ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:
BanksNews.am-ն ուսումնասիրել է փաստաթուղթը և առանձնացրել առողջապահության, համընդհանուր ապահովագրության, սպորտային ենթակառուցվածքների և առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված առանցքային դրույթները:
1. Առողջապահություն և համընդհանուր ապահովագրություն
Կառավարության նպատակն է ամբողջ բնակչությանն ընդգրկել առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգում՝ «բուժել հիվանդությունը» մոտեցումից փուլ առ փուլ անցնելով «պահպանել առողջությունը» տրամաբանությանը:
- Ենթակառուցվածքներ և որակ. Կկառուցվի, կվերակառուցվի և կվերազինվի 50 առողջապահական կազմակերպություն: Միջազգային (ԵՄ, ԱՄՆ, Կանադա) ստանդարտներին համապատասխան կիրականացվի 20 բժշկական կազմակերպության որակի ակրեդիտացում:
- ԲԿ-ների կառավարում և բորսա. Կբարձրացվի ԲԿ-ների ֆինանսական ու գործառնական ինքնավարությունը, իսկ առնվազն մեկ 100% պետական բաժնեմասով բժշկական կենտրոնի բաժնետոմսեր կթողարկվեն բորսայում:
- Ընտանեկան բժշկություն. Առողջության առաջնային պահպանման առնվազն 20 քաղաքային հաստատությունում կներդրվի ընտանեկան բժշկության ինստիտուտը՝ հիվանդությունների կանխարգելման և սքրինինգային ծրագրերի ընդլայնման նպատակով:
- Կադրերի պատրաստում. Կլինիկական ռեզիդենտուրայում կներդրվի կոմպետենտահենք ուսուցում (ԵՄ/ԱՄՆ ստանդարտներով), ինչպես նաև մասնագիտական դեֆիցիտի կանխատեսման մոդելավորման համակարգ:
- Թվայնացում. Կներդրվի ինտեգրված առողջապահական տվյալների էկոհամակարգ (Big Data վերլուծությամբ), բուժաշխատողների թվային գործելակարգեր, ինչպես նաև ստվերի և չարաշահումների կանխարգելման թվային գործիքներ:
2. Սպորտ, առողջ ապրելակերպ և մասսայականացում
Առողջ ապրելակերպի խթանումը դիտարկվում է որպես մարդկային ներուժի զարգացման նախապայման. նախատեսվում է ապահովել մարզվելու հասանելիություն յուրաքանչյուր համայնքում:
- Մարզական ենթակառուցվածքներ. Հանրապետության բոլոր համայնքներում կկառուցվի 100 կոմբինացված մարզահրապարակ (ներառյալ համայնքային լողավազաններ): Կընդլայնվի վորքաութ հարթակների ցանցը, իսկ նորակառույց դպրոցների մարզզալիքները դասերից հետո կծառայեն համայնքին:
- Մարզաձևերի նվազագույն շրջանակ. Յուրաքանչյուր համայնքում երեխաների համար կձևավորվի հասանելի մարզաձևերի նվազագույն երաշխավորված շրջանակ:
- Քայլելու և հեծանվային միջավայր. Քաղաքաշինական ու տրանսպորտային քաղաքականությունների միջոցով կստեղծվեն անվտանգ քայլելու և հեծանիվ վարելու պայմաններ, կխրախուսվի վնասակար սովորությունների դադարեցումը:
3. Պրոֆեսիոնալ սպորտ, ստադիոններ և միջազգային մրցաշարեր
- Նոր Ազգային Ստադիոն. «Ակադեմիական քաղաքում» կկառուցվի ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոն՝ 35 հազար հանդիսատեսի համար:
- Մարզային ստադիոններ. Վանաձորում և Իջևանում կկառուցվեն ևս երկու ստադիոններ՝ առնվազն 10 հազար հանդիսատեսի համար:
- Միջազգային մրցաշարեր. Հայաստանում յուրաքանչյուր տարի կկազմակերպվեն առնվազն 2 օլիմպիական մարզաձևերի միջազգային առաջնություններ և մրցաշարեր:
- Ֆինանսավորման նոր մոդել. Մարզական կազմակերպությունների համար կներդրվի կատարողականի և արձանագրած արդյունքների վրա հիմնված լրացուցիչ ֆինանսավորման համակարգ: