Հայաստանում հիպոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերող վարձու աշխատողները հնարավորություն ունեն հետ ստանալու իրենց աշխատավարձից վճարված եկամտային հարկը՝ հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա BanksNews.am-ը ներկայացնում է ծրագրից օգտվելու հիմնական պայմանները, սահմանափակումներն ու դիմելու կարգը։
Ո՞վ և ի՞նչ դեպքերում կարող է օգտվել համակարգից
Եկամտային հարկի վերադարձից կարող են օգտվել բացառապես վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձինք, ում աշխատավարձից հաշվարկվել և պետական բյուջե է վճարվել եկամտային հարկ։
Ծրագիրը չի տարածվում քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված եկամուտների, գույքի վարձակալության կամ բանկային ավանդների տոկոսներից վճարված հարկերի վրա։
Փոխհատուցումը գործում է, եթե՝
- Բնակարանը ձեռք է բերվում ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքում՝ անմիջապես կառուցապատողից։
- Գույքը ձեռք է բերվում պետության կամ համայնքի բնակարանային ապահովության ծրագրով։շ
- ՀՀ տարածքում ձեռք է բերվում կամ կառուցվում է անհատական բնակելի տուն։
Հիմնական պայմաններն ու սահմանափակումները
- Մեկ վարկի պայման: 2018 թ. հունվարի 1-ից հետո յուրաքանչյուր քաղաքացի (վարկառու/համավարկառու) կարող է այս հնարավորությունից օգտվել միայն մեկ հիպոթեքային պայմանագրի մասով։ Նախկինում օգտված լինելու դեպքում գումարը բյուջե հետ վերադարձնելը չի վերականգնում նոր վարկով ծրագրին մասնակցելու իրավունքը։
- Գնային սահմանափակում: Գործարքի պայմանագրային արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։
- Առավելագույն գումար (եռամսյակային):
- Մինչև 2025 թ. հունվարի 1-ը ստացված վարկերի համար՝ մինչև 1.5 մլն դրամ,
- 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված վարկերի համար՝ մինչև 750 հազար դրամ։
- Սեփականության իրավունք: Համավարկառուն կարող է օգտվել հարկի վերադարձից միայն այն դեպքում, եթե հանդիսանում է նաև տվյալ գույքի (կամ գնման իրավունքի) համասեփականատեր։
Տարածքային սահմանափակումների ժամանակացույց
Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է ըստ տարածքների ծրագրի աստիճանական դադարեցում (չի վերաբերում մինչև 2022 թ. հունվարի 1-ը տրված շինթույլտվություններին, մինչև սահմանափակումն ուժի մեջ մտնելը ստացված վարկերին և սահմանամերձ բնակավայրերին).
| Տարածաշրջան | Արգելքի ուժի մեջ մտնելու ժամկետը |
| Երևան քաղաք | 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված վարկեր |
| Արագածոտն, Արարատ, Արմավիր, Կոտայք | 2027 թ. հունվարի 1-ից հետո ստացված վարկեր |
| Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք | 2029 թ. հունվարի 1-ից հետո ստացված վարկեր |
Նշում. Եթե, օրինակ, Կոտայքի մարզի գույքի հիպոթեքային պայմանագիրը կնքվի 2026 թ. դեկտեմբերին, սակայն վարկը փաստացի տրամադրվի 2027 թ. հունվարին, ապա արտոնությունը չի գործի, քանի որ հիմք է ընդունվում վարկի ստացման ամսաթիվը։
Ինչպե՞ս դիմել առաջին անգամ
Ծրագրից առաջին անգամ օգտվելու համար անհրաժեշտ է իրավունքի հաստատման հայտը և փաստաթղթերի փաթեթը ներկայացնել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին (առձեռն կամ փոստով)։
Անհրաժեշտ փաստաթղթեր.
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ կամ կացության կարգավիճակ)։
- Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ/սոց. քարտ) և ՀՎՀՀ (առկայության դեպքում)։
- Հիպոթեքային պայմանագրի բնօրինակը կամ նոտարական պատճենը, մարման ժամանակացույցը և գույքի սեփականության (կամ գնման իրավունքի) պետական գրանցման վկայականը։
- Կառուցապատողից տեղեկանք (անմիջապես կառուցապատողից ձեռք բերելու մասին) կամ անհատական տան շինթույլտվություն։
- Առուվաճառքի կամ գնման իրավունքի ձեռքբերման պայմանագրի բնօրինակը։
Եռամսյակային էլեկտրոնային դիմումների ներկայացում
Իրավունքի հաստատումից հետո եռամսյակային վերադարձի դիմումները ներկայացվում են բացառապես «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալի» միջոցով։
Գրանցման տարբերակներ.
- Էլեկտրոնային ստորագրությամբ: Մուտք գործել պորտալ, լրացնել հայտը, ստորագրել էլեկտրոնային եղանակով և ակտիվացնել հղումով։
- Առանց էլեկտրոնային ստորագրության: Այցելել ՊԵԿ սպասարկման բաժին կամ դիմումն ու անձնագրային տվյալներն ուղարկել
[email protected]էլ. հասցեին՝ մուտքի հղում ստանալու համար։
Դիմումի ուղարկում և վճարում.
Պորտալ մուտք գործելուց հետո «Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյանում» ստեղծվում է նոր դիմում, լրացվում է հեռախոսահամարը, հաշվետու եռամսյակը և բանկային հաշվեհամարը։
Դիմումն ուղարկելուց հետո գումարը փոխանցվում է ժամերի կամ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանով, որ գործատուն արդեն ներկայացրած ու վճարած լինի տվյալ եռամսյակի հարկերը, իսկ բանկը փոխանցած լինի վճարված տոկոսների տվյալները։
Հատուկ իրավիճակներ
- Աշխատանքի փոփոխություն: Աշխատանքից ազատվելու և նոր աշխատանքի անցնելու դեպքում իրավունքը պահպանվում է։ Վերադարձը կատարվում է այն եռամսյակների համար, որոնց ընթացքում հարկերը փաստացի վճարվել են։
- Վարկի վերաֆինանսավորում (բանկի փոփոխություն): Մինչև 2025 թ. ստացված վարկը 2025-ից հետո այլ բանկ տեղափոխելիս (առանց վարկի նպատակի փոփոխության և մնացորդի չափով) պահպանվում է մինչև 1.5 մլն դրամ եռամսյակային սահմանաչափը։
- Գնման իրավունքի վաճառք: Եթե քաղաքացին գնման իրավունքը վաճառում է այլ անձի, նոր գնորդը կարող է օգտվել հարկի վերադարձից, եթե բավարարում է օրենքի բոլոր պահանջներին։