«Հրապարակ». Մարզպետն իր բարեկեցությունն է ապահովել, ոչ թե ժողովրդի

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրված է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը՝ օգոստոսի 13-ին մարզպետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ուղերձում նշված է․ «Սիրելի հայրենակիցներ, ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ վերանշանակվել եմ Տավուշի մարզպետի պաշտոնում։ Շնորհակալ եմ վստահության համար։ Հավաստիացնում եմ, որ առաջիկա իմ գործունեությունը Տավուշի մարզպետի պաշտոնում ուղղված է լինելու Տավուշի մարզի զարգացմանը, ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը եւ մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը»։

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր Հ․ Ղալումյանը 2021թ․ ապրիլի 8-ին` հինգուկես տարի առաջ, նշանակվել է Տավուշի մարզպետ, դրանից հետո նա իր բարեկեցությունն է ապահովել, ոչ թե՝ Տավուշի մարզի բնակիչների։ Կոռուպցիայի կանխարգելման կոմիտեին Հայկ Ղալումյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրից պարզվում է, որ մարզպետ նշանակվելուց հետո՝ 2022-ին, նա Երեւանում ձեռք է բերել բնակարան եւ ավտոմեքենա։ Մարզպետի բարձր աշխատավարձից զատ, Հայկ Ղալումյանը աղքատ, վարկերի ու պարտքերի տակ կքած Հայաստանի պետբյուջեից պարբերաբար իրեն ու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներին դրամական մեծ պարգեւատրումներ է նշանակել։
Օգոստոսի 6-ին մարզպետ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․
«1․ Օգոստոսի 6-ի դրությամբ, 2026 թվականին որքա՞ն պարգեւավճար են ստացել Տավուշի մարզպետարանի աշխատակիցները։
2․ Օգոստոսի 6-ի դրությամբ, 2026 թվականին Տավուշի մարզպետի աշխատակազմում մարզի կարիքավորներից դրամական աջակցության քանի՞ դիմում է ստացվել, քանի կարիքավորի ընդհանուր որքան գումար է օգնություն տրամադրվել»։

Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․
«1․ 2026 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 40 մլն 187,9 հազար դրամ պարգեւավճար:
2. 2026 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ մարզպետի աշխատակազմ են դիմել թվով 490 քաղաքացիներ։ Քաղաքացիներից ստացված 441 դիմում բավարարվել է, դրամական օգնության ընդհանուր չափը կազմել է 23 378.0 հազ․ դրամ»։

Տավուշի մարզպետի աշխատակազմն ունի 66 աշխատող։ Այս տարվա ընթացիկ ժամանակաշրջանում մարզպետի աշխատակազմի 66 աշխատակիցները ընդհանուր թվով ստացել են 40 միլիոն 187 հազար դրամ պարգեւավճար, իսկ սոցիալապես անապահով 441 քաղաքացի, որոնց աջակցության դիմումները բավարարվել են, ընդհանուր ստացել են 23 միլիոն 378 հազար դրամ օգնություն։ Հիրավի, կուշտը սովածին մանր է բրդում։ Աշխատանքային ի՞նչ նվաճումների, ձեռքբերումների համար են մարզպետն ու իր աշխատակազմի պաշտոնյաները պետբյուջեից այդքան շռայլորեն պարգեւատրվել։ Հայկ Ղալումյանի պաշտոնավարման շրջանում, վերջին հնգամյակում, Տավուշում ներդրումային մեծ ծրագրեր չեն իրականացվել, ոռոգվող հողերի քանակն էապես չի մեծացել: Պետբյուջեի միջոցներով կամ վարկերով Տավուշի մարզում ճանապարհներ են կառուցվել, նորոգվել, բայց դրանք մարզպետի ու իր աշխատակազմի ձեռքբերումները չեն։ Տավուշի մարզպետն ու իր աշխատակազմն անմիջականորեն ղեկավարում են միայն 2 ոլորտ՝ մարզի գյուղական բժշկական հիմնարկները եւ Տավուշի հանրակրթական դպրոցների վարչատնտեսական մասը։ Մարզպետի աշխատակազմը նախարարությունների հետ կրկնվող գործառույթներ ունի, այն պետբյուջեի վրա մեծ բեռ է։

Տարիներ առաջ Տավուշի մարզպետարանում մշակույթի բաժնի պետ աշխատած գուսան Աստղանուշը՝ Աստղիկ Մելիքբեկյանը, մեզ ասաց. «Ես էն գլխեն Տավուշի մարզպետարանում աշխատելուս տարիներին եմ բարձրաձայնել այդ կառույցի ավելորդ լինելու մասին, քանի որ գործառույթները կրկնվում են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *