Հինգ հարյուր տարի անց. Վերածննդի մոռացված երաժշտությունը վերադառնում է արհեստական բանականության շնորհիվ

Հետազոտողները թվայնացնում են Վերածննդի դարաշրջանի երաժշտական ժառանգությունը, որը գրառված է գերմանական քնարի տաբուլատուրայով՝ նշագրության հատուկ համակարգով, որն այսօրվա ընթերցողին կարող է գաղտնագիր թվալ, գրել է Phys.org-ը։

Նոր թվային ռեսուրսը թույլ է տալիս ոչ միայն ուսումնասիրել հին ձեռագրերն ու տպագիր հրատարակությունները, այլև դրանք փոխադրել սովորական նոտագրության և ունկնդրել ստեղծագործությունները պրոֆեսիոնալ երաժիշտների կատարմամբ։

XVI դարում վինը՝ քնարը, Եվրոպայի ամենատարածված գործիքներից մեկն էր։ Այն օգտագործում էին երգերն ու պարերն ուղեկցելու, փոքր խմբերով երաժշտություն նվագելու և վիրտուոզ մենակատարումների համար։ Տաբուլատուրան հարմար էր նրանով, որ անմիջականորեն ցույց էր տալիս մատների դիրքերը գործիքի վզիկի վրա՝ հեշտացնելով ստեղծագործությունների ուսուցումն ու երաժշտական նյութի փոխանցումը։

Ժամանակի ընթացքում վինն իր տեղը զիջեց այլ գործիքների, և տաբուլատուրային գրառման մասին գիտելիքներն աստիճանաբար մոռացվեցին։ Տպագիր ստեղծագործությունների, ձեռագրերի և ուսումնական տրակտատների հսկայական հավաքածուն ցրվեց Եվրոպայի գրադարաններով։ Մինչև վերջերս այդ նյութերի զգալի մասը գործնականում անհասանելի էր և հասկանալի միայն մասնագետների նեղ շրջանակի համար։

Այս ժառանգությունը լայն լսարանին վերադարձնելու նպատակ ունի E-LAUTE (Electronic Linked Annotated Unified Tablature Edition) միջազգային միջգիտակարգային նախագիծը։ Թիմը միավորել է երաժշտագիտության, երաժշտական ինֆորմատիկայի, միջնադարյան գերմանական գրականության և պատմական կատարողական արվեստի մասնագետների։ Երեք տարվա ընթացքում նրանք մշակել են թվային գիտական հարթակ, որը վերջերս հասանելի է դարձել Ավստրիայի ազգային գրադարանի միջոցով։

Հարթակը համակարգում է XVI դարի աղբյուրներն ու ներկայացնում դրանք ամբողջությամբ։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաների օգնությամբ տաբուլատուրաներն ավտոմատ կերպով փոխակերպվում են տաբուլատուրային գրառման այլ ձևաչափերի և սովորական եվրոպական նոտագրության։

Նախագծում կիրառվում են երաժշտական նշանների օպտիկական ճանաչման, արհեստական բանականությամբ ավտոմատ վերծանման տեխնոլոգիաներ, ինչպես նաև երաժշտական և տեքստային աղբյուրների թվային կոդավորման հատուկ չափորոշիչներ։ Սա թույլ է տալիս ուսումնասիրել ոչ միայն բուն երաժշտական գրառումները, այլև տաբուլատուրաներում ներառված տեքստերը, ինչպես նաև դրանց առնչվող՝ այլ աղբյուրներում պահպանված ստեղծագործությունները։

Երաժիշտների և հետազոտողների համար առանձնահատուկ արժեք ունի ձայնագրությունների հավաքածուն։ Ստեղծագործությունները կատարում են Բազելի կիրառական գիտությունների բարձրագույն դպրոցին կից Schola Cantorum Basiliensis-ի պրոֆեսիոնալ երաժիշտները, ձայնագրությունները հասանելի են անմիջապես հարթակում։

Սակայն նախագծի ստեղծողներն ընդգծում են, որ աշխատանքը դեռ հեռու է ավարտված լինելուց։ Անհրաժեշտ է մշակել լրացուցիչ աղբյուրներ, կատարելագործել դրանց ներկայացումը թվային ձևաչափով և ավելի խորությամբ ուսումնասիրել առանձին ստեղծագործությունների պատմական, սոցիալական ու մշակութային համատեքստը։

Նախագծի հետագա զարգացման համար երեք տարով հատկացվել է մոտ 3 մլն եվրո։ Ֆինանսավորումը տրամադրել են Ավստրիայի գիտական հիմնադրամը (FWF), Գերմանական գիտահետազոտական ընկերությունը (DFG) և Շվեյցարիայի ազգային գիտական հիմնադրամը (SNSF)։

Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը

Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի ղեկավարած հետազոտողների միջազգային թիմը ներկայացրել է Global Canopy Atlas-ը՝ անտառների, նոսր անտառների և սավաննաների բարձր ճշգրտության եռաչափ քարտեզների աշխարհում ամենամեծ միասնական հավաքածուն։ Ատլասը թույլ կտա ավելի մանրամասն ուսումնասիրել ցամաքային էկոհամակարգերի կառուցվածքը, գնահատել անտառներում ածխածնի պաշարները, հետևել կենսաբազմազանության վիճակին և պլանավորել բնական տարածքների վերականգնումը։

Հետազոտությունը հրապարակվել է Nature Ecology and Evolution ամսագրում։ Հնգամյա նախագծին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 գիտական հաստատությունների մասնագետներ։ Նրանք միավորել են անտառային լանդշաֆտների հազարավոր օդային լազերային նկարահանումներ, որոնք իրականացվել են LiDAR տեխնոլոգիայի միջոցով։

LiDAR-ը լազերային իմպուլսներ է օգտագործում բուսականության և երկրի մակերևույթի մանրամասն եռաչափ քարտեզներ ստեղծելու համար։ Ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի վրա տեղադրված սքաներները թույլ են տալիս ուսումնասիրել ընդարձակ տարածքներ և չափել անտառի սաղարթածածկի՝ ծառերի սաղարթների վերին հարկի բարձրությունը, որն անտառի համար յուրատեսակ տանիք է ծառայում։

Հետազոտության ղեկավարներից մեկի՝ Բրիստոլի համալսարանի անտառների էկոլոգիայի և գլոբալ փոփոխությունների պրոֆեսոր Թոմազո Ջուկերայի խոսքով՝ մինչ այժմ գիտնականները չունեին տվյալների միասնական գլոբալ համակարգ, որը թույլ կտար համեմատել աշխարհի տարբեր տարածաշրջանների անտառների բարդ եռաչափ կառուցվածքը։

Ատլասը միավորում է գրեթե 3 500 օդային լազերային նկարահանում, որոնք ընդգրկում են ավելի քան 5,5 մլն հեկտար տարածք 56 երկրում և 224 էկոլոգիական տարածաշրջանում։ Ներկայացված են ամենատարբեր լանդշաֆտներ՝ խիտ արևադարձային անձրևային անտառներից մինչև չորային նոսր անտառներ։

Ուսումնասիրված տարածքի գրեթե 20 տոկոսը հետազոտվել է բազմիցս։ Սա հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում հետևել բուսականության փոփոխություններին, այդ թվում՝ բնական խաթարումների և մարդու գործունեության հետևանքներին։

Բոլոր քարտեզները ստեղծվել և մշակվել են միասնական մեթոդաբանությամբ, ինչը թույլ է տալիս ուղղակիորեն համեմատել տարբեր տարածաշրջանների տվյալները։ Բացի անտառի սաղարթածածկի բարձրությունից, դրանք պարունակում են նաև տեղեկություններ տեղանքի ռելիեֆի մասին։

Ատլասի հետ աշխատելու համար գործարկվել են նաև հատուկ կայք և տվյալների արխիվ, որոնք ստեղծվել են Եվրոպական տիեզերական գործակալության և Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի մասնակցությամբ։ Ինտերակտիվ քարտեզը թույլ է տալիս պարզել, թե որտեղ և երբ են իրականացվել նկարահանումները, և ովքեր են դրանք կատարել։

Հետազոտողներն ակնկալում են, որ այս ռեսուրսը կօգնի էկոլոգներին ուսումնասիրել էկոհամակարգերի կառուցվածքի փոփոխություններն ու դրանց ազդեցությունը կենսաբազմազանության վրա։ Բնապահպանական կազմակերպությունները կկարողանան հետևել արժեքավոր կենսավայրերի վիճակին և գնահատել անտառների վերականգնման արդյունքները, իսկ կլիմայագետները՝ կատարելագործել անտառային էկոհամակարգերում ածխածնի պաշարների և դրանց փոփոխությունների գնահատումները։

Ատլասը կօգտագործվի նաև անտառների դիտարկման արբանյակային համակարգերի չափաբերման և ստուգման համար։ Եվրոպական տիեզերական գործակալության BIOMASS առաքելության ղեկավար Կլաուս Սցիպալի խոսքով՝ այս տվյալները հատկապես կարևոր կլինեն անտառներում ածխածնի համաշխարհային պաշարների գնահատման արբանյակային մեթոդների զարգացման համար։

Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ

Հետազոտողները մշակել են վիճակագրական մոտեցում, որը թույլ է տալիս առանձին հետևել համացանցում թեմաների նկատմամբ օգտատերերի հետաքրքրության փոփոխություններին և այցելությունների կանխատեսումներից անսպասելի շեղումներին, գրել է Phys.org-ը։

Այս մեթոդը կարող է լրատվամիջոցներին օգնել պլանավորել հրապարակումները, իսկ թվային հարթակներին՝ գնահատել անհրաժեշտ թողունակությունը՝ հաշվի առնելով թրաֆիկի փոփոխությունները։

Աշխատանքը ներկայացվել է 2026 թվականի հունիսին Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում կայացած IEEE Technology and Engineering Management Society Conference (TEMSCON LATAM) համաժողովում։

Մեթոդը հիմնված է Վեբերի ռեժիմների փոփոխության ինդեքսի (Regime-Shift Index, RSI) վրա, որը նոր դիտարկումները համեմատում է պատմական տվյալների բաշխման հետ։ Յուրաքանչյուր արժեքի վերագրվում է կարգային դիրք, որը ցույց է տալիս, թե այն ինչ տեղ է զբաղեցնում նախորդ դիտարկումների համեմատ։ Օրինակ՝ Վիքիպեդիայի էջի օրական դիտումների դեպքում այդ դիրքն արտացոլում է պատմական ժամանակահատվածի այն օրերի մասնաբաժինը, երբ դիտումների թիվը եղել է նույնը կամ ավելի փոքր։

Այս կարգային դիրքերի հիման վրա հաշվարկվում է երկու ցուցանիշ։ Առաջինն արտացոլում է թեմայի նկատմամբ հարաբերական ուշադրությունը՝ այցելությունների թվի տեղաշարժը դեպի ավելի բարձր կամ ցածր արժեքներ՝ պատմական մակարդակի համեմատ։ Երկրորդը ցույց է տալիս հարաբերական անսպասելիությունը՝ կանխատեսման սխալների փոփոխությունները՝ դրանց նախկին բաշխման համեմատ։

Այսպիսով, հետաքրքրության կայուն աճը և այցելությունների սպասվող թվից կարճաժամկետ շեղումները կարելի է վերլուծել առանձին։ Անսպասելիության ցուցանիշը կախված է կանխատեսման ընտրված մեթոդից և ժամանակային հորիզոնից․ այն արտացոլում է, թե որքան են փոխվել տվյալ մոդելի սխալները՝ դրա պատմական արդյունքների համեմատ։

Մոտեցումը ստուգելու համար հետազոտողները վերլուծել են Վիքիպեդիայի էջերի օրական դիտումները 50 թեմաներով, որոնք միավորված էին հինգ խմբում՝ արհեստական բանականություն, էներգետիկա, աշխարհաքաղաքականություն, հանրային դեմքեր և խառը ստուգիչ խումբ։

Տվյալներն ընդգրկել են 2016–2025 թվականները։ Որպես պատմական հենք օգտագործվել են 2016–2021 թվականների դիտարկումները, իսկ 2022–2025 թվականների փոփոխություններին հետևել են 56-օրյա սահող պատուհանների միջոցով։ Այսպիսի միջակայքը թույլ է տալիս հարթել օրական տատանումները՝ պահպանելով մի քանի շաբաթվա ընթացքում ձևավորվող միտումների մասին տեղեկությունը։

Երկու ցուցանիշների տարբերությունը հատկապես ակնառու է դրսևորվել արհեստական բանականության օրինակով։ Այս թեմայի նկատմամբ հարաբերական ուշադրությունը բարձր է մնացել 2023–2025 թվականների զգալի մասի ընթացքում, մինչդեռ անսպասելիության ցուցանիշը ցույց է տվել առանձին, ավելի կարճատև գագաթնակետեր։ Դրա հաշվարկման համար օգտագործվել է էքսպոնենցիալ կշռված սահող միջին, որի դեպքում ավելի թարմ դիտարկումներին տրվում է ավելի մեծ կշիռ, իսկ կանխատեսումը կազմվել է առաջիկա 28 օրվա համար։

Սա ցույց է տալիս, որ թեմայի նկատմամբ երկարատև հետաքրքրությունը կարող է զուգակցվել կարճատև ժամանակահատվածների հետ, երբ այցելությունների փաստացի թիվը զգալիորեն շեղվում է կանխատեսումներից։

Ցուցանիշները կարելի է հաշվարկել ինչպես առանձին թեմաների, այնպես էլ ամբողջ խմբերի համար՝ օգտագործելով հավասար կշիռներ կամ հաշվի առնելով դիտումների ծավալը։ Ընդ որում, յուրաքանչյուր թեմա նախ համեմատվում է իր իսկ պատմական տվյալների հետ, ինչը թույլ է տալիս միավորել այցելությունների սովորական մակարդակներով էապես տարբերվող ուղղությունները։

Արդյունքները կախված են ընտրված պատմական ժամանակահատվածից և վերլուծության պատուհանի տևողությունից։ Կարճ միջակայքներն ավելի արագ են արձագանքում փոփոխություններին, սակայն ավելի զգայուն են ժամանակավոր տատանումների նկատմամբ, իսկ երկարներն ավելի լավ են հարթում կարճատև կտրուկ աճերը։

Մեթոդը մշակվել է Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) գործառնական կառավարման, տնտեսագիտության և ռազմավարության ամբիոնի (OES) հետազոտական ծրագրի շրջանակում։ Այս ծրագրի այլ աշխատանքներում ռեժիմների փոփոխության ինդեքսը կիրառվել է Ժնևում ջերմաստիճանային բաշխումների փոփոխությունները և Շվեյցարիայի բնակչության վրա օդի աղտոտվածության ազդեցությունն ուսումնասիրելու համար։

Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին

Ամերիկյան Քիսիմի քաղաքում կայանալիք Mecum աճուրդում աճուրդի կհանեն «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի օգտագործած սև Porsche Carrera GT սուպերքարը (արտադրվել է 2004 թվականին)։ Այս մասին հայտնում է Motor 1-ը։

Մեքենայի վաճառքի աճուրդը կկայանա 2027 թվականի հունվարի 16-ին՝ Osceola Heritage Park ցուցահանդեսային համալիրում հունվարի 5-ից 17-ը տևող աճուրդի շրջանակում։ Մեքենայի և մրցարշավորդի կապը հաստատող փաստաթղթերը ներառված են աճուրդային լոտի նկարագրության մեջ։ Կազմակերպիչները դեռ չեն հրապարակել մեքենայի մեկնարկային գնահատված արժեքը։

Ավտոմեքենան սկզբում պատվիրել են Շումախերի համար, սակայն գրանցել նրա երկարամյա մենեջեր Վիլի Վեբերի անունով։ Ըստ աճուրդի նկարագրության՝ այս լուծումը մրցարշավորդին թույլ է տվել օգտվել Porsche-ից՝ առանց այն իր անունով գրանցելու։ Ենթադրաբար, պատճառը Ferrari-ի հետ Շումախերի պայմանագիրն էր, որը, ըստ հաղորդումների, չէր խրախուսում մրցակից ապրանքանիշերի մեքենաներն իր անունով գրանցելը։

Աճուրդի հանված մեքենայի շասսիի համարը 000116 է։ Porsche-ն ընդհանուր առմամբ արտադրել է 1270 Carrera GT։ Այս սուպերքարն արտադրության հերթականությամբ 104-րդն է։

Մեքենան հագեցած է 5,7 լիտրանոց մթնոլորտային V10 շարժիչով՝ 605 ձիաուժ հզորությամբ և 590 Ն·մ ոլորող մոմենտով։ Շարժիչը համակցված է վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ։ Մինչև 97 կմ/ժ արագացումը տևում է 3,8 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը հասնում է 330 կմ/ժ-ի։ Ավտոմեքենան ներկված է սև գույնով, սրահը պատված է սև կաշվով։ Մոդելի առանձնահատկություններից են ածխածնային մանրաթելից պատրաստված տանիքի հանովի վահանակներն ու կենտրոնական ամրացմամբ մագնեզիումե անվահեծերը։

Մեքենայի կապը Շումախերի հետ հաստատում են Mecum-ի փաստաթղթերում թվարկված մի քանի մանրամասներ։ Դրանց թվում են ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարները, նրա մրցարշավային սաղավարտի պատկերով շահագործման ձեռնարկը և թափքի հետևի հատվածի վինիլային «MS» տարբերանշանը։

Carrera GT-ն դարձել է 2000-ականների սկզբի Porsche-ի խորհրդանշական սուպերքարերից մեկը։ Դրա մթնոլորտային V10 շարժիչն ու փոխանցման համակարգը կապված էին Լը Մանի մրցարշավային ծրագրի համար Porsche-ի կատարած մշակումների հետ, որից ընկերությունն ի վերջո հրաժարվեց։ Մոդելի արտադրությունն ավարտվել է 2006 թվականին։

Ակնկալվում է, որ Քիսիմիի աճուրդում կհավաքվի շուրջ 4500 ավտոմեքենա։ Հայտնի մարդկանց պատկանելու փաստաթղթերով հաստատված պատմություն ունեցող օրինակները հետաքրքրություն են ներկայացնում հավաքորդների մոտ, քանի որ մեքենայի ծագման պատմությունը կարող է էապես ազդել դրա գրավչության և արժեքի վրա։

«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան

«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան

Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախյան հարցը Նիկոլ Փաշինյանին հետապնդելու է ստվերի պես։ Նրա ցավն է, նրա վերքը, և նա դա շատ լավ գիտակցում է։ Ինչքան էլ պտտվի ու փորձի շրջանցել, նա խոսում է եւ դեռ շատ է խոսելու Արցախի ու Արցախն ազատագրած հերոսների մասին՝ ամեն անգամ իրեն դնելով է՛լ ավելի բարդ ու անելանելի դրության մեջ։
     Նա վախենում է պատմությունից եւ այն պիտակներից, որոնք անխուսափելիորեն դրվելու են իր վրա։ Այդ պատճառով նրա բոլոր քայլերը միտված են մեկ նպատակի՝ արժեզրկել Արցախը, Արցախյան ազատամարտը, մեր հերոսներին և Եռաբլուրում հանգչող տղաներին։ Ջնջել տղաների նկարները պատերից, ազգային հերոսին համեմատել Նաիրի Հունանյանի հետ, դասագրքերից քերել Արցախի մասին հիշատակումները, անընդհատ խմբագրել ու վերախմբագրել պատմությունը…
     Ինչո՞ւ է նա սա անում….
     Կարծում եմ մոտիվը հանրությանը բարոյալքելն է, արժեզրկելն այն ամենը, ինչ սրբություն է, որպեսզի գալիք սերունդն էլ չունենա արժեքներ ու հերոսներ։ Արցախը համարի բեռ, արցախցուն՝ փախածներ, ովքեր էլի բեռ են, Արցախի համար մարտնչած հերոսներին՝ արկածախնդիրներ, զոհերին՝ «հանուն ոչնչի» ընկածներ….
     Բայց հիշենք, որ խոսքը մի մարդու մասին է, ով ժամանակին հարյուրավոր հոդվածներ է գրել Արցախյան շարժման ու Արցախի մասին, բարձր ամբիոններից ճամարտակել է այդ թեմայով։ Նա հո շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իր պաշտոնավարման ընթացքում։ Եվ հիմա նույնպիսի հետեւողականությամբ, ինչպես ժամանակին գրում ու խոսում էր Արցախի մասին, նույն հետեւողականությամբ ջնջում, արժեզրկում եւ ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից։ Բայց այդ խարանն անջնջելի է. իզուր է փորձում, դա չի ջնջվի, անհնար է։
     Ուստի նրա միակ հույսը մնացել է հասարակական դեգրադացիան. ինչքան հասարակությունը լինի միջակ, տգետ ու վախկոտ, այնքան ավելի հեշտ կլինի նրան վերածել «դաշտում արածող անասունի, որի ձագին երեկ մորթել են, իսկ ինքն անվրդով շարունակում է արածել»»։

Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները

Օվալաձև ֆիբուլաները՝ վերնազգեստի ճարմանդները, վիկինգների դարաշրջանի տարածված զարդերից էին, որոնք, ընդունված պատկերացման համաձայն, զանգվածաբար պատրաստվում էին ստանդարտ նմուշներով։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս իրերը կարող էին շատ ավելի անհատական լինել, իսկ դրանք պատրաստող վարպետները՝ ստեղծագործ և տարբեր տեխնիկաների տիրապետող։

Հետազոտությունը հրապարակվել է Antiquity ամսագրում։ Դրա հեղինակ Դերեկ Փարրոթը՝ Դանիայի Օրհուսի համալսարանից, ստեղծել է Հյուսիսային Եվրոպայի տարբեր հատվածներում հայտնաբերված 105 ֆիբուլաների բարձր ճշգրտության եռաչափ մոդելներ։ Նա դրանք համեմատել է նման զարդերի արտադրության կարևորագույն կենտրոններից մեկում՝ Ռիբեում հայտնաբերված ձուլման կաղապարների 244 բեկորների հետ։

Սկանդինավյան քաղաքային բնակավայրերում հայտնաբերվել են ֆիբուլաների ձուլման կաղապարների տասնյակ հազարավոր բեկորներ։ Սա հնագետներին հանգեցրել է այն եզրակացության, որ այդ զարդերը վիկինգների դարաշրջանի առաջին զանգվածային արտադրանքներից էին․ դրանք պատրաստվում էին համեմատաբար էժան և միասնական չափանիշներով։

Սակայն պատրաստի զարդերը ձուլման կաղապարների հետ համադրելը հեշտ չէ։ Բազմաթիվ կաղապարներ պահպանվել են միայն բեկորների տեսքով, իսկ դրանց մակերեսը վնասվել և այրվել է ձուլման ընթացքում։ Բարձր ճշգրտության 3D մոդելավորումը հետազոտողին հնարավորություն է տվել մանրամասն ուսումնասիրել կաղապարների վրա պահպանված զարդերի հակադարձ դրոշմները և առաջին անգամ դրանք համեմատել առանձին ֆիբուլաների հետ։

Արդյունքն անսպասելի էր․ Փարրոթին հաջողվել է համապատասխանություն գտնել ընդամենը հինգ ֆիբուլաների և կաղապարների 58 բեկորների միջև։

«Հաշվի առնելով, որ հնագետները հաճախ այս առարկաները դիտարկում էին որպես զանգվածային արտադրության էժան իրեր, համընկնումների այդքան փոքր թիվն անսպասելի էր», — նշել է հետազոտողը։

Գիտնականի կարծիքով՝ արդյունքները վկայում են, որ ֆիբուլաներն այնքան էլ ստանդարտացված չէին, որքան նախկինում ենթադրվում էր։ Դրանք կարող էին պատրաստվել սկանդինավյան աշխարհի ամենատարբեր վայրերում, այլ ոչ միայն մասնագիտացված քաղաքային արհեստանոցներում։

Նույնիսկ այն հինգ զարդերը, որոնք հաջողվել է համադրել ձուլման կաղապարների հետ, ունեին զարդանախշի անհատական առանձնահատկություններ։ Սա ցույց է տալիս, որ Ռիբեի վարպետները նույնպես չէին հետևում մեկ միասնական ու անփոփոխ նմուշի։

«Վիկինգների դարաշրջանի արհեստավորները կիրառում էին բազմազան տեխնիկաներ և մեծ հնարամտություն էին դրսևորում։ Նրանք ոչ թե պարզապես ձգտում էին արագորեն էժան իրեր արտադրել, այլ յուրօրինակ առարկաներ էին ստեղծում բարդ կառուցվածք ունեցող արհեստավորական համայնքներում», — ընդգծել է Փարրոթը։

Այսպիսով, ֆիբուլաների՝ որպես զանգվածային արտադրության էժան զարդերի մասին ընդունված պատկերացումը վերանայման կարիք ունի։ Նույնիսկ ստանդարտ ձև ունեցող իրերը կարող էին զգալիորեն տարբերվել ձևավորմամբ՝ արտացոլելով վարպետների անհատական մոտեցումը։

«Վիկինգների դարաշրջանի սկանդինավցիներն արագ նորաձևությամբ չէին հրապուրվում», — եզրափակել է հետազոտողը։

«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան

«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում։
     Միայն իդիոտները և զենքի վաճառքով զբաղվողներն են դեմ խաղաղությանը, բոլոր նորմալ, բանական մարդիկ խաղաղություն են ուզում, դեմ են պատերազմին։ Սակայն անընդհատ հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում, անընդհատ խաղաղություն ասելով՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, նույնիսկ համաձայնագիր չի կնքում, իր զորքերը չի հանում ՀՀ-ում օկուպացրած տարածքներից, ազատ չի արձակում հայ գերիներին, հակահայկական քարոզչությունը չի դադարեցնում,չի դադարում մեր հին վանքերն ու եկեղեցիները աղվանական անվանել, շարունակում է պահանջել նախկինում եղած անկլավները, «300 հազար ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան», Հայաստանով հոսող գետերի համատեղ կառավարում և այլն։ Եթե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքի էլ, դա խաղաղություն չի երաշխավորում, քանզի այդ գործընթացի իրականացումը երաշխավորող հզոր պետություններ կամ միջազգային կազմակերպություններ չկան։ Բազում անգամ ասել եմ՝ Իլհամ Ալիևին ձեռնտու չէ Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, նրան Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը այդ երկրում տիրող մեծ կոռուպցիայից, իրավական բեսպրեդելից, սոցիալական մեծ լարվածությունից շեղելու, ադրբեջանցիների ազգային սնափառությունը շոյելու համար արտաքին թշնամու դեմ պարբերաբար հաղթանակներ են պետք։ Նման հաղթանակներ Ալիևը կարող է տանել միայն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի դեմ, կռվով լինի այդ հաղթանակը, թե առանց կռիվ, Հայաստանից արվող զիջումներով։ Այս պայմաներում պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելը, այսինքն՝ բանակի թվաքանակը նվազեցնել, կեղծ խաղաղության քարոզով Հայաստանի հանրության զգոնությունը բթացնել կարող է անել կամ ուղեղից խոզի գրիպը կամ՝ հայրենիք ուրացողը։ Բավ է հերթական կապիտուլյացիան որպես կայուն, հարատև, արդար խաղաղություն ներկայացնեք։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի մեծ աղետ»։

Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին

Հին եգիպտացիները դարեր շարունակ մումիֆիկացրել են հազարավոր կոկորդիլոսների, որոնց կապում էին Նեղոսի, պտղաբերության և արքայական իշխանության աստված Սոբեկի հետ։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ զմռսողները խառնուրդն ընտրելիս կարող էին առաջնորդվել տեղական ավանդույթներով։

Արտասովոր մի օրինակ է մ.թ.ա. I հազարամյակի կեսերով թվագրվող մումիան։ Եգիպտոսի հարավում՝ Կոմ Օմբոյում, զմռսողները գրեթե չորսմետրանոց կոկորդիլոսի մեջքին ու պարանոցին ամրացրել են ավելի քան 25 ձագի՝ նրանց տեղավորելով եղեգի ցողունների վրա։

Այս դասավորությունը կարող էր պատկերել մոր մեջքին տեղաշարժվող կոկորդիլոսի ձագերին։

Կոկորդիլոսի մումիա՝ զմռսման նյութերի հետազոտության շրջանակում

Հասուն կենդանու և երկու ձագերի զմռսման խառնուրդում պահպանվել են մեղրամոմ և սոճու խեժ կամ ձյութ։ Դարեր անց Կոմ Օմբոյի վարպետները մեկ այլ հասուն կոկորդիլոս զմռսելիս օգտագործել են նույն համադրությունը։ Մինչդեռ Նեղոսի հոսանքով ավելի հյուսիս գտնվող Մանֆալուտից երկու մատղաշ կոկորդիլոսների զմուռսի հիմնական բաղադրիչը մայրու ձյութն էր։

Բրիտանական թանգարանի հետազոտողները՝ Տաբեա Կոխի գլխավորությամբ, փորձել են պարզել՝ այս տարբերությունները կապված էին կենդանիների չափերի՞, թե՞ զմռսման տեղական ավանդույթների հետ։ Scientific Reports ամսագրում նրանք եզրակացրել են, որ խառնուրդի ընտրությունը, հավանաբար, նախևառաջ կախված էր վարպետների աշխատանքի վայրից։

Հին եգիպտական կոկորդիլոսների մումիաների ուսումնասիրություն

Գիտնականներն ուսումնասիրել են Լոնդոնի երկու թանգարաններում պահվող յոթ մումիա։ Դրանց թվում էին Կոմ Օմբոյից երկու հասուն կոկորդիլոսները, Մանֆալուտից երկու մատղաշ կենդանիները և շատ փոքր կոկորդիլոսների երեք խումբ։ Վերջիններիս հայտնաբերման ճշգրիտ վայրն անհայտ է։

Մասնագետներն ընդհանուր առմամբ վերցրել են 22 նմուշ։ Դրանց թվում կային զմուռսով ներծծված պատանքների կտորներ և կենդանիներից մեկի մաշկի ոսկրային թիթեղների վրա պահպանված մուգ կեղևի նմուշ։

Քիմիական վերլուծությամբ հետազոտողները հայտնաբերել են մեղրամոմին և որոշ ծառերի խեժերին բնորոշ միացություններ։ Բոլոր յոթ մումիաներում նրանք գտել են փշատերև բույսերի, այդ թվում՝ սոճիների ու մայրիների հետքեր։ Կոմ Օմբոյից երկու հասուն կոկորդիլոսների զմուռսը մեղրամոմից և սոճու խեժից բացի պարունակում էր նաև փոքր քանակությամբ մայրու ձյութ։

Մայրուն բնորոշ որոշ միացություններ հեշտությամբ գոլորշիանում են։ Ուստի դրանց պահպանված չնչին քանակը կարող է չարտացոլել խառնուրդում ձյութի սկզբնական պարունակությունը։ Սոճուն բնորոշ միացություններն ավելի լավ են պահպանվում։ Մանֆալուտի նմուշներում դրանց բացակայությունը ևս հուշում է, որ այդ կենդանիներին զմռսել են այլ բաղադրությամբ խառնուրդով։

Ռադիոածխածնային վերլուծությամբ գիտնականները ձագերով հասուն կոկորդիլոսի մումիան թվագրել են մ.թ.ա. 792–542 թվականներով, իսկ երկրորդ հասուն կենդանունը՝ մ.թ.ա. 49 թվականից մինչև մ.թ. 106 թվականն ընկած ժամանակահատվածով։ Չնայած բազմադարյա ընդմիջմանը՝ զմռսողները երկու դեպքում էլ կիրառել են մեղրամոմի և սոճու խեժի նույն խառնուրդը։

Հնարավոր է՝ երկու հասուն կոկորդիլոսներին էլ կենդանության օրոք պաշտել են որպես Սոբեկի մարմնավորումներ։ Կոմ Օմբոյում երկրպագում էին այդ աստծուն։ Սրբազան կոկորդիլոսներն ապրում էին տաճարային համալիրներում, իսկ մահից հետո նրանց մումիֆիկացնում էին։ Հավատացյալների ընծայաբերած հազարավոր կոկորդիլոսների թվում կային նաև բազմաթիվ մատղաշ կենդանիներ։

Ավելի վաղ հետազոտողները Կոմ Օմբոյից երկու փոքր կոկորդիլոսների զմուռսում հայտնաբերել էին մեղրամոմ և փշատերև ծառերի խեժ։ Ենթադրաբար, այդ կենդանիներին նույնպես ընծայաբերել էին աստծուն։

Թեև այն ժամանակ հետազոտողները չէին կարողացել որոշել ծառի տեսակը, արդյունքները հուշում են, որ զմռսողները կարող էին նույն հիմնական խառնուրդն օգտագործել տարբեր չափերի և կրոնական տարբեր կարգավիճակ ունեցող կոկորդիլոսների համար։

Կոմ Օմբոյի անմիջական հարևանությամբ փշատերև ծառեր չէին աճում։ Ուստի տարբեր դարաշրջաններում այնտեղ աշխատած վարպետները, հավանաբար, խեժը բերել են Միջերկրածովյան տարածաշրջանից։

Առայժմ գիտնականներն ուսումնասիրել են Կոմ Օմբոյից ընդամենը չորս մումիայի զմուռսի քիմիական բաղադրությունը։ Հետագա հետազոտությունները պետք է պարզեն՝ արդյոք այս խառնուրդը բնորոշ է հենց Կոմ Օմբոյին և հազվադեպ է հանդիպում այլ վայրերում։ Եթե դա հաստատվի, զմուռսի վերլուծությունը կօգնի որոշել կոկորդիլոսների մումիֆիկացման վայրը, նույնիսկ երբ դրանց հայտնաբերման վայրն ու հանգամանքները չեն արձանագրվել։

«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան

«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ ԶԼՄ-ների՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին՝ Ադրբեջանի պետական ֆինանսավորմամբ հրատարակված երկու գրքերի շնորհանդեսին պաշտոնապես աջակցելու համար։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած այդ շնորհանդեսին ներկայացված գրքերում պնդվում է, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանն ադրբեջանական տարածք է։
     Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից պահանջում է սպառիչ պարզաբանումներ՝ միաժամանակ կոչ անելով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին պարզել, թե ինչպես է ԱՄՆ գլխավոր գրադարանն իր անունը կապել Հայաստանի դեմ ուղղված օտարերկրյա քարոզչական արշավի հետ։
     Պահանջը, անշուշտ, ճիշտ է և տեղին։ Սակայն խնդիրն ունի նաև հակառակ կողմը, որի մասին չպետք է լռել։ Իսկ ինչո՞ւ Հայաստանի պետությունը, հայաստանյան ակադեմիական և սփյուռքահայ կառույցներն իրենք չեն նախաձեռնում Երևանի և առհասարակ Հայաստանի պատմության ու պատմական ժողովրդագրության վերաբերյալ նոր ուսումնասիրությունների թարգմանությունն անգլերեն և այլ օտար լեզուներով, ինչո՞ւ չեն զբաղվում այդ աշխատությունների տարածմամբ։ Ինչո՞ւ իրենք չեն հովանավորում և այնուհետև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին ներկայացնում նույն թեմայով բարձր ակադեմիական մակարդակով գրված նոր աշխատություններ։ Մի՞թե այդպիսի աշխատություններ չկան։ Իրականում՝ կա՛ն, բայց անտեսված են հայկական խոշոր կառույցների կողմից։
     2022 թ. հրապարակել եմ իմ երկարամյա հետազոտությունների արդյունք հանդիսացող հետևյալ 664-էջանոց հիմնարար մենագրությունը՝ «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» (Եր.՝ «ՆՏ Հոլդինգ», 2022)։
     Մենագրության ընդարձակ մի բաժին նվիրված է հենց այդ դարաշրջանում Երևանի և Արարատյան դաշտի ժողովրդագրությանն ու բնակչության էթնիկական կազմին։
     2024 թ. հրապարակեցի նաև առանձին մենագրություն՝ նվիրված 1724 թ. Երևանի հերոսական պաշտպանության 300-ամյակին, որում, բացի Երևանի հայության հերոսական դիմադրության և մարտական գործողությունների մանրամասն վերլուծությունից, ընդգրկված էր նաև Երևանի ժողովրդագրության մասին վերոհիշյալ գլուխը։ Եվ ի՞նչ։ Բացարձակ անտարբերություն հայաստանյան և սփյուռքյան խոշոր կառույցների կողմից։
     Ավելին՝ 2024 թ. սեպտեմբերին գրքիս՝ մի շարք ԶԼՄ-ներում լուսաբանված շնորհանդեսը դարձավ միակ իրադարձությունը, որով նշվեց Երևանի պաշտպանության 300-ամյակը։ Պետությունն ու սփյուռքյան կառույցները պահպանեցին քար լռություն՝ կարծես Երևանի համար ոչ մի կռիվ էլ չէր եղել, հազարավոր հայեր զենքով չէին պաշտպանել իրենց քաղաքը և նրա պարիսպների տակ չէին ոչնչացրել 20 000 օսմանցի ասկյար։
     Այնինչ այդ օրերին ես առաջարկել էի նաև ԿԱՌՈՒՑԵԼ ՄԻ ՎԵՀԱՇՈՒՔ ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ 1724 Թ. ՀՈՒՆԻՍ–ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՕՍՄԱՆՅԱՆ ԶԱՎԹԻՉ ԲԱՆԱԿԻ ԴԵՄ ՀԱՄԱՌ ԿՌԻՎՆԵՐՈՒՄ ՔԱՋԱԲԱՐ ՄԱՐՏՆՉԱԾ 11 500 ՀԱՅ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԱՆՄԱՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ՝ ներկայացնելով նաև դրա հնարավոր մակետը (հղումը՝ մեկնաբանությունների դաշտում)։
     Առհասարակ, մեզանում սարսափելիորեն կաղում է պետական և համազգային հիշողության քաղաքականությունը, ինչը սովորաբար ծանր հետևանքներ է ունենում։
     Պարզ չէ՞ր, որ այդ 11 500 հայ ռազմիկները ներկայացնում էին անհամեմատ ավելի մեծաթիվ հայ բնակչություն, որի թվաքանակն իմ ուսումնասիրության մեջ ճշտվում էր թաղամաս առ թաղամաս՝ հընթացս հիմնավորելով 1724 թ. Երևանի բնակչության մեջ հայերի գրեթե 90-տոկոսանոց մեծամասնությունը։ Բացի այդ՝ աղբյուրներում նշվում է նաև, որ 1724 թ. սեպտեմբերի վերջին օսմանյան բանակը Երևանում կոտորել է 30 000 հայի, իսկ մյուսներին գերի քշել-տարել կայսրության խորքերը։
     Բայց չէ՛, այս ամենը մոռանանք, չհիշատակենք, չլուսաբանենք, չտարածենք տարբեր լեզուներով, հետո գնանք բողոքենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը կեղծում են Երևանի պատմությունը։
     Ասածս այն է, որ ադրբեջանական պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց դա քիչ է, խիստ անբավարար, եթե չի ուղեկցվում հայկական կողմի համապատասխան գիտական աշխատությունների ներկայացմամբ ու տարածմամբ։ Իսկ թե ինչո՞ւ են հայկական քարոզչությունն ու հակաքարոզչությունն այդքան կաղում այս հարցերում՝ արդեն բոլորովին այլ, երկար խոսակցության նյութ է»։

«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան

«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ահա Վարչապետի աթոռին սոսնձվածը հայտարարում է, թե ընդդիմությունից վեց հոգի քվեարկելու են իր օգտին և հանրաքվեի գնալու օգտին։
     Ասում է՝ քվեարկելու են։
     Ես վստահ եմ՝ չեն քվեարկելու։
     Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է։
     Եթե այդ վեց հոգին չքվեարկեն քո օգտին, դու հրաժարական կտա՞ս։
     Որովհետև եթե չքվեարկեն, հերթական անգամ ակնհայտ կդառնա, որ քո հայտարարությունը ոչ թե քաղաքական հաշվարկ էր, այլ դատարկ, մունդռիկ շանտաժ՝ սեփական ուժերի ու իրավիճակի նկատմամբ սխալ պատկերացումից ծնված»։
     Իսկ քաղաքական շանտաժ անող, իրականությունը սխալ գնահատող և սեփական հայտարարությունների պատասխանատվությունը չկրող մարդը վարչապետի կաբինետում անելիք չունի։
     Վարչապետը պետք է լինի հաշվարկող, պատասխանատու և իր խոսքի տերը։
     Եթե խոսքդ պայման է, կատարիր։ Եթե հաշվարկդ սխալ է՝ ընդունիր։ Իսկ եթե ոչ խոսքիդ տերն ես, ոչ հաշվարկիդ, ապա վարչապետի աթոռին մնալու բարոյական իրավունք չունես։
     ևս մի կարևոր բան։ Եթե այս շանտաժը և իբր վեց դավաճան ունենալը չստացվեն, ընդդիմությունը կհաղթի արտահերթ ընտրություններում։ Ջախջախիչ առավելությամբ»։