Չինաստանի հյուսիսում Կուբուչի անապատում, վերականգնվող էներգիայի ամենահավակնոտ նախագծերից մեկն է կյանքի կոչվում։ «Արևային մեծ պատ» ահա այս խորհրդանշական անունն է ստացել արևային միլիոնավոր վահանակներից բաղկացած կայանը։
Ներքին Մոնղոլիայի Օրդոս քաղաքում իրականացվող այս մեգանախագիծը մեկտեղում է արևային էներգիայի զանգվածային արտադրությունը անապատացման դեմ պայքարի հետ։ Ֆոտովոլտային վահանակները ծածկում են ավազով ծածկված անապատի անծայրածիր տարածքներ, իսկ դրանց տակ և շուրջը տարբեր բուսատեսակներ են տնկվում՝ այդ թվում քամու հետևանքով ավազի զանգվածի տեղաշարժը կանխելու համար։

Հսկայական այս կայանի հզորությունը նախատեսվում է հասցնել 16 գիգավատի ներառյալ արևային, քամու և օժանդակ էներգետիկ ենթակառուցվածքները։ Այդ դեպքում, ըստ հաշվարկների, կայանը տարեկան կարտադրի մոտ 40 միլիարդ կվտ էլեկտրաէներգիա։
Նախագիծը Չինաստանի ավելի լայն ռազմավարության մի մասն է՝ կառուցելու վերականգնվող էներգիայի հսկայական բազաներ իր հյուսիսային և արևմտյան շրջաններում և երկար հեռավորությունների վրա էլեկտրաէներգիա մատակարարել այնպիսի խոշոր բնակավայրերի, ինչպիսիք են Պեկինը, Տյանցզինը և Հեբեյը։
Այս նախագիծը, սակայն, միայն էներգետիկ կարիքների բավարարման նպատակ չի հետապնդում. արևային վահանակների ստեղծած ստվերի շնորհիվ նվազելու է գոլորշիացման քանակը ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ որոշակի բույսերի համար, իսկ աճող բուսականությունն իր հերթին կարող է օգնել պաշտպանել հողը քամու էրոզիայից և կայունացնել անապատի մակերևույթը։ Այս կերպ փորձ է արվում համատեղել վերականգնվող էներգիայի արտադրությունը անապատացման դեմ պայքարի և դրանք կանաչ տարածքների վերածելու ռազմավարության հետ։

Գետնի մակերևույթին կանգնած դժվար է պատկերացնել այս կայանի ահռելի մասշտաբները. այդ իսկ պատճառով անապատի այդ հատվածում հատուկ դիտաշտարակ է կառուցվել հսկայական այս տարածությունը տեսնելու և պատկերացնելու համար։ Բայց անգամ այդ դեպքում ողջ մասշտաբը հնարավոր չէ պատկերացնել անզեն աչքով, իսկ այդ ժամանակ օգնության են հասնում արբանյակային պատկերները։ Դրանցում ոչ միայն կայանի ողջ մասշտաբն է ակներև դառնում, այլև երևում է, որ ֆոտովոլտային վահանակները հատուկ դասավորությամբ են տեղադրվել, ինչի արդյունքում դրանք ձիու հսկայական ուրվագիծ են ստեղծել։ Այս մտահղացումը տեղ է գտել անգամ Գինեսի ռեկորդների գրքում։
Անապատային հատվածներում արևային էներգիայի նման մեծամասշտաբ կայանների կառուցումն ի ցույց է դնում, թե որքան մեծ ներդրումներ է անոյմ Չինաստանը վերականգնվող էներգիայի ոլորտում։ Ընդ որում, տեղային միջին ու փոքր կայաններ կառուցելու փոխարեն Չինաստանը գնում է ահռելի տարածքներում հսկայական չափերի հասնող բազաներ հիմնելու ճանապարհով, ինչը բազմապատիկ ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն է տալիս հատկապես անապատային գոտիներում, որտեղ արևոտ օրերի քանակը տարվա կտրվածքով անհամեմատ ավելի է։ Հետևաբար, Կուբուչիի նախագիծն ավելին է, քան պարզապես արևային վահանակների կայանը. այն աշխարհի ամենից դժվարամատույց վայրերից մեկն էլեկտրաէներգիայի արտադրության հաբի վերածելու փորձ է՝ միաժամանակ փորձելով վերականգնել լանդշաֆտի հսկայական գոտիներ։

Եթե նախագիծը հասնի իր նախատեսված մասշտաբներին, «Արևային Մեծ պատը» կարող է դառնալ Չինաստանի էներգետիկ համակարգի վերափոխման ամենացայտուն խորհրդանիշներից մեկը։
Հայկ Սահակյան