Ռումինիան ամբողջությամբ դադարեցրել է ատոմային էներգիայի արտադրությունը Չեռնավոդայի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերահսկվող կանգից հետո։ Պատճառը Դանուբի մակարդակի շարունակական նվազումն է, որի ջրերն օգտագործվում են կայանի հովացման համար, հայտնում է Digi 24-ը:
Երկրորդ ռեակտորի աշխատանքի դադրաեցման գործընթացը սկսվել է հինգշաբթի առավոտյան և ավարտվել մոտավորապես 11:00-ին։ Առաջին էներգաբլոկը շահագործումից հանվել էր դեռևս հուլիսի վերջին։ Արդյունքում Ռումինիան ժամանակավորապես զրկվել է էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 20%-ից և ստիպված է դեֆիցիտը փոխհատուցել ներմուծման, ինչպես նաև հիդրո, քամու և արևային գեներացիայի հաշվին։
Ռումինիայի էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ էներգահամակարգը մնում է կայուն։ Առավելագույն սպառման ժամանակ էլեկտրաէներգիայի ներմուծումը կարող է կազմել մինչև 2300 ՄՎտ, ընդ որում ներմուծման հասանելի միջսահմանային հզորությունը գնահատվում է մոտ 4000 ՄՎտ։ Հինգշաբթի առավելագույն սպառումը սպասվում է մոտ 6900 ՄՎտ մակարդակում։
Իշխանությունները ծրագրում են նաև վերագործարկել Ռովինարի ջերմաէլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկը՝ 330 ՄՎտ հզորությամբ։ Բացի դրանից, համակարգում կարող են Hidroelectrica-ի լրացուցիչ հզորություններ ներգրավվել։
Թե երբ ճշգրտորեն Չեռնավոդայի ԱԷԿ-ը կկարողանա վերսկսել աշխատանքը, առայժմ հայտնի չէ։ Մասնագետների գնահատմամբ՝ առաջիկա 10 օրում դրա վերագործարկումը քիչ հավանական է՝ Դանուբի մակարդակի կանխատեսվող հետագա նվազման պատճառով։ Հիդրոլոգիական իրավիճակի բարելավումից հետո կայանին անհրաժեշտ կլինի ևս մեկ-երկու օր՝ համակարգ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար։
Nuclearelectrica-ում ընդգծել են, որ երկու էներգաբլոկների կանգն իրականացվում է անվտանգության ընթացակարգերին համապատասխան և անձնակազմի, բնակչության կամ շրջակա միջավայրի համար վտանգ չի ստեղծում։
Ավելի վաղ երկրորդ էներգաբլոկի աշխատանքը պահպանելու համար իշխանությունները փորձել էին մեծացնել կայան հասնող ջրի հոսքը, մասնավորապես տեղափոխել էին Դանուբի հունի մեջ գտնվող քարը և խորտակել չորս լաստանավ, որպեսզի ավելի մեծ ջրահոսք ուղղեն դեպի Չեռնավոդայի ԱԷԿ։