Հարավային Կորեան հույս ունի բանակցություններ անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ այն բանից հետո, երբ ամերիկացի առաջնորդը հայտարարել է հարավկորեական զինվորականների հետ համատեղ ռազմական զորավարժություններին ամերիկացի զինծառայողների մասնակցության կրճատման մասին։
Հարավային Կորեայի նախագահի վարչակազմում հայտնել են, որ հույս ունեն՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջև բարեկամական հարաբերությունները կհանգեցնեն երկու երկրների միջև բովանդակային երկխոսության և պայմաններ կստեղծեն Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված հարցերի քննարկման համար, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները քննադատել են համատեղ զորավարժությունների շրջանակում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման ծրագրերը, որոնք հայտնի են որպես Ulchi Freedom Shield։
Զորավարժությունները սկսվել են երկուշաբթի և, ինչպես սպասվում է, կշարունակվեն մինչև օգոստոսի 27-ը։ Այս տարի հիմնական ուշադրությունը կենտրոնացված է պատերազմի վարման ժամանակակից մեթոդների և կիբերհարձակումների վրա։
Միաժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է, որ այս մանևրները նման են Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամանքի անհարկի ցուցադրության։ Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ Փհենյանն իր ներկայիս նախագահական ժամկետի ընթացքում սպառնալիքներ չի դրսևորել։ «Հաշվի առնելով իմ շատ լավ հարաբերությունները Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Ընի հետ՝ ես դժգոհ եմ, որ Միացյալ Նահանգները վաղուց համաձայնել են մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ ռազմական զորավարժություններին»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
«Այս զորավարժությունները ոչ միայն թանկ են արժենում, ընդ որում ծախսերի զգալի մասը, ինչպես սովորաբար, կրում են Միացյալ Նահանգները, այլև բոլորովին անտեղի և թշնամական ազդակ են ուղարկում մի երկրի, որը Դոնալդ Թրամփի նախագահ եղած ժամանակվանից ի վեր սպառնալիք չի ներկայացրել և դրսևորել է հարգալից վերաբերմունք»,- հավելել է նա։
Դրանից հետո Թրամփը միաժամանակ հիշատակել է Իրանի հետ պատերազմին չմիջամտելու Սեուլի որոշումը։
Հարավկորեական Asia Business Daily պարբերականի հաղորդմամբ՝ Սեուլի ներկայացուցիչները հայտարարել են, որ Հարավային Կորեան «ակտիվորեն մասնակցում է» միջազգային քննարկումներին, որոնք կապված են Իրանում հրադադարի հասնելու ջանքերի վերսկսման, ինչպես նաև Հորմուզի նեղուցում նավարկության ազատության ապահովմանն ուղղված բանակցությունների հետ։
«Կառավարությունը ուշադիր հետևում է սոցիալական ցանցերում նախագահ Թրամփի հրապարակմանը»,- պարբերականին ասել է հարավկորեացի պաշտոնյաներից մեկը։
«Մենք կգործադրենք բոլոր դիվանագիտական ջանքերը, որպեսզի հանդես գանք որպես գործընթացի նախաձեռնող՝ Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների սերտ համագործակցության պայմաններում»,- հավելել է նա։
Անցած շաբաթավերջին Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը նույնպես հույս էր հայտնել Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ երկու երկրների միջև երկարամյա հակամարտությունը պաշտոնապես ավարտելու նպատակով։