Իշխանությունը թիրախավորել է քաղաքական հակառակորդների ունեցվածքը. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելու, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը. գրել է Տիգրան Աբրահամյանը։

«Այս փուլում, գործող ռեժիմն առանձնապես ջանք էլ չի գործադրում արդարանալու, բացատրելու, թե ինչու է մի կողմ շպրտել օրենսդրությունը և ագահաբար հարձակվել մարդկանց վրա:

Սկզբում քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, իսկ հետո կանցնի յուրայինների ոչնչացմանը»,- գրել է նա։

Երևանի Կենտրոնում փոշու մակարդակն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 22-28-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

Արաբկիրում՝ հուլիսի 22-ին և 28-ին,

Շենգավիթում չի գերազանցել,

Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ հուլիսի 22-ին,

Նոր Նորքում, Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նեապոլում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի հարավում՝ Նեապոլում և նրա շրջակայքում, 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով առնվազն 21 մարդ տուժել է. գրում է Corriere del Mezzogiorno պարբերականը։

«Այս պահին տուժածների թիվը 21 է, որոնցից երկուսի վիճակը ծանր է»,- նշվում է հրապարակման մեջ։

Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը հստակ զգացվել է Նեապոլի ամբողջ տարածքում և հարակից բնակավայրերում, հատկապես Կամպի Ֆլեգրեյ շրջանում, որտեղ էլ գտնվել է էպիկենտրոնը՝ Նեապոլից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19:46-ին։

Թրամփը չի բացառել, որ կարող է քրեական հետապնդման ենթարկվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ապագայում կարող է ենթարկվել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետապնդման։

«Տեղեկություն չկա, որ նրանք հետապնդում են ինձ, սակայն դա կարող էր տեղի ունենալ»,- հայտարարել է Թրամփը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՄՔԴ-ի հասցեին հնչեցրած քննադատությունը։

Նրա խոսքով՝ Ռուբիոն չի փորձում պաշտպանել իրեն, այլ հանդես է գալիս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ անձանց պաշտպանության օգտին։

«Որևէ ապացույց չկա, որ այս պահին ես նրանց թվում եմ»,- հավելել է Թրամփը։

Իր հերթին, հանդիպմանը մասնակցած պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) անվանել է «ապօրինի միջազգային կազմակերպություն»։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը հուլիսի 13-ին հայտարարել էր ՄՔԴ-ի դեմ լայնածավալ արշավ սկսելու մասին՝ Վաշինգտոնի գնահատմամբ «ԱՄՆ ինքնիշխանությանը սպառնացող վտանգը» չեզոքացնելու նպատակով։

«Հինգ երկիր արդեն դուրս է եկել ՄՔԴ-ից․ մենք կարծում ենք, որ նրանց թիվը կավելանա»,- հայտարարել է Ռուբիոն։

ՖԻՖԱ-ի նախագահը կարող է հրաժարական տալ

Ջանի Ինֆանտինոն կարող էառաջիկայում լքել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնը․ այս մասին գրում է լրագրող Ռոմեն Մոլինան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ինֆանտինոն կորցրել է ՖԻՖԱ-ի պաշտոնյաների աջակցությունը և կազմակերպության նկատմամբ վերահսկողությունը, ուստի նրա հրաժարականը կարող է շուտով տեղի ունենալ։

Նշենք, որ ապրիլին Ինֆանտինոն հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու մտադրության մասին․ ընտրությունը տեղի կունենա Մարոկկոյում 2027 թվականի մարտին։

2 միլիարդ դոլարի պահանջ. Փաշինյանի հայտարարության պատասխանը՝ ներդրումների վերադարձի տեսքով

Փաշինյանի՝ Հարավկովկասյան երկաթուղու համար տարեկան 2 միլիարդ դոլարի հնարավոր վարձավճարի մասին հայտարարությունից հետո Մոսկվան կոշտ արձագանքեց։

Ռուսաստանը հիշեցնում է ավելի քան 30 միլիարդ ռուբլու ներդրումների մասին և չի բացառում դրանց փոխհատուցում պահանջելու հնարավորությունը։

Ի՞նչ իրավական հիմքեր ունեն կողմերը, և ինչ հետևանքներ կարող է ունենալ այս վեճը հայ-ռուսական հարաբերությունների համար։

Իտալիան ժամանակավորապես վերականգնել է վերահսկողությունն Իսպանիայի հետ սահմանին

Իտալիան ժամանակավորապես վերականգնել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը՝ կասեցնելով Շենգենյան համաձայնագրի շրջանակում ազատ տեղաշարժի ռեժիմը ծովային և օդային հաղորդակցությունների համար։

Իտալիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ որոշումն ընդունվել է ներգաղթի և սահմանային անվտանգության հարցերով կոմիտեի նիստից հետո։

Գերատեսչությունը շեշտել է, որ խոսքը Շենգենյան գոտուց դուրս գալու մասին չէ, այլ հասարակական անվտանգության սպառնալիքի դեպքում Շենգենյան սահմանային օրենսգրքով նախատեսված ժամանակավոր անձնագրային վերահսկողության վերականգնման։

Որոշումը կայացվել է Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին․ հուլիսի 30-ից ի վեր Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ է մուտք գործել շուրջ 60 հազար միգրանտ, հիմնականում՝ Մարոկկոյի քաղաքացիներ․ այժմ նրանց մեծ մասը հետագայում կամավոր վերադարձել է հարևան Մարոկկոյի Ֆնիդեկ քաղաք։

Մեկ օրում 4 մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը բժշկական կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել․ «ՓաստԻնֆո»

Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը, ով 15 տարի որսորդմիության անդամ է եղել և զենք ձեռք բերել, կրկին անմեղսունակ է ճանաչվել․ գրում է «ՓաստԻնֆո»-ն։

«Կրկնակի փորձաքննության արդյունքում այդպես էլ ոչինչ չի փոխվել։ Այժմ Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է բժշկական հսկողությունը։

Սպանված ամուսինների որդու՝ Էրիկ Ղազարյանի ներկայացուցիչ Գոռ Ալոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ մարդը չի ծնվում անմեղսունակ, այլ ինչ-որ փուլում է դառնում այդպիսին։

«Այժմ գործ ունենք իրավիճակի հետ, որ մարդն առողջ վիճակից ինչ-որ ընթացքից է վերափոխվել անմեղսունակի, ընդ որում՝ արարքի նկատմամբ»,- նշեց նա։

Քրեական գործն արդեն մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի վարույթում է՝ հիմնական դատալսումների փուլում։ Առաջիկա դատական նիստում կհարցաքննվեն վկաները։

Անդրադառնալով անբարյացակամ փոխհարաբերություններին, մեղադրյալի պնդմամբ՝ թշնամանքի առկայությանը՝ Ալոյանը նշեց, որ նման հարաբերություններ եղել են ոչ միայն իր ընկալմամբ։ Ըստ մեղադրյալի՝ ընդամենը ավելի խորը «թշնամանք» է եղել, սակայն անբարյացակամ հարաբերություններ բոլորի ընկալմամբ են եղել։ Նա անհաշտ է եղել հարևանների հետ, խնդրահարույց մարդ է եղել։

Ճշգրտող հարցին՝ մեղադրյալի նկատմամբ վատ վերաբերմունք եղե՞լ է, Ալոյանը նշեց, որ Հովակիմյանը, նախագահողի հարցին ի պատասխան, թե իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, ասել է, որ գործողություններն ինքն է արել, բայց ամուսիններին սպանել է, որովհետև իր հետ թշնամություն են ունեցել և փորձել են նվաստացնել։

«Իր մոտ այդպիսի տպավորություններ կային, բնականաբար, դրանք, ըստ տուժող կողմի, իրականությանը չեն համապատասխանում, բայց այդ մարդու մոտ ինչ-որ նման նստվածքներ, ճշմարտություններ կային ամրագրված՝ ըստ իրեն։ Ամեն դեպքում նա այդպես պատասխանեց, ըստ իրեն՝ ինքն ունեցել է թշնամական հարաբերություններ»,- նշեց Ալոյանը»,- նշում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբջանի օմբուդսմենին

Վերոնիկա Զոնաբենդը կրկին պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով։ Նամակը ներկայացնում ենք ստորև․

«Այս շաբաթ լրացավ 100 օրը, ինչ Ռուբենը տեղափոխվել է Ումբակի քրեակատարողական համալիր։ Նրա կալանքը շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերից, և այդ ամբողջ ընթացքում նա ոչ մի անգամ չի կարողացել անձամբ հանդիպել ընտանիքի հետ։

Ավելի վաղ ես դիմումներ էի հղել Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության նախապատրաստման կապակցությամբ։

Այս նախաձեռնության նպատակը շարունակում է մնալ բացառապես մարդասիրական՝ այցելել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին, նրանց փոխանցել ընտանիքների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի անձնական իրերը, ինչպես նաև նպաստել ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։

Մինչ օրս ուղարկված դիմումներին պաշտոնական պատասխաններ չեն ստացվել։

Ուստի հուլիսի 30-ին ես տիկին Սաբինա Ալիևային և վարչապետ Նիկոլ Փաշինյանին կրկին պաշտոնական նամակներ եմ ուղարկել՝ մարդասիրական այցի գործնական կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկներով։ Այսօր ես նաև կրկին հրապարակայնորեն դիմում եմ նրանց։

Տիկին Ալիևային խնդրում եմ աջակցել Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին այցելելու կազմակերպմանը, սահմանել այցի հնարավոր ձևաչափը, մուտքի և ընտանիքներից ծանրոցների փոխանցման կարգը, ինչպես նաև պատվիրակության մասնակիցների անվտանգ մուտքի, գտնվելու և անարգել ելքի պայմանները։

Մենք պատրաստ ենք քննարկել պաշտոնապես համաձայնեցված տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ ամբողջ պատվիրակության այցը, մասնակիցների սահմանափակ խմբի այցը կամ Մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ այցի իրականացումը։

Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որ ընտրված ձևաչափը ապահովի անմիջական մարդասիրական շփում բանտարկյալների հետ և հնարավորություն տա նրանց փոխանցել հարազատներից թույլատրելի իրերը։

Հայաստանի Հանրապետության վարչապետին կրկին խնդրում եմ նշանակել այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձ և ապահովել դրա նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը։

Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու և պաշտոնական ուղիներով։

Հույս ունեմ պաշտոնական պատասխանի և գործնական համագործակցության պատրաստակամության վրա»։

 

Նոր Հաճնի կամրջի տակ ՌԴ քաղաքացու դի է հայտնաբերվել

Այսօր՝ հուլիսի 30–ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 17։50–ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է․ փրկարարներն այնտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Նախնական տեղեկություններով՝ մահացողը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է»,- նշում է լրատվամիջոցը։