Մեր թիմը հայտնի է իր բազմակարծությամբ. Հակոբյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին

Մեր թիմը հայտնի է իր բազմակարծությամբ. Հակոբյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին

Եթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերազմը կվերսկսվի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման դեպքում պատերազմը կվերսկսվի։Այս մասին նա հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ։

«Եվրոպացիները գիտեն, որ Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայումն անընդունելի է»,- ընդգծել է Պուտինը։

Նրա խոսքով՝ օտարերկրյա զորքերի տեղակայումը կնշանակի պատերազմի շարունակություն։ Պուտինը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկում է համաձայնագիր կնքել Եվրոպայում անվտանգության համակարգի վերաբերյալ, սակայն եվրոպական երկրները մերժում են այդ առաջարկը։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը կցանկանար, որպեսզի ԱՄՆ-ն համագործակցի Եվրոպայի հետ, և եվրոպական երկրներն իրենք որոշեն՝ ցանկանում են խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ։

Անդրադառնալով Ուկրաինայի հետ սահմանազատման հարցին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի համար կա միայն մեկ սահմանազատման գիծ՝ պետական սահմանը։

Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինայում հաստատել մշտական խաղաղություն։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահն առաջարկել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպել՝ Ալեշկիի օրինակով։

Փաշինյանն ու Էստոնիայի վարչապետը անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանը

Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Քրիստեն Միխալի հանդիպումը: Հայտնում են Կառավարությունից:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների ինտենսիվ բնույթը՝ նշելով, որ վերջին ժամանակահատվածում երկկողմ բարձր մակարդակի շփումները դարձել են պարբերական: Կողմերը վստահություն են հայտնել, որ դա կնպաստի տարբեր ոլորտներում Հայաստան-Էստոնիա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: 

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

 

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և Քուշներին

Կրեմլում ընթանում է Պուտինի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆի հետ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինն ընդգծել է Ալեշկիի շուրջ Ուկրաինայի հետ մարդասիրական համագործակցության կարևորությունը:

TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Ազգային ժողովն ընդունեց ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է TRIPP ընկերության ստեղծման համար օրենսդրական փոփոխություններ կատարել:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 62 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցում նոյեմբերի 12-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին:

Նյու Յորքում եռահարկ շենք է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ

Նյու
Յորքի Բրուքլինի Ֆլեթբուշ թաղամասում եռահարկ շենք է փլուզվել։ Պատահարի հետևանքով
զոհվել է 2, վնասվածք ստացել 10-ից ավելի մարդ, հայտնել է քաղաքապետ Զոհրան
Մամդանին:

Նյու
Յորքի հրշեջ ծառայության տվյալներով՝ տուժածների ընդհանուր թիվը հասել է 19-ի, այդ
թվում՝ յոթ երեխա։ Փլուզման պատճառը պարզվում է։

 

 

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։

«Մեզ ձայնից զրկել են այնտեղ, որտեղ բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խորհրդի՝  նոյեմբերի 11-ին կայացած նիստում որոշում է կայացվել Հայաստանին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի, ինչպես նաև քվոտային պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելու իրավունքից։ Որոշման պատճառը Հայաստանի կողմից ՀԱՊԿ աշխատանքներին տևական ժամանակ չմասնակցելն ու անդամավճարները չվճարելն է։

Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին և չի վճարում անդամավճարները։ Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր հետաքրքրությունները սպառված է համարում։

Օրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման

Դատարանը Գիա Սվերդլովսկի մականունով հայտնի «օրենքով գող» Գեորգի Ակոևին մեղավոր է ճանաչել հանցավոր աստիճանակարգում բարձրագույն դիրք զբաղեցնելու մեջ և դատապարտել ութ տարվա ազատազրկման՝ պատիժը հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում կրելու պայմանով։ Այս մասին նոյեմբերի 12-ին հայտնել է «Իզվեստիայի» թղթակիցը։

Նրա նկատմամբ նշանակվել է նաև 1,5 մլն ռուբլու տուգանք։ Դատախազությունը պահանջել էր 13 տարվա ազատազրկում, իսկ պաշտպանական կողմը խնդրել էր արդարացման դատավճիռ կայացնել։ Ակոևն իր մեղքը չի ընդունել։

Սվերդլովսկուն համարում են Դեդ Հասան անունով հայտնի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի եղբոր կամ քրոջ թոռը։ Քննության վարկածով՝ Ակոևին «օրենքով գողի» կարգավիճակ է շնորհվել 2008 թվականի նոյեմբերին։

Ըստ քննության՝ նա լուծել է հանցավոր գաղափարախոսությանը հետևող անձանց միջև ծագած վեճերը և որոշումներ կայացրել քրեական կարգավիճակների շնորհման, բարձրացման ու իջեցման վերաբերյալ։ Բացի այդ, Սվերդլովսկին համալրել է հանցավոր համայնքի փոխօգնության ֆոնդը՝ այսպես կոչված «օբշչակը», բաշխել ու վերահսկել դրա միջոցները, ինչպես նաև եկամտի նոր աղբյուրներ փնտրել այն համալրելու համար։

«ՀՀ-ն միայնակ անհնար է արդյունավետ անվտանգային համակարգ ունենա»․ Էդուարդ Շարմազանով

«ՀՀ-ն միայնակ անհնար է արդյունավետ անվտանգային համակարգ ունենա»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից։
     Հայաստանը զրկվեց ձայնի իրավունքից ՀԱՊԿ-ում։
     Սա անսպասելի իրողություն չէր, քանի որ 2018-ից հետո ՀՀ կառավարիչների քայլերն ուղղված են եղել փոխելու մեր պետության արտաքին ու անվտանգային վեկտորը։
     Լինելով ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ՝ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է ԵՄ անդամակցության նպատակի մասին։
     Սա ոչ այլ ինչ էր, քան քաղաքական ավանտյուրա։
     ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններ խզելը ևս ավանտյուրա է։
     ՀՀ-ն միայնակ, առանց որևէ ռազմական բլոկի անդամության, անհնար է արդյունավետ անվտանգային համակարգ ունենա։
     Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը։
     Թուրքիա՞ն, որը Փաշինյանի խոսքերով «գալիս է տարածաշրջան ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանուլյունը», թե՞՝ ԵՄ-ն, որն ինքն անվտանգության ամուր համակարգ ունենալու կարիք ունի և անվտանգություն արտահանող կազմակերպություն էլ չէ։
     Իհարկե, անկասկած է, որ ՀԱՊԿ-ում կային և կան խնդիրներ, բայց խնդիրները լուծում են պահանջում, ոչ թե սառեցում ու հեռացում ՀԱՊԿ-ից։
     Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ և զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում»։