2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուժի մեջ են մտնում մի շարք օրենսդրական փոփոխություններ և նոր չափանիշներ, որոնք արմատապես փոխում են դպրոցների կառավարման համակարգը, անվտանգության ապահովման մեխանիզմներն ու սովորողների պաշտպանության ինստիտուտները։ BanksNews.am-ը ներկայացնում է դրանք:
1. Դպրոցների ենթակայության փոփոխություն․ կենտրոնացված բովանդակային կառավարում
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների (ՀՕ-194-Ն) համաձայն՝ սեպտեմբերի 1-ից ՀՀ մարզպետարանների ենթակայությամբ գործող պետական դպրոցներն անցնում են ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ (Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների համար այս փոփոխությունը կգործի 2027 թվականի սեպտեմբերի 1-ից)։
- Բովանդակային կառավարումը՝ նախարարությանը․ Կրթական ծրագրերի, չափորոշիչների և բովանդակության միասնական համակարգումն իրականացնելու է ԿԳՄՍՆ-ն։ Ներդրվում է նաև մարզային համակարգողների ինստիտուտ։
- Վարչատնտեսական մասը՝ մարզպետարաններին․ Մարզպետարանները շարունակելու են համակարգել դպրոցական գույքի պահպանումը, շենքային պայմանները, վարչատնտեսական մասի համակարգողների թափուր պաշտոնների հայտարարումը, տրանսպորտային ծառայություններն ու դասագրքերի բաշխումը։
- Տնօրենների ընտրությունը․ Տնօրենների նշանակման գործող ընթացակարգը (զարգացման ծրագիր, փորձաքննություն, հարցազրույց) պահպանվում է։
2. Դպրոցի անվտանգությունն ու մուտքի վերահսկողությունը․ հստակ պատասխանատուներ
ԿԳՄՍ նախարարի N 07-Ն հրամանով առաջին անգամ հստակեցվում են դպրոցի անվտանգության պատասխանատուները․
- Կասկածելի անձանց մուտքի կանխում․ Դպրոցի վարչատնտեսական համակարգողը (կամ տնօրենի տնտեսական գծով տեղակալը/տնտեսվարը) պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ անծանոթ կամ կասկածելի անձանց մուտքը կանխելու և վերահսկելու համար։
- Հսկողություն ռիսկային գոտիներում․ Դպրոցի տնօրենը պետք է ապահովի մեծահասակների շարունակական վերահսկողությունը բարձր ռիսկայնություն ունեցող տարածքներում՝ խաղահրապարակ, սանհանգույցներ, միջանցքներ, ճաշարան, բակ, նկուղ և այլն։
- Անցագրային համակարգ․ Հրամանը պարտադիր անցագրային համակարգ կամ գրանցամատյան չի սահմանում․ դրանց կոնկրետ ձևաչափի ընտրությունը թողնված է դպրոցի տնօրենի հայեցողությանը։
- Պաշտպանություն բոլորի համար․ Անվտանգության պահանջները տարածվում են ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների, աշխատակիցների և դպրոց մուտք գործող ծնողների վրա։
3. Արտակարգ իրավիճակների պատրաստվածություն և տարհանում
Նույն հրամանով սահմանվում են դպրոցների պարտականությունները բնական և տեխնածին աղետների (երկրաշարժ, հրդեհ, ջրհեղեղ, պայթյուն և այլն) դեպքում․
- Պարբերական վարժանքներ և իրազեկում․ Դպրոցները պարտավոր են անցկացնել պարբերական տարհանման վարժանքներ, թեմատիկ տեսանյութերի դիտումներ և քննարկումներ։
- Տարհանման պլաններ․ Տարհանման պլանները պետք է լինեն ոչ միայն թղթի վրա, այլև տեսանելի և հասանելի բոլորի համար։
- Ճանաչողական շրջայցեր․ Դպրոցը պետք է աշակերտներին ֆիզիկապես ցույց տա արտակարգ ելքերը, հավաքատեղիները և անվտանգ երթուղիները։
- Համագործակցություն․ Ապահովվելու է մշտական համագործակցություն Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) համապատասխան ստորաբաժանումների հետ։
4. «Սովորողի պաշտպանության թիմ» (ՍՊ թիմ)․ պայքար բուլինգի և բռնության դեմ
Յուրաքանչյուր դպրոցում ձևավորվելու է բազմամասնագիտական աշխատանքային խումբ, որի նպատակն է կանխարգելել, վաղ հայտնաբերել և արձագանքել սովորողների նկատմամբ բռնության դեպքերին (ֆիզիկական, հոգեբանական, բուլինգ, կիբերբուլինգ և այլն)։
- Թիմի կազմը․ Դպրոցի տնօրեն (կամ համակարգող), վարչատնտեսական համակարգող, դասղեկ/ուսուցիչ, հոգեբան, ծնողական խորհրդի ներկայացուցիչ և աշակերտական խորհրդի ներկայացուցիչ։
- Գործառույթները․ Ռիսկերի գնահատում, սովորողին և ընտանիքին հոգեբանական ու սոցիալական աջակցության տրամադրում, անհրաժեշտության դեպքում՝ իրավապահ կամ համապատասխան մարմիններին ուղղորդում։
- Արձագանքման պարտավորություն․ Դպրոցի յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է բռնության կամ բուլինգի կասկածի դեպքում անհապաղ տեղեկացնել ՍՊ թիմին։
- Վերահսկողություն․ Դպրոցի տնօրենն առնվազն կիսամյակը մեկ հաշվետվություն է ներկայացնելու մանկավարժական խորհրդին՝ իրականացված պաշտպանական միջոցառումների վերաբերյալ։
2026 թվականի սեպտեմբերի 1-ից մեկնարկող փոփոխությունները նպատակ ունեն ստեղծելու առավել անվտանգ, վերահսկելի և միասնական կրթական միջավայր՝ հստակեցնելով պաշտոնյաների պատասխանատվությունը թե՛ ուսումնական բովանդակության, թե՛ երեխաների ֆիզիկական ու հոգեբանական անվտանգության համար։