Դատարանը երեք ամսով երկարաձգել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի տնային կալանքը

Դատարանը երեք ամսով երկարաձգել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի տնային կալանքը։ Այս որոշումը հունիսի 18-ի նիստում կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Դատախազը հիմնավորել է տնային կալանքը երկարաձգելու անհրաժեշտությունը, մինչդեռ պաշտպանական կողմը պահանջել է վերջ տալ ապօրինություններին և ազատ արձակել սրբազանին։

«Անհերքելի փաստ է, որ մենք ահաբեկիչներ չենք»,— ընդգծել է արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա կարծիք է հայտնել, որ իշխանություններն իրենք են վախեցած սեփական վարքագծից, իսկ համատարած կաշառքների մասին վարչապետի հայտարարությունները որակել է որպես մարդկանց վախեցնելու փորձ։ «Մենք հակաահաբեկիչներ ենք»,— ասել է սրբազանը՝ իր ելույթն ավարտելով արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին ազատ արձակելու պահանջով։

Միևնույն ժամանակ, դատարանը թույլատրել է Բագրատ սրբազանին ամեն կիրակի մեկնել Էջմիածին՝ պատարագի մասնակցելու համար։

Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով


Դատարանը «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով՝ թույլատրելով նրան յուրաքանչյուր կիրակի օր մասնակցել Սուրբ Պատարագի…

ԿԳՄՍ նախարարը մարզպետարանների ներկայացուցիչների հետ քննարկել է դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ մարզպետների աշխատակազմերի՝ կրթության ոլորտը համակարգող պատասխանատուների հետ՝ քննարկելու սեպտեմբերից սպասվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխությանը, վարչատնտեսական գործառույթի՝ մարզերին փոխանցմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ստորաբաժանումների ղեկավարներ:

Ներկայացնելով օրակարգային հարցերը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Հանրակրթության մասին» օրենքում իրականացված փոփոխությամբ հստակեցվել են նախարարության և մարզերի գործառույթները։ Ըստ այդմ՝ առաջիկա սեպտեմբերից մարզերի հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը կվերապահվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական գործառույթն ամբողջությամբ կփոխանցվի մարզպետարաններին՝ ի լրումն մյուս աջակցող գործառույթների, որոնք հստակ ներկայացված են օրենքում:

Օրենսդրական փոփոխությունից բխող մի շարք հստակեցումներ են արվել նաև ենթաօրենսդրական ակտերում, և այս փուլում, ըստ նախարարի, առաջնային է անցումային փուլի սահուն կազմակերպումը։

Հաշվի առնելով փոփոխության ծավալը՝ առաջիկայում մարզերում նախատեսվում են իրազեկման այցեր՝ դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ:

«Դպրոցական միջավայրերի վերափոխումը Կառավարության կարևորագույն ծրագրերից է: Մարզերի գործունեությունը շարունակում է մնալ առանցքային կրթական համակարգի անխափան գործընթացներն ապահովելու հարցում։ Մարզերը շարունակելու են իրենց առանցքային դերակատարումն ունենալ կրթության համակարգում իրականացվող պետական տարաբնույթ ծրագրերի կյանքի կոչման հարցում։ Նախարարության հիմնական դերակատարությունը շարունակում է մնալ բովանդակային միասնական քաղաքականության ապահովումը: Մենք պատասխանատվություն ունենք ապահովելու բոլոր երեխաների որակյալ կրթությունը, և այս հարցում յուրաքանչյուր պետական մարմին իր մասով պետք է աջակցի՝ կատարելով իր գործառույթներից բխող աշխատանքները»,- ասել է նախարարը՝ ընդգծելով նախարարության և մարզպետարանների հաջողված համագործակցությունը դպրոցաշինական ծրագրերում։

Հանդիպմանը քննարկվել են նաև կրթական գործունեության կազմակերպմանը, դպրոցների կառավարման մոդելի փոփոխությանը, Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրագործմանը և ոլորտային մի շարք այլ խնդիրներին առնչվող հարցեր:

20 միլիարդ եվրո կհատկացնեն միգրանտների կենտրոնների կառուցմանը

Եվրամիության երկրները մտադիր են 20 միլիարդ եվրո հատկացնելէ ԵՄ տարածքից դուրս միգրանտների կենտրոնների կառուցման համար։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Միգրացիոն վերահսկողությունը «աութսորս» փոխանցման մասին որոշումը դեռ կայացված չէ, սակայն ԵՄ իշխանությունները մտադիր են այդ նախագիծն իրականացնել 2028-34 թթ։ 20 միլիարդ եվրոն, ըստ ԵՄ պատասխանատուների, կազմում է Միության արտաքին քաղաքական գործունեության 10 տոկոսը։ Այդ կենտրոններում ապաստանի հայցով դիմած եւ մերժում ստացած անձինք կկարողանան սպասել, մինչ կքննվի իրենց բողոքարկումները արտաքսման հետ կապված, կամ էլ՝ մինչ կկարգավորվի նրանց հայերանդարձման հարցը։

Apple-ի արտադրանքները կթանկանան․ հայտնի է պատճառը

Apple-ը նախատեսում է բարձրացնել իր արտադրանքի գները, քանի որ դրա ստեղծման համար օգտագործվող հիշողության չիպերի արժեքը կտրուկ աճել է․ գրում է BBC-ն՝ հղում անելով տեխնոլոգիական հսկայի ղեկավար Թիմ Քուկին։

Apple-ի հեռացող գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկը The Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է, որ գների բարձրացումն «անխուսափելի» է, քանի որ հիշողության չիպերի հետ կապված իրավիճակը դարձել է «անկայուն»։

Քուկը չի նշել՝ կոնկրետ երբ կբարձրանան գները կամ որ ապրանքների վրա դա կազդի։ Նաև պարզ չէ՝ արդյոք գների բարձրացումը կվերաբերի iPhone 18-ին, որը կթողարկվի այս տարվա սեպտեմբերին։

Հիշողության չիպերը տարբեր սարքավորումների, այդ թվում՝ բջջային հեռախոսների կարևոր բաղադրիչներ են, սակայն արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաների արագ աճը վերջին ամիսներին նպաստել է դրանց գների բարձրացմանը։

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ մեղմելու մեզ սպասվող հսկայական թանկացումների ազդեցությունը, և փորձում ենք մեր հաճախորդներին պաշտպանել գների բարձրացումից, սակայն իրավիճակը դարձել է անկայուն», – ասել է Քուկը։

 

Վարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը։ Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը՝ վերակառուցվել է դպրոցի երեք և կառուցվել մեկ նոր մասնաշենք՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

Շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ: Կրթահամալիրը հագեցվել է նաև ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով։ Մասնագիտական դպրոցում ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հաստատությունը կահավորվել է անհրաժեշտ գույքով՝ ներառյալ արվեստանոցների համար նախատեսված մոլբերտներ, կերպարվեստի դարակաշարեր, նատյուրմորտի սեղաններ և լուսամփոփներ, քանդակի հաստոցներ, դիզայնի սեղաններ և այլն։ Ժամանակակից կրթության բոլոր պահանջներին համապատասխանող դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար։

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դպրոցի նորամուտի առիթով և հիշեցրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առկա է հանրապետությունում արվեստի, սպորտի 100 դպրոցների կառուցման նախագիծ։ Վարչապետը դպրոցաշինության ծրագրերում ընդգծել է ամեն անգամ մի նոր բաղադրիչի ավելացումը. «Դա շատ կարևոր է, որպեսզի դպրոցաշինությունը Հայաստանի Հանրապետությունում զարգացնենք, որովհետև շինարարությունը՝ շինարարություն, բայց ինքն էլ շերտեր ունի, և դպրոցաշինությունն ու մանկապարտեզաշինությունն առանձնահատուկ ուղղություններ են»։

Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է դպրոցների մոտակայքում բակային խաղահրապարակների առկայության կարևորությունը և նշել, որ այդ հարցում կհամագործակցեն քաղաքապետարանի գործընկերների հետ։ Անդրադառնալով իրականացված աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ որակի փոփոխությունը շատ էական է և կարևոր, ինչը սկզբունքային հարց է։

Վարչապետը նշել է, որ երկու տարի առաջ սկսել են անդրադառնալ այդ հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը. «Պետության քաղաքական ռազմավարությունները երբեմն ոչ միայն չեն արտահայտվում արվեստի, ձևերի մեջ, այլև շատ հաճախ որևէ կապ չունեն պետության և իրավունքի իրականության հետ։ Սա նույնպես պրոբլեմ է, որի մասին մենք պետք է մտածենք։ Այստեղ էլ է պետք հասկանալ, որ մեզ պետք են ժամանակ, համբերություն, մեզ պետք է ոչ թե վիճաբանություն, այլ բանավեճ, այդ բոլոր հարցերը հասցեագրելու համար»։

Շնորհակալություն հայտնելով դպրոցի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կրթությունը բարելավելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։ «Առիթ ունեցել եմ ասելու՝ չկա որևէ մեկը, որ գիտի ամեն ինչ, հետևաբար՝ յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի։ Մենք պետք է սա դարձնենք կենսակերպ, ապրելակերպ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, որովհետև դա է պետության զարգացման գրավականը»,- ասել է երկրի ղեկավարը։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրոն թողարկող և հսկիչ դրամարկղային կտրոն պահանջող բոլոր մարդկանցից։ «Մենք պետք է հասկանանք ինչպես է այս ամեն ինչը ստեղծվում։ Այս ամեն ինչը ստեղծվում է աշխատանքի, ձևավորված հարկերի, պետական եկամուտների հավաքագրման և պետական եկամուտների հասցեագրման միջոցով և ճանապարհով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել դպրոցաշինության ծրագրի բոլոր մասնակիցներին։

Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն

Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները հունիսի 16-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր վարած «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով փաթեթ և կաթուցիչ։

Նույն օրը թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Նրանք Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ալավերդի քաղաքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 2 փաթեթ։

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի առաջին գծում են նաև համայնքային ոստիկանները։ 

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, Ջրաշինարարների բանավանում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները։ Նրանք մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Չարենցավան քաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և ծալովի դանակ։ 

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։