Բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրա


Հայաստան


Բոլոր հաշվարկներում մենք հաշվի ենք առել բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացված ցուցանիշներ, այսինքն՝ բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան ըստ հաշվարկների՝ հիմնվելով իրենց ծանրաբեռնվածության և այն որակի վրա, որոնք կիրականացնեն: Դա է պատճառը, որ բազմաթիվ բուժաշխատողներ վերջին երեք ամիսների ընթացքում գրանցել են աշխատավարձերի բարձրացում: Այս մասին «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց  առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե ինչով է  պայմանավորված, որ որոշ բուժաշխատողների աշխատավարձերը չեն բարձրացել ծանրաբեռնվածությանը զուգահեռ: 

«Մենք շրջաբերական ենք պատրաստում, որպեսզի ավելի մանրամասն հասկանանք, չնայած այս երեք ամիսներին անընդհատ կապի մեջ ենք եղել բուժաշխատողների և բժշկական հիմնարկների հետ, թե ինչպես է պատահել»,- ասաց Նանուշյանը՝ հայտնելով, որ եղել են նաև թերի մուտքագրումներ, և դա է եղել պատճառը, որ աշխատավարձի բարձրացում որոշ դեպքերում չի նկատվել: 

Ինչ վերաբերում է պատգամավորի հնչեցված մտահոգությանը, փոխնախարարը նկատեց՝ իր համար տարօրինակ է, թե ինչպես է նա հաջողացրել «ընտրանքային եղանակով» մտնել այնպիսի սենյակներ, որտեղ աշխատավարձերի նվազեցում է գրանցվել:

«Ես զարմացած եմ, որովհետև մենք էլ ենք բազմաթիվ սենյակներ մտնում և բոլոր սենյակներում, բացի պոլիկլինիկաներում մեկ-երկու մասնագիտական կաբինետից, բոլորի մոտ գրանցվել է աշխատավարձի բարձրացում: Շատ զարմանալի է, թե ոնց հենց այդ երկուսը մտաք, մյուս սենյակները չմտաք կամ, օրինակ, քաղաքացիների հետ չխոսեցիք»,- նշեց Նանուշյանը:



«Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել Մոսկվա


Քաղաքականություն


Ապրիլի 6-ին Ռուսաստանի եւս 175 քաղաքացի Իրանից Հայաստան է անցել  «Նորդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով, հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում։ Նրանք «Բուշեր» ԱԷԿ-ի տարհանված աշխատակիցների հերթական խմբի անդամնեն էին, որոնք արդեն Երեւանից հատուկ չվերթով մեկնել են Մոսկվա։

Ռուս դիվանագետների եւ հայկական կողմի ներկայացուցիչների համատեղ համակարգված գործողությունների շնորհիվ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից հետո արդեն 509 Ռուսաստանի քաղաքացի է հայրենիք վերադարձել Հայաստանի տարածքով։

«Խորին երախտագիտություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» ՊԿ-ի աշխատակիցների մուտքի արագ կազմակերպման եւ բարեհաճ վերաբերմունքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։



Երևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը


Սպորտ


Մարտի 31-ից ապրիլի 3-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացված «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարին մասնակցեցին Երևանի 10 դպրոցների թիմեր՝ շուրջ 180 դպրոցական՝ երկու տարիքային խմբով։

5-6-րդ դասարանների մրցապայքարում հաղթեց Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ. 10 հիմնական դպրոցի թիմը, իսկ 7-9-րդ դասարանների մրցապայքարում` Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցի թիմը. վերջիններս կմասնակցեն նաև եզրափակիչ փուլին։



Սինգապուրը մոտ 780 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթ կտրամադրի


Քաղաքականություն


Սինգապուրը կտրամադրի մոտ 1 միլիարդ սինգապուրյան դոլարի (780 միլիոն ԱՄՆ դոլար) աջակցության փաթեթ, որի մեջ մտնում են կանխիկ վճարումներ և վառելիքի վաուչերներ, Մերձավոր Արևելքի հակամարտության տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով։ Ինչպես հաղորդում է France 24-ը, այս մասին հայտարարել է Սինգապուրի ֆինանսների նախարար Ջեֆրի Սիոուն։

Միջոցառումները ձեռնարկվել են Իրանի դեմ պատերազմի պատճառով էներգակիրների գների կտրուկ աճից հետո։ Սիոուն նշել է, որ այս աջակցությունն ավելի մեծ է, քան այն փաթեթը, որը ներդրվել էր Ռուսաստանի կողմից 2022 թվականին Ուկրաինա ներխուժումից հետո, ինչը դարձյալ հանգեցրել էր վառելիքի գների բարձրացման։

«Մենք չգիտենք, թե որքան կշարունակվեն հակամարտությունը և դրա տնտեսական հետևանքները, բայց կառավարությունը զգոն է և արձագանքում է իրավիճակին», – ասել է նա։



Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր


Քաղաքականություն


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ:



Աշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն


Քաղաքականություն


Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով առաջացած նավթի և գազի ճգնաժամը «ավելի լուրջ է, քան 1973, 1979 և 2002 թվականների ճգնաժամերը միասին վերցրած»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Le Figaro-ին ասել է Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։ «Աշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում», – ասել է նա ապրիլի 7-ին ֆրանսիական թերթում հրապարակված հարցազրույցում։

Նա նշել է, որ եվրոպական երկրները, ինչպես նաև Ճապոնիան, Ավստրալիան և այլ երկրներ, կտուժեն, բայց առավել մեծ ռիսկի են ենթարկվում զարգացող երկրները՝ տուժելով նավթի և գազի գների բարձրացումից, սննդամթերքի գների բարձրացումից և գնաճի ընդհանուր արագացումից։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան՝ Իրանը գործնականում արգելափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որով պարբերաբար անցնում է աշխարհի նավթի և գազի մոտ 20%-ը, ինչը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում։



Երևանի 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներ


Հայաստան


Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներ, որոնք վարում են բուհերի այն ուսանողները, ովքեր ազատորեն տիրապետում են այդ լեզվին և նախապես անցել են համապատասխան վերապատրաստում։

Մասնակցությունը համայնքի երեխաների համար անվճար է: Գործարկված ակումբներում ներկայում ընդգրկված է միջին և ավագ դասարանների՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 սովորող:

Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը՝ նախատեսվում է ակումբների ցանցի մեծացում»։



Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում


Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող մատուռի մոտ։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-103» տիպի ինքնաձիգ, «ՏՕԶ» տիպի հրացան, երկփողանի կարճեցված փողով հրացան, ատրճանակ, «Ֆ-1» տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփուշտներ, սվին-դանակ և զինվորական պարագաներ։

 

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում նույնպես ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնման դեպք է գրանցվել։ Ոստիկանություն զանգած քաղաքացին Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում գտնվող աղբյուրներից մեկի մոտ էր թողել զենք-զինամթերքը։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են որսորդական ողորկափող հրացան, 16 մմ տրամաչափի ինքնաշեն հրազեն և տարբեր տրամաչափի 227 փամփուշտ։

 

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Մեղրիի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։

 

Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Ագարակ-Կարճևան ճանապարհի հարակից տարածքում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 341 փամփուշտ։

 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:


Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի


Քաղաքականություն


Ֆինանսական կորուստների և ռազմական ծախսերի վերաբերյալ Financial Times-ի վերջին տվյալների համաձայն՝ Իրանի դեմ պատերազմը Միացյալ Նահանգների համար օրական հարյուրավոր միլիոն դոլարների ծախս է ենթադրում։ 

Հինգ շաբաթ տևած ռազմական գործողությունների ընդհանուր արժեքը գնահատվում է 22,3-ից մինչև 31 միլիարդ դոլար: Այս հաշվարկները ներառում են նաև դեկտեմբերի վերջից Մերձավոր Արևելքում ամերիկյան լրացուցիչ ուժերի տեղակայման ծախսերը։

Ռազմական տեխնիկայի կորուստները կազմում են ընդհանուր ծախսերի մոտ մեկ տասներորդը՝ տատանվելով 2,1-ից 3,6 միլիարդ դոլարի սահմաններում։ Թեև մարդկային ուժի և տեխնիկայի կորուստները համարվում են համեմատաբար փոքր՝ այլ հակամարտությունների համեմատ, փորձագետները մտահոգիչ են համարում թանկարժեք համակարգերի ոչնչացումը։ 

Մասնավորապես, ամերիկյան ռադարների վնասումը Միացյալ Նահանգներին ավելի խոցելի է դարձնում հետագա հնարավոր բախումների ժամանակ, իսկ որոշ համակարգերի վերականգնման համար կարող են տարիներ պահանջվել։



Պակիստանը և Եգիպտոսը կոչ են արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանում


Քաղաքականություն


Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարն ապրիլի 7-ի վաղ առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտիի հետ՝ քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցի բացման համար սահմանված վերջնաժամկետի մոտենալուն ֆոնին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ առաջնորդներն «ընդգծել են լարվածության թուլացման և երկխոսության անհրաժեշտությունը» և համաձայնել են սերտորեն համագործակցել իրավիճակի զարգացմանը զուգընթաց։ Աբդ ալ-Ատտին նաև զրուցել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ «Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են արագ զարգացող իրավիճակի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության թուլացման և դեէսկալացիայի հասնելու համար փոխըմբռնման հասնելու ջանքերը», – հայտնել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։ Պակիստանը տարածաշրջանային երկրների աջակցությամբ դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում ԱՄՆ-ին և Իրանին բանակցային սեղանի շուրջ բերելու համար։