ԵՄ-ն պատրաստ է համագործակցել Հունգարիայի նոր ղեկավարության հետ․ Ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովը կսկսի աշխատել Հունգարիայի նոր կառավարության հետ, երբ ընտրություններում հաղթած Պետեր Մաջյարը պաշտոնապես ստանձնի պաշտոնը և ձևավորի նոր կաբինետայսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նա նշել է, որ ԵՄ-ն մտադիր է «անմիջապես կապ հաստատել» Բուդապեշտի նոր ղեկավարության հետ և սկսել աշխատել հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ բարեփոխումների և ԵՄ-ի սառեցված միջոցների «ապաարգելափակման» վերաբերյալ։

Ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ նոր կառավարության վերաբերյալ վերջնական ակնկալիքները կորոշվեն պաշտոնական երդմնակալությունից հետո, սակայն Մաջյարի նախընտրական հայտարարությունները ցույց են տալիս նրա հավատարմությունը «եվրոպական ուղուն» և ԵՄ ինստիտուտների հետ համագործակցելու պատրաստակամությունը։

«Հունգարիայի վերադարձը ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը կարևոր քայլ կլինի միության միասնության ամրապնդման գործում։ Իր քվեարկությամբ հունգար ժողովուրդը վերահաստատեց իր հավատարմությունը հիմնարար ազատություններին և եվրոպական ինտեգրացիային», – նշել է նա։

Միևնույն ժամանակ՝ Ֆոն դեր Լեյենն ընդգծել է Բուդապեշտի հետ նախորդ տարաձայնություններից ինստիտուցիոնալ դասեր քաղելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես, նա պաշտպանել է ԵՄ արտաքին քաղաքականության որոշումների կայացման հարցում որակյալ մեծամասնության մեխանիզմին անցումը՝ խուսափելու համար առանձին անդամ պետությունների կողմից նախաձեռնությունների արգելափակումից։

«Մենք պետք է օգտագործենք այս հարցում առաջ շարժվելու համար առկա ներուժը», – ընդգծել է նա։

 

Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկի ճանապարհը

Վրաստանում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես փակել են Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկի ճանապարհը․ հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է ներպետական նշանակության ավտոճանապարհի՝ Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հատվածի 94-ից 110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: Հետևաբար, այս պահին փակ է երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» -«Բավրա» անցակետ»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՀ վարչապետի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ․ հայտնում է Մայր Աթոռը։

«Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։

Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։

Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։

Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ովքե՞ր են Փաշինյանի հետ հանդիպած գործարարներն ու ի՞նչ քաղաքական անցյալ ունեն

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խոշոր գործարարների հետ, նրանց հետ քննարկել տնտեսական քաղաքականությանն առընչվող հարցեր, խնդրել է վերանայել 200 հազար դրամից քիչ պակաս աշխատավարձ ստացող քաղաքացիների աշխատավարձերը, որպեսզի նրանք էլ կարողանան օգտվել Առողջության պարտադիր ապահովագրության ծրագրից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև գործարարներ, որոնք իրենք էլ նախկինում ակտիվ քաղաքականության մեջ են եղել՝ Սամվել Ալեքսանյան, Արտակ Սարգսյան, Միքայել և Կարեն Վարդանյաններ և այլք։

Սամվել Ալեքսանյանը Հայաստանի խոշորագույն գործարարներից է, Alex Holding-ի և Yerevan City սուպերմարկետների ցանցի սեփականատերը։ Նա 2003-ից մինչև 2018 թվականը եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ՀՀԿ ցուցակով։ Ալեքսանյանը երկար տարիներ համարվել է ներմուծման շուկայի ազդեցիկ դերակատարներից մեկը։

Արտակ Սարգսյանը  հայտնի է SAS Group սուպերմարկետների ցանցով։ Նա նույնպես ներգրավված է եղել քաղաքականության մեջ։ Մինչև 2018-ը եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ կրկին Հանրապետական կուսակցության ցուցակով։ Սարգսյանի անունը հանրային լայն արձագանք էր ստացել նախընտրական շրջանի հետ կապված աղմկահարույց հրապարակումներից հետո։

Կարեն և Միքայել Վարդանյանները Grand Holding-ի սեփականատերերն են։ Տարբեր տարիների եղբայրները եղել են ԱԺ պատգամավորներ, Կարեն Վարդանյանը՝ ՀՅԴ ցուցակով, Միքայել Վարդանյանը՝ որպես անկախ պատգամավոր։

Ռալֆ Յիրիկյանը երկար տարիներ ղեկավարել է Viva-MTS հեռահաղորդակցական ընկերությունը և առավելապես հայտնի է որպես կորպորատիվ մենեջեր։ Քաղաքականությամբ չի զբաղվել, սակայն ժամանակին մամուլը քննարկել է, որ նա կարող է լինել վարչապետի կամ նախագահի թեկնածու։ Յիրիկյանն այժմ ղեկավարում է Ucom ընկերությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Գոհար Աբաջյանը՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը։ Մոտ մեկ տարի առաջ նա նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոնի» տնօրեն։

Նեթանյահուն Իրանի միջուկային օբյեկտները համեմատել է «մահվան ճամբարների» հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի միջուկային օբյեկտները համեմատել է «մահվան ճամբարների» հետ։

«Եթե մենք քայլեր չձեռնարկեինք, ապա Նաթանզի, Ֆորդոյի և Բուշերի նման վայրերը կհիշվեին ինչպես Օսվենցիմը, Մայդանեկը և Սոբիբորը»,- ասել է նա։

Նա նշել է, որ Իսրայելն այժմ գտնվում է իր հզորության գագաթնակետին։

«Մենք համագործակցում ենք աշխարհի ամենահզոր տերության հետ, և միասին մենք կարող ենք դիմակայել ամենալուրջ սպառնալիքներին»,- ասել է Նեթանյահուն։

Մերցի կոալիցիան համաձայնության է եկել Իրանում պատերազմի հետևանքները հաղթահարելու համատեղ միջոցառումների շուրջ․ Politico

Գերմանիայի կենտրոնամետ կոալիցիայի առաջնորդները երկուշաբթի հայտարարել են մի շարք միջոցառումների մասին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետևանքները հաղթահարելու համար. գրում է Politico-ն:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պահպանողական դաշինքի և նրա կոալիցիոն գործընկեր՝ ձախակենտրոն Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) անդամները վերջին շաբաթներին տարաձայնություններ ունեին Մերձավոր Արևելքում պատերազմով պայմանավորված՝ Գերմանիայի արդեն իսկ դժվարին վիճակում գտնվող տնտեսության վրա աճող լարվածությունը մեղմելու միջոցների ընտրության հարցում։

«Մենք այս պատերազմի հետևանքները կզգանք դեռ երկար ժամանակ, նույնիսկ դրա ավարտից հետո», – նշել է Մերցը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։

«Ահա թե ինչու մենք ցանկանում ենք անել մեր ուժերի սահմաններում ամեն բան, և չնայած մեր ռեսուրսները սահմանափակ են, դրանք գոյություն ունեն՝ գերմանական տնտեսության մրցունակությունը պահպանելու և բարելավելու, ինչպես նաև մասնավոր տնային տնտեսությունների համար իրավիճակը մեղմելու համար», -նշել է Մերցը:

Ճնշումը մեղմելու անհապաղ միջոցառումների թվում են հանքայուղի հարկի ժամանակավոր կրճատումը մեկ լիտրի համար 17 ցենտով՝ երկու ամիս շարունակ: Բացի այդ՝ ընկերություններն իրենց աշխատակիցներին կարող են վճարել մինչև 1000 եվրո «մեղմման բոնուս», որն ազատ կլինի հարկերից:

Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների հետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։

Վարչապետը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ հանդիպմանը հրավիրվել են Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած ընկերությունների ներկայացուցիչները և շնորհակալություն հայտնել նրանց նման գործառույթի համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականից տվյալ ընկերությունները հիմնականում արձագանքող են եղել և շարունակում են արձագանքող լինել Կառավարության քաղաքականություններին և 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 000 աշխատատեղ։ «Բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, դրանք դուք եք ստեղծել, իհարկե Կառավարության քաղաքականությունները նպաստել են և որոշակի միջավայր ստեղծել։ Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է»,- ասել է Փաշինյանը։

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրմանը, ինչը նաև ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։ «Մենք պետք է հասկանանք՝ ինչ ունենք անելու, ինչ ուղղություններում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամներ է ծախսել՝ տնտեսության արդիականությունն ու վերարտադրողականությունն ապահովելու համար։ Մասնավորապես, վարչապետը հիշատակել է Տնտեսության արդիականացման ծրագիրը, որն էական դերակատարում է ունեցել տնտեսական դինամիկան ապահովելու հարցում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ 2018-ից մինչ օրս՝ ի հեճուկս 2020 թվականի կորոնավիրուսի համավարակի, պատերազմի, Հայաստանում միջինում 7% տնտեսական աճ է ապահովվել։ Այս համատեքստում, վարչապետը շնորհակալություն է հայտնել գործարարներին՝ տնտեսական աճին նպաստելու համար։

Հաջորդիվ վարչապետը խոսել է առողջության համընդհանուր ապահովագրության, աշխատող անձանց աշխատավարձերի դրույքաչափերին, դրանց միջոցով համակարգից օգտվողների թիվն ավելացնելու հնարավորություններին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համակարգը հաջողությամբ գործարկվել է և այս առումով գործատուները շատ առանցքային դերակատարում ունեն։

Վարչապետն անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման խթանմանը՝ խոսել է նաև Կառավարության սոցիալական քաղաքականության մասին, ըստ որի՝ աշխատունակ մարդն իր ապրուստը, բարեկեցությունը պետք է ապահովի աշխատանքի միջոցով։ «Պրոցեսները գնալու են հետևյալ տրամաբանության մեջ՝ մենք մարդուն ուղեկցելու ենք մինչև աշխատանք։ Այսինքն՝ անապահովության գնահատման համակարգում պարտադիր պայման է ներառվել․ մենք X կետում մարդուն պետք է կոնկրետ հասցեով և աշխատավարձով աշխատանք առաջարկենք, և այդ աշխատանքի առաջարկը 3 անգամ արձագանք չստանալու դեպքում ելնելու ենք այն կանխավարկածից, որ ինքը եկամուտ ունի, որովհետև եթե մարդը եկամուտ չունի, ինչո՞ւ է հրաժարվում աշխատանքից։ Բայց իհարկե այս ամեն ինչի համատեքստում ամենակարևորը կրթությունն է և կրթական վերափոխումը, որ մենք մարդկանց կարողանանք աջակցել այդ հարցում»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչն իհարկե կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։ «Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ արտահանումներ ևս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Սա շատ կարևոր է և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և ներմուծման, և արտահանման հուսալի ուղի է»,- ասել է նա։

Ամփոփելով՝ երկրի ղեկավարը նշել է, որ 2018 թվականից մինչ օրս, իրական գնահատականներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 53%-ի աճ է ունեցել և մեր երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես-բիզնես, պետություն-բիզնես, պետություն-աշխատող, աշխատող-գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի։ Այս առումով, վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը՝ նմանատիպ հարցեր քննարկելու, գործարարների նկատառումները լսելու համար։

«Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ մեր երկրում տեղի ունեցած այս փոփոխությունների համար, որովհետև կան ոլորտներ և ընկերություններ, որոնց դերը Հայաստանի Հանրապետությունում դժվար է գերագնահատել։ Շատ կարևոր է, որ այդ ընկերությունները նաև նոր մենթալիտետ, նոր մտածողություն, նոր կուլտուրա են բերում Հայաստանի Հանրապետություն, ինչն իրականում ամենակարևոր կապիտալն է, նոր տարածքներ է բացում՝ գործունեության նոր ոլորտներ, նոր դաշտեր մտնելու համար։ Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր իր առաջ ունի հորիզոններ, որոնք ընդհանրապես պատմության ընթացքում չի ունեցել։ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական, անընդհատ օգտագործել։ Ակնհայտ է, որ Կառավարությունն առանց տնտեսության մեջ առանցքային դերակատարում ունեցողների և տնտեսության իրական հատվածի, դա չի կարող անել և ընդամենը այսօր շնորհակալություն հայտնելուց բացի, ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այս իրավիճակի վրա, սա է, ըստ էության, իմ հիմնական ուղերձը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդիվ քննարկվել են տնտեսության զարգացման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերին, ներդրվող գործիքակազմերին, ներդրումային դաշտի շարունակական բարելավմանը, առկա հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։

Մենք հարգում ենք հունգարացի ժողովրդի ընտրությունը․ Պեսկով

Մենք հարգում ենք հունգարացի ժողովրդի ընտրությունըհայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք ակնկալում ենք շարունակել մեր շատ պրագմատիկ շփումները հունգարական նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ՝ մասնավորապես երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության մասին», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նշել է, որ պետք է հետևել հունգարական նոր ղեկավարության գործողություններին։

Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ուժի առաջնորդ Պետեր Մաջյարը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անխուսափելի է աշխարհագրության և էներգետիկ կախվածության պատճառով։

«Անհրաժեշտության դեպքում մենք կբանակցենք, բայց ընկերներ չենք դառնա», – հայտարարել է Հունգարիայի ապագա վարչապետը։

Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապը՝ ի պատասխան Թրամփի քննադատության

Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ Reuters-ին ասել է Հռոմի պապ Լևոն 14-րդը։

«Ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը»,-նշել է Հռոմի պապը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե իր շնորհիվ է Լևոն 14-րդը դարձել Հռոմի պապ։

«Մեզ դուր չի գալիս այն Պապը, որն ասում է, որ միջուկային զենք ունենալը նորմալ է։ Մենք չենք ուզում այնպիսի Պապ, որն ասում է, որ հանցագործությունը նորմալ է։ Ես Հռոմի պապ Լևոն 14-րդի մեծ երկրպագու չեմ»,- ասել է Թրամփը։

Նշենք, որ Լևոն 14-րդը Թրամփի սուր քննադատներից է, որը դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։

 

Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապը՝ ի պատասխան Թրամփի քննադատության

Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ Reuters-ին ասել է Հռոմի պապ Լևոն 14-րդը։

«Ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը»,-նշել է Հռոմի պապը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե իր շնորհիվ է Լևոն 14-րդը դարձել Հռոմի պապ։

«Մեզ դուր չի գալիս այն Պապը, որն ասում է, որ միջուկային զենք ունենալը նորմալ է։ Մենք չենք ուզում այնպիսի Պապ, որն ասում է, որ հանցագործությունը նորմալ է։ Ես Հռոմի պապ Լևոն 14-րդի մեծ երկրպագու չեմ»,- ասել է Թրամփը։

Նշենք, որ Լևոն 14-րդը Թրամփի սուր քննադատներից է, որը դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։