Աղմուկ ԱԺ-ում. լրագրողների աշխատանքի հին կանոնակարգը՝ նոր վեճի կենտրոնում

ԱԺ-ում լրագրողների աշխատանքի շուրջ նոր վեճ է ծագել․ լրատվամիջոցները պնդում են՝ խորհրդարանում լրագրողների աշխատանքը սահմանափակող նոր կանոններ են հայտնվել, մինչդեռ ՔՊ-ից հակադարձում են՝ խոսքը նոր կարգավորումների մասին չէ, դրանք գործում են դեռ 2021 թվականից։

Ի՞նչ է իրականում փոխվել, անվտանգության կանոնները կարո՞ղ են արդյոք սահմանափակել լրագրողների աշխատանքը։

Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 30-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 17.50–ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, դի կա. գրում է Shamshyan․com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սեդրակյանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է․ փրկարարներն այնտեղ հայտնաբերել են երիտասարդ կնոջ մարմին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Փաշինյանական արդարադատությունը մերժեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վաղաժամ ազատ արձակման միջնորդությունը. հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դրսից ներկրված անարժեքության և գաղափարան սնանկության պայմաններում, Աշոտ Մինասյանը որպես հայրենիքի նվիրյալ կշարունակի մնալ ճաղերի հետևում, իսկ տեսակ և սկզբունք չունեցողները կշարունակեն որոշումներ կայացնել:

Ինչ խոսք, պետք է ընդունել, որ բռնատիրության կառուցումն այսպիսի իրողություններ է ենթադրում և պայքարը պետք է կազմակերպել այդ իրողությունները հաշվի առնելով»,- գրել է նա։

Աննա Հակոբյանի կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդման առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդման ուսումնասիրման արդյունքում տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում և հայտարարված է հետախուզում»,- ասաց Ավդալյանը։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Աննա Հակոբյանի հաղորդումն ուսումնասիրման փուլում է։ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ ընթացք էր տվել նրա հրապարակմանը, որում Հակոբյանը հայտնել էր իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ զգալու մասին։

Վերջին շրջանում Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում հրապարակումներ է տարածում՝ դատապարտելով ընտանիքում բռնությունը։ Հերթական տեսանյութում նա նշել էր, որ թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։

«Հուսով եմ՝ պետական մարմինները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ վնաս կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- ասել էր Հակոբյանը՝ կանանց կոչ անելով չվախենալ և բարձրաձայնել ընտանիքում բռնության դեպքերի մասին։

Անտառային հրդեհների պատճառով Ջորջ և Ամալ Քլունիները տարհանվել են Ֆրանսիայի իրենց տնից

Անտառային հրդեհների պատճառով Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալ Քլունին, ստիպված են եղել լքել Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի հարավային Բրինյոլ կոմունայում գտնվող իրենց տունը․ գրում է Euronews-ը։

Քլունիներն իրենց երկու երեխաների հետ մշտական բնակություն են հաստատել Պրովանս-Ալպեր-Լազուր ափի մի փոքրիկ քաղաքում, որտեղ տուն են գնել 2021 թվականին։ Անցյալ տարի նրանք ստացել են Ֆրանսիայի քաղաքացիություն։

Բրինյոլի քաղաքապետ Դիդիե Բրեմոնին ուղղված նամակում Քլունիները նշել են, որ չգիտեն՝ արդյոք իրենց «գեղեցիկ տունը» կանգուն կմնա, թե ոչ։

«Բրինյոլից տարհանվելիս ցանկանում ենք ընդգծել երկու կարևոր բան։ Նախ՝ հույս ունենք, որ Դուք և մեր քաղաքի բնակիչներն ապահով եք, և երկրորդ՝ անկախ նրանից՝ ինչ կպատահի մեր բնակավայրի հետ, ես և Ամալը շարունակելու ենք լինել այս համայնքի մասը և մեր ներդրումն ունենալ դրա վերականգնման գործում։ Մենք սիրում ենք Բրինյոլը և այնտեղ ապրող մեր ընկերներին», – ասվում է նամակում։

Հիշեցնենք, որ անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայի Ժիրոն շրջանում տարհանվել է գրեթե 224․000 մարդ։ Բորդոյի մերձակայքում բռնկված ամենախոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 42․000 հեկտար տարածք, ինչը մոտ չորս անգամ գերազանցում է մայրաքաղաք Փարիզի տարածքը։

Մինչ Ալիևը միլիարդներ է ծախսում օկուպացված Արցախում, Ադրբեջանում ջրի խնդիրն է գլուխ բարձրացնում

Ադրբեջանում ջրի պակասը վերածվել է սոցիալական դժգոհության նոր պատճառի։ Մինչ Իլհամ Ալիևը միլիարդներ է ծախսում օկուպացված Արցախում նոր բնակավայրեր կառուցելու և վերաբնակեցման ծրագրեր իրականացնելու համար, Բաքվից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու բնակիչներն օրերով խմելու ջուր չեն ունենում։ Խոսքն Ապշերոնյան թերակղզու բնակավայրերի մասին է։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ այդ տարածքներում հիմնականում բնակվում են կովկասյան պարսիկներ և շիա համայնքներ, որոնք հասարակական կյանքում բավական ակտիվ դեր ունեն։

«Այս բնակավայրերը նույնիսկ այս տարվա ամենաշոգ շրջանում զրկված են տարրական կենցաղային պայմաններից։ Բաքվից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա մարդիկ խմելու և առօրյա օգտագործման ջուր չունեն։ Այս իրավիճակը հատկապես մեծ դժգոհություն է առաջացնում, ինչը պարզ երևում է սոցիալական ցանցերում հրապարակվող արձագանքներից։ Դժգոհությունն ավելի է խորանում այն ֆոնին, երբ Ադրբեջանի իշխանությունները հսկայական միջոցներ են ծախսում բռնազավթված Արցախում՝ փորձելով իր համար ապահովել քարոզչական ուռճացված փուչիկ»,- ասաց Ոսկանյանը։

Ադրբեջանի իշխանությունը տարիներ շարունակ փորձում է աշխարհին ներկայանալ որպես հզոր և զարգացող պետություն։ Սակայն այս անգամ նույնիսկ խիստ վերահսկվող ինֆորմացիոն դաշտը չկարողացավ ամբողջությամբ թաքցնել խնդիրը։ Ջրի պակասի մասին տեղեկությունները հասան նաև ադրբեջանական լրատվամիջոցներ։

Ադրբեջանագետ Դիանա Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանում ջրի խնդրի վերաբերյալ արձագանքներ պարբերաբար լինում են, հատկապես Բաքվի արվարձանային շրջաններից։

«Դրանք կարող են կապված լինել որևէ կոնկրետ քաղաքական գործընթացի հետ, բայց հաճախ պարզապես ինչ-որ պահի հայտնվում են լրագրողի կամ լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում և հասանելի դառնում ավելի լայն շրջանակների համար»,- ասաց Կարապետյանը։

Փորձագետների գնահատմամբ՝ երբ Ադրբեջանի իշխանությունը հսկայական միջոցներ է ծախսում օկուպացված Արցախում, երկրի ներսում սոցիալական դժգոհությունն ավելի է խորանում։ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե ի վիճակի է կառուցել նոր բնակավայրեր և իրականացնել վերաբնակեցման ծրագրեր, մինչդեռ երկրի ներսում բազմաթիվ հիմնախնդիրներ շարունակում են մնալ չլուծված։

«Իրականում սա ցույց է տալիս, որ հենց Ադրբեջանի ներսում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Մասնավորապես՝ Բաքվից դուրս բնակվող շատ մարդիկ կարծում են, որ մեծ գումար է ծախսվում օկուպացված Արցախում, մինչդեռ նույն Ապշերոնյան թերակղզում մարդիկ նույնիսկ ջուր չունեն»,- ասաց իրանագետը։

Սակայն ջրի խնդիրը Բաքվի և դրա հարակից տարածքների համար նոր չէ։ Այն տասնամյակների պատմություն ունի։ Ադրբեջանագետի խոսքով՝ այս պահին ամենածանր վիճակը Շուվելան բնակավայրում է, որտեղ ջրի պակասն առավել ակնհայտ է։

«Եթե խոսենք Ադրբեջանի ջրային խնդիրների ավելի լայն պատճառների մասին, ապա պետք է նշել, որ երկրի մակերևութային ջրային ռեսուրսների ավելի քան 70%-ը ձևավորվում է Ադրբեջանի սահմաններից դուրս՝ Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Հիմնական խնդիրը վերաբերում է այն ջրային համակարգերին, որոնք Ադրբեջան են հասնում արդեն իսկ աղտոտված կամ ջրի ծավալների նվազումով։ Խոսքը հատկապես Կուր և Արաքս գետերի մասին է։ Իսկ երբ այդ ջրային ռեսուրսները հասնում են Բաքու և Ապշերոնյան շրջաններ, խնդիրներն ավելի են խորանում»,- ասաց Դիանա Կարապետյանտ։

Կարապետյանը նաև ուշադրություն է հրավիրում մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։ Մի քանի ամիս առաջ ադրբեջանական Haqqin. az լրատվամիջոցը հրապարակել էր նյութ Շուվելանի շրջակայքում ջրային ռեսուրսների աղտոտման մասին։ Ըստ հրապարակման՝ այնտեղ պարբերաբար շինարարական աղբ և այլ թափոններ են կուտակվում, որոնք վնասում են շրջակա միջավայրը։ Փորձագետի կարծիքով՝ ամիսներ շարունակ կուտակված աղտոտվածությունը նույնպես կարող էր նպաստել ջրային խնդրի խորացմանը։

Եթե պաշտոնական բացատրությամբ ջրի պակասի հիմնական պատճառը շոգ եղանակն է, ապա փորձագիտական գնահատականներով՝ իրական խնդիրը պետական կառավարման ձախողումներն են։ Իսկ ջրի պակասն այսօր դարձել է այն ճեղքը, որից երևում են Ադրբեջանի երկար տարիների չլուծված խնդիրները։

Գառնի Մութաֆյան

Ճանապարհատրանսպորտային պատահար Ռուբինյանց փողոցում – ABCMEDIA

Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը․ հայտնում են Ոստիկանությունից։

«Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հանգամանքները պարզվում են»։

Անանցանելի ճանապարհը ե՞րբ կդարձնեն անցանելի․ Հրազդանի բնակչի ահազանգը

Հրազդանի Նար-Դոսի փողոց, առաջին փակուղու բնակիչը ABC Media-ին լուսանկարներ ու տեսանյութեր է ուղարկել, պատմել, որ մեկուկես ամիս է՝ փողոցի ջուրը չի ցամաքում։

«Մեր միակ ճանապարհն է, որն էլ անանցանելի է դարձել։ Սկսել է վատ հոտ գալ այդ հատվածից։ Դիմել էինք ջրային կոմիտե, ասացին՝ կապ կհաստատեն, կգան ու արագ կկարգավորեն։ Մեկ ամիս անցել է՝ ոչ մի լուծում չկա»,- պատմում է բնակիչը, որ չցանկացավ հրապարակայնացնել անունը։

Ինչո՞ւ մեկուկես ամիս է՝ չեն կարգավորում խնդիրը։ Ի՞նչ ջուր է լցվել ճանապարհը։ Ե՞րբ են պատրաստվում ջրազատել ճանապարհը․ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն մեր հարցին ի պատասխան ասաց՝ հասցեն հստակ չէ, կարող է և չմոտենան։ Ի պատասխան նշեցինք, որ քաղաքացին գրավոր դիմում արդեն գրել է մեկ ամիս առաջ, ինչո՞ւ չեն կարգավորել, չմեկնաբանեցին։

Այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը․ Դրմեյանը՝ Փաշինյանի հայտարարությունների ու Դատախազության՝ դրանց ընթացք տալու մասին

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրավապահներին կոչ արեց զբաղվել Միջազգային իրավական հարցերի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար Լիպարիտ Դրմեյանով:

Փաշինյանը, դիմելով ԶԼՄ ներկայացուցիչներին, ասաց․

«Արբիտրաժի մասին հիշո՞մ եք այստեղ ինչ խոսակցություն էր տեղի ունենում, որ արբիտրաժը բանը, ՀԷՑ-ը, ՀԷՑ-ի նախկին սեփականատերերը, բաները, կալուգացին արբիտրաժում հաղթել է։ Երբ որ էս շենքում պարզվեց իրենք մարդ ունեին, էդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում …
Բա ասում եք կոռուպցիա, բա էդ կոռուպցիա չի՞։ Իմիջիայլոց, որևէ մեկը հետաքննե՞լ է էդ մարդու գործունեությունը։ Որևէ մեկը քննե՞լ է՝ սա կոռուպցիա է՞, թե՞ կոռուպցիա չէ։ Էդ ի՞նչ կապեր են գործել։

Օգտվելով առիթից՝ հիմա հրապարակային հաղորդում եմ տալիս հանցագործության մասին։ Կարծում եմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է՛լ, իրավապահ մարմիններն է՛լ պետք է քննարկեն՝ ո՞նց կարա պարզվի, որ էս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է»:

Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց Դատախազությունից տեղեկացրին՝ Դրմեյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին արդեն ընթացք են տվել։

Արձագանքել է նաև Լիպարիտ Դրմեյանը՝ սոցցանցի իր էջում գրելով․

«Տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն եւ դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Կարճ կասեմ. ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի, և այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։

Զավեշտն այն է, որ այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետևում է ՍԴ-ում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ և ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ է կիրառել ՔՊ-ն ընտրությունների ամբողջ ընթացքում։

Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես»»։

 

 

 

Շիրակում բախվել են մարդատար մեքենան ու կոմբայնը․ վարորդներին ոչինչ չի եղել, տուժել է 75-ամյա ուղևորը

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 42-ամյա Ռոբերտ Ե․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Սմբատ Բ․-ի վարած կոմբայնը։

Վթարի հետևանքով «Opel Astra»-ի ուղևոր 75-ամյա Մարիետա Չ․-ն «Ձախ հոնքի բաց վերք, ԳՈՒՎ հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշում է կայքը։