Բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին


Ապրիլի 22-ին՝ ժամը 16-ին, 112 ծառայություն զանգահարած Արարատի մարզի բնակիչը հայտնել է, որ տուն վերադառնալով՝ նկատել է այն տակնուվրա արված ու թալանված։

 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացում են, որ դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ առավոտյան 10։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր։

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին։ Գողության պատրանք ստեղծելու համար նա խառնել էր տան իրերը, իսկ հափշտակված ոսկեղենը վաճառել էր Երևանում՝ ստանալով 5300 դոլար և 14000 դրամ։

 

Նախաքննությունը շարունակվում է։


ԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը


Քաղաքականություն


ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ձայների 46-51 հարաբերակցությամբ հինգերորդ անգամ մերժել է օրինագիծը, որով պետք է սահմանափակվեին Իրանի դեմ պատերազմ վարելու՝ նախագահ Թրամփի լիազորությունները:

Բանաձևը պահանջում էր, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն հակամարտությունից, մինչև Կոնգրեսը չհաստատի հետագա գործողությունները: Ձայները բաժանվել են հիմնականում ըստ կուսակցության. դեմոկրատները կողմ են քվեարկել, հանրապետականները՝ դեմ:

Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը հայտարարել է, որ բանաձևն ամեն շաբաթ քվեարկության կդրվի, մինչև հանրապետականները ողջամիտ չգտնվեն և չօգնեն վերջ դնել պատերազմին:



Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը


Հարեվաններ


Ապրիլի 22-ին Կիպրոսում տեղի են ունեցել ՀՀ-Կիպրոս երկկողմ և ՀՀ-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։ 

 

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության զարգացման ընթացքը։

 

Խորհրդակցությունների արդյունքում երեք երկրների միջազգային ռազմական համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ստորագրել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը։



Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերի հասանելիություն ձեռք բերելու և դիտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 1 անձի մասով: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Գ.-ն 2025 թվականի մարտի 4-30-ն ընկած ժամանակահատվածում Տելեգրամ հեռահաղորդակցման հավելվածում իրեն պատկանող օգտահաշվի միջոցով Մ.Բ.-ի հետ վարել է նամակագրություն, նրանից ստացել՝ հասանելիություն է ձեռք բերել և դիտել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:

Ա․Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերի հասանելիություն ձեռք բերելը կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը կամ մանկական պոռնոգրաֆիա դիտելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Մ.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է դեռևս 2025 թվականի մայիսին»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է


Սպորտ


Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

 

Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 88 կգ քաշային ծանրորդները:

 

Հայաստանի հավաքականից Ռաֆիկ Հարությունյանը պոկել է 160 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 195 կգ: Երկամարտի 355 կգ արդյունքով` Հարությունյանը ԵԱ-ում 7-րդն է:



Անօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմաց

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործմամբ՝ 42 հազար ԱՄՆ դոլար գումարի դիմաց կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի ելքը Հայաստանի Հանրապետությունից, օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի կողմից «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի թույլտվության ստացումը։ 

Այնուհետև, Ա.Ա․-ի, Կ.Ե․-ի և Հ.Թ․-ի կազմակերպմամբ Ս.Յ․-ն և Ա.Յ․-ն ԱՄՆ հասնելու նպատակով մեկնել են Իտալիա, այնուհետև՝ Բրազիլիա, Պանամա, Նիկարագուա, Հոնդուրաս, Գվատեմալա, Մեքսիկա։ Վերջիններս Մեքսիկայից 4–րդ փորձից միայն կարողացել են մուտք գործել ԱՄՆ, որտեղ ամիսներ շարունակ մնալով տարբեր քրեակատարողական հիմնարկներում՝ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում Ա.Ա.-ի, Կ.Ե.-ի և Հ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօրինական միգրացիայի կազմակերպումը): 

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ վերջիններս նախկինում նույնպես կատարել են նույնաբնույթ հանցանքներ, մասնավորապես՝ Հ.Թ․-ն նախաքննության փուլում գտնվող այլ քրեական վարույթով, իսկ Ա.Ա․-ն և Կ.Ե․-ն՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործով ունեն մեղադրյալի կարգավիճակ։

«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք՝ անօրինական միգրացիայի զոհ չդառնալու համար զերծ մնալ գումարի դիմաց կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ՝ ԱՄՆ կամ այլ երկրներ մեկնելու խոստումներ տվող անձանց դիմելուց և այդ եղանակով մեկնելու փորձերից: 

ՀՀ իրավապահ մարմինները մշտապես հետևողական աշխատանքներ են տանում նմանատիպ դեպքերի բացահայտման և հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,– նշվում է հաղորդագրությունում։

2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ով


Բիզնես


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2026 թ. հունվար-մարտին համեմատած 2025-ի հունվար-մարտի հետ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ով, դեպի ԱՄՆ աճել է 13%-ով, դեպի Չինաստան աճել է 2,3 անգամ։



Տեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա


Քաղաքականություն


Իսրայելը Լիբանանի հարավում օկուպացրած հատվածներում քանդում է տները՝ նշելով, որ դրանք «Հըզբոլլահի» համար ծառայում էին որպես առաջապահ դիրքեր: Սակայն քանդման աշխատանքներն այնպիսի մեծ ծավալներ են ստացել, որ Լիբանանի իշխանությունները և ՄԱԿ-ի խաղաղապահները մտահոգված են, որ տեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա:

Ապրիլի 23-ին իսրայելական կողմի հետ Վաշինգտոնում նախատեսվող բանակցությունների ժամանակ լիբանանցի պաշտոնյաները կարող են բարձրացնել այս հարցը: Ապրիլի 17-ին կողմերի միջև տասնօրյա հրադադար է հաստատվել, սակայն այս ընթացքում հարվածները շարունակվել են: Իսրայելի հարձակումից Լիբանանի հարավում կին լրագրող է զոհվել, նրա գործընկերը վիրավորվել է: Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը լրագրողների թիրախավորումը և նրանց մոտ փրկարար խմբերի մուտքը խոչընդոտելը որակել է պատերազմական հանցագործություն:

Մարտի 2-ին Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հակամարտության մեկնարկից ի վեր Լիբանանում իսրայելական հարվածներից ավելի քան 2400 մարդ է զոհվել:



Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ


Սպորտ


Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանն արծաթե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 60 կգ քաշայինների եզրափակչում Աղաջանյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների պայքարին, զիջել է Սերբիայի ներկայացուցիչ Գեորգի Տիբալովին՝ 2:2 հաշվով ավարտելով գոտեմարտը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Վճռորոշ գոտեմարտում աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիրը 5:3 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ:

Մ20 տարեկանների աշխարհի 2025 թվականի առաջնության հաղթող Գասպար Տերտերյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել մեծահասակների պայքարում իր առաջին մրցաշարում: Վճռորոշ գոտեմարտում 72 կգ քաշային հայ ըմբիշը հաղթել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Լյավոնչուկին:



Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ


Սպորտ


Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանն արծաթե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 60 կգ քաշայինների եզրափակչում Աղաջանյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների պայքարին, զիջել է Սերբիայի ներկայացուցիչ Գեորգի Տիբալովին՝ 2:2 հաշվով ավարտելով գոտեմարտը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Վճռորոշ գոտեմարտում աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիրը 5:3 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ:

Մ20 տարեկանների աշխարհի 2025 թվականի առաջնության հաղթող Գասպար Տերտերյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել մեծահասակների պայքարում իր առաջին մրցաշարում: Վճռորոշ գոտեմարտում 72 կգ քաշային հայ ըմբիշը հաղթել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Լյավոնչուկին: