
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 13-ին լրագրողների հարցերին պատասխանելիս պնդում էր, թե ուզում է բարեկամաբար լուծել երկաթուղու խնդիրը եւ չի ուզում գնալ «ինչ-որ սուր լուծումների»: Բարեկամական լուծումն ու կոմպրոմիսը, ըստ նրա, այն է, որ Ռուսաստանը հայկական երկաթուղու հանդեպ իր կոնցեսիոն իրավունքը վաճառի երրորդ կողմին:
«Այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասամբ, այսինքն՝ ինչ-որ որոշակի, բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությունը չխոչընդոտվի»,- վերջին ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը:
Իսկ ինչո՞ւ է նա առհասարակ ցանկանում երկաթուղու կառավարումն ամեն գնով խլել ՌԴ-ից, որի պայմանագրային ժամկետը մինչեւ 2038 թվականն է: Ըստ Փաշինյանի, Ռուսաստանի կոնցեսիայի տակ լինելու հանգամանքը խանգարում է մեզ ինտեգրվել միջազգային տրանսպորտային ցանցին: Թերեւս խոսքը Թրիփփի մասին է: «Մենք մարդկանց ասում ենք՝ բայց այստեղ հնարավորություններ կան, մենք ենք առաջարկում, իրենք խուսափում են այդ թեմայից, եւ մենք արդյունքում հասկանում ենք, որ դրա պատճառն այն է, որ մեր երկաթուղին գտնվում է ռուսական կոնցեսիայի ներքո»,- բացատրում է Փաշինյանը:
Ռուսական կողմը Փաշինյանի այս մոտեցումը, ինչպես հայտնի է, չի ողջունում: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե հայկական կողմը մտադիր է փոխել կամ դադարեցնել կառավարման պայմանները, ուրեմն պետք է վերադարձնի իրենց ներդրումները, որոնք 2008 թվականից մինչ օրս կազմում են 400 մլն դոլար:
Փաշինյանը վաճառքի առաջարկը բարեկամական լուծում է համարում, իսկ Ռուսաստա՞նը: «Հրապարակի» հարցին պատասխանելով՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասում է. «Այո, շատ «բարեկամական» քայլ է կոնցեսիան հետ վերցնելը, որի մեջ այդքան գումար ու ջանք են ներդրված, այն էլ՝ Հայաստանի ու Ռուսաստանի համար այս դժվարին պահին: Այո, սա «բարեկամական» լուծում է: Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը հավատարիմ է ինքն իրեն՝ մանիպուլյացիաներ անել, երբ բանը վերաբերում է հասարակական կարծիքին, բայց հուսամ, որ մարդիկ դրանց չեն տրվի: Սա Ռուսաստանի հանդեպ թշնամական քայլերից հերթականն է, որոնք նա ձեռնարկում է հետեւողականորեն ու հատկապես 2022 թվականից հետո»:
Պաշտոնական բացատրությունը, թե Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարումը խանգարում է Հայաստանին ինտեգրվել միջազգային տրանսպորտային ցանցերին, նա ծիծաղելի է համարում: «Փաստորեն, նա Ամերիկա է բացում: Պարզվում է՝ մենք, որպես պետություն, գոյություն չենք ունեցել մինչեւ հիմա եւ Հայաստանի կառավարության, Փաշինյանի շնորհիվ գիտակցեցինք մեր թերությունները՝ ինտեգրացիայի բացակայությունը: Սա ուղղակի ծիծաղելի է»:
Ըստ նրա, 400 մլն դոլար ներդրումների վերադարձի պահանջը միանգամայն ռեալ է եւ կարող է ներկայացվել Հայաստանին: «Ես ծանոթ չեմ համաձայնագրերի մանրամասներին, բայց վստահ եմ, որ դրանք պետք է պահպանվեն»,- ասում է Զատուլինը:
Նա հիշեցնում է, որ պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ զարգացող երկրները փորձել են պետականացնել արեւմտյան պետություններին պատկանող կոնցեսիաները, տիրապետման կամ վարձակալության իրավունքները, ինչին Արեւմուտքը կոշտ հակազդեցություն է ցուցաբերել։ «Օրինակ, ի պատասխան Սուեզի ջրանցքի պետականացմանը՝ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, Իսրայելի հետ համատեղ, փորձեցին «բարեկամական» ագրեսիա իրականացնել Եգիպտոսի դեմ: Կամ, ասենք, Իրանում, երբ Մոհամմադ Մոսադեղը պետականացրեց նավթային կամպանիաները, ի պատասխան՝ արեւմտյան ուժերը կազմակերպեցին պետական հեղաշրջում՝ տապալելով նրա կառավարությունը: Ահա, այսպիսի մանրուքներ են ուղեկցում նմանատիպ գործողություններին: Իհարկե, մենք Արեւմուտք չենք, մենք մեզ այլ կերպ ենք պահում: Ամեն դեպքում, սա «բարեկամական» մանրուք չէ, այլ բացարձակ անխիղճ ոտնձգություն նրա կողմից»,- նշեց Պետդումայի պատգամավորը: