Երևանի մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիր․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցիալական ցանցերի իր էջում տեղեկացրել է մայրաքաղաքի մանկապարտեզներում մեկնարկած նոր ու կարևոր նախաձեռնության մասին և տեսանյութ հրապարակել:

Քաղաքապետի փոխանցմամբ՝ ամիսներ առաջ իր նախաձեռնությամբ Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը։

Անդրադառնալով ծրագրի էությանն ու նպատակներին՝ Տիգրան Ավինյանը նշել է․

«Հուզական ինտելեկտը միայն զգացմունքների մասին չէ։ Դա սեփական հույզերը ճանաչելու, դրանք ճիշտ արտահայտելու և կառավարելու, դիմացինին հասկանալու, համագործակցելու ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հաղթահարելու կարողությունն է։ Այս հմտությունները ձևավորվում են հենց վաղ տարիքում և մեծ ազդեցություն են ունենում երեխայի հետագա զարգացման վրա»։

Նա մանրամասնել է, որ նախագծի շրջանակում փոքրիկները խաղերի, զրույցների և հատուկ վարժությունների միջոցով սովորում են ճանաչել իրենց հույզերը, խոսել դրանց մասին, լսել ու հասկանալ ընկերներին, ինչպես նաև աշխատել թիմով և հարգել միմյանց։ Սրա արդյունքում երեխաներն ավելի պատրաստ են լինում դպրոցական կյանքին, ավելի դյուրին են շփվում շրջապատի հետ և ձեռք են բերում կենսական կարևորության հմտություններ։

«Համոզված եմ՝ կրթությունը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Այն նաև ինքնավստահ, կարեկից, պատասխանատու և հոգատար մարդ ձևավորելու մասին է։ Իսկ դրա հիմքը դրվում է հենց մանկության տարիներին»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը։

Տիգրան Ավինյանը նաև հավելել է, որ առաջիկայում կկիսվեն, թե ինչպես են անցնում դասընթացները և ինչ են պատմում մասնակից փոքրիկները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *