Իսպանական Սեուտա անկլավ նոր ժամանած հարյուրավոր միգրանտներ բողոքի ակցիա են անցկացրել քաղաքի հայտնի լողափերից մեկում՝ Իսպանիայի իշխանություններից պահանջելով ապաստան տրամադրել իրենց՝ Մարոկկո հետ ուղարկելու փոխարեն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նրանք այն 5,000–8,000 միգրանտների թվում են, որոնք դեռ Սեուտայում են երկու շաբաթ առաջ տեղի ունեցած զանգվածային ներհոսքից հետո։ Այդ ժամանակ մոտ 80,000 բնակիչ ունեցող այս փոքրիկ տարածք էր մտել ավելի քան 72,000 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը, սակայն, հաջորդող օրերին կամովին վերադարձել էր։
Քաղաքային ռեսուրսների սղության պատճառով միգրանտների մեծ մասը ծանր պայմաններում ապրում էր Էլ Տրամպոլին լողափում կամ քաղաքի ծայրամասերում՝ սպասելով մայրցամաքային Եվրոպա հասնելու հնարավորությանը։
«Քնում ենք ծովափին, ցուրտ է, շուրջբոլորը՝ տհաճ հոտեր։ Շատ ենք տանջվում»,- նշել է մարոկկացի Այուբ Էլարուդը՝ հավելելով, որ ոստիկանությունն իրենց թույլ չի տալիս հասնել քաղաքի կենտրոն։
Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել էին Իսպանիայի դրոշներ ու «Չենք ուզում վերադառնալ Մարոկկո» և «Մենք նույնպես մարդ ենք» գրություններով պաստառներ, ինչպես նաև վանկարկում էին «Հոգնել ենք» ու «Լուծում է պետք» լոզունգները։ Նրանց հետևում գտնվող ժայռոտ ափերին, որոշ միգրանտներ շորեր էին լվանում, իսկ մյուսները եղեգնյա ինքնաշեն կարթերով ձուկ էին որսում։
Շաբաթվա սկզբին Ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտարարել էր, որ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած միգրանտներին թույլ չի տրվի մնալ անկլավում, մեկնել Իսպանիայի մայրցամաքային մաս կամ ստանալ օրինական կարգավիճակ՝ բացառությամբ խոցելիության ծայրահեղ դեպքերի։