Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ փաստաբան

Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը

Նրա խոսքով՝ իրավապահները նպատակ ունեն կանխել ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը։

ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի իրավունքները, եթե ցանկանում է համաձայնագիր կնքել․ Ղալիբաֆ

ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի իրավունքները, եթե ցանկանում է համաձայնագիր կնքել․ հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Պակիստան ժամանելուց հետո․ գրում է Al Jazeera-ն։

Իրանական պատվիրակության ղեկավարը լրագրողներին ասել է, որ դրական տրամադրված են Իսլամաբադ եկել, չնայած նրան, որ չեն վստահում Միացյալ Նահանգներին։

Ղալիբաֆը նաև մեջբերել է այն հանգամանքը, որ Վաշինգտոնը չի կատարել կողմերի միջև նախորդ բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունները՝ սկսելով պատերազմ։

Նշենք, որ այսօր Իսլամաբադում մեկնրկում են ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցություններ, պատվիրակություններն արդեն ժամանել են Պակիստան։

Վթար՝ ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 1 զոհ

Ապրիլի 11-ին՝ ժամը 07։50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա․ հայտնում է ՆԳՆ-ն։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ համացանցում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանական մեքենան ուղեկցում էր ՔՊ-ի ավտոբուսը։ ՆԳՆ-ն այս մասին մանրամասներ չի հայտնում։

Իշխող ուժն այսօր այցելելու է Լոռու մարզ։

«Արտեմիս II»-ի տիեզերագնացները վերադարձան Երկիր

«Արտեմիս II»-ի առաքելությունն ավարտելուց հետո «Օրիոն» տիեզերանավի անձնակազմը վերադարձավ Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ․ գրում է BBC-ն։

Սա 1972 թվականից ի վեր մարդկանց առաջին թռիչքն էր դեպի Լուսին և առաջին արշավախումբը դեպի խոր տիեզերք:

«Արտեմիս II» առաքելությունը մեկնարկել էր 2026 թվականի ապրիլի 1-ին Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից։

Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի եզրափակչում է

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը գերազանց արդյունք է գրանցել հենացատկ վարժությունում՝ ստանալով 14.583 գնահատականը, և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ:

Աշխրահի չեմպիոնը 0,3 միավորով ավելի բարձր գնահատական է ստացել երկրորդ տեղը գրաված ուկրաինացի մարզիկից։

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել

Եգիպտոսի փոստային ծառայությունը երկրի արտգործնախարարության հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ շքեղ նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել, որի վերին հատվածում հայազգի դիվանագետ Պողոս Յուսուֆյանի (1775-1844) դիմանկարն է․ գրել է պատմաբան Հայկ Դեմոյանը։

«Յուսուֆյանը Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալի փաշայի թարգմանիչն է եղել, նրա առաջին խորհրդականը, Եգիպտոսի առևտրի և արտաքին գործերի առաջին նախարարը։

Պողոս բեյ Յուսուֆյանը համարվում է Եգիպտոսի ազդեցիկ պետական և քաղաքական գործիչներից մեկը»,- նշել է նա։

 

ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի որդին պարտքերի պատճառով լքել է երկիրը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝  Հանթեր Բայդենը, հավանական է, որ լքել է  երկիրը՝ մոտ 17 միլիոն դոլար պարտքի պատճառով․ գրել է է The Daily Mail-ը՝ հղում անելով ձեռքի տակ ընկած դատական փաստաթղթերի։

Դրանցում, ըստ աղբյուրի, նշվում է, որ Բայդենն այժմ բնակվում է արտասահմանում և չի կարող մարել իր իրավաբանական ծախսերի պարտքերը։

Սպերցյանն ի զորու է հանդես գալ Եվրոպայի ցանկացած ակումբում. Ժոաու Բաշի

Ռուսական «Կրասնոդարի» անգոլացի հարձակվող Ժոաու Բաշին բարձր է գնահատել թիմակցի՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի ֆուտբոլային ներուժն ու հնարավորությունները․ գրում է ArmSport-ը։

««Ինձ թվում է՝ Սպերցյանն ի վիճակի է հանդես գալ Եվրոպայի բացարձակապես ցանկացած ակումբում։ Գլխավորն այն է, որ իր կայացրած որոշումից նա իրեն լավ և երջանիկ զգա։ Ես կաջակցեմ նրան։ Նա իմ գործընկերն է, իմ ընկերը։ Անկախ այն բանից, թե Էդուարդն ինչ կորոշի, այն, ինչ լավ կլինի նրա համար, լավ կլինի նաև ինձ համար»,- «Совспорт» պարբերականին տված հարցազրույցում նշել է անգոլացի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է շուրջ 25 միլիոն եվրո»,- նշել է լրատվամիջոցը։

Փետրվարի 28-ից ի վեր Իրանում վնասվել է ավելի քան 125 000 քաղաքացիական օբյեկտ

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունն այսօր՝ ապրիլի 10-ին, Իրանի ավերածություններից նոր թվեր է հրապարակել․ փոխանցում է IRNA գործակալությունը։

Ըստ ընկերության տվյալների՝ փետրվարի 28-ից առ այսօր ընդդեմ Իրանի ԱՄՆ-Իսրայել հարվածների հետևանքով տուժել է ավելի քան 125 հազար քաղաքացիական օբյեկտ։

«125․630-ից մոտ 100․000-ը միայն բնակելի շենքեր են, մոտ 23․500-ը՝ առևտրի կենտրոններ ու գործարաններ, մոտ 340-ն էլ՝ բժշկական հաստատություններ»,- ասված է հաղորդագրությունում։

 

34 տարի առաջ այս օրը Մարաղայում սպանվեց 50 հայ, 9 երեխա պատանդառվեց, բռնի տեղահանվեց 5000 բնակիչ

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ կայուն խաղաղության սկզբունքներին՝ զերծ մնալով ատելության հռետորաբանությունից․ Մարաղայի կոտորածի 34-րդ տարելիցի օրը հաղորդագրություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։

«34 տարի է անցել 1992 թվականի ապրիլի 10-ին հայկական Մարաղա գյուղում նախապես պլանավորված և դաժան կոտորածից։ Ադ վայրագությունները փաստագրված են եղել «Human Rights Watch»-ի և «Amnesty International»-ի նման իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։ Ողբերգական նման հետևանքներ առաջանում են, երբ համակարգային ատելությունն ու տևական անպատժելիությունն անտեսվում են։

1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակիչներն ամբողջական էթնիկ զտումների ենթարկվեցին. սպանեց ադրբեջանական ուժերն սպանեցին ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ 29 կին և 9 երեխա պատանդ վերցվեցին, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Զոհերի և անհետ կորածների հիշատակը հարգելը պահանջում է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել, այլև իրական հանձնառություն՝ կանխելու նման հանցագործությունների կրկնությունը։

Մարաղայի ջարդերին հանգեցրած վարքագծի ձևերը՝ ազգամիջյան ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների հերոսացումը, հայկական մշակութային վայրերի ոչնչացումը և բռնի տեղահանումն ավելի վաղ արտահայտված են եղել 1988-1990 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում և այլուր տեղի ունեցած հայերի ջարդերի ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում: