Վթարային ջրանջատում Մարալիկ քաղաքում | Top-News.am


Հայաստան


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 5-ին՝ ժամը 10:45-18:00-ն, կդադարեցվի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը


Քաղաքականություն


Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին 2026թ. մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել  ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացմանն ուղղված ջանքերը:

Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 4-ին ստորագրել են Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրությունը ստորագրել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անիի կամրջի վերականգնման հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպման շրջանակներում։




Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասին


Աշխարհ


Իսրայելի զինվորականները հայտարարել են Հարավային Լիբանանի Սարբին գյուղում տասնյակ մետրեր ձգվող ստորգետնյա թունելի ոչնչացման մասին, որն, ըստ նրանց պնդման, օգտագործվել է «Հեզբոլահ» շարժման կողմից՝ զինծառայողների դեմ հարձակումներ նախապատրաստելու և իրականացնելու համար։

Բացի այդ, Իսրայելի զինված ուժերը տարածաշրջանում հայտնաբերել են զենքի պահեստ՝ հրթիռներով ու արձակման կայանքներով, ինչպես նաև տասնյակ այլ տեսակի սպառազինություն, այդ թվում՝ հակատանկային հրթիռներ, Կալաշնիկովի ինքնաձիգներ և մարտական ​​այլ սարքավորումներ:




Բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումը


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմային ֆոնի էական բարձրացում:

 

Սպասվող բարձր ջերմաստիճանի հետևանքով հրդեհների ու պայթյունների առաջացման ռիսկի կտրուկ աճով պայմանավորված ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է բնակչությանը ցուցաբերել առավելագույն զգոնություն:

 

«Առանձնակի ուշադրություն և խստագույն վերահսկողություն է պահանջվում հատկապես պայթյունավտանգ օբյեկտների տարածքում, մասնավորապես՝ ավտոգազալիցքավորման (ԱԳԼՃԿ) և ավտոբենզալիցքավորման (ԱԲԼԿ) կայաններում:

 

Տեսչական մարմինը հորդորում է նշված տնտեսվարողներին, պատասխանատու անձանց և քաղաքացիներին․

  • ցուցաբերել բարձր իրավագիտակցություն և առավելագույն զգոնություն տնտեսվարող սուբյեկտների տարածքում,
  • խստագույնս վերահսկել գազալցակայանների և բենզալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների անշեղ պահպանումը,
  • բացառել ծխելու, բաց կրակի օգտագործման կամ կայծ առաջացնող ցանկացած գործողության դեպք,
  • ապահովել տարածքների ամենօրյա հսկողությունը և անհրաժեշտ տեխնիկական/հակահրդեհային միջոցների սարքինությունը։

Տեղեկացնում ենք, որ քաղաքացիներից ստացվող ահազանգերն ու բողոքները հիմնականում վերաբերում են լցակայանների տարածքում քաղաքացիների կողմից անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը՝ մասնավորապես ծխելու դեպքերին։

 

Ուստի բոլոր պատասխանատուներին, քաղաքացիներին հորդորում և խնդրում ենք չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր արտակարգ պատահարներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։

 

Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն՝ դրանով իսկ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

 


Եվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպում


Աշխարհ


Bloomberg գործակալության տվյալներով՝ անցյալ ամիս եվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպում՝ ուղղված Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։

Ոչ պաշտոնական այս բանակցություններին մասնակցել են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի բարձրաստիճան նախկին դիվանագետներ, մինչդեռ Կրեմլի ներկայացուցիչների անունները չեն հրապարակվում, իսկ մասնակից պաշտոնյաները հանդիպումը պաշտոնապես չեն հաստատել։

Չնայած նման փորձագիտական շփումները կրում են մասնավոր բնույթ և նպատակ ունեն մշակելու հնարավոր լուծումներ, Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ դրանք որևէ իրական նշանակություն չունեն պատերազմի ավարտի համար, քանի որ Կիևը որևէ մեկին չի լիազորել նման բանակցություններ վարել։



Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․


Տեսանյութեր


Օգոստոսի 4-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)՝ Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիին և Հայաստանում JICA-ի ծրագրի համակարգող Ռուզան Խոժիկյանին։

Արամ Ղազարյանը կարևորել է JICA-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը նշանակալի ներդրում են ունեցել ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական վերազինման, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և աղետների ռիսկի կառավարման համակարգի կատարելագործման գործում։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գոհունակությամբ արձանագրել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ճապոնիայի բազմամյա փորձը։

Քննարկվել են Փրկարար ծառայության տեխնիկական համալրման, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը վերահաստատել են գործընկերությունն առավել ամրապնդելու և թիրախային ուղղություններով համատեղ նախաձեռնությունները շարունակելու պատրաստակամությունը։

https://www.youtube.com/watch?v=tB_tQN88Wvw





Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան


Քաղաքականություն


Շարունակվում է ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը, որի ընթացքում ելույթ ունեցավ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, որում նա վարչապետին մեղադրում էր մարտի 1-ի համար:
 
Նրա խոսքով՝ դա շատ տարօրինակ էր այն առումով, որ մարտի 1-ին Լևոն Քոչարյանը երիտասարդ տղա է եղել, ոչ թե 7-ամյա երեխա: «Ինքն ամեն ինչից պետք է տեղյակ լիներ թե՛ ընտանիքում, թե՛ փողոցում և ընդհանրապես մարտիմեկյան դեպքերի հետ կապված: Եթե նույնիսկ տեղյակ չի եղել, այս տարիների ընթացքում իր ժանրի մեջ բացառիկ մի ֆիլմ է նկարահանվել փաստահավաք խմբի զեկույցի և նկարահանումների հիման վրա: Դա «Կորսված գարունն» է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
 
Նրա խոսքով՝ առավոտյան 06:00-ին տեղի ունեցած բիրտ գործողությունները որակվել են որպես քննչական գործողություններ՝ մոռանալով, որ ըստ օրենքի՝ քննչական գործողությունները պետք է տեղի ունենան ժամը 07:00-ից հետո: 
 
Քոչարյանի խոսքով՝ հետո պարզվեց, որ այդ գործողությունները նկարահանել են, և այդ նկարահանողների ժամը ֆիքսված էր, և այդտեղ առաջին խախտումներն էին, բայց որպեսզի դա կարողանան փաթեթավորել, տեղի են ունեցել խարդավանքների հսկայածավալ գործողություններ:
 
«Եվ հիմա ՄԻԵԴ-ի որոշման մեջ արձանագրումներ կան 5 զեկույցներից, որոնք անշրջելի զեկույցներ են, որոնց մեջ ներառված են եղել ներքին զորքերի սպա՝ կապիտան Համլետ Թադևոսյանի հանգամանքներից սկսած մինչև անօրինական զինված խմբավորումների ստեղծումը, 0038 հրամանը»,- ասաց պատգամավորը՝ ներկայացնելով՝ ինչպես է եղել, որ այդ գործողությունները կապվում են Ռոբերտ Քոչարյանի ոչ միայն կառավարման, այլև իր անձի հետ: Նրա խոսքով՝ փաստահավաք խմբի ձեռքին է հայտնվել 0038՝ խիստ գաղտնի հրամանը, որից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած խորհրդակցության արդյունքում զինված ուժերը ստացել են առաջադրանք, թե մարտի 1-ին ինչով պետք է զբաղվեն:
 
Պատմական ակնարկ կատարելով՝ ներկայացրեց, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրել Ռոբերտ Քոչարյանին Հայաստան և նշանակել վարչապետ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի: «Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանը սխալվեց: Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ո՛նց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից: Դա ակնհայտ էր»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:
 
Նա անդրադարձավ նաև Հայաստանում իրար հաջորդող քաղաքական սպանություններին: «Տեղի էին ունենում սպանությունների տարօրինակ փաթեթավորումներ»,- ասաց նա:
 
Անդրանիկ Քաչարյանը ներկայացրեց, թե ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին ու դրանից հետո՝ ունեցվածքի բաժանում, մանկապարտեզների սեփականաշնորհում: «Բայց չէ՞ որ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին հրավիրել էր, որ լուծեր խաղաղության խնդիրը: Խաղաղության խնդիրը չլուծվեց, որովհետև խաղաղություն պետք չէր, իշխանություն էր պետք: Այդ իշխանության խնդիրը հոկտեմբերի 27-ով լուծվեց»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:
 
Պատգամավորը շեշտեց նաև՝ այս օրերին համոզվել է՝ «Հայաստան» խմբակցության փաստացի տեղապահը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը, քանի որ հենց նա է արձագանքում այն մեղադրանքներին, որոնք կապված են իր հոր կառավարման տարիների հետ:



Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ


Հայաստան


Արագածոտնի մարզում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 11 միլիոն 186 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
 
Արագածոտնի մարզի դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ:
 
Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:



Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը


Աշխարհ


Եվրոպայի երկրորդ ամենաերկար գետի՝ Դանուբի ջրի մակարդակը երաշտի պատճառով այնքան է իջել, որ տեսանելի են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակված տասնյակ գերմանական ռազմանավերի կմախքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

10 երկրի տարածքով հոսող Դանուբ գետի ջրի ռեկորդային ցածր մակարդակը նաև էլեկտրակայաններին կանգնեցրել է փակման եզրին. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կառավարությունները քայլեր են ձեռնարկում էլեկտրաէներգիան խնայելու համար։

Սերբական Պրահովոյի նավահանգստի մոտ այժմ երևում է նավի ժանգոտած կմախքը՝ կոտրված կայմի հետ միասին, որի վրա ժամանակին ծածանվում էր նացիստական Գերմանիայի ​​դրոշը։

Նավերը, որոնցից մի քանիսը դեռևս բեռնված են զենքով, պատկանում էին նացիստական ​​Գերմանիայի Սևծովյան նավատորմին։ Գերմանացիները միտումնավոր խորտակել են այդ նավերը, երբ նահանջում էին Ռումինիայից, իսկ խորհրդային ուժերն ավելի էին առաջանում դեպի Եվրոպայի խորքեր։

Պատմաբանները նշում են, որ 1944 թվականի սեպտեմբերին Դանուբի կիրճում գտնվող Պրահովոյի մոտ շուրջ 200 գերմանական ռազմանավ է խորտակվել, երբ դրանք հայտնվել են խորհրդային զորքերի կրակի տակ։ Նավերի միտումնավոր խորտակման նպատակն էր դանդաղեցնել Բալկաններում խորհրդային զորքերի առաջխաղացումը։

Ըստ The Associated Press-ի՝ հին ռազմանավերի տեսարանը հիշեցնում է, որ Սերբիայի կառավարությունը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ վաղուց փորձում էր ինչ-որ բան անել դրանց հետ կապված։ Որոշ նավեր գետից հեռացվել են կոմունիստական ​​Հարավսլավիայի իշխանությունների կողմից, բայց մեծ մասը մնացել է դրանցում գտնվող պայթուցիկների պատճառով։

Երկրների կառավարությունները փորձում են պահպանել նավագնացությունը Դանուբ գետով, մինչ ջրի մակարդակի անկումը ստեղծում է վտանգավոր պայմաններ:



Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. Եղոյան


Քաղաքականություն


Համոզված եմ, որ ոչ խոյեցի մեկը Իրանի դեսպանին չի ասի՝ Խոյն իմ հայրենիքն է, ջավախեցի մեկը Վրաստանի դեսպանին չի ասի՝ Ջավախքն իմ հայրենիքն է: Շատ-շատ նուրբ, շատ զգույշ կլինեք դուք բոլորդ, մենք էլ, ի դեպ: Բայց Թուրքիայի հետ հարաբերություններում դուք զգույշ չեք՝ Մուշ, Արդահան, Կարս, Ադանա…, ինչքան խոսքը կտրում է, կարող է գնալ: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 5-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արամ Եղոյանը:

«Ո՞րն է սրա պատճառը: Պատճառը հետևյալն է, որ Ռուսաստանի տեսանկյունից Հարավային Կովկասում ՀՀ-ի համար սահմանված դերի մեջ չի մտնում Իրանի ու Վրաստանի հետ պրոբլեմ ունենալը: Ռուսաստանի տեսանկյունից իր պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ: Դրա համար դուք (մե՛նք էլ չենք ասի, բայց մենք այլ պատճառով չենք ասի, դուք՝ այլ պատճառով) չեք ասի, որովհետև դա էդ ճարտարապետության մասը չէ: Իսկ Թուրքիայի հետ, խնդրե՛մ, ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի, կզանգեն, մենք կարող ենք լինել միջնորդ, մենք բերենք քարտեզներ, մասնագիտական էս-էն-էն:

Իսկ Իրանի հետ հարաբերություններում երաշխավորի կարիք չկա, որովհետև այդտեղ իրենք այլ հարաբերություններ ունեն, իսկ Թուրքիայի հետ՝ այլ հարաբերություններ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արման Եղոյանը ընդդիմադիրների կողմից քննադատության էր ենթարկվել, երբ իր ելույթներից մեկի ժամանակ, անդրադառնալով ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական տարածքների պատկանելության վերաբերյալ քննարկումներին, նշել էր. «Երբ գա վրաստանցի պատգամավոր, ասի՝ Տաշիրն իմ հայրենիքն է, որովհետև այսինչ թվականին եղել է Վրացական թագավորության մաս, ի՞նչ կասեք։ Ո՛չ, Լոռին հայկական է, որովհետև ՀՀ-ի մեջ է։ Բա ձեզ թվում է՝ գնաք թուրքերին ասեք՝ Ադանան մեր հայրենիքն է, եթե անգամ ցույց էլ չտան, ի՞նչ պիտի անեն, մտածեն։ Ձեզ թվում է՝ մենակ մե՞նք ունենք պատմական պետություններ, մյուս ազգերը չե՞ն ունեցել պատմական պետություններ»։