Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը պահանջում է, որ Բրյուսելը 7 միլիարդ եվրո հատկացնի՝ Ռուսաստանի հետ դիմակայությունից բխող ռազմական և տնտեսական ծախսերը ծածկելու համար, քանի որ երկրում աճում է ճնշումը՝ Մոսկվայի նկատմամբ կոշտ քաղաքականության բարձր գնի պատճառով։
Ինչպես հայտարարել է Կուլբերգսը Politico-ին տված հարցազրույցում, այդ միջոցները պետք է տրամադրվեն ԵՄ հաջորդ յոթամյա բյուջեից՝ նոր Մրցունակության հիմնադրամի շրջանակում, որպեսզի փոխհատուցվեն պաշտպանության ծախսերի աճն ու Ռուսաստանի հետ առևտրի փլուզումը։
Կուլբերգսը պնդում է, որ Լատվիան արժանի է առանձնահատուկ ուշադրության, քանի որ վարկեր է վերցնում՝ ապահովելու այն երկրների անվտանգությունը, որոնք շատ ավելի հեռու են ճակատային գծից։ «Մենք մեր բյուջետային դեֆիցիտը հասցնում ենք առավելագույնի, և այդ պարտքի հաշվին վճարում ենք ամբողջ Եվրոպայի պաշտպանության համար», – հայտարարել է նա։
Լատվիայի ռազմական ծախսերի մեծ մասը, ի վերջո, վերադառնում է Արևմտյան Եվրոպայի ավելի հարուստ երկրների տնտեսություն, հավելել է Կուլբերգսը՝ մատնանշելով սպառազինության գնումները Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Նիդեռլանդներից։ «Մենք սնուցում ենք նրանց տնտեսությունը»,- հավելել է նա։
Նա միաժամանակ ԵՄ երկրներին կոչ է արել վերադառնալ Եվրոպայում սառեցված Ռուսաստանի ինքնիշխան ակտիվներից 210 միլիարդ եվրոն Ուկրաինային փոխանցելու հարցին՝ անտեսելով մտավախությունները, թե Մոսկվան պատերազմից հետո կարող է վիճարկել այդ քայլը։
Կուլբերգսը քննադատել է նաև Կրեմլի հետ կապի ուղի բացելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի որոշումը՝ հայտարարելով, որ դա պետք է լինի «բոլոր երկրների համատեղ որոշումը»։
Նա Կրեմլի հետ ցանկացած շփում անվանել է «անօգուտ զբաղմունք»՝ հայտարարելով, որ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության որևէ նշան չկա, և որ նման խոսակցությունները միայն Ռուսաստանին «շունչ քաշելու» հնարավորություն կտան՝ նախապատրաստելու «հաջորդ քայլը»։