«Փենթագոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել Իրանի դեմ գործողությունը»․ Դեն Քեյն | ՄԱՄՈՒԼ.ամ

«Փենթագոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել Իրանի դեմ գործողությունը»․ Դեն Քեյն

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունը, բայց հույս ունեն, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։

«Պարզ ասենք՝ հրադադարը դադար է, և միացյալ ուժերը պատրաստ են, եթե հրաման լինի կամ անհրաժեշտություն առաջանա, վերսկսել մարտական գործողությունները նույն արագությամբ և ճշգրտությամբ, ինչ մենք ցուցադրել ենք վերջին 38 օրվա ընթացքում։ Բայց հույս ունենք, որ դրան չի հասնի», – լրագրողներին ասել է Քեյնը։

«Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են»․ Դերենիկ Մալխասյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ Ռուսաստանը սկսում է արգելել հայկական կոնյակի, վայ, կներեք, բրենդիի, ծաղիկների ու մի շարք այլ ապրանքների ներմուծումը, ապա ճիշտ ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլը ցույց տա, որ Եվրոպան իր մեջքին կանգնած է: Իհարկե, մեջքին կանգնելը ոչ բառի բուն իմաստով:
     ՔՊ-ականները համոզում էին, որ այլընտրանքային շուկաներ կգտնեն եվրոպական ու Արաբական թերակղզու երկրներում: Դե թող հիմա Եվրոմության հետ պայմանավորվեն, որ թույլ տան, ասենք մի արկղ կոնյակ ու 10 կգ պանիր Եվրոմիության տարածք մտցնել: Իհարկե, նման բան եվրոչինովնիկները թույլ չեն տալու: Նիկոլին օգնելու իրենց ռեսուրսը սահմանափակվում է մի քանի կապեկ շպրտելով` երևակայական «հիբրիդային պատերազմի» դեմն առնելու նպատակով, որն այստեղ հավանաբար ծախսվում է ֆեյքերի բանակ բուծելու վրա:
     Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են: Կոլապսի ենթարկված տնտեսությամբ ու ավերված անվտանգային համակարգով շատ ավելի հեշտ է ժողովրդին վախեցնելով համոզել, որ սովամահ չլինելու ու չկոտորվելու միակ տարբերակը արևմտյան Ադրբեջան դառնալն է»:

«Ավտոներկրողներն ահազանգում են». Գառնիկ Դանիելյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ավտոներկրողներն ահազանգում են». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավտոներկրողներն ահազանգում են, որ արդեն երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները։
     Որպես պատճառաբանություն բերվում է փաստաթղթերի անհամապատասխանելիությունը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ից ներկրվող որոշ մեքենաների փաստաթղթերում առկա է մետաղաջարդոն մակնշումը, ինչն էլ մաքսայինի աշխատակիցները գնահատում են խոչընդոտ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծում իրականացնելու համար։
     Մինչդեռ, նախկինում նման տեսակի փաստաթղթերը երբևէ խնդիր չեն առաջացրել նույն մաքսավորների շրջանում։ Եթե անգամ կա ներքին որոշում, ինչու նախապես չեն տեղեկացվել ներմուծողները։
     Այսպիսի անհասկանալի դիրքորոշման հետևանքով այս պահին 14-15 ավտոմեքենա շարունակում է մնալ մաքսատանը։
     ՀՀ ՊԵԿ-ի ուշադրությունը հրավիրում եմ խնդրի շուրջ՝ ակնկալելով պարզաբանում և շուտափույթ լուծում»:

«Ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին». Դավիթ Անանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածաշրջանը մտնում է մի փուլ, որտեղ երկար ժամանակ կուտակված լարվածության թնջուկը կարծես մոտենում է իր հանգուցալուծմանը։
     ԱՄՆ-Իրան հակադրությունը, որը ամիսներ շարունակ պահում էր ամբողջ տարածաշրջանը պայթյունի եզրին, այսօր տեղափոխվում է բանակցային հարթություն։ Սա դեռ խաղաղություն չէ, և առավել ևս՝ վերջնական համաձայնություն չէ։ Բայց սա արդեն այն կետն է, որտեղ ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին։
     Իրանը խոսում է առավելագույն պահանջների լեզվով, ԱՄՆ-ը՝ զսպման ու վերահսկման տրամաբանությամբ, բայց ամենակարևորը՝ կողմերը կանգ են առել։
     Եվ երբ կանգ են առնում նման մասշտաբի բախումները, դա արդեն ինքնին շրջադարձ է։
     Մեզ համար սա պարզապես արտաքին նորություն չէ։ Սա մեր անվտանգության, մեր տնտեսության, մեր ապագայի վրա անմիջական ազդեցություն ունեցող հանգույց է։
     Եթե այս թնջուկը իսկապես սկսի լուծվել, ապա փոխվելու է ոչ միայն տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը, այլև այն միջավայրը, որի մեջ մենք պետք է կայացնենք մեր քաղաքական և տնտեսական որոշումները»:

«Կեսօրին ժամանակ գտավ՝ անդրադառնալու»․ Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կեսօրին ժամանակ գտավ՝ անդրադառնալու»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Վարչապետ Փաշինյանը կեսօրին ժամանակ գտավ անդրադառնալու Իրանի և ԱՄՆ միջև երկշաբաթյա հրադադարի պայմանավորվածությունը և ողջունել այն Իքսի իր գրառումով:

Ընդ որում հատկանշակկան է, որ Փաշինյանը մատնանշում է նաև Պակիստանի միջնորդությունը և գնահատում դա: Այն Պակիստանի, որը արգելանք էր դրել սեպտեմբերին Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովում Հայաստանի անդամության հարցի դիտարկմանը»:

«Քաոսի վրա կառուցված քաղաքականությունը չի կարող ստեղծել երկարաժամկետ կայունություն»․ Արմեն Հովասափյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քաոսի վրա կառուցված քաղաքականությունը չի կարող ստեղծել երկարաժամկետ կայունություն»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր ապոկալիպտիկ իրականության մեջ հաճախ ենք հայտնվում տարբեր քաոտիկ իրավիճակներում. բնականաբար նման քաոտիկ ժամանակները չէր կարող չունենալ դրա կազմակերպիչը, չունենար իր «մարդ քաոսը», ով միսուժեղանում, հոգին փառավորվում է ցանկացած էքսցենտրիկ և ոչ ստանդարտ քայլերից։
     Ըստ էության՝ դա այն անհատն է, ում հոգու խորքում և գործողություններում գերակշռում է անկանխատեսելիությունը, կառուցվածքային համակարգվածությունն ու անկայունությունը, և ով հաճախ հենց այդ միջավայրում է իրեն առավել «կենդանի» կամ ազդեցիկ զգում։
     Որպես կանոն՝ այդպիսի մարդը չունի հստակ արժեքային հենարաններ կամ կայուն աշխարհայացք ու արժեհամակարգ («ես իզմեր չունեմ», «ոչ ոք չկասկածի իմ հրամանատարական ունենակությունների վրա» և այլն)։ Նրա դիրքորոշումները կարող են արագ փոխվել՝ կախված իրավիճակից, շահից կամ տրամադրությունից («ես ներողություն եմ խնդրում, որ նման բան եմ ասել», «ես չեմ ասել, թե արցախցիները փախել են»)։
     Տվյալ սուբյեկտի քայլերն ու գործողությունները հաճախ հակասական են, կտրուկ, երբեմն՝ ինքնանպատակ («հանգիստ նստեք տեղներդ», «ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու», «էդ ընդդիմադիրներին բռնելու ենք ու շինենք», «խի տենց դատավոր կա՞, որ իմ ասածը չանի»)։ Ավելին, նա շատ հանգիստ կարող է մի օր պաշտպանել մի բան, հաջորդ օրը՝ տրամագծորեն հակառակը, և դա անել առանց ներքին կոնֆլիկտի զգացման։
     Ասեմ նաև, որ «մարդ քաոսն» իր քաղաքական կենսունակությունը չի կառուցում կարգի, ինստիտուտների և կանխատեսելիության վրա։ Նա ուժեղանում է՝ անորոշությունից, ճգնաժամից, կտրուկ շրջադարձերից։ Նման դեմքերը հատկապես ակտիվանում են այն իրավիճակներում, երբ համակարգերը խաթարված են, խաղի կանոնները՝ խարխլված, իսկ հասարակությունը՝ հոգեբանական լարվածության մեջ։ Այդ պահին նա դառնում է ոչ թե համակարգի կոորդինատորը, այլ իրադարձությունների գլխավոր մեկնաբանն ու ուղղորդողը՝ հաճախ փոխարինելով ինստիտուցիոնալ մեխանիզմները անձնական քաղաքական ռեակցիաներով։
     Ըստ էության՝ քաոսը դառնում է ոչ միայն միջավայր, այլև յուրահատուկ արդարացման միջոց («ո՞նց, ես տենց բան եմ ասե՞լ»․ «Ժամանակին սխալվել եմ, որ նման արտահայտություն եմ արել», «բոլորս էլ մեր հոգու խորքում դաշնակցական, ոչմիթիզական ենք եղել» և նմանօրինակ անմեղսունակ տեքստեր, 8 տարվա մեջ հարյուրավոր անգամներ լսել ենք բոլորս)։
     Ի դեպ՝ այստեղ կա նաև իրավիճակի հակառակ կողմը։ Քաոսի վրա կառուցված քաղաքականությունը երկարաժամկետ չի կարող ստեղծել կայունություն, որովհետև այն չի արտադրում ինստիտուտներ, չի ամրապնդում կանոններ և չի ձևավորում վստահություն, այն կարող է ապահովել կարճաժամկետ կոնֆորտ զոնա, և զրո ռազմավարություն։ Ավելին՝ ժամանակի ընթացքում քաոսը սկսում է ոչ թե կառավարելի լինել, այլ կլանել հենց իր ստեղծողին՝ վերածվելով անվերահսկելի գործընթացների շղթայի («հեղափոխությունը խժռում է իր զավակներին», «չկա առաջվա ռոմանտիզմը»)։
     Այս իմաստով «մարդ քաոսը» վտանգավոր է ոչ այնքան իր մտադրություններով, որքան իր գործելաոճով։ Նա կարող է անկեղծորեն խոսել խաղաղության, բարեփոխումների կամ զարգացման մասին, բայց եթե այդ նպատակները իրականացվում են անկայունության մշտական վերարտադրության միջոցով, արդյունքը հակառակն է լինում։ Քաոսը, որը սկզբում ծառայում է որպես գործիք, աստիճանաբար դառնում է ինքնանպատակ։
     Այսպիսով՝ պետությունը, որը կառավարվում է «քաոսի» տրամաբանությամբ, վաղ թե ուշ կանգնում է ընտրության առաջ՝ կամ անցնել ինստիտուցիոնալ կայունության և կանխատեսելիության ճանապարհով, կամ խորանալ անկայունության մեջ՝ կորցնելով ռազմավարական սուբյեկտայնությունը, իսկ այդ անցումը սովորաբար ունենում է շատ բարձր քաղաքական և անվտանգային գին՝ ընդհուպ պետականության կորուստ»։

«Ցանկացած երկիր, որն Իրանին զենք կմատակարարի, կենթարկվի 50% մաքսատուրքի»․ Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ցանկացած երկիր, որն Իրանին զենք կմատակարարի, կենթարկվի 50% մաքսատուրքի»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանին զենք մատակարարող երկրները կբախվեն տնտեսական հետևանքների։ «Ցանկացած երկիր, որն Իրանին զենք կմատակարարի, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ Միացյալ Նահանգներ վաճառվող բոլոր ապրանքների համար, որն ուժի մեջ կմտնի անմիջապես։ Բացառություններ կամ արտոնություններ չեն լինի»,- գրել է նա՝ Truth Social-ում։

«Եթե Վազգեն Սարգսյանը հրաշքով հայտնվեր, ինչպե՞ս կնայեիք նրա աչքերին»․ Դավիթ Ամալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եթե Վազգեն Սարգսյանը հրաշքով հայտնվեր, ինչպե՞ս կնայեիք նրա աչքերին»․ Դավիթ Ամալյան

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաց նամակ կամ որևէ արտահայտության հաշվետվության պահանջագիր՝ պրն Անդրանիկ Քոչարյանին…
     Ի տարբերություն քպ-ական որոշ երիտասարդների, ծնողներիցս ստացած դաստիարակության, փողոցային տղայական շփման չգրված օրենքով, նաև ստացածս կրթության չափորոշիչներով, հատկապես հանրային գրիս մեջ ձեզ կդիմեմ ամենայն հարգանքով և պատկառանքով, քանզի երբ Արցախյան պատերազմի ժամանակ ես եղել եմ կամավորական, բայց շարքային, իսկ դուք զբաղեցրել եք ՊՆ, և ՆԳՆ փոխնախարարի պաշտոնները…
     Այ էս պաշտոններից խոսելիս կտրուկ անցնեմ հարցիս. Կպատկերացնեիք, եթե ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ որևէ հրաշքով հայտնվեր երկրում, թե ինչ կլիներ քպ-ի և նրա «առնական» ղեկավարի հետ, դա արդեն պարզ է, գոնե ձեզ դա բացատրելու կարիք չկա, բայց ինձ շատ հետաքրքիր է, ինչպես կնայեիք նրա աչքերին, երբ իր թեզը Բանակն ինտելեկտուալ և ԲԱՐՁՐԱԿԱՐԳ տղերքի հավաքական տեղ դարձնելն էր։ Ի դեպ, ասեմ` ինձ հանդիպած մասնակից տղերքի մեծ մասը, թե զոհված, թե ողջ մնացած` կրթության կամ արվեստի բարձրակարգ դեմքեր են եղել…
     Ընդհանրապես չվիրավորելով ձեր տղային, ոչ էլ կասկածի տակ դնելով նրա միգուցե բարձրակարգ լինելը, ասեմ, որ ՎԱՐԴԱՆս ԲԱՐՁՐԱԿԱՐԳ գրում էր արձակ ժանրում, նաև հեռանկարային բարձրակարգ բռնցքամարտիկ էր, բայց ես հիմա իրան տեսնում եմ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ երկնային կյանքում, չցանկանալով որևէ ծնողի՝ այդ թվում նաև ձեզ, տեսնել իմ կարգավիճակում, թեպետ ցավում եմ, որ բախտակիցներս թվով հազարներ են կազմում…
     Ներողություն խնդրում են սխալի համար, մեղքն ապաշխարում են, աղոթեք ԱՍՏԾՈւՆ և ԱՍՏՎԱԾ ձեզ կփրկի թշնամու կողմից ստեղծած և ղեկավարվող քպ-ից, պրն Ա. Քոչարյան…
     Չասածներս կթողնեմ լռության մեջ…»։

«Էն ժամանակ ես էլ եմ արել՝ ցուլիկը գցում էինք գետնին, հողի վրա մորթում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Էն ժամանակ ես էլ եմ արել՝ ցուլիկը գցում էինք գետնին, հողի վրա մորթում». Նիկոլ Փաշինյան

«Սննդի անվտանգության խնդիր կա, ստանդարտներ կան: 60 տարի առաջվա ձևերն էլ չեն աշխատում: Որևէ մեկը որ ուզում ա իրա երեխու համար միս առնի, ուզում ա համոզված լինի՝ նորմալ պայմաններում մորթվել ա, նորմալ պայմաններում պահվել ա»,- Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրում արձագանքելով բնակիչներից մեկի՝ «անասուն եմ պահում, բայց միսը չեմ կարողանում ծախել, գալիս, ասում են՝ իրավունք չունես» մտահոգությանը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Էն ժամանակ, հա, ես էլ եմ արել՝ ցուլիկը գցում էինք գետնին, հողի վրա մորթում, բայց հիմա մարդը էլ տենց միս չի ուզում առնի, ուզում ա առնի միս, որն իրա երեխեն ուտելու ա ու խնդիր չի լինելու» – հավելել է Փաշինյանը:

Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է իր երկրի մասնակցությունը ԱՄՆ ներկայացուցիչների հետ նախատեսված բանակցություններին: Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետի գրասենյակը:

«Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և բարձր գնահատել Պակիստանի ղեկավարության ջանքերը՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ժամանակավոր հրադադարի հասնելու համար։ Նա հաստատել է, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին»,- ասվում է հայտարարության մեջ։

Սպասվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ կանցկացնեն ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաքում։