Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը


Քաղաքականություն


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ վերջին զարգացումները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում, առաջին հերթին՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուրջ զարգացումները և տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը», – հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հաքան Ֆիդանը նաև շնորհավորել է Էդ Միլիբանդին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։



Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասին


Քաղաքականություն


Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում անդրադարձել է  բուժաշխատողների լիցենզավորման համակարգին:

«Ինչպես գիտեք, օրենքով սահմանվել էր, որ 2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն: Սա չափազանց կարևոր բարեփոխում է, որը նպաստելու է մեր մասնագետների մասնագիտական որակների և, իհարկե, նաև բարեվարքության հետ կապված հարցերը կանոնակարգելու առումով:

Գրեթե անհնար է գտնել մի երկիր, որն ունի զարգացած առողջապահություն, և բժիշկները չեն լիցենզավորվում:

Ես ուզում եմ ասել, որ մենք արդեն իսկ այսօրվանից մեկնարկում ենք ձեզ հետ ակտիվ հաղորդակցությունն այս գործընթացը կազմակերպելու հետ կապված: Առաջիկայում՝ հաջորդ շաբաթ, ես կանցկացնեմ երկու Zoom հանդիպումներ առաջնային օղակի բժիշկների և, իհարկե, հիվանդանոցային օղակի բուժաշխատողների հետ՝ ձեզ ավելի մանրամասն ներկայացնելու՝ ինչպես ենք պլանավորում անցկացնել այս գործընթացը:

Սիրելի բուժաշխատողներ, ես ուզում եմ հենց այս պահից նշել, որ այս աշխատանքները մենք տանելու ենք միասին և հնարավորություն ենք ստեղծելու ձեզ համար՝ իմանալու, պատկերացնելու թափանցիկ կերպով քննական ողջ գործընթացը: Եվ այսօրվանից ես շաբաթը մեկ-երկու անգամ կունենամ կարճ հաղորդագրություններ՝ ներկայացնելու առաջիկա մեր անելիքները, և ինչպես եք պատրաստվելու այս քննություններին:

Ասեմ, որ քննական գործընթացն իրականացվելու է նոր AI տեխնոլոգիաներով՝ թափանցիկ և անկախ ձևաչափով: Նախօրոք հրապարակվելու են բոլոր հարցաշարերը: Հարցաշարերը ունենալու են մասնագիտական հատված և էթիկական և շտապ բժշկական օգնության հատված:

Նախորդ տարի մենք իրականացրինք օրդինատորների սահմանափակ լիցենզավորվման գործընթացը: Այս պրոցեսից բավական հետադարձ կապ ենք ստացել, սովորել ենք, քաղել ենք դասեր, որոնք մեզ օգնելու են հաջորդիվ էլ ավելի պատրաստված լինելու: Անելու ենք ամեն ինչ, որ գործընթացը լինի ձեզ համար հարմար. հնարավորությունը պատրաստվելու և ճիշտ ձևաչափով հանձնելու ապահովելու ենք»,- նշել է նա:



Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ


Հայաստան


Արարատյան դաշտում եւ Երեւանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։

Այսօր, օգոստոսի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարեւելյան եւ արեւելյան` 2-5 մ/վ։

Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ցերեկը կլինի 35- 34, երեկոյան` 30- 32, գիշերը` 22- 24 աստիճան։



Երեւանում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովը


Հայաստան


ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի երկրների Ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային հնգօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Աշխատաժողովին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, փորձագետներ, հյուրեր։

Արփինե Սարգսյանը աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու համար Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությանը՝ ընդգծելով, որ նման ներկայացուցչական կազմը փաստում է համատեղ աշխատանքի և գիտական փորձի փոխանակման հանձնառության մասին։ Նրա խոսքով՝ աշխատաժողովը միջոցառման մասնակիցների համար մասնագիտական նոր հնարավորությունների դաշտ է ստեղծելու։

«Աշխատաժողովը ոչ միայն պայմանագրի արդյունավետ իրականացմանը միտված փորձ է, այլև՝ Հայաստանի Հանրապետության դիմակայության բարձրացման հնարավորություն։ Ուզում եմ փաստել, որ Հայաստանը հավատարիմ է Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման պայմանագրի նպատակներին և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Նշելով, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կարևոր ներդրում ունի միջազգային մշտադիտարկման համակարգում, Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի ներգրավվածությունը վկայում է Հայաստանի՝ ոլորտում ակտիվ դերակատարություն ունենալու պատրաստակամության մասին։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անձնակազմին և գործընկեր կառույցներին՝ միջոցառման կազմակերպման գործում ներդրած ջանքերի և արդյունավետ աշխատանքի համար։

Աշխատաժողովում ելույթներ են ունեցել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի տեխնիկական քարտուղարության ներկայացուցիչ Յասին Շաարին։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կծանոթանան ոլորտի նորարարական լուծումներին, ինչպես նաև սիմուլիացիոն վարժանքների միջոցով կկատարելագործեն մասնագիտական հմտությունները։




DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին


Ավտո


Օգոստոսի 3-ին՝ ժամը 15։54-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման միջոցով «DAF» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։



Մնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. Նեյմար


Սպորտ


Բրազիլիայի հավաքականի և բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը խոսել է իր ապագայի մասին։ Բրազիլիայի ընթացիկ առաջնության ինը խաղում ֆուտբոլիստը խփել է վեց գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

«Չգիտեմ, թե որքան ժամանակ կխաղամ։ Չեմ պլանավորում կանգ առնել, բայց չգիտեմ՝ որքան ժամանակ։ Ես պայմանագիր ունեմ «Սանթոսի» հետ մինչև այս տարվա դեկտեմբեր։ Մտադիր եմ կատարել իմ պայմանները և արժանապատվորեն ներկայացնել ակումբը։ Այնուհետև կմտածեմ, թե ինչ անեմ հաջորդը՝ մնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել։ Իսկապես դեռ չգիտեմ, թե ինչ կանեմ։ Դեկտեմբերը դեռ շատ հեռու է, այնպես որ պետք է խաղ առ խաղ բարելավվեմ։ Ֆիզիկապես լավ եմ զգում՝ սա է գլխավորը», – ասել է Նեյմարը։

Նշենք, որ 34-ամյա հարձակվողը վերադարձել է բրազիլական ակումբ անցյալ տարի։ Բրազիլիայի՝ ԱՄՆ-ում կայանալիք 2026 թվականի աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո նա հայտարարել է ազգային հավաքականից հեռանալու մասին։



Եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար


Հարեվաններ


Շուտով Հայաստանում կսկսվի նոր սահմանադրության ընդունման գործընթացը։ Սա այն ազդանշանն է, որը մենք ստացել ենք այս առումով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմաթ Հաջիևը։

«Հնարավոր է հանրաքվե անցկացվի։ Երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն Հայաստանի սահմանադրության նախաբանից, մենք որևէ խնդիր չենք տեսնում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում», – ընդգծել է Հիքմաթ Հաջիևը։

Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը լրջորեն անհանգստացրել է Ադրբեջանին։ Եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար, և այս հարցը միշտ էլ կարմիր գիծ է եղել մեզ համար։ Հենց որ այս հարցը ծագեց, Ադրբեջանը, նախագահի հանձնարարությամբ, սկսեց ինտենսիվ դիվանագիտական ​​գործունեություն։ Մենք նաև մեր ուղերձները փոխանցեցինք իսրայելական կողմին, որ նման որոշումը, առաջին հերթին, անարդար է, չի արտացոլում պատմական իրականությունը, և մենք այն ճիշտ չենք համարում։ Դրական կողմն այն է, որ իսրայելական կողմը նույնպես լուրջ ընդունեց Ադրբեջանից ստացված այս ուղերձները։ Մենք կարծում ենք, որ հետագա առաջընթացը կանխվեց։ Մեր կարծիքով, սա կլիներ լիովին անարդար քայլ, որը ոչ մի կերպ չի արտացոլում պատմական իրականությունը», – ընդգծել է Հիքմաթ Հաջիևը։



ԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայում


Հարեվաններ


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային զգուշացրել է, որ ԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռեզային նշել է X-ի գրառման մեջ։ «Եթե շրջափակումը շարունակվի, ամերիկյան նավերն ու ուժերը կկանգնեն լուրջ ռիսկերի և կորուստների վտանգի առաջ։ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը, հակառակ դեպքում մենք դա չենք հանդուրժի։ Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ միջանցքի բացումը Հորմուզի նեղուցում»,- նշվել է գրառման մեջ։

ԱՄՆ-ն վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը հուլիսին՝ դրան զուգահեռ հարվածներ հասցնելով Իրանին։ Ի պատասխան՝ Իրանն իր հերթին թիրախավորել է Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտները։Կողմերը միմյանց մեղադրել են ստորագրված հուշագիրը խախտելու մեջ։ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը շարունակում են պահպանել շրջափակումը։

«ԱՄՆ ուժերը շարունակում են խստորեն պահպանել Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումը։ Օգոստոսի 3-ի դրությամբ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը փոխել է 44 առևտրային նավի երթուղին, շարքից հանել 2 նավ և ստուգման նպատակով բարձրացել ևս 2 նավի վրա»,- նշվել է X-ում Կենտրոնական հրամանատարության գրառման մեջ։



ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայացած նիստում որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50 տոկոս։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.00%, բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

Նշվում է, որ օգոստոսի 4-ին, ժամը 18։00-ին Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության զեկույցը և դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը։

Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին


Հայաստան


Շարունակվում ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը: Նիստը վարողի իրավունքով ելույթ ունեցավ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մեղադրանքներին՝ կապված Մարտի 1-ի իրադարձությունների հետ:
 
Նրա խոսքով՝ պատգամավորը խոսում էր իրադարձությունների մասին, որին մասնակցել են դահլիճում գտնվողներից շատերը: «Պարո՛ն Քոչարյան, ես միշտ ինձ մի փոքր վատ եմ զգում ձեր ներկայությամբ կամ ձեզ հետ հեռակա զրուցելիս, ձեր հոր մասին խոսելիս, որովհետև աշխարհի ամենահաճելի բանը չէ որդուն ասել՝ գիտես՝ ես համարում եմ՝ քո հայրը վատ քաղաքական գործիչ է կամ վատ մարդ և այլն, բայց ես ստիպված եմ դա անել, բայց ես ստիպված եմ դա անել բացառապես էն պատճառով, որ դուք պատգամավոր եք, քաղաքական գործիչ եք և այստեղ եք»,- ասաց Ռուբինյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին:
 
Նրա խոսքով՝ Լևոն Քոչարյանը խոսում է Մարտի 1-ի մասին ու երևի հույս ունի՝ երիտասարդները, որոնք չեն ապրել այդ օրերին, պետք է լսեն ու հավատան իրեն: «Ես չեմ բացառում, որ դուք, այն ժամանակ լինելով երիտասարդ և ձեր հոր որդին, այսպես ասած, իրականությունը լավ չեք տեսել կամ ձեր տանը էն ժամանակ Հ1-ն է միացած եղել, այն ժամանակ էլ «Հայլուրով», բոլորս գիտենք՝ ինչ են ցույց տվել, և դուք դրան եք հավատացել: Ես դա չեմ բացառում: Իշխանությունը տենց հատկություն ունի՝ մարդուն իրականությունից կտրելու»,- նշեց ԱԺ նախագահը՝ ներկայացնելով 2008-ի մարտի 1-ի առավոտյան ժամը 06.00-ի դեպքերը: 
 
Նրա խոսքով՝ առավոտյան այդ ժամանակ մարդիկ եղել են քնած: «Միակ բանը, որ արել են, քնելն է եղել կամ խռռացնելը: Հատուկջոկատայինները եկել են ու սկսել են դուբինկաներով բոլորին ծեծել: Մարդիկ փախել են, հետևներից լարելով ծեծել են մարդկանց: Հիմա խնդրում եմ ինձ ասել՝ այդ մարդիկ ի՞նչ էին արել»,- դիմելով պատգամավորին՝ հավելեց Ռուբինյանը՝ տեղի ունեցածը խնդրելով համեմատել վերջին տարիների իրադարձությունների հետ: 
 
Նրա խոսքով՝ վերջիններս քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում են նորմալ: «Սա խնդիր է, պարո՛ն Քոչարյան: Ու հետո էլ դնում եք ձայնագրություն, ուր Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրերը վերցրեք, որ պաշտպանվեք: Իհարկե, պետք է իրերը վերցնեն, որ ինքնապաշտպանվեն: Բա դրանից մի քանի ժամ առաջ հատուկջոկատայինները հարձակվել էին մարդկանց վրա: Բա ի՞նչ էիք ուզում. պա՞րզ չէր, որ պետք է բարիկադավորվեն: Ձեր հորից էին պաշտպանվում»,- հայտարարեց Ռուբինյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին: