Քաղաքական ցինիզմ․ Փաշինյանի վստահելիները փոխում են ճամբարները –

 Մինչ Սամվել Կարապետյանի` Տաշիրի Սամոյի քաղաքական թիմը հրապարակներում կոկորդ է պատռում, թե գալու են իշխանության ու փոքր բիզնեսն ազատեն հարկերից, իրականում հենց նրանց բիզնես-կայսրությունն է այսօր դարձել փոքր ու միջին ձեռնարկատերերի գլխավոր «դահիճը»։

Բանը նրանում է, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարությունը, լինելով Նիկոլ Փաշինյանի նշանակած թիմը, նրա քթի տակ ստվերային ծառայություններ է մատուցում Տաշիրի Սամոյին՝ օգնելով թաքցնել այն իրական պատկերը, թե ինչպես են ընդդիմադիր գործարարի ընկերությունները կեղեքում փոքր բիզնեսը։

Մենք երեք անգամ հետևողականորեն դիմել ենք Կադաստրի կոմիտե՝ պահանջելով տեղեկատվություն Կարապետյանի հետ կապվող «ՀԱՆՔԱՇԱՐ» և «ԱՆՑՈՒՄՄԵԿ» ընկերությունների գույքերի վերաբերյալ։ Մեր հարցման նպատակը պարզ էր. ցույց տալ այս ընկերությունների կողմից վարձակալությամբ տրված տարածքների, ստացած աստղաբաշխական եկամուտների և վճարած չնչին հարկերի հարաբերակցությունը։

Մինչ Սամոյենք «հարկային ազատություն» են խոստանում, մենք փորձում էինք բացահայտել, թե ինչպես են նրանք իրականում իրենց անտանելի վարձավճարներով պարզապես «չոքացնում» ու սնանկացնում փոքր բիզնեսը։ Կադաստրը, սակայն, երեք դեպքում էլ տվել է լկտի ու անհիմն մերժում՝ դառնալով Սամվել Կարապետյանի «հարկային խոստումների» ստի պահապանը։

Տեսնելով այս բացահայտ սաբոտաժը՝ գրավոր դիմել ենք Վարչապետի աշխատակազմ։ Այստեղ էլ, սակայն, տեղի է ունեցել ամենաարտառոցը. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարական է ուղարկել Կադաստրի պետին՝ հարցը կարգավորելու համար, բայց վերջինս, փաստացի «թքած ունենալով» իր վերադասի ու հենց Նիկոլ Փաշինյանի վրա, կրկին մերժել է տվյալների տրամադրումը։

Ստացվում է, որ փոքր բիզնեսի իրական վիճակը Կադաստրի համար ոչինչ է, երբ խաղասեղանին Սամվել Կարապետյանի հետ ունեցած ստվերային պայմանավորվածությունն է։ Սա այլևս սովորական բյուրոկրատական քաշքշուկ չէ, սա բացահայտ քաղաքական սաբոտաժ է հենց կառավարության ներսում։ Տպավորություն է, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարը Նիկոլ Փաշինյանից թաքուն վաղուց արդեն սեփական «տանիքն» է գտել Սամվել Կարապետյանի դեմքով և այսօր ավելի մեծ ջանասիրությամբ պաշտպանում է Տաշիրի Սամոյի բիզնես-գաղտնիքները, քան կառավարության հեղինակությունը։ Սա դասական դավաճանություն է. ուտել պետական բյուջեի հացը, պաշտոնավարել Փաշինյանի շնորհիվ, բայց կուլիսներում լիզել հակառակորդի ձեռքը՝ թույլ տալով, որ նա շարունակի «քերթել» փոքր ձեռնարկատերերին: Մինչդեռ Կարապետյանները եթերներից սուտ հույսեր են տալիս նույն այդ ժողովրդին։

Հարց է առաջանում՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, որ իր` ամենավստահելի թվացող պաշտոնյաները վաղուց արդեն անցել են հակառակորդի ճամբարը և իր իսկ աշխատակազմի գրությունները պարզապես աղբամանն են նետում, եթե դրանք վերաբերում են Սամվել Կարապետյանի շահերին։ Եթե Կադաստրի պետը թույլ է տալիս իրեն արհամարհել Վարչապետի աշխատակազմի ղեկավարին, ուրեմն նա արդեն վաճառված է, իսկ նրա իրական տերը ոչ թե Հայաստանի կառավարությունն է, այլ Տաշիրի ստվերային կայսրությունը։

Պարո՛ն Փաշինյան, Ձեր քթի տակ Ձեր թիմակիցները ծառայում են Ձեր քաղաքական հակառակորդին՝ օգնելով թաքցնել այն թալանը, որն այսօր իրականացվում է փոքր բիզնեսի նկատմամբ հենց նրանց կողմից, ովքեր խոստանում են վաղը «փրկել» այդ նույն բիզնեսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *