Աշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն


Քաղաքականություն


Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով առաջացած նավթի և գազի ճգնաժամը «ավելի լուրջ է, քան 1973, 1979 և 2002 թվականների ճգնաժամերը միասին վերցրած»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Le Figaro-ին ասել է Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։ «Աշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում», – ասել է նա ապրիլի 7-ին ֆրանսիական թերթում հրապարակված հարցազրույցում։

Նա նշել է, որ եվրոպական երկրները, ինչպես նաև Ճապոնիան, Ավստրալիան և այլ երկրներ, կտուժեն, բայց առավել մեծ ռիսկի են ենթարկվում զարգացող երկրները՝ տուժելով նավթի և գազի գների բարձրացումից, սննդամթերքի գների բարձրացումից և գնաճի ընդհանուր արագացումից։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան՝ Իրանը գործնականում արգելափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որով պարբերաբար անցնում է աշխարհի նավթի և գազի մոտ 20%-ը, ինչը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում։



Երևանի 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներ


Հայաստան


Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներ, որոնք վարում են բուհերի այն ուսանողները, ովքեր ազատորեն տիրապետում են այդ լեզվին և նախապես անցել են համապատասխան վերապատրաստում։

Մասնակցությունը համայնքի երեխաների համար անվճար է: Գործարկված ակումբներում ներկայում ընդգրկված է միջին և ավագ դասարանների՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 սովորող:

Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը՝ նախատեսվում է ակումբների ցանցի մեծացում»։



Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում


Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող մատուռի մոտ։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-103» տիպի ինքնաձիգ, «ՏՕԶ» տիպի հրացան, երկփողանի կարճեցված փողով հրացան, ատրճանակ, «Ֆ-1» տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփուշտներ, սվին-դանակ և զինվորական պարագաներ։

 

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում նույնպես ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնման դեպք է գրանցվել։ Ոստիկանություն զանգած քաղաքացին Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում գտնվող աղբյուրներից մեկի մոտ էր թողել զենք-զինամթերքը։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են որսորդական ողորկափող հրացան, 16 մմ տրամաչափի ինքնաշեն հրազեն և տարբեր տրամաչափի 227 փամփուշտ։

 

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Մեղրիի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։

 

Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Ագարակ-Կարճևան ճանապարհի հարակից տարածքում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 341 փամփուշտ։

 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:


Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի


Քաղաքականություն


Ֆինանսական կորուստների և ռազմական ծախսերի վերաբերյալ Financial Times-ի վերջին տվյալների համաձայն՝ Իրանի դեմ պատերազմը Միացյալ Նահանգների համար օրական հարյուրավոր միլիոն դոլարների ծախս է ենթադրում։ 

Հինգ շաբաթ տևած ռազմական գործողությունների ընդհանուր արժեքը գնահատվում է 22,3-ից մինչև 31 միլիարդ դոլար: Այս հաշվարկները ներառում են նաև դեկտեմբերի վերջից Մերձավոր Արևելքում ամերիկյան լրացուցիչ ուժերի տեղակայման ծախսերը։

Ռազմական տեխնիկայի կորուստները կազմում են ընդհանուր ծախսերի մոտ մեկ տասներորդը՝ տատանվելով 2,1-ից 3,6 միլիարդ դոլարի սահմաններում։ Թեև մարդկային ուժի և տեխնիկայի կորուստները համարվում են համեմատաբար փոքր՝ այլ հակամարտությունների համեմատ, փորձագետները մտահոգիչ են համարում թանկարժեք համակարգերի ոչնչացումը։ 

Մասնավորապես, ամերիկյան ռադարների վնասումը Միացյալ Նահանգներին ավելի խոցելի է դարձնում հետագա հնարավոր բախումների ժամանակ, իսկ որոշ համակարգերի վերականգնման համար կարող են տարիներ պահանջվել։



Պակիստանը և Եգիպտոսը կոչ են արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանում


Քաղաքականություն


Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարն ապրիլի 7-ի վաղ առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտիի հետ՝ քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցի բացման համար սահմանված վերջնաժամկետի մոտենալուն ֆոնին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ առաջնորդներն «ընդգծել են լարվածության թուլացման և երկխոսության անհրաժեշտությունը» և համաձայնել են սերտորեն համագործակցել իրավիճակի զարգացմանը զուգընթաց։ Աբդ ալ-Ատտին նաև զրուցել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ «Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են արագ զարգացող իրավիճակի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության թուլացման և դեէսկալացիայի հասնելու համար փոխըմբռնման հասնելու ջանքերը», – հայտնել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։ Պակիստանը տարածաշրջանային երկրների աջակցությամբ դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում ԱՄՆ-ին և Իրանին բանակցային սեղանի շուրջ բերելու համար։



Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ


Հայաստան


Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի՝ 1368 քմ մակերեսով հողամասի՝ 2008 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Դատարանը 2026 թվականի մարտի 31-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:

Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասը ձեռք բերող ֆիզիկական անձից հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ (հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ ձեռքբերման պահի դրությամբ)»,- ասված է հաղորդագրությունում:



Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ երեք մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով


Քաղաքականություն


Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել, երկու ոստիկան վիրավորվել են, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները։

Իսրայելի հյուպատոսության տարածքը մշտապես գտնվում է զինված ոստիկանների հսկողության տակ։

Գործակալությունը հայտնում է՝ վկայակոչելով աղբյուրները, որ այս պահին Թուրքիայում իսրայելցի դիվանագետներ չկան՝ ոչ Ստամբուլի հյուպատոսությունում, ոչ էլ Անկարայի դեսպանատանը։



Տոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily Mail


Ոճ և դեմքեր


Լոնդոնի «Տոտենհեմը» մերժել է ամերիկացի հայտնի ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթին՝ թույլ չտալով նրան ելույթ ունենալ ակումբի տնային մարզադաշտում։ Այս մասին հայտնում է անգլիական Daily Mail պարբերականը։ Աղբյուրի համաձայն՝ ակումբի նման որոշման պատճառն արտիստի հակասեմական հայտարարություններն են, ինչպես նաև «Տոտենհեմի» պատմական կապերը հրեական համայնքի հետ։

Մերժումից հետո ռեփերը հրավեր է ստացել ելույթ ունենալու Wireless Festival-ում, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել և արժանացել կոշտ քննադատության։ Սկանդալի արդյունքում փառատոնի երկու խոշոր հովանավորներ հրաժարվել են համագործակցությունից:

Նախ Pepsi ընկերությունն է հայտարարել հովանավորությունը դադարեցնելու մասին՝ ի նշան բողոքի, որ Ուեսթն ընտրվել է որպես փառատոնի գլխավոր արտիստ: Ժամեր անց նույն քայլին է դիմել նաև Diageo ընկերությունը (որին պատկանում են Guinness, Johnnie Walker և Captain Morgan ապրանքանիշերը):

Ստեղծված իրավիճակին արձագանքել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Նա փառատոնի կազմակերպիչների որոշումն անվանել է «խորապես մտահոգիչ»՝ հավելելով, որ հաշվի առնելով ռեփերի նախկին հակասեմական հայտարարությունները՝ չի բացառվում, որ արգելվի նրա մուտքը Միացյալ Թագավորություն։




Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը


Ոճ և դեմքեր


Իտալիայում 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի դիզայներ Ադրիանո Գոլդշմիդը, ում անվանում էին «դենիմի կնքահայր»։ Diesel բրենդի համահիմնադիրը երկար ժամանակ պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ։ 

Նա հեղաշրջում կատարեց նորաձևության աշխարհում՝ ջինսե հագուստը աշխատանքային համազգեստից վերածելով բարձր նորաձևության անբաժանելի մասի։

Գոլդշմիդի կարիերան սկսվել է 1970-ականների սկզբին, իսկ արդեն 1981 թվականին նա հիմնադրել է Genious Group հարթակը, որը նպաստել է այնպիսի հայտնի բրենդների ստեղծմանը, ինչպիսիք են Diesel-ը և Replay-ը։ 

Նա նաև կանգնած է եղել Gap 1969, AG Adriano Goldschmied և Goldsign ապրանքանիշերի ստեղծման ակունքներում։ Բացի դիզայներական հաջողություններից, նա առաջամարտիկ էր նորաձևության մեջ էկոլոգիական մոտեցումների ներդրման հարցում՝ ակտիվորեն կիրառելով կայուն արտադրության մեթոդներ և նորարարական նյութեր։

Դիզայների գործունեությունը վերջին տասնամյակներում կենտրոնացած էր Լոս Անջելեսում, որտեղ նա զարգացնում էր պրեմիում դասի էկոլոգիական դենիմի արտադրությունը։ 

Նույնիսկ կյանքի վերջին տարիներին նա շարունակում էր համագործակցել առաջատար նորաձևության տների հետ։




Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը


Ոճ և դեմքեր


Իտալիայում 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի դիզայներ Ադրիանո Գոլդշմիդը, ում անվանում էին «դենիմի կնքահայր»։ Diesel բրենդի համահիմնադիրը երկար ժամանակ պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ։ 

Նա հեղաշրջում կատարեց նորաձևության աշխարհում՝ ջինսե հագուստը աշխատանքային համազգեստից վերածելով բարձր նորաձևության անբաժանելի մասի։

Գոլդշմիդի կարիերան սկսվել է 1970-ականների սկզբին, իսկ արդեն 1981 թվականին նա հիմնադրել է Genious Group հարթակը, որը նպաստել է այնպիսի հայտնի բրենդների ստեղծմանը, ինչպիսիք են Diesel-ը և Replay-ը։ 

Նա նաև կանգնած է եղել Gap 1969, AG Adriano Goldschmied և Goldsign ապրանքանիշերի ստեղծման ակունքներում։ Բացի դիզայներական հաջողություններից, նա առաջամարտիկ էր նորաձևության մեջ էկոլոգիական մոտեցումների ներդրման հարցում՝ ակտիվորեն կիրառելով կայուն արտադրության մեթոդներ և նորարարական նյութեր։

Դիզայների գործունեությունը վերջին տասնամյակներում կենտրոնացած էր Լոս Անջելեսում, որտեղ նա զարգացնում էր պրեմիում դասի էկոլոգիական դենիմի արտադրությունը։ 

Նույնիսկ կյանքի վերջին տարիներին նա շարունակում էր համագործակցել առաջատար նորաձևության տների հետ։