ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը՝ Կառավարության ծրագրում

ՀՀ կառավարությունը հրապարակել է 2026-2031 թթ. Ծրագիրը, որը քննարկվելու է օգոստոսի 20-ի կառավարության նիստում, այնուհետև ուղարկվելու է Ազգային ժողով։ Ծրագրում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը։

«Եվրոպական միության հետ ռազմավարական գործընկերության խորացում

Շարունակվելու են ԵՄ–ի հետ ռազմավարական համագործակցության ոլորտային զարգացումը և ինտեգրումը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկման, ինչպես նաև Եվրոպական միության ժողովրդավարության և օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական, շրջակա միջավայրի, սոցիալական և այլ ոլորտների չափանիշներին Հայաստանի համապատասխանեցման ուղղությամբ՝ 2025 թվականի «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի հիման վրա: Ավարտին է հասցվելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով:

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության խորացում

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության հիման վրա է՛լ ավելի է խորացվելու երկկողմ գործընկերությունը՝ ի շահ երկու պետությունների, և ընդլայնվելու է համագործակցությունը համատեղ առաջնահերթություն հանդիսացող հարցերի լայն շրջանակի շուրջ: Շարունակվելու է ԱՄՆ–ի հետ ոլորտային համագործակցությունը՝ հիմնված Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև 2025 թվականի օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագրերի և Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության վրա: Իրագործվելու է TRIPP նախագիծը՝ առնվազն էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների շահագործմամբ՝ ինտեգրելով Հայաստանը տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *