կառույցներին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցեղասպանությունների կանխարգելմամբ, կոչ ենք անում միանալ մեզ՝ բանտարկված հայերի կանանց և ընտանիքի անդամների աջակցությանն ուղղված մեր ջանքերում՝ հնարավորություն ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան այցելել Բաքվում գտնվող իրենց հարազատներին»,- նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։

Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար

Իսպանիայի կառավարությունը 25 միլիոն եվրո կհատկացնի այն երեխաներին օգնություն ցուցաբերելու համար, որոնք առանց ուղեկցության ժամանել են ինքնավար Սեուտա քաղաք ներկայիս միգրացիոն ճգնաժամի ժամանակ այդ մասին, ինչպես գրում է ria.ru-ն, հայտարարել է սոցիալական ապահովության և միգրացիայի նախարար Էլմա Սաիսը։

Նախարարը բացատրել է, որ լրացուցիչ 25 միլիոն եվրոն կավելանա անցյալ տարվա հուլիսին երեխաների և դեռահասների հարցերով համաժողովի ժամանակ արդեն հատկացված 5.5 միլիոն եվրոյին։

«Կառավարությունը եղել է և կմնա Սեուտայի և, հատկապես, ամենախոցելի խմբերի կողքին», – ասել է նախարարը։

Հուլիսի վերջին Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաքը, որը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում և սահմանակից է Մարոկկոյին, բախվել է միգրանտների զանգվածային հոսքի։ Քաղաքային իշխանությունները հուլիսի 31-ին հայտնել են, որ ընդամենը մեկ օրում Սեուտա է մտել մոտ 60000 մարդ։ Ավելի վաղ Սեուտայի կառավարության խորհրդական Ալբերտո Գայտանը հայտնել էր, որ Սեուտայում անչափահաս միգրանտների պահման վայրերը գերբնակեցված են։ Նրա խոսքով՝ քաղաքում ներկայում կա 862 միգրանտ երեխա։