«Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2025 թ. Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որտեղ ուշագրավ դրվագ կար կոռուպցիայի դեմ պայքարի համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մասին։

Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի մասին զեկույցում զետեղված պաշտոնական թվերը ցույց են տալիս ոչ այնքան հաջողություն, որքան խոր խնդիր. պետությանը պատճառված միլիարդավոր վնասի ֆոնին իրավապահներին հաջողվել է վերականգնել դրա միայն չնչին մասը։ Եթե թվերը դնենք կողք կողքի, կստացվի, որ 2025 թվականի ընթացքում արձանագրված 7,9 մլրդ դրամ վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը 895 մլն դրամ, այսինքն՝ մոտ 11,3 տոկոսը։ Մնացած գրեթե 88,7 տոկոսը դեռ չի վերականգնվել։

Զեկույցում հրապարակած տվյալներում բառացի նշված է. «Քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 643 քրեական վարույթ։ Ավարտված քրեական վարույթով՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արդյունքում և համայնքներին պատճառված վնասը կազմել է շուրջ 7,9 մլրդ ՀՀ դրամ, որից վերականգնվել է շուրջ 895 մլն ՀՀ դրամ, արգելանք է դրվել շուրջ 156 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի վրա, իսկ հանցագործությամբ պատճառված գույքի վնասի իրավաբանական անձանց պատճառված մասը կազմել է շուրջ 18 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 79 հազար ՀՀ դրամ»։

Այս տվյալներից պարզ է դառնում, որ, նույնիսկ եթե վերականգնված գումարին ավելացվի նաև արգելանքի տակ դրված 156 մլն դրամ արժողությամբ գույքը, միևնույն է, ընդհանուր ծավալի համեմատ արդյունքը մնում է սահմանափակ։ Այդ դեպքում էլ պետության վնասի վերադարձված կամ առնվազն ապահովված հատվածը կկազմի մոտ 13,3 տոկոս, այսինքն՝ ավելի քան 86 տոկոսը շարունակում է մնալ չփակված։

Թվերը փաստում են մեկ բան. կոռուպցիոն գործերի քանակը մեծ է, բայց ֆինանսական արդյունքը՝ համեստ։ 643 քրեական վարույթը ինքնին կարող է տպավորիչ թվալ, սակայն արդյունավետության իրական չափանիշը ոչ թե միայն հարուցված կամ քննված գործերի քանակն է, այլ պետությանը պատճառված վնասի վերականգնման աստիճանը։ Իսկ այստեղ պատկերը իրավապահների օգտին չէ։

Եթե կոռուպցիայի դեմ պայքարը գնահատվում է ոչ թե հայտարարություններով, այլ պետբյուջե վերադարձված գումարներով, ապա 2025 թվականի արդյունքները դժվար է արդյունավետ անվանել։ Միլիարդավոր դրամների վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը մոտ 11,3 տոկոսը»։

Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1269-Ն որոշման մեջ։ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող կառույցներով (հիվանդանոցի շենք) զբաղեցրած 1,56 հեկտար մակերեսով սահմանազատված բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1269-Ն որոշմամբ սխալ հաշվառման պատճառով անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Արծվանիկ (Կապան) համայնքին: Որոշման նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (շենքշինությունների) սպասարկման տարածքը կհաշվառվի որպես պետական սեփականություն, որի արդյունքում կկարգավորվեն պետական սեփականության գույքի հետագա կառավարման իրավահարաբերությունները:
2004 թվականից պետական գրանցված իրավունքներ ունեցող պետական սեփականություն հանդիսացող գույքի՝ շենք շինությունների սպասարկման սահմանազատված տարածքը սխալ հաշվառման արդյունքում ենթաօրենսդրական ակտով անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է համայնքին և համարվում է համայնքային սեփականություն: Դրա արդյունքում պետական սեփականության գույքի հետագա տնօրինման, տիրապետման և օգտագործման գործառույթներն հնարավոր չէ իրականացնել Հայաստանի գործող օրենսդրությամբ:

Կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1269-Ն որոշման ընդունման պահին պետական սեփականություն հանդիսացող, հիվանդանոցի շենք-շինությունները արդեն իսկ ունեին սեփականության իրավունքի պետական գրանցում: Այդ իսկ պատճառով N1269-Ն որոշման հիմքով հնարավոր չէր պետական գույքի զբաղեցրած 1,56 հա տարածքի նկատմամբ իրականացնել համայնքային սեփականության պետական գրանցում և այն ներառել համայնքային սեփականության գույքի ցանկում: Նման պարագայում համայնքի ավագանին չի կարող կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N698-Ն որոշման N 2 հավելվածի 39րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով որոշում կայացնել համայնքային սեփականության գույքի ցանկից այն հանելու մասին։ Նախագծի ընդունմամբ պետական սեփականության գույքի զբաղեցրած 1,56 հա տարածքը ևս կհաշվառվի որպես պետական սեփականություն:
Պետական սեփականության գույքը իր սպասարկման տարածքով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կտիրապետի և կօգտագործի պետությունը:

Իրավական ձևակերպումների ավարտից հետո անշարժ գույքը Սյունիքի մարզպետի աշխատակազմից կհանձնվի ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ ՔՊ-ականները, վստահաբար, մեկ կենտրոնից ստացած հրահանգով կատաղի արշավ իրականացրին նախորդ օրը բերման ենթարկված «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կանանց դեմ, որպեսզի հնարավորինս վարկաբեկեն նրանց եւ Սամվել Կարապետյանի հիմնադրած ուժը ներկայացնեն իբրեւ ընտրակաշառք բաժանող։ Լայվեր ու գրառումներ էին անում, ԱԺ ամբիոնից հայտարարություններ հնչեցնում։

Եվ չնայած ընդդիմադիր կանանց փաստաբանները հայտարարում են, որ շինծու վարույթ է, սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունը միտումնավոր նման աղմուկ բարձրացրեց եւ առաջիկայում էլ պատրաստվում է կրկնել դա, որ կարողանա հիմքեր ստեղծել «Ուժեղ Հայաստանին» չգրանցելու համար։

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածն արգելում է նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին… խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել-խոստանալ ծառայություններ։ Ընտրական օրենսգիրքը հստակ ընթացակարգ է սահմանել, որ ընտրակաշառքի մասին հաղորդումների դեպքում ԿԸՀ-ն կարող է դիմել դատարան՝ տվյալ կուսակցության գրանցումը մերժելու համար։

Ուստի որոշել են աղմուկն ապահովել, որ Փաշինյանի կամակատար Վահագն Հովակիմյանը դատարան դիմելու հիմքեր ունենա։

Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 13-ից սկսել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունումը։ Քաղաքական ուժերը պետք է մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն ներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները։ Դրանք կամ առնվազն դրանց առաջին երեք տասնյակը հաստատում է կուսակցության համագումարը:

Կուսակցության համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցումը, ինչպես նաև օրակարգի մասին տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում համագումարի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հասկանալի է, որ ապրիլի 13-ից հետո նոր ծանուցումներ կայքում չկան: Իսկ ո՞ր կուսակցություններն են արդեն ծանուցել մինչև ապրիլի 23-ը համագումար անցկացնելու մասին, որտեղ հայտարարելու են Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության մասին, ինչպես նաև հաստատելու են ընտրական ցուցակը կամ թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակը:

Եվ այսպես, վաղը կկայանա «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը, ապրիլի 18-ին՝ Հայաստանի Կանաչների (սոցիալէկոլոգիական), «Հայ Ազգային Կոնգրես», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Լուսավոր Հայաստան» և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունների, ապրիլի 19-ին՝ «Համահայկական ճակատ», «Քրիստոնեա-Ժողովրդավարական», «Ապրելու Երկիր», «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցությունների, ապրիլի 20-ին՝ «Հանրապետություն», ՍԻՄ, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների, ապրիլի 21-ին՝ «Ազգային առաջընթաց», Հայաստանի ժողովրդական կոմունիստական, «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր», «Նոր Դարաշրջան» կուսակցությունների (վերջին երեքը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին երեք տասնյակ պատգամավորների թեկնածուների հաստատման և առաջադրման մասին օրակարգով), ապրիլի 22-ին՝ «Ազգային- ժողովրդավարական բևեռ», «Շանթ Դաշինք» ազգայնական, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունների, իսկ փաստաթղթերի հանձնման վերջին օրը՝ ապրիլի 23-ին, «Ազգային զարգացման գործընթաց» և «Երկիր Ծիրանի» կուսակցությունների համագումարները: Մի շարք կուսակցությունների համագումարներ արդեն տեղի են ունեցել: Հասկանալիորեն որոշ կուսակցություններ կհայտարարեն դաշինքով մասնակցելու մասին և կհաստատեն դաշինքի ցուցակը, սակայն պարզ է, որ առանձին մասնակցողներն էլ քիչ չեն լինի, ինչը նշանակում է, որ բավական մեծ քանակի քաղաքական ուժեր են մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին:

Ի դեպ, երեկ հայտարարվեց, որ «Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Խնդիրը, սակայն, այն է, որ մինչև ապրիլի 13-ը կուսակցության համագումար հրավիրելու մասին ծանուցում չկա, ինչը նշանակում է, որ տասնօրյա ժամկետն անցել է և կուսակցության ցուցակը հաստատելու համար այլևս սահմանված ժամկետում համագումար հրավիրել հնարավոր չի լինի: Միևնույն ժամանակ աչքի է զարնում այն հանգամանքը, որ համագումար են հրավիրել «Շանթ Դաշինք» ազգայնական և «Արժանապատիվ ուղի» կուսակցությունները: Մենք նախորդ համարում նշել էինք, որ այս երկու կուսակցությունների միջոցով կարող է Արման Թաթոյանը ձևավորել դաշինք, որպեսզի մասնակցի «Միասնության թևեր» անունով, ինչը ոմանց գցել էր ցնցումների մեջ: Վերջնական որոշումների մասին պաշտոնապես հայտարարելուն շատ քիչ ժամանակ է մնացել: Իսկ ամեն ինչ հերքելու սովորությանը, ինչպես նաև ամեն տեղ պատվեր փնտրողներին առաջիկայում դեռ առիթ կլինի մանրամասն անդրադառնալ:

Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ունեցվածքը։ Ռուսաստանի Դաշնությունում ծնված և շուրջ 15 տարի վարկային ոլորտում աշխատած Նարեկ Ղուշչյանը Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել 2021 թվականին։

Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է Իջևանի համայնքապետարանում, իսկ ավելի վաղ՝ մինչև հեղափոխությունը, «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ, համաձայն փոխմարզպետի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի, Նարեկ Ղուշչյանն ունի 7 անշարժ գույք՝ 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն և 5 հողամաս։ Նրա գույքերը գտնվում են Տավուշի մարզի Իջևան և Սևքար համայնքներում։
Փոխմարզպետը 2012 թվականից շահագործում է 2006 թվականի արտադրության AUDI մակնիշի ավտոմեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 620 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 35 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 588 հազար դրամ, որից 10 մլն 564 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրություն է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից։ Եկամուտների 8 մլն դրամը ստացված փոխառություն է Կոնվերս Բանկից և Էվոկաբանկից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 մլն 350 հազար դրամ։ Վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 7 մլն 140 հազար դրամ։
Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 181 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 1 մլն 500 հազար դրամ և 33 հազար ռուբլի։ 2021 թվականի տվյալներով՝ Ղուշչյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 972 հազար դրամ։

Նարեկ Ղուշչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Իջևանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։

Ղուշչյանի կինը՝ Աննա Ալիխանյանը, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործառնական տնօրենն է։

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականին Նարեկ Ղուշչյանի անունը շրջանառվում էր երիտասարդի վրաերթի դեպքի առնչությամբ։ Հոկտեմբերի 23-ին Երևանում վրաերթ էր տեղի ունեցել։ Ժամը 16:40-ի սահմաններում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան մի երիտասարդի։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Եզրափակելով՝ Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանի հայտարարագրային, կենսագրական և հանրային դաշտում արձանագրված տվյալները ցույց են տալիս, որ նրա գործունեությունն ու ֆինանսական պատկերը շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ 2024 թվականի հայտարարագրով նա ունի 7 անշարժ գույք, եկամուտներ, վարկային պարտավորություններ և դրամական միջոցներ, որոնք համադրելի են նրա պաշտոնեական գործունեության հետ, իսկ 2021 թվականի տվյալների համեմատությունը ցույց է տալիս ֆինանսական ցուցանիշների փոփոխություն։ Միաժամանակ, Ղուշչյանը ոչ միայն վարչական պաշտոնյա է, այլև ՔՊ Իջևանի տարածքային խորհրդի անդամ, իսկ նրա անունը նախկինում կապվել է նաև վրաերթի դեպքի հետ։ Այս ամբողջությունը ձևավորում է մի պատկեր, որը բնականորեն մնում է հանրային և լրագրողական հետաքրքրության առարկա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Փարիզում տղամարդը 100 եվրոյով շահել է Պիկասոյի՝ 1 միլիոն եվրո արժողությամբ կտավը

Փարիզում Christie’s աճուրդի տան կազմակերպած բարեգործական վիճակախաղի մրցանակը «Կնոջ գլուխը» (Tête de femme) ՝ Պաբլո Պիկասոյի 1941 թվականին թղթի վրա գուաշով նկարված դիմանկարը։ Նկարի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն, սակայն այն կարելի էր շահել՝ գնելով 100 եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս, հաղորդում է DW-ն։

Հաղթողը Փարիզի բնակիչ Արի Հոդարան էր։ Նա պատմել է, որ վիճակախաղի տոմսը գնել է վիճակահանությունից մեկ շաբաթ առաջ՝ պատահաբար իմանալով դրա մասին։ Երբ աճուրդի տունը զանգահարել է նրան և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, նա սկզբում ենթադրել է, որ իրեն զանգողները խաբեբաներ են։

Բուն վիճակախաղը ևս կարելի է հաջողված համարել. ըստ կազմակերպիչների՝ 1 միլիոն եվրո արժողությամբ կտավի վիճակախաղի համար վաճառվել է ավելի քան 120 հազար տոմս՝ 100 եվրո արժողությամբ։ Դա մոտ 11 միլիոն եվրո է հավաքել Ալցհայմերի հիվանդության հետազոտության համար։

«Մեկ Պիկասո 100 եվրոյով» վիճակախաղի տոմսեր առցանց կարող էին գնել ոչ միայն Փարիզի բնակիչները: Գերմանիայում տեղական օրենսդրությունը խոչընդոտել է մրցույթի անցկացմանը: Տոմսերի վաճառքի մեկնարկից կարճ ժամանակ անց վիճակախաղի կայքում հայտնվել է հայտարարություն, որում նշվում էր, որ Գերմանիայի իշխանությունները հրամայել են դադարեցնել տոմսերի վաճառքը երկրում: «Մենք ակտիվորեն աշխատում ենք իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Մինչ այդ, Գերմանիայում գտնվող այցելուները չեն կարող տոմսեր գնել: Դա չի տարածվել արդեն գնված տոմսերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Այս մասին փոխանցում է News.am-ը։

Արման Թաթոյանը կանանց հետ է բանակցում ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, մեզ հասած տեղեկություններով, բանակցություններ է վարում հանրային տարբեր գործիչների հետ՝ նախընտրական ցուցակում նրանց ընդգրկելու առաջարկներով։

Նրանցից մեկը լրագրող Ալիսա Գեւորգյանն է, որը 44-օրյա պատերազմում կորցրեց իր միակ զավակին` Դավիթին, եւ հարգված անձ է լրագրողական դաշտում։ «Միասնության թեւեր»-ում հակված են, որ հենց Ալիսան էլ լինի ցուցակի առաջին կին թեկնածուն։

Բանակցություններ կան նաեւ բանասեր, թարգմանիչ, քաղաքական-հասարակական գործիչ, ԵՊՀ ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի հետ։

Թե ինչ արդյունքներ կունենան այս բանակցությունները, մեր աղբյուրը չհայտնեց։ Թաթոյանը, որը դիրքավորվել է նախկինների եւ ներկաների արանքում, ասում են՝ ջանում է անխոցելի ցուցակ կազմել, որ արդյունքներն էլ գոհացուցիչ լինեն։

ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թեեւ սկսվել է հունիսի 7-ի ընտրությունների առաջադրումների փուլը, սակայն իշխող «Քաղպայմանագրում» դեռ քննարկում են իրենց նախընտրական ցուցակը եւ հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկեն արդեն հրապարակված տարբերակը։ «Անձեռնմխելի» է համարվում առաջին 50 համարը:

Ի դեպ, օրենքի պահանջն է, որ առաջին 30-ը պետք է հաստատվի համագումարում, սակայն վարչությունը որոշել է, որ կարող են 50 համարից հետո գտնվողների միջեւ տեղափոխություններ կատարել։ Երկրորդ 50-յակում փոփոխությունը կարող է անել ՔՊ վարչությունը, իսկ 100-ից հետո որոշել են, որ Փաշինյանը միանձնյա է որոշելու` ով որտեղ լինի։

ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով, շատ հայտնի ՔՊ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ տարբերվում են, այսպես կոչված, առաջատարներից: Մեկը, օրինակ, գործող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն է՝ 96-րդ տեղում, կամ Մարիա Կարապետյանը եւ այլք։

Մեր տեղեկություններով, մինչեւ ապրիլի 17-ը վերջնական տեսքի կբերվի իշխող ուժի ցուցակը։

10 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 16-ին ժամը 09:00-19:00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Արզնի գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սամվել Կարապետյանը սկսել է ՌԴ-ի և Կիպրոսի անձնագրերից հրաժարվելու գործընթացը

Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

«Քանի որ մասնակցում եմ ընտրություններին և վստահ եմ իմ հաղթանակի վրա, որոշել եմ սկսել այս անձնագրերից հրաժարվելու գործընթացը»,- ասել է նա։

Նշենք, որ ՀՀ-ից բացի այլ քաղաքացիություն ունենալը խոչընդոտ է հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։