Ալմաթիի դատարանը Orda.kz-ի նախկին գլխավոր խմբագիր Գուլնարա Բաժկենովային դատապարտել է ութ տարվա ազատազրկման, սակայն պատժի կատարումը երկու տարով հետաձգել է՝ հաշվի առնելով, որ նա ունի 14 տարին չլրացած երեխա, հայտնում է Tengrinews.kz-ն՝ հղում անելով Ալմաթիի քաղաքային դատարանի աղբյուրին։
Բաժկենովան մեղավոր է ճանաչվել Ղազախստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելու, իրեն վստահված գույքը յուրացնելու կամ վատնելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:
Դատական նյութերի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Բաժկենովան, զբաղեցնելով ընկերության ղեկավարի պաշտոնը, իբր յուրացրել է 88.1 միլիոն տենգե (մոտ 170 հազար դոլար)՝ գումարը փոխանցելով իր վերահսկողության տակ գտնվող անհատ ձեռնարկատիրոջ հաշվին (իբրև կեղծ գովազդային, մասնագիտական և գիտական ծառայությունների վճարում): Միջոցների մի մասն, ըստ պնդումների, ուղղվել է մասնավոր միջազգային դպրոցում նրա որդու ուսման վճարին:
Բացի այդ, դատարանը պարզել է, որ Բաժկենովան գրանցված չի եղել որպես անհատ ձեռնարկատեր, սակայն Ալմաթիում բնակարանների առքուվաճառքի գործարքներից ստացել է 121.2 միլիոն տենգե: Դատարանի տվյալներով՝ այդ եկամտից հարկեր չեն վճարվել:
Առանձին քննվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելու մեղադրանքները: Դատարանի վարկածով՝ 2024-2025 թվականներին Բաժկենովան, լինելով տեղեկատվական-վերլուծական պորտալի գլխավոր խմբագիրը, նախնական համաձայնությամբ անձանց խմբով համացանցային ռեսուրսների և սոցիալական ցանցերի միջոցով ութ անգամ նման տեղեկություններ է տարածել:
Ութ տարվա ազատազրկումից բացի, դատարանը նրան հինգ տարով արգելել է զբաղվել ԶԼՄ-ների, լրագրության, բլոգինգի, հանրային միջոցառումների և այլ հասարակական գործունեությամբ, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ կապված կազմակերպություններում զբաղեցնել ղեկավար և նյութապես պատասխանատու պաշտոններ:
Ընդ որում, Բաժկենովան դեռևս անմիջականորեն չի կրի նշանակված պատիժը․ Ղազախստանի Քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի հիման վրա դրա կատարումը հետաձգվել է երկու տարով։