
Ադրբեջանում Բելգիայի և Նիդերլանդների դեսպանները կանչվել են արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում խիստ բողոք է արտահայտվել ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են` որպես «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացի խաթարմանն ուղղված հերթական անպատասխանատու փորձեր»:
«Այդ փաստաթղթերը հիմնված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների վրա և ցույց են տալիս այդ կառույցների ներսում խորապես արմատացած հակաադրբեջանական կողմնակալությունը։ Դրանցում ներկայացված մեղադրանքները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և միջամտություն իրավունքի գերակայությանը», – նշել է նախարարությունը։
Ադրբեջանական կողմը նաև մերժել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեղադրանքները, ինչպես նաև հայկական ծագում ունեցող անձանց անօրինական ձերբակալությունների մասին հայտարարությունները:
Նշենք, որ Բելգիայի ներկայացուցիչների պալատը Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև էր ընդունել:
Նիդերլանդների խորհրդարանում նույնպես բարձրացվել էին հայկական հարցերին առնչվող կարևոր թեմաներ։ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Դոն Սիդերի ներկայացրած երկու միջնորդություններն ընդունվել էին մեծամասնությամբ։