Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում․ ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից


Մշակույթ


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» ազդարարում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 2026 թվականի մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Նախաձեռնությունը տարեցտարի ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում, քանի որ մշակութային կրթություն ստանալու ցանկություն ունեցող հատուկ կարիքով երեխաների թիվն աճել է, ինչը ենթադրում է մանկավարժների պատրաստվածության նոր մակարդակ։

Ծրագիրը նպատակ ունի մանկավարժներին փոխանցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու մեթոդական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել հավասար և որակյալ կրթական միջավայր։

Այս տարվա ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից, որտեղ ապրիլի 13-18-ը կանցկացվեն մասնագիտական դասընթացներ՝ ուղղված մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մանկավարժների հմտությունների զարգացմանը։

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» 2026 թվականի ծրագիրը կընդգրկի նաև Վայոց ձորի, Արմավիրի, Սյունիքի մարզերն ու Երևանը։ Տեսական և գործնական դասընթացների իրականացմանը, ինչպես նաև մասնագիտական դասալսումներին իրենց անմիջական մասնակցությունը կունենան հայաստանյան 6 առաջատար մասնագետներ և 3 փորձագետներ արտերկրից։ Շուրջ 20 ուսումնական հաստատությունների ավելի քան 180 մանկավարժներ ձեռք կբերեն ներառական դասավանդման նոր կարողություններ՝ նպաստելով կարծրատիպերի վերացմանը և յուրաքանչյուր երեխայի ստեղծագործական ներուժի լիարժեք բացահայտմանը։

Միջազգային փորձի և նոր մեթոդների ներգրավումը հնարավորություն կտա մանկավարժներին ծանոթանալ ներառականության ոլորտի լավագույն փորձին և ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Դասընթացների ընթացքում առանձնահատուկ տեղ է հատկացվելու նաև մասնագիտական քննարկումներին։



Գյումրիում 27 նոր սոցիալական բնակարան կկառուցվի․ ովքեր կօգտվեն ծրագրից


Բիզնես


Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի հետ եղել է Գյումրու Լիսինյան 15 շենքում։ Կառավարության որոշմամբ շենքն հատկացվել է հիմնադրամին՝ սոցիալական բնակարաններ կառուցելու նպատակով։ Ծրագրով նախատեսվում է ընդհանուր 1 մլն 200 հազար դոլար գումարի շրջանակներում 27 բնակարանների կառուցում։ Այս մասին հայտնում է մարզպետի աշխատակազմը։

 

Դավիթ Առուշանյանն ու Փիթեր Աբաջյանը քննարկել են շինաշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։ Հիմնադրամի տնօրենը մարզպետի հետ զրույցում վստահեցրել է, որ բնակարանները շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ։

 

Սոցիալական բնակարանները կհատկացվեն միայնակ, անժառանգ, տնակում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, որոնք մինչ այժմ չեն օգտվել պետական աջակցությունից։ Ծրագրի շրջանակներում «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը շենքի առաջին հարկում հիմնելու է արտադրական և ուսումնական կենտրոն` ստեղծելով նոր աշխատատեղեր:





Գազամատակարարման դադարեցում՝ Օձուն բնակավայրում | Top-News.am


Հայաստան


Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

 

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։



Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար․ կան դժվարանցանելի ճանապարհներ


Ավտո


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։

 

Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

 

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

 

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



Դեսպան Գևորգյանն ու Խավիեր Ռամիրեսը ՀՀ-Պարագվայ զբոսաշրջության զարգացման և խթանման հետ կապված հարցեր են քննարկել


Քաղաքականություն


Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Զբոսաշրջության ազգային քարտուղարության՝ SENATUR-ի Զբոսաշրջության կառավարման գլխավոր տնօրեն Խավիեր Ռամիրեսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման և խթանման հետ կապված մի շարք հարցեր։



Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված 22 վագոն


Բիզնես


Ադրբեջանն ապրիլի 14-ին Հայաստան կուղարկի դիզելային վառելիքով բեռնված 22 վագոն։

 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`  Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի պարարտանյութ տեղափոխող չորս վագոն։



ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները


Քաղաքականություն


ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի հիմնական նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի շուտափույթ ուժի մեջ մտնելու կարևորությունը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ միջազգային հումանիտար իրավունքը լիովին և առանց բացառության տարածվում է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական ​​բանականությամբ գործող և ինքնավար գործառույթներ իրականացնող համակարգերի վրա։

Հայաստանը ընդգծել է նաև ռազմական ոլորտում արհեստական բանականության համակարգերի մշակման, տեղակայման և կիրառման գործում մարդկային ներգրավվածության ապահովման կարևորությունը։



Իրանի ծովային շրջափակմանը մասնակցում է ավելի քան 15 ամերիկյան ռազմանավ

Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի՝ գործողությանն աջակցելու համար տեղակայվել է ավելի քան 15 ամերիկյան ռազմանավ, գրում է  The Wall Street Journal-ը:

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ Պարսից ծոցի կամ Օմանի ծովի ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի, եթե իր նավահանգիստները սպառնալիքի տակ լինեն: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ Հորմուզի նեղուցին ռազմանավերի ցանկացած մոտեցում հրադադարի խախտում կհամարվի:

Պակիստանի վարչապետ Շարիֆը հայտարարել է, որ երկշաբաթյա հրադադարը դեռևս ուժի մեջ է, և որ ջանքեր են գործադրվում ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա չկարգավորված հարցերը լուծելու համար, երբ բանակցությունները ավարտվեցին առանց համաձայնագրի:

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ չեն մասնակցի շրջափակմանը:

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում


Քաղաքականություն


Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

 

Ծրագրված են հանդիպումներ ԵՄ գործընկերների, այդ թվում՝ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։



Ապրիլի 14-ին մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան․ Հայհիդրոմետ


Հայաստան


Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է  0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է   -1․․․-2 աստիճան ցուրտ:

 

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։