ԱՄՆ-ն կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ Մադրիդին «պատժելու» համար

ԱՄՆ-ն կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ որպես պատիժ Մադրիդի կողմից Իրանի դեմ գործողությունների ժամանակ ամերիկացիներին ռազմաբազաներ չտրամադրելու համար գրում է РИА Новости-ն՝  Handelsblatt թերթին հղումով, որն էլ հղում է անում Վաշինգտոնի աղբյուրներին։

«Արդեն հայտարարված ծրագրերից բացի՝ ԱՄՆ կառավարությունը կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ Եվրոպայում իր ռազմական ներկայության վերակազմակերպման շրջանակում», – նշում է աղբյուրը։

Նման քայլը Սպիտակ տանը քննարկվում է որպես «պատժիչ ազդանշան» Իսպանիայի կառավարությանը, որը հրաժարվել էր թույլատրել ԱՄՆ զինվորականներին օգտագործել իր տարածքում գտնվող Ռոտա և Մորոն համատեղ ռազմաբազաներն Իրանի դեմ գործողությունների համար։

Նշվում է, որ Վաշինգտոնը քննարկում է իր զորակազմի դուրսբերումն Իսպանիայից՝ Գերմանիայից արդեն հայտարարված 5000 զինվորականների դուրսբերումից բացի։

ԱՄՆ կառավարության կողմից այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի եղել։

Ռուսաստանը պետք է ակտիվորեն պաշտպանվի արևմտյան պատժամիջոցներից, այլ ոչ թե «նստի խրամատում»․Մեդվեդև

Ռուսաստանը պետք է ակտիվորեն պաշտպանվի արևմտյան պատժամիջոցներից, այլ ոչ թե «նստի խրամատում»հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը խորհրդակցություն է անցկացրել ռուսական ընկերությունների նկատմամբ արևմտյան պատժամիջոցների դեմ պայքարի վերաբերյալ։

Եվրախորհրդարանի պատգամավորներն Ինֆանտինոյից պարզաբանումներ են պահանջում՝ ՖԻՖԱ-ի մասնավոր ներդրումային ծրագրի վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին հրավիրել լսումների՝ կապված Աշխարհի առաջնության բաժնեմասերը մասնավոր ներդրողներին վաճառելու՝ նրա վիճահարույց ծրագրի հետ գրում է Euronews-ը։

Ծրագիրը ֆուտբոլային աշխարհում բուռն քննադատության է արժանացել, իսկ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաները սպառնացել են բոյկոտել Աշխարհի առաջնության հաջորդ մրցաշարը։

Euronews-ը հայտնում է, որ Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի պատգամավորների շրջանում շրջանառվում է նամակի նախագիծ, որով պատրաստվում են Ինֆանտինոյին հրավիրել լսումների՝ անձամբ պատասխանելու օրենսդիրների հարցերին՝ «թափանցիկության և ժողովրդավարական հաշվետվողականության այն սկզբունքների շրջանակում, որոնք ՖԻՖԱ-ն ինքն է հրապարակայնորեն պաշտպանում»։

Հիշեցնենք, որ Ինֆանտինոյի ավագ խորհրդական Կառլոս Կորդեյրոն հրաժարական է տվել՝ մասնավոր ներդրումային ծրագրին արդեն իսկ երրորդ՝ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) դեմ արտահայտվելուց ժամեր անց։ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից առաջ ծրագրին դեմ էին արտահայտվել ՈՒԵՖԱ-ն (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) և ԿՈՆԿԱԿԱՖ-ը (Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա):

Իսպանիայի վարչապետը հազարավոր միգրանտների մուտքը Սեուտա բնութագրել է որպես «քաղաքի տարածքային ամբողջականության խախտում»

Սեուտան իսպանական քաղաք է, և այն, ինչ տեղի ունեցավ երեկ, արժանի է մեր ամենախիստ դատապարտմանը հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն՝ անդրադառնալով Մարոկկոյից Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա ավելի քան 49000 միգրանտների անօրինական մուտքին։

Սանչեսը տեղի ունեցածը բնութագրել է որպես իսպանական քաղաքի տարածքային ամբողջականության խախտում։

«Իսպանիայի կառավարությունը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսներն ու միջոցները՝ Սեուտայի բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև ինքնավար քաղաքում խաղաղ համակեցությունն ապահովելու համար», – հայտարարել է Սանչեսը։

Ինֆանտինոյի ավագ խորհրդականը հրաժարական է տվել ՖԻՖԱ-ի մրցաշարի ծրագրի պատճառով

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի ավագ խորհրդական Կառլոս Կորդեյրոն հրաժարական է տվել՝ ի նշան կազմակերպության նախագահի կողմից Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրի դեմ բողոքի հայտնում է Sky News-ը։

«Որպես ՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդական, նախկին բանկիր և ամբողջ կյանքում ֆուտբոլի երկրպագու՝ ես չեմ կարող անտարբեր մնալ, մինչ ՖԻՖԱ-ն քննարկում է Աշխարհի առաջնության բաժնեմասը վաճառելու հարցը։ Թույլ տվեք հստակեցնել. ես որևէ կապ չունեի այս առաջարկի հետ, և կտրականապես դեմ եմ դրան։ Սա վատ գործարք է ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների համար, վատ գործարք ֆուտբոլի համար և վատ գործարք խաղի երկարաժամկետ ապագայի համար», – նշել է նա։

Աղբյուրի համաձայն՝ Ինֆանտինոն կորցրել է նախագծի շուրջ իր մերձավոր շրջապատի աջակցությունը։

Նախկինում հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ի նախագահը պլանավորում է Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառել։ ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ այս ծրագիրը կարող է 4.2 միլիարդ դոլար հավաքել։ Այս նախաձեռնությունը լայնորեն քննադատվել և դատապարտվել է պաշտոնյաների, ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների կողմից։ Ավելի ուշ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է ՖԻՖԱ-ի կողմից հովանավորվող մրցաշարերի բոյկոտի մասին: Այս որոշումը պաշտպանել են կազմակերպության բոլոր 55 անդամները: Առաջարկը մերժել են նաև Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ) անդամները: Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան կոչ է արել բարեփոխումներ կատարել ՖԻՖԱ-ի կառավարման համակարգում: 

Դավիթ Բալեյանը Բաքվում հերթական հաղթանակն է գրանցել

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը Բաքվում մեկնարկած Մ-17 աշխարհի առաջնությունում հերթական հաղթանակն է գրանցել. հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում 4-1 հաշվով առավելության է հասել վրացի Սաբա Մինդիաշվիլիի նկատմամբ ու երեկոյան կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար»,- հայտնում են ֆեդերացիայից։

Արցախ Միության պատվիրակությունը ԵԽ պատգամավոր Մարինա Մեզյուրին է ներկայացրել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները

Հուլիսի 15-ին Երևանում Արցախ Միության պատվիրակությունը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետ՝ ներկայացնելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բռնի տեղահանված ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները և իրավունքների վերականգնման հիմնական առաջնահերթությունները: Դրանք ներառում են Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությունը և իրենց հայրենիքից բռնի վտարված շուրջ 150000 անձանց անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձի իրավունքի իրացումը:

Կազմակերպությունը ներկայացրել են Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը և գործադիր խորհրդի անդամ, արտաքին կապերի աշխատանքային խմբի ղեկավար Արմինե Ալեքսանյանը: Պատվիրակությունը տիկին Մեզյուրին է փոխանցել 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած զանգվածային բռնի տեղահանության, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների այլ խախտումների վերաբերյալ առաջին ձեռքից վկայություններ:

Պատվիրակությունը ներկայացրել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մի խումբ ներկայացուցիչների և այլ հայ գերիների: Նրանց նկատմամբ իրականացվում են շինծու դատավարություններ, որոնք Եվրախորհրդարանը, «Amnesty International»-ը և անկախ դիտորդները հետևողականորեն դատապարտել են որպես քաղաքականապես մոտիվացված և արդար դատաքննության որևէ չափանիշից զուրկ գործընթացներ:

«Այս անձինք պատանդներ են, այլ ոչ թե մեղադրյալներ: Եվրոպան պետք է նրանց ազատ արձակումը դիտարկի որպես Բաքվի հետ հարաբերությունների պարտադիր նախապայման, այլ ոչ թե էներգետիկ շահերի ստվերում մղված երկրորդական հարց»,- հանդիպման ժամանակ շեշտել է Արմինե Ալեքսանյանը:

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի ողջ տարածքում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ճակատագրին: Դարավոր եկեղեցիները, վանքերը, խաչքարերն ու գերեզմանատներն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Դրանք ենթարկվում են ոչ միայն ֆիզիկական ոչնչացման, այլև պետականորեն հովանավորվող համակարգված կեղծարարության՝ ծագումնաբանությունը խեղաթյուրելու նպատակով: Արցախ Միությունը զգուշացրել է տիկին Մեզյուրին, որ մշակութային այս ցեղասպանությունն անբաժանելի է բուն ժողովրդի էթնիկ զտման շարունակական քաղաքականությունից. յուրաքանչյուր ավերված եկեղեցի և կեղծված արձանագրություն նպատակ ունի իսպառ բացառել բնիկ ժողովրդի վերադարձի որևէ հնարավորություն:

Պատվիրակությունը լուրջ մտահոգություն է հայտնել ՀՀ իշխանությունների և միջազգային միջնորդների կողմից առաջ մղվող այսպես կոչված «խաղաղության օրակարգի» վերաբերյալ՝ մատնանշելով Արցախի տեղահանված ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության աղաղակող անտեսումը:

«Բանակցային փաստաթղթերը չեն պարունակում որևէ դրույթ արցախցիների հավաքական վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչն ուղղակիորեն Հայաստանի կառավարության անգործության արդյունք է»,- նշել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը: «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների անտեսման և լռության վրա կառուցված որևէ կարգավորում չի կարող տարածաշրջանում բերել կայուն ու արդար խաղաղություն: Մենք վերահաստատում ենք մեր վերադարձի ու այլ հիմնարար իրավունքների իրացման և արդարադատության հասնելու մեր վճռականությունը՝ օգտագործելով բոլոր հասանելի իրավական ու քաղաքական ճանապարհները»:

Մարինա Մեզյուրը հանդիպման ժամանակ ընդգծել է իր շարունակական հոգածությունը Արցախի ժողովրդի իրավունքների հանդեպ՝ խոստանալով բոլոր հնարավոր մեխանիզմները կիրառել վերհանված հարցերի բարձրաձայնման և ԵԽ համապատասխան բանաձևերի կատարման ուղղությամբ: Նա շեշտադրել է, որ Արցախի ժողովրդի էթնիկ զտումը չի կարող հանդուրժվել քաղաքակիրթ Եվրոպայի կողմից, իսկ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար:

Հանդիպման արդյունքներով՝ տիկին Մեզյուրը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը: Նա նաև բարձրացրել է այն հարցը, թե մարդու իրավունքների այս հիմնարար պարտավորությունն ինչ դեր պետք է ունենա Ադրբեջանի հետ ԵՄ քաղաքական և տնտեսական հարաբերություններում: Հետագայում տիկին Մեզյուրն այս գրավոր հարցումը հրապարակել է իր պաշտոնական սոցիալական հարթակներում՝ խնդրի շուրջ լայն իրազեկվածություն ապահովելու նպատակով:

Արցախ Միությունը բարձր է գնահատում տիկին Մեզյուրի օպերատիվ արձագանքն ու անկեղծ հանձնառությունը՝ պաշտպանելու բռնի տեղահանված բնակչության իրավունքները: Կազմակերպությունը հաստատակամ է շարունակել տիկին Մեզյուրի գրասենյակին տրամադրել մշակութային վանդալիզմի և էթնիկ զտումների վերաբերյալ փաստագրված ապացույցներ ու իրավական վերլուծություններ՝ երաշխավորելու համար, որ եվրոպական կառույցներն առաջնորդվում են ոչ թե Բաքվի կեղծ հավաստիացումներով, այլ հաստատված փաստերով և միջազգային իրավունքի նորմերով:

ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը՝ նրա հարևաններին «օգտագործելու» միջոցով․ The Telegraph

ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունները քննարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունըգրում է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Այս տարբերակը, ի թիվս այլնի, քննարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից, որոնք երկուսն էլ ցանկանում են մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը։

Ըստ լրատվամիջոցի՝ նրանք Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են պետության վրա ճնշման մեծացումը «կինետիկ և ոչ կինետիկ միջոցներով»։

«Ի՞նչ կլինի, եթե մենք պարզապես փակենք ցամաքային սահմանը։ Ենթադրենք՝ Իրանը չի կարող ոչինչ ներմուծել կամ արտահանել։ Ամեն ինչ կարող է պատահել», – թերթին բացատրել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան։

Այս ծրագիրը, ըստ լրատվամիջոցի, կպահանջի, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ճնշում գործադրեն Իրանի հարևանների և տարածաշրջանային գործընկերների վրա՝ սահմանային անցակետերով անցումը խստացնելու կամ փակելու համար։

Իրանը սահմանակից է Իրաքին, Թուրքիային, Պակիստանին, Աֆղանստանին, Թուրքմենստանին, Հայաստանին և Ադրբեջանին, ինչը նշանակում է, որ առաջնորդները պետք է համոզեն այս երկրներին, որոնցից շատերի հետ նրանք դաշնակիցներ չեն, համագործակցել: Վաշինգտոնը կարող է Պակիստանին և Իրաքին, որոնք տարածաշրջանում իր մտերիմ դաշնակիցները չեն համարվում, դիտարկել որպես թույլ օղակներ։

Եթե Իրանին սահմանակից 7 երկրներից որևէ մեկը համաձայնի համագործակցել, ապա կբախվի իր սեփական տնտեսական հետևանքներին և Իսլամական Հանրապետության կողմից պատասխան հարվածների սպառնալիքին։

Նավահանգիստների կամ կարևոր անցակետերի շրջափակումը կարող է խոչընդոտել Իրանի վերազինվելու կարողությանը։

Պրահայում ադրբեջանցիները ցուցադրել են պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից

Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կողմից կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ ադրբեջանցիների, այսպես կոչված «պատմական հայրենիքում մշակութային ներկայության վավերագրություններ․ գրում է ԱԺ պատգամավր Լիլիթ Գալստյանը։

«ՊԱՐՏՎՈՂԱ- ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում Բաքվում բռնադատվող և խոշտանգվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարց պարզապես չկա, մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում տեղ չունի Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը, մինչ պաշտոնական Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում լռում կամ ավելին՝ խոչընդոտում է և մերժում բարձրաձայնել Արցախում ընթացող հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ցեղասպանության խնդիրը, մինչ պաշտոնական Հայաստանը չի խոսում արցախահայության Վերադարձի իրավունքինց, մինչև վարչախումբը պաշտոնապես հայտարարում է և գլխավորում թշնամական արշավը մեր ինքնության հենասյուն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝

արհեստական և ցեղասպան պետություն Ադրբեջանը շարունակում է յուրացնել մեր հազարամյա ժառանգությունը՝ միջազգային տարածքներում ամրապնդելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթն ու գաղափարախոսությունը։

Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կողմից կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ ադրբեջանցիների, այսպես կոչված «պատմական հայրենիքում մշակութային ներկայության վավերագրություններ։

Ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Պարտվողա- կապիտուլյացիոն դիվանագիտության և նրա օրակարգերում մեր ինքնության և իրավունքների պաշտպանության տոտալ բացակայության ֆոնին, ագրեսոր Ադրբեջանն անցել է հարձակվողական և ծավալապաշտական քաղաքականության՝ յուրացնելով մերը, հայկականը՝ տարածքներից մինչև քաղաքակրթական ժառանգություն։

Հայկական հետքի, հայկականության ջնջումը Ադրբեջանում պաշտոնական քաղաքականություն է՝ ուղղորդվող և կառավարվող հենց նախագահի կողմից։

Ադրբեջանն աշխատում է, նրանց դիվանագիտությունն ագրեսիվ է ու նախաձեռնողական։ Միջազգային տարածքներում ինտենսիվորեն, Հայաստանի իշխանությունների կանաչ լույսի ներքո, Ադրբեջանը լեգիտիմացնում է Արցախի ցեղասպանությունը, ներառյալ՝ հոգևոր- մշակութայինը։

Այս ընթացքում Հայաստանում կարծրանում է բանտ- պետությունը, ուր հալածվում է ընդդիմադիր քաղաքական մարդն ու այլախոհ միտքը։

Պաշտոնական Հայաստանն այսպիսով մի կողմից խլացնում է ադրբեջանաթուրքական իրական սպառնալիքը, մյուս կողմից՝ վախի ու իրավական վակխանալիաի մթնոլորդում ճզմվում է հանրության կամքը։

Այս ամենը գին ունի՝ վճարելու ենք բոլորս․ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը մտել է նաև մեր տարածքներ․․․․կույր պիտի լինել սա չտեսնելու համար։

Լուսանկարները տրամադրել է Գագիկ Հակոբյանը»,- գրել է նա։

24 ժամում 49 000 փախստական․ Իսպանիան զորք է ներգրավել Մարոկկոյից միգրանտների հոսքը կանխելու համար

Իսպանիան զորքեր է ներգրավել՝ իր հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտայում սահմանային անվտանգությունն ուժեղացնելու համար․ հինգշաբթի հազարավոր միգրանտներ շրջանցել են պատնեշները և Մարոկկոյից լողալով հասել Իսպանիայի տիրապետության տակ գտնվող քաղաք․ գրում է BBC-ն։

Իշխանությունների գնահատմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում սահմանը հատած միգրանտների թիվը հասել մոտ 49․000-ի։ Առնվազն 15 մարդ խեղդվել է Սեուտա հասնելու փորձի ժամանակ։

Ավելի վաղ տեղի իշխանությունները դիմել էին Մադրիդին՝ օգնության խնդրանքով, քանի որ վերջին շրջանում սահմանն անցնելու փորձերի թիվն աճել է։ Հինգշաբթի, սակայն, իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։

«Զինված ուժերը կաջակցեն Քաղաքացիական գվարդիային՝ իր լիազորությունների իրականացման, ինչպես նաև Սեուտա քաղաքում անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ այլ գործողությունների ընթացքում», – հայտարարել է Իսպանիայի ներքին գերծերի նախարարությունը։

Սեուտան, որը գտնվում է Մարոկկոյի հյուսիսային ափի մոտ, Ջիբրալթարի նեղուցով բաժանված է Իսպանիայի տարածքից և երկար տարիներ եղել է Եվրոպա հասնել փորձող միգրանտների հիմնական ուղղություններից մեկը։

Միջադեպի ֆոնին Իտալիայի կառավարությանը հայտարարել է, որ դիտարկում է «արտակարգ միջոցներ», այդ թվում՝ Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրով սահմանված բաց սահմանային ռեժիմի կասեցումը։ X-ում հրապարակած գրառման մեջ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ «կողմ է» Իսպանիայի հետ շենգենյան ազատ տեղաշարժի ռեժիմի կասեցմանը՝ նշելով, որ «անկանոն և չվերահսկվող ներգաղթը սպառնալիք է ազգային անվտանգությանը»։