Հոսանքի հավելագրումների 2018-25թթ. բոլոր տվյալները ո՞նց են հանկարծ ջնջվել. Հասմիկ Հակոբյան
14.08.2026
Քաղաքականություն
Այնքան եք քերել պետական միջոցները, որ 21-րդ դարում դեռ ցեխից հանելու բան կա. ինչո՞ւ չեք սիրել ՀՀ-ն. Քնարիկ Հարությունյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Արամ Խաչատրյանը սովորել է Ռոտերդամի Էրազմուս համալսարանում և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է համաձայն վարչապետի այն հայտարարության, որ աշխարհի 200 լավագույն համալսարաններում սովորած և ՀՀ կառավարության կադրային բանկում ընդգրկած անձինք կնշանակվեն բարձր պաշտոնների։
Ստորև կարող եք ծանոթանալ Արամ Խաչատրյանի կենսագրությանը.
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985թ., 6 հոկտեմբեր, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Կրթություն
2002-2006 թթ.՝ Իրավագիտության բակալավր | Երևանի պետական համալսարան
2009–2011 թթ.՝ Իրավագիտության մագիստրոս (LL.M.) | Հայաստանի ամերիկյան համալսարան Հիմնական ուղղություններ՝ հարկային, եվրոպական, մտավոր սեփականության և միջազգային հանրային իրավունք
2015–2016 թթ.՝ Արբիտրաժային և գործարար իրավունքի հետբուհական մագիստրոս (LL.M.) | Էրազմուս համալսարան Ռոտերդամ, Նիդերլանդներ NFP MA կրթաթոշակառու։ Հիմնական ուղղություններ՝ միջազգային կորպորատիվ և գործարար իրավունք, պայմանագրերի մշակում, առևտրային արբիտրաժ և միջազգային վեճերի լուծում
Աշխատանքային գործունեություն
2026 թվականի օգոստոսի 13-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2012 թ. սեպտեմբեր – 2026 թ. օգոստոս՝ Գլխավոր իրավաբան | «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ • Ղեկավարել է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դոնորների և մասնավոր գործընկերների մասնակցությամբ տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման ծրագրերի իրավական ապահովումը։ • Խորհրդատվություն է տրամադրել ստարտափներին, ՓՄՁ-ներին և ծրագրային թիմերին՝ կորպորատիվ կառուցվածքի, պայմանագրերի, կարգավորող պահանջների, ռիսկերի կառավարման և միջազգային շուկաներ մուտք գործելու հարցերով։ • Մասնակցել է ՏՏ և գործարար ոլորտներին առնչվող օրենսդրության, կառավարության որոշումների, քաղաքականության փաստաթղթերի և ինստիտուցիոնալ կառավարման գործընթացների մշակմանը։ • Մշակել և բանակցել է ներդրումային, նորարարական և էկոհամակարգային ծրագրերին աջակցող համագործակցության, դրամաշնորհային, ծառայությունների, խորհրդատվական և առևտրային պայմանագրեր։ • 2022թ-ից հանդիսանում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչ (խորհրդի անդամ) ՓՄՁ Զարգացման խորհրդում։
2010 թ. փետրվար – 2026 թ. Օգոստոս (համատեղությամբ)՝ Փաստաբան / իրավական խորհրդատու • Հայաստանյան ընկերություններին և ձեռնարկատերերին խորհրդատվություն է տրամադրել կորպորատիվ, առևտրային, պայմանագրային, վեճերի լուծման հարցերով։ • Աջակցել է տեխնոլոգիական և ինժեներական ընկերություններին շուկա մուտք գործելու, գործառնական մոդելների, առևտրային գործընկերությունների և կարգավորող պահանջների պահպանման հարցերում։ • Ոլորտային զարգացման նախաձեռնություններին տրամադրել է իրավական և կորպորատիվ կառուցվածքի վերաբերյալ աջակցություն։ • Ներկայացրել է վստահորդների շահերը դատարաններում, վարչական մարմիններում և արբիտրաժային տրիբունալներում, վարել բանակցություններ ու բարդ առևտրային գործեր։
2011 թ. փետրվար – 2012 թ. սեպտեմբեր՝ Իրավախորհրդատու | «Կասկադ Ինշուրանս» / «ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ • Խորհրդատվություն է տրամադրել պայմանագրերի, ապահովագրական կարգավորման, հատուցումների, վեճերի և իրավական ռիսկերի հարցերով, ներկայացրել է ընկերությունը պետական մարմիններում ու դատարաններում։
2008 թ. սեպտեմբեր – 2011 թ. փետրվար՝ Իրավաբանական վարչության դատական բաժնի մասնագետ | ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե • Համակարգել է վարչական և քաղաքացիական գործերով դատարաններում Կոմիտեի շահերի ներկայացուցչության ապահովման աշխատանքները և ներկայացրել Կադաստրի շահերը դատական վարույթներում։
Մասնագիտական միություններին անդամակցություն, դասավանդում
Արբիտրաժային ոլորտ` ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր և խորհրդի անդամ, 2023 թվականից՝ նախագահ
Մասնագիտական կարգավիճակ` ՀՀ փաստաբանների պալատի անդամ 2010թ-ից, փաստաբանի արտոնագիր՝ № 1033
Դասավանդում և հրապարակումներ` 2022 թվականից՝ Արբիտրաժային ամենամյա ամառային դպրոցի դասախոս, արբիտրաժայն ոլորտին առնչվող հրապարակումների հեղինակ։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է
Ունի երեք զավակ
Այլ տվյալներ
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին
Թվային հմտություններ՝ Microsoft Office, Google Workspace, ԱԲ գործիքներ
2006 – 2008թթ․՝ Պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ ԶՈՒ-ում
Մասնավոր իրավունքի ոլորտներում ավելի քան 15 տարվա փորձ ունեցող մասնագետ՝ տնտեսական կարգավորման, տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման, կորպորատիվ կառավարման, ներդրումային ծրագրերի և պետություն–մասնավոր հատված համագործակցության ուղղություններով։ Ունի ՓՄՁ-ներին և նորաստեղծ ընկերություններին աջակցելու, կարգավորող դաշտի բարելավման, բարդ գործընկերությունների բանակցման և քաղաքականության նպատակները գործնական լուծումների վերածելու փորձ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Դադիդ Թավադյանը սովորել է աշխարհի առաջատար մի շարք համալսարաններում և Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է համաձայն վարչապետի այն հայտարարության, որ աշխարհի 200 լավագույն համալսարաններում սովորած և ՀՀ կառավարության կադրային բանկում ընդգրկած անձինք կնշանակվեն բարձր պաշտոնների։
Ստորև՝ Դավիդ Թավադյանի կենսագրությունը.
Ծնվել է 1976 թվականի հուլիսի 8-ին՝ Երևանում, Հայաստանի Հանրապետություն։
1995-1998 թթ. սովորել է Կանադայի Մոնրեալ քաղաքում գտնվող Դոուսոն քոլեջում (Dawson College)՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ՝ խորացված ուսումնասիրելով հաշվապահական հաշվառումը և հարկային գործը։ Ստացել է քոլեջի դիպլոմ։
1998-2001 թթ. սովորել է Մոնրեալի համալսարանի Բարձրագույն առևտրային հետազոտությունների բիզնես դպրոցում (L’École des Hautes Études Commerciales – HEC Montréal)։ Ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան՝ ֆինանսների մասնագիտացմամբ։
2002-2004 թթ. ուսումը շարունակել է Մոնրեալի համալսարանի Բարձրագույն առևտրային հետազոտությունների բիզնես դպրոցում (L’École des Hautes Études Commerciales – HEC Montréal)։ Ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան՝ միջազգային ֆինանսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
2006 թ. ԱՄՆ-ում գործող Ֆինանսական վերլուծաբանների ինստիտուտից (CFA Institute) ստացել է որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA Charterholder) մասնագիտական կարգավիճակ։
2019 թ. Քեմբրիջի համալսարանում (University of Cambridge) ավարտել է «Բիզնես վերլուծություն․ տվյալների հիման վրա որոշումների կայացում» (Business Analytics – Making Decisions Using Data) դասընթացը։
2019 թ. Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում (University of Oxford) ավարտել է «Բլոկչեյնի ռազմավարություն» ծրագիրը (Oxford Blockchain Strategy Programme)։
2001-2002 թթ. և 2003-2004 թթ. Կանադայի Մոնրեալ քաղաքում աշխատել է «Բի Սի Էյ Ռիսըրչ Գրուպ» (BCA Research Group) ընկերությունում՝ որպես հետազոտական վերլուծաբան։
2005-2007 թթ. Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում՝ որպես ներդրումային ռազմավար։
2007-2010 թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկ» (Crédit Agricole Corporate and Investment Bank) բանկում՝ որպես ածանցյալ ֆինանսական գործիքների ուղղության ղեկավար։
2010-2011 թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Սիթի կորպորատիվ և ներդրումային բանկ» (Citi Corporate and Investment Bank) բանկում՝ որպես ածանցյալ ֆինանսական գործիքների ուղղության ղեկավար։
2011-2013 թթ. Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում՝ որպես զարգացող շուկաների ուղղության ղեկավար։
2013-2015 թթ. Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում՝ որպես զարգացող շուկաների ուղղության ղեկավար։
Պատասխանատվության ոլորտներն ընդգրկել են բաժնային կապիտալի շուկաները (Equity Capital Markets), պարտքային կապիտալի շուկաները (Debt Capital Markets), միաձուլումներն ու ձեռքբերումները (Mergers & Acquisitions), ֆիքսված եկամտաբերությամբ ֆինանսական գործիքները (Fixed Income), արտարժույթները և ապրանքային շուկաները (Currencies & Commodities)։
Աշխարհագրական պատասխանատվության շրջանակն ընդգրկել է Լատինական Ամերիկան, Ասիան, Մերձավոր Արևելքը, Աֆրիկան և Արևելյան Եվրոպան։
2016–2022 թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Մեդկոն» (Medkon) բժշկական ընկերությունում՝ որպես կառավարող գործընկեր։
2019-2026 թթ. Երևանում աշխատել է «Կամերտուն» ՓԲԸ-ում (Kamertoon CJSC)՝ որպես կառավարող գործընկեր։
2026 թ. Երևանում աշխատել է «Ալյանս Սոլյուշնս» (Alliance Solutions) ընկերությունում՝ որպես գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ։
2020-2022 թթ. եղել է «Ապագա Հայկականը» (The FUTURE ARMENIAN) նախաձեռնության հիմնադիրներից մեկը և հասարակական հիմունքներով ղեկավարել է Futures Studio վերլուծական կենտրոնի աշխատանքները։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են թվայնացման գործընթացի ընթացիկ աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու բարեփոխումների շրջանակում նախատեսվող նոր նախաձեռնությունները։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը նախանշում են տեխնոլոգիական համարձակության և նորարարության ճանապարհը, իսկ թվայնացման խորհրդի գործունեությունն ուղղված է այդ գործընթացների համակարգմանը, առաջնահերթությունների սահմանմանը և Կոմիտեում նորարարական լուծումների ներդրմանը։ «Մենք պետք է կարողանանք համահունչ շարժվել արագ զարգացող տեխնոլոգիական փոփոխություններին, ճիշտ ուղղություն ընտրել և նորարարական լուծումները դարձնել մեր աշխատանքի անբաժանելի մասը։ Առաջիկայում թվայնացումը դառնալու է բոլոր բարեփոխումների իրականացման կարևոր բաղադրիչը։ Հաջորդ տարվանից մեծ տեմպով մտնելու ենք մի շարք առանցքային նախաձեռնությունների և հեղափոխական փոփոխությունների իրագործման փուլ, և վստահ եմ, որ այդ գործընթացն էապես կխթանի մեր բարեփոխումների արդյունավետ իրականացումը։ Համոզված եմ՝ մենք կհաջողենք»,- ասել է Կոմիտեի ղեկավարը։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Մասնավորապես, քննարկվել են հետբացթողումային հսկողության վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծի իրականացման ընթացքը, ինչպես նաև «Հեռավար մաքսային մարմին» համակարգի ստեղծման գաղափարը, նպատակը և նախատեսվող գործառույթները։ Անդրադարձ է կատարվել նաև ցամաքային ավտոմոբիլային անցման կետերում մաքսային սպասարկման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներին։ Ներկայացվել է նաև «Մաքսային սպասարկում» նոր էլեկտրոնային համակարգի նախագիծը։ Համակարգի ներդրման արդյունքում նախատեսվում է թվայնացնել ՊԵԿ ներկայացվող դիմումների ընդունման և դրանց հիման վրա տրամադրվող որոշումների գործընթացները։ Դա կնպաստի մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանը, գործընթացների թափանցիկության բարձրացմանը և իրականացվող գործողությունների ամբողջական հետագծելիության ապահովմանը։ Նոր համակարգը նախատեսվում է հասանելի դարձնել ինչպես մաքսային մարմնի տարբեր ստորաբաժանումների, այնպես էլ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց և ֆիզիկական անձանց համար։
Հարկային ոլորտում քննարկվել են ԱԲ գործիքների ներդրման ընթացքը, Հարկային օրենսգրքի դրույթների կիրարկումն ապահովող թվայնացման ընթացիկ աշխատանքները։ Մասնավորապես, ներկայացվել է առցանց էլեկտրոնային ՀԴՄ-ի ներդրման ծրագրային միջավայրի բարելավման ընթացքը, ինչպես նաև քննարկվել են հարկային պարտավորությունների մարման վերաբերյալ հաշվետվությունների նոր համակարգի և հաշվարկային փաստաթղթերի նոր տեսակի մշակման ու նախագծման աշխատանքները։ Ներկայացվել է նաև դրոշմանիշային վճարների հաշվառման նոր համակարգը, որը գործում է նոր տրամաբանությամբ՝ ներառելով անհատական հաշվի քաղվածքի (ԱՀՔ) և հաշվարկների ներկայացման նոր ձևաչափեր։ Խորհրդի անդամներն անդրադարձել են նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին։ Նշվել է, որ նախատեսված միջոցառումները գտնվում են ավարտական փուլում։
Նիստի ավարտին ամփոփվել են քննարկումների արդյունքները, հստակեցվել են ծրագրերի իրականացման ժամկետներն ու պատասխանատու ուղղությունները, ինչպես նաև նախանշվել են հետագա անհրաժեշտ քայլերը՝ նախատեսված թվայնացման ծրագրերի արդյունավետ և սահմանված ժամկետներում իրականացումն ապահովելու նպատակով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 3400 քմ մակերեսով հողատարածքը:
Տարածքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 23 միլիոն 236 հազար դրամ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ միջնորդագիր է ուղարկվել Վանաձորի համայնքապետարան՝ վերոնշյալ 22 սուբյեկտների հետ կնքված վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը խզելու նպատակով:
Միջնորդագրի արդյունքում՝ 2026 թվականի օգոստոսի 14-ին դադարեցվել է այգու տարածքում՝ Լուսավորիչի փողոց 25/1-1 հասցեում գտնվող՝ 332.2 քմ մակերեսով, 3 միլիոն 490 հազար դրամշուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս 1 հողամասի նկատմամբ իրավաբանական անձի վարձակալության իրավունքը. հողատարածքը վերադարձվել էհամայնքի տիրապետմանը:
2026 թվականի աշնանից Հայաստանում կմեկնարկի նոր կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի տպագրությունն ու տրամադրումը։ Փոփոխությունը կվերաբերի ոչ միայն կենսաչափական անձնագրերին և նույնականացման քարտերին, այլև անձը հաստատող այլ փաստաթղթերին, այդ թվում՝ փախստականների նույնականացման քարտերին, կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերին և կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթերին։
Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։
Դավթյանի տեղեկացմամբ՝ նոր կենսաչափական անձնագրի արժեքը կկազմի 28 650 դրամ։ Այն կտրամադրվի 10 տարի ժամկետով։
Նույնականացման քարտի արժեքը կկազմի 5 950 դրամ, իսկ դրա գործողության ժամկետը՝ 5 տարի։
Նոր նույնականացման քարտը ծնողի կամքով հնարավոր կլինի ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասների համար։ Միաժամանակ, նախատեսվում է, որ 16 տարեկանից անձը հաստատող նոր փաստաթուղթ ունենալը պարտադիր կլինի՝ համապատասխան օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո։
Նոր կենսաչափական փաստաթղթերի ներդրումը չի նշանակում, որ գործող հին նմուշի անձնագրերը քաղաքացիները պետք է անմիջապես փոխեն։
Գործող փաստաթուղթ ունեցող քաղաքացին կարող է շարունակել այն օգտագործել մինչև դրա ժամկետի ավարտը։ Միևնույն ժամանակ, ցանկության դեպքում հնարավոր կլինի հին անձնագիրը փոխարինել նոր կենսաչափականով նույնիսկ այն դեպքում, երբ հին փաստաթղթի գործողության ժամկետը դեռ չի ավարտվել։
2026 թվականի աշնանից պետությունը կդադարեցնի հին նմուշի անձնագրերի տպագրությունը։
Նոր փաստաթղթերը սովորական ընթացակարգով նախատեսվում է տրամադրել դիմում ներկայացնելուց 14 աշխատանքային օր անց։ Նախատեսվում են նաև արագացված ծառայություններ, որոնց պայմանների մասին կհայտարարվի լրացուցիչ։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ նույնականացման քարտերի պահանջարկը վերջին շրջանում աճել է։ Դա, մասնավորապես, պայմանավորված է հայտարարագրման և էլեկտրոնային պայմանագրերի կիրառման պահանջներով։
2026 թվականի առաջին կիսամյակում տպագրվել է շուրջ 160 հազար նույնականացման քարտ։ Համեմատության համար՝ 2024 թվականին մոտավորապես նույնքան քարտ էր տպագրվել ամբողջ տարվա ընթացքում։
Հին նմուշի անձնագրերի տպագրության ծավալը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է մոտ 185 հազար։ 2025 թվականին այդ ցուցանիշը եղել է 174 հազար, իսկ 2024 թվականին՝ շուրջ 270 հազար։
Նոր համակարգի շրջանակում առաջին փուլում նախատեսվում է մասնավորի կողմից բացված 14 գրասենյակի գործարկում։
ՆԳՆ-ից ակնկալում են, որ նոր գրասենյակների և սպասարկման նոր ձևաչափի միջոցով կբարելավվի անձնագրային ծառայությունների որակը և քաղաքացիների սպասարկման պայմանները։
Բարեփոխումները ներառում են նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության այլ գործընթացներ։
Նախատեսվում է, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակների տրամադրման գործընթացները կթվայնացվեն։
Իսկ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է թվայնացնել քաղաքացիության համար դիմումների գործընթացը։ Նույն ամսաթվից ուժի մեջ կմտնի նաև բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման վերաբերյալ օրենքը։
ՆԳՆ-ի գնահատմամբ՝ 2027 թվականի սկզբից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տիրույթում գտնվող գործընթացների զգալի մասը կթվայնացվի կամ կենթարկվի համակարգային բարեփոխումների։
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանին։
ԱԺ-ից հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում։
Նշվում է, որ կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների միջև ձևավորված փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը։
Հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է եղել Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում։
Քննարկվել են նաև Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։