Ուկրաինայի նախագահը խոսել է Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասին


Հարեվաններ


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը շարունակում է ամրապնդել կապերը նախկին ԽՍՀՄ երկրների հետ՝ առանձնացնելով նաև Հայաստանի և Ադրբեջանի ուղղությունները։

«Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնը վերաբերում է Հայաստանին, որի հետ հարաբերությունները երկարատև դադարից հետո այս տարի առաջին անգամ վերականգնեցինք»,- գրել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ներգրավվածությունը հետխորհրդային երկրների հետ հարաբերություններում նպաստում է այդ պետությունների անկախության ամրապնդմանը, իսկ նման կապերի զարգացումը կարևոր նշանակություն ունի Կիևի համար։



Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի


Հայաստան


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
 
Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 1-10, Հ.Մելքումովի, Ա.Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան եղբայրներ փողոցի, Հալաբյան 22-38 համարների իրենց կոտորակներով, Մարգարյան 7 համարի, Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ Մինասյան


Հայաստան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Սարիկ Մինասյանի կարծիքով՝ Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա, քանի որ այս պահին հանրապետության երկրորդ քաղաքում կառավարման ճգնաժամ է։ Մինասյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ հիասթափված չէ, որ նախորդ ընտրություններին Գյումրու քաղաքապետ չի ընտրվել: Թե արտահերթ ընտրությունների դեպքում ով կլինի ՔՊ թեկնածուն, Մինասյանը նկատել է՝ դրա մասին կխոսեն, երբ հայտնի դառնա Գյումրիում արտահերթ ընտրություն անցկացնելու օրը։

«Արտահերթ ընտրությունները ՀՀ օրենքով ու Սահմանադրությամբ հստակ ամրագրված են ո՛ր դեպքում են իրականանում: Կան մեկ-երկու տարբերակներ, երբ եղան՝ այդ ժամանակ մենք կհայտարարենք: 

Շատ ծանր է, ամենօրյա ռեժիմով գյումրեցիներից ստանում եմ նամակներ, այս տարվա մեկուկես ամսվա ընթացքում որևէ լուրջ հարց չի կարգավորվել, ոչ մի խնդիր չի լուծվել մինչ օրս»,- ասել է Սարիկ Մինասյանը։



Թրամփը Իրանի ղեկավարությանը մեղադրել է «երկերեսանիության» մեջ


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը «երկերեսանի» դիրքորոշում է ցուցաբերում՝ նշելով, որ Թեհրանը մի կողմից պահանջում է հանդիպումներ և մասնակցում բանակցություններին, իսկ մյուս կողմից հայտարարում է, թե որևէ քննարկում չի ընթանում։

«Նրանք խնդրում են հանդիպում, ոմանք՝ աղաչում են դրա համար։ Բանակցությունները սկսվում են, մոտ ապագայում նախատեսվում են նաև նոր հանդիպումներ, սակայն նրանք բացահայտ և հպարտությամբ ասում են, որ ոչ մի քննարկում չեն վարում, ոչինչ չի քննարկվում, և իրենք միայն «Օմանի» հետ են աշխատում»,- գրել է Թրամփը։

Նա նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին՝ հայտարարելով, որ Իրանի հայտարարությունները դրա վերահսկողության մասին չեն համապատասխանում իրականությանը։

«Նրանք ասում են, որ Հորմուզի նեղուցը հզոր կերպով կվերահսկեն, մինչդեռ այն արդեն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի և մեր «շրջափակման» կամ, ինչպես ոմանք են ասում, «Միացյալ Նահանգների պողպատե պատի» կողմից»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ Իրանի հետ քննարկվում է այն խնդրի լուծումը, որի պատճառը, նրա պնդմամբ, Թեհրանն է ստեղծել տասնամյակների ընթացքում։

«Անկախ նրանից՝ Իրանը ցանկանում է դա ընդունել, թե ոչ, մենք իրականում քննարկում ենք լուծում մի խնդրի համար, որը նրանք ստեղծել են տասնամյակներ շարունակ։ Ամեն ինչ շատ պարզ է՝ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։



Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետ


Աշխարհ


Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներն արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ պետական համակարգում աշխատելու հրավերին։ Այս մասին սոցցանցի իր էջում վարչապետը գրել է․
 
«Սիրելի ժողովուրդ․
 
Հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Ուրախ եմ արձանագրել, որ նախաձեռնությունն արժանացել է մեծ հետաքրքրության։
 
Ստացվել է 1141 հայտ։ Դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է։
 
Հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի Կառավարության կադրային բանկ, որտեղ ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ կարիքների հետ։
 
Ծրագրի մեկնարկին նշել էի, որ կադրային բանկում ընդգրկված թեկնածուներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են առաջարկվել պետական կառավարման համակարգում աշխատանքի հնարավորություններ կամ համագործակցության այլ ձևաչափեր։ Պիտի արձանագրեմ, որ այսօր արդեն մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում եմ կայացրել և առաջիկայում կտեսնեք այդ որոշումների դե յուրե իրագործումը։ 
 
Շնորհակալ եմ իմ հրավերին արձագանքած բոլոր թեկնածուներին և հանրությանը՝ այս նախաձեռնությանը ցուցաբերած մեծ աջակցության համար»։ 



Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել


Հարեվաններ


Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտնել է, որ Բալթիկ ծովի վրա ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքին ի պատասխան՝ օդ են բարձրացվել լեհական կործանիչներ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեր հերթապահ կործանիչների զույգը Բալթիկ ծովի վրա՝ Լեբա քաղաքից 60 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, որսացել է ռուսական «Իլ-20» հետախուզական ինքնաթիռը», – հայտնել է Կոսինյակ-Կամիշը։

Միաժամանակ նա ընդունել է այն փաստը, որ Լեհաստանի օդային տարածքի խախտում տեղի չի ունեցել։ Լեհ նախարարը պարզապես պնդել է, որ ռուսական ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել միջազգային օդային տարածքում՝ առանց թռիչքի ծրագրի կամ ակտիվ տրանսպոնդերի։



Կատարվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել է


Հայաստան


Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
 
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ն, քրեական աշխարհում հայտնի Ա.Հ.-ի և Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր հարցը՝ պարտք եղած գումարները չվերադարձնելու հետևանքով առաջացած վեճը լուծելու նպատակով՝ Ա․Հ․-ին հրահանգել է՝ նախկինում քրեական վարույթների շրջանակում Ս.Պ.-ի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցմունքներ տալու համար նրան ճանաչել որպես վարկաբեկված, պատվազուրկ անձ և պատժել։
 
Այդ խոսակցությունից հետո՝ Ա․Հ․-ն բռնություն գործադրելով և կտրելով Ս.Պ.-ի մազերը՝ կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ։
 
Նախաքննության ընթացքում բավարար ապացույցների հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Վ․Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և Ա․Հ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը): 
 
Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
 
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք


Հայաստան


Գեղարքունիքի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 217 հազար դրամ:

Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 8 միլիոն 799 հազար դրամ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցադիմումների քննության շրջանակներում, Ճամբարակ համայնքին են վերադարձվել Դպրաբակ բնակավայրում գտնվող՝ 1.30196 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը և Թթուջուր բնակավայրում գտնվող՝ 2.11669 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը։

Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 23 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 3 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 6 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 մեղադրական դատավճիռ:



7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով


Հայաստան


ՆԳ նախարարությունը 7 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
 
«Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով հանրային հաշվետվողականության և համակարգում ներքին կարգապահության ապահովման հանձնառությամբ, առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների մասին հանրությանն իրազեկմանը։
 
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 680 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
 
Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 162 կարգապահական տույժեր՝ հիմնականում գործառույթները կարգավորող օրենքներով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորություններն իրականացնելիս օրենքը խախտելու և ներքին կարգապահական կանոնները խախտելու համար։
 
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, այդ թվում՝
– հայտարարվել է «նախազգուշացում»` 11,
– հայտարարվել է «նկատողություն»` 86,
– հայտարարվել է «խիստ նկատողություն»` 19,
– hիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով՝ 19,
– «ծառայության դադարեցում»՝ 11։
 
Միաժամանակ, ոստիկանության 11 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11.1-րդ կետերի և 1.2-րդ մասի հիմքերով, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։ 
 
Փրկարար ծառայության փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվել է 3 կարգապահական տույժ, որից 1՝ «նկատողություն», 2՝ «խիստ նկատողություն»։ 
 
Միաժամանակ, 1 փրկարարական ծառայող ազատվել է փրկարար ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի, այն է՝ փրկարարական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։
 
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 6 կարգապահական տույժ, որից 2՝ «նախազգուշացում», 1՝ «նկատողություն», 3՝ «խիստ նկատողություն»։
 
ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողների և աշխատողների նկատմամբ կիրառվել է 5 կարգապահական տույժ, որից 4՝ «նկատողություն», 1՝ «խիստ նկատողություն»։
 
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ են ուղարկվել ծառայողական քննությունների 7 նյութեր, որոնցով նախաձեռնվել է 7 քրեական վարույթ՝ Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Այդ նյութերը պարունակել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման, պաշտոնեական կեղծիքի, խարդախության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու և այլ բնույթի ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներ։
 
Հաշվետու ժամանակահատվածում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 3 նիստ․ քննարկվել են Ոստիկանության 17 և փրկարարական 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 16 նյութեր ու եզրակացություններ:
 
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության և փրկարարական 17 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 6 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» և 11 ծառայողի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը, իսկ ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Samsung-ի նոր անակնկալը | Top-News.am


Գիտություն


Samsung-ը կարող է 2027 թվականին ներկայացնել նոր՝ անսովոր սմարթֆոն, որը, ենթադրաբար, կունենա փաթաթվող (ոլորվող) էկրան։ Ավելի վաղ հարավկորեական լրատվամիջոցները հայտնել էին, որ հաջորդ տարի ընկերությունը կներկայացնի միանգամից ութ ֆլագմանային սարք, այդ թվում՝ չորս ծալվող մոդել՝ Galaxy Z Flip9, Galaxy Z Fold9, Galaxy Z Fold9 Ultra և TriFold 2։

GSMArena-ն նշում է, որ այս տեղեկությունները հիմնված են միայն վաղ արտահոսքերի վրա։ Միաժամանակ պարբերականը հիշեցնում է, որ Samsung Display-ն արդեն արտադրում է փաթաթվող էկրաններ Lenovo-ի որոշ նոութբուքերի համար, ուստի ապագայում նման սմարթֆոնի հայտնվելը չի բացառվում։