ԱՄՆ-ը RTX ընկերության հետ 22,9 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել՝ Tomahawk հրթիռների արտադրությունն ավելացնելու համար

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը, որը փորձում է շտապ կերպով վերականգնել բարձր տեխնոլոգիական զենքի սպառված պաշարները, երկուշաբթի հայտարարել է Raytheon (RTX) ընկերության հետ 22,9 միլիարդ դոլարի պայմանագիր կնքելու մասին, որն ուղղված է Tomahawk հրթիռների արտադրության կտրուկ ավելացմանը, հայտնում է Reuters-ը։

Միացյալ Նահանգները խոշոր խմբաքանակներով սպառազինություն է մատակարարել դաշնակիցներին, ինչպես նաև ակտիվորեն ծախսել է զինամթերք Իրանի հետ հակամարտության ընթացքում, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել հակաօդային պաշտպանության միջոցների և բարձր ճշգրտության զենքի պաշարների սպառման վերաբերյալ։

«Մենք արդյունաբերությանը կոչ ենք արել արագորեն մեծացնել զինամթերքի արտադրության ծավալները, և RTX-ը կատարում է այդ խնդիրը,- X հարթակում իր գրառման մեջ հայտարարել է ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Ցաոն։- Tomahawk-ների արտադրության այդ պատմական պայմանագիրը երաշխավորում է, որ մեր զինծառայողները կշարունակեն ունենալ իրենց անհրաժեշտ հզոր կրակային կարողությունը»։

Տարեկան ավելի քան 1000  Tomahawk հրթիռ

Raytheon ընկերության առանձին հայտարարության մեջ նշվում է, որ պայմանագրի գործողության ժամկետը կկազմի յոթ տարի, և այն հնարավորություն կտա տարեկան Tomahawk հրթիռների արտադրությունն ավելացնել մինչև ավելի քան 1000 միավոր։ Ներկայում ընկերությունն տարեկան ընդամենը 60 հրթիռ է արտադրում։

Ծովային կրիչներից արձակվող Tomahawk հրթիռները, որոնք ԱՄՆ ռազմածովային ուժերի մակերեսային նավատորմի հիմքն են, ապահովում են ցամաքային թիրախների նկատմամբ մեծ հեռավորությունների վրա բարձր ճշգրտությամբ հարվածներ՝ նավերից և սուզանավերից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *