ԱՄՆ-ում 1950 թվականին մահապատժի դատապարտված Ֆրենսիս Քլիֆորդ Սմիթը ութ անգամ սպասել է դատավճռի իրականացմանը, սակայն ամեն անգամ նրա մահապատիժը հետաձգվել է կամ չեղարկվել: Հունիսին նա մահացել է 101 տարեկան հասակում՝ ճաղերի հետևում անցկացնելով ավելի քան 70 տարի, հայտնում է BBC News-ը:
Սմիթը մեղադրվում էր Կոնեկտիկուտ նահանգի զբոսանավային ակումբի գիշերային պահակ Գրովեր Հարթի սպանության համար: Ձերբակալման պահին նա 25 տարեկան էր: Մինչև կյանքի վերջը նա պնդում էր իր անմեղությունը:
Ժամանակի ընթացքում դատավճռի հիմնավորվածության վերաբերյալ լուրջ կասկածներ են ի հայտ եկել: Մի քանի վկաներ հրաժարվել են իրենց նախկին ցուցմունքներից, իսկ մեկ այլ կալանավոր խոստովանել է սպանությունը: Ձերբակալությունից հետո Սմիթին հարցաքննած ոստիկաններից մեկը հետագայում հայտարարել է, որ նրան անմեղ է համարում:
«Ես անգամ համոզված չեմ, որ նա ներկա է եղել սպանության պահին»,- Ներման խորհրդին ասել էր մայոր Լեո Քերրոլը:
Սմիթը կալանքի տակ է անցկացրել ավելի քան 70 տարի՝ չհաշված ազատության մեջ գտնվելու երեք կարճ ժամանակահատվածները: 1967 թվականին նա փախել էր բանտից, սակայն 12 օր անց նրան բռնել էին: 1974 թվականին նրան թույլատրել էին Սուրբ Ծննդյան երեկոն անցկացնել տանը, ինչից հետո նա վերադարձել էր բանտ: 1975 թվականին Սմիթը ստացել էր պայմանական վաղաժամկետ ազատում, սակայն մոտ 10 ամիս անց կրկին հայտնվել էր ճաղերի հետևում՝ մանր գողության և զենք պահելու համար (ինչը խախտում էր ազատության մեջ գտնվելու պայմանները):
Հետագայում նա մի քանի անգամ հրաժարվել է վաղաժամկետ ազատման առաջարկներից։ Միայն 2020 թվականին Սմիթը համաձայնել է վերահսկվող ազատմանը և տեղափոխվել քրեակատարողական համակարգի ենթակայության տակ գտնվող տարեցների համար նախատեսված հատուկ հաստատություն։
Օսբորնի բանտի տարածքում գտնվող թռչուններին կերակրելու համար Սմիթը ստացել էր «Թռչնամարդ» մականունը։ Կոնեկտիկուտի ուղղիչ հիմնարկների դեպարտամենտի աշխատակից Անդրիուս Բանևիչյուսի խոսքով՝ Սմիթը հացը պահում էր հագուստի տակ, որպեսզի դուրս բերի թռչունների համար, իսկ աշխատակիցներն աչք էին փակում դրա վրա։
Կյանքի վերջին տարիներին Սմիթը գտնվում էր ծերանոցում՝ վերահսկողության ներքո։ Նա դարձել է տարեց բանտարկյալների և նախկին կալանավորների բժշկական խնամքի ոլորտում մասնագիտացած MissionCare Health ծրագրի առաջին պացիենտներից մեկը։
60 West հաստատության ներկայացուցիչը, որտեղ Սմիթն անցկացրել է իր վերջին տարիները, հայտնել է, որ նա մահացել է քնած ժամանակ՝ հունիսին։ «Ըստ էության, նա մահացել է ծերությունից»,- ասել է ներկայացուցիչը։
Սմիթի պատմությունը նաև ուշադրություն հրավիրեց ամերիկացի բանտարկյալների ծերացման խնդրի վրա։ 2025 թվականի հետազոտության համաձայն՝ 1991-ից 2021 թվականներին 55 և ավելի բարձր տարիքի բանտարկյալների թիվն աճել է գրեթե 400%-ով։ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի կանխատեսմամբ՝ մինչև 2030 թվականը բոլոր բանտարկյալների առնվազն մեկ երրորդը կլինի 50-ից բարձր տարիքի։
Հետազոտողները հանդես են գալիս այսպես կոչված «բանտարկության ողջամիտ կրճատման» օգտին՝ առաջարկելով ավելի լայնորեն կիրառել վաղաժամկետ ազատումը մարդասիրական կամ բժշկական հիմքերով և պայմաններ ստեղծել տարեց բանտարկյալների խնամքի համար։ Մասնագետները նշում են, որ երկարատև ազատազրկումը կարող է զգալիորեն արագացնել ծերացումը, քանի որ ճաղերի հետևում տասնամյակներ անցկացրած 60-ամյա մարդը կարող է 90-ամյայի առողջական վիճակ ունենալ։