Գետերում ջրի մակարդակի բարձրացման վտանգ․ փրկարարները անցել են արտակարգ ռեժիմով ծառայության

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 20-21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։

 

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը ստանալուց հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։

 

«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *