Գազայում կան մարդիկ, որոնք արժանի չեն ապրելու… Նրանք նույնիսկ մարդ չեն․ իսրայելցի նախարար

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Գազայի հատվածում որոշ մարդիկ «արժանի չեն ապրելու»։

Ըստ Financial Times-ի՝ ՀԱՄԱՍ խմբավորման նախկին պատանդ Ռոմ Բրասլավսկու հետ զրույցի ժամանակ նախարարն անհամաձայնություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Գազայում ռազմական գործողությունների կրճատման հարցում։

«Կարծում եմ՝ մենք պետք է ամեն գիշեր իրականացնենք 30-40 թիրախային սպանություն… Ոչ միայն նրանց, ովքեր անմիջական սպառնալիք են ներկայացնում։ Այնտեղ կան մարդիկ, որոնք արժանի չեն ապրելու… Նրանք նույնիսկ մարդ չեն», – նշել է նախարարը։

Նա նաև կոչ է արել վերսկսել հրեական բնակավայրերի շինարարությունը Պաղեստինի տարածքում։

Հարցազրույցի ժամանակ Բրասլավսկին, որը 2025 թվականի հոկտեմբերին ազատ էր արձակվել ՀԱՄԱՍ-ի կողմից, խնդրել է իրեն թույլատրել մահապատժի ենթարկել ահաբեկչության մեղադրանքով դատապարտված անձանց։

Բեն-Գվիրը խոստացել է, որ կանի ամեն բան Բրասլավսկու խնդրանքը կատարելու համար։

«Ես կշարժեմ երկինքն ու երկիրը, և խոստանում եմ ձեզ ամեն ինչ անել, որպեսզի դա տեղի ունենա։ Իմ ամենամեծ երազանքներից մեկն է ձեզ այնտեղ տեսնելը», – նշել է Բեն-Գվիրը։

Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը ձեռք է բերվել 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։ Այն նախատեսում է հրադադար, Գազայում պահվող պատանդների ազատ արձակում՝ պաղեստինցի բանտարկյալների դիմաց, մարդասիրական օգնության ավելացում և իսրայելական ուժերի փուլային դուրսբերում։ Ներկայում համաձայնագրերի իրականացումը մնում է անավարտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *