

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 2026թ․ օգոստոսի 10-ին նամակով դիմել էին պետական մարմիններին՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով Հրազդանի կիրճ և Հրազդան գետի հուն հողային ու շինարարական զանգվածների տեղափոխման վերաբերյալ։ Դիմումները հասցեագրվել էին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարին և Երևանի քաղաքապետին։
Նամակում քաղհասարակության կազմակերպությունները պահանջել են տեղեկատվություն և փաստաթղթեր, ինչպես նաև պարզաբանումներ՝ տարածքի նկատմամբ իրականացվող վերահսկողական գործողությունների վերաբերյալ։
Նամակի մեջ մասնավորապես նշված է․
«Սոցիալական ցանցերում լայն տարածում ստացած լուրերից, հիմնականում «Հետք» հետաքննող լրագրողների ռեպորտաժներից տեղեկացել ենք, որ «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հողային և շինարարական զանգվածներ են տեղափոխվել և տեղադրվել Հրազդանի կիրճի և գետի հունի հատվածներում՝ ակնհայտ վնասակար ազդեցություն ունենալով ծառածածկի և բնական միջավայրի վրա։
Ահա տեղեկատվական նյութերի հղումները,-
- https://hetq.am/hy/article/182896
- http://facebook.com/reel/1477953084101377/?s=single_unit 3.https://www.facebook.com/photo?fbid=28375940308684006&set=gm.4374526779469219&idorvanity=2141130006142252
Մենք՝ որպես բնապահպանությամբ մտահոգ մասնագետներ, քաղաքացիներ և կազմակերպություններ, խորապես անհանգստացած ենք տվյալ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներով, քանի որ այն առանձնանում է իր տեղանքով ու բարձր բնապահպանական արժեքով։
«Հետք»-ի նկարներից ակնհայտ է, որ նախագիծն իր չափերի առումով պետք է պարտադիր ներկայացված լինի փորձաքննության ու ստացած լինի դրական եզրակացություն։ Միաժամանակ ակնհայտ է, որ այդ շինարարությունը Հրազդանի կիրճում անօրինական է առնվազն ջրային օրենսգրքի պահանջների տեսանկյունից։
Հրազդանի ձորը հանդիսանում է կենսաբազմազանությամբ հարուստ տարածք, որտեղ հանդիպում են ինչպես տարածքի համար բնորոշ, այնպես էլ հազվագյուտ և պաշտպանվող բուսական ու կենդանական տեսակներ։
Այս աշնանը մեր երկրում տեղի ունենալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17) օր առաջ պատրաստ լինելու ցանկությունը, կառուցապատողներին, հավանաբար, ստիպում է շրջանցել ՀՀ մի շարք օրենքների պահանջները, ինչի հետևանքով, մենք մտավախություն ունենք, որ անշրջելի վնաս կհասցվի շրջակա միջավայրին ու տարածքի էկոհամակարգին:
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիան, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք)՝ խնդրում ենք տրամադրել մեզ հետևյալ տեղեկատվությունը.
1.Կատարվե՞լ է արդյոք շրջակա միջավայրի վրա վերը նշված աշխատանքների ազդեցության գնահատում (ՇՄԱԳ), և եթե այո՝ խնդրում ենք տրամադրել մեզ ՇՄԱԳՓ փաստաթղթերը, շինարարական նախագիծը, դրա նկատմամբ ստացած թույլտվությունը և ՇՄԱԳ-ը։
Եթեառկա են այլ ուղեկցող փաստաթղթեր, նախագծեր, պայմանագրեր և այլն, կամ գնահատականներ, որոնք վերաբերում են այդ աշխատանքներին ու դրանց ազդեցությանը շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա, խնդրում ենք տրամադրել նաև դրանք:
Ի՞նչ վերահսկողական աշխատանքներ են կատարվել կամ կատարվում վերը նշված շինարարական աշխատանքների նկատմամբ:
Խնդրումենքհնարավորության սահմաններում տեղեկացնել նաև՝ իրականացվե՞լ են արդյոք հանրության իրազեկման և մասնակցության ապահովման գործընթացներ։
Միաժամանակ, նկատի ունենալով, որ COP17-ին հանրությունը ունի դիտորդի կարգավիճակ, խնդրում ենք ձեր հանձնարարականը՝ համապատասխան ստորաբաժանումներին՝ թույլատրելու մեզ, ամենամոտ ժամանակում մասնագետների ներգրավմամբ այցելել տարածք ու տեղում կատարել դիտորդական զննում»։
Նամակը ստորագրել են «Դալմա Սոնա» ՀԿ-ն, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն և «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն։
Ի պատասխան քաղհասարակության ահազանգին՝ օգոստոսի 12-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ Ա․ Գրիգորյանն իր նամակում հայտնել է․
«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի օգոստոսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հասցեագրված հարցմանը՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում շինարարական աշխատանքների արդյունքում հողային և քարային զանգվածը Հրազդանի կիրճ, Հրազդան գետի հուն, ինչպես նաև կիրճում աճած ծառերի վրա ազդեցություն ունենալու վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանի հետ համատեղ այցելել են Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցի 1 հասցե, որտեղ գործունեություն է ծավալում «ՄԵՐԻԴԻԱՆ» ՓԲԸ-ն:
Տեղում պարզվել է, որ նշված տարածքում COP 17 միջազգային կենսաբազմազանությանը նվիրված միջազգային միջոցառումների կազմակերպման համար կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բուսահող և հողային զանգված է լցվել Հրազդան գետի լանջ և ծառերի արանքում, որի արդյունքում, ըստ դենդրոլոգի եզրակացության, ծառերը մինչև աճի դադարեցման աստիճանի վնասված չեն, ուստի հնարավոր չէ հաշվարկել բուսական աշխարհին պատճառված վնաս:
Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի՝ բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվում է ծառերի և թփերի հատման, ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում՝ յուրաքանչյուր միավորի համար՝ ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշվածի արդյունքում գետի հունի փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ ինչ վերաբերվում է իրականացվող շինարարական աշխատանքներին՝ նշեմ, որ ելնելով կառուցապատման մակերեսից՝ տվյալ գործունեությունը ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթը կարճվել է»:


Գլխավոր լուսանկարը՝ ՀԵՏՔ-ի
Օգոստոս 14, 2026 at 12:47