Չինաստանում մարդանման ռոբոտներին սկսել են փորձարկել ոչ միայն հատուկ պոլիգոններում, այլև իրական պայմաններում՝ հյուրանոցներում, գրադարաններում և բնակելի տարածքներում, գրում է Global Times-ը։
Վերլուծաբանների կարծիքով՝ սա վկայում է ոլորտի զարգացման նոր փուլի մասին․ ռոբոտներն աստիճանաբար դուրս են գալիս լաբորատորիաներից և մոտենում գործնական, այդ թվում՝ կենցաղային կիրառմանը։
Փորձարկումներն անցկացվում են Մարդանման ռոբոտների համաշխարհային երկրորդ խաղերի (WHRG) շրջանակում, որոնք տեղի են ունենում օգոստոսի 22-ից 26-ը Պեկինում։ Առաջին անգամ ծրագրում ներառվել է կենցաղային մրցույթ։ Մեկնարկային փուլում Habit@ «խելացի» բնակարանում մրցել է 38 թիմ։
Ռոբոտները պետք է կատարեն սովորական տնային գործեր՝ կարգի բերեն հյուրասենյակը, ծալեն հագուստը, լվանան և կախեն սպիտակեղենը։ Փորձարկման ընթացքում մեքենան պետք է արձագանքի նաև անսպասելի իրավիճակներին, օրինակ՝ ձայնային հրահանգով ընդունի առաքված ծանրոցը, ապա վերադառնա ընդհատված աշխատանքին։
Հատուկ ուշադրություն է դարձվում ինքնավարությանը։ Հեռակառավարմամբ աշխատելու համար ռոբոտները ստանում են հնարավոր միավորների միայն կեսը։ Տուգանքներ են նախատեսված բախումների, իրերը վայր գցելու և սահմանված սահմաններից դուրս գալու համար։
Մյուս փորձարկումներն անցկացվում են իրական հյուրանոցներում և գրադարաններում։ Հյուրանոցում ռոբոտները պետք է ուղեբեռը հասցնեն համար, լրացնեն սրբիչների, հողաթափերի ու ջրի պաշարները, հավաքեն օգտագործված սպիտակեղենը և հարդարեն մահճակալը։ Գրադարանում նրանց հանձնարարվում է հավաքել վերադարձված գրքերը, դասավորել դրանք դարակներում և ուղղել տեղադրման սխալները։
Կազմակերպիչները նշում են, որ նման առաջադրանքները շատ ավելի բարդ են, քան ստանդարտ մրցույթները։ Նեղ միջանցքները, փափուկ ու ձևափոխվող առարկաները, ծանր սայլակները և գործողությունների երկար հաջորդականությունը ռոբոտներից պահանջում են ոչ միայն ճշգրտություն, այլև փոփոխվող պայմաններին ինքնուրույն հարմարվելու ունակություն։
Առանձին անվանակարգ է հատկացված այսպես կոչված միկրոմանիպուլյացիային․ ռոբոտները պետք է բարձրացնեն մանր առարկաներ (օրինակ՝ լոբու հատիկներ) և պտուտակներ ամրացնեն։ Այս փորձարկումները պետք է ցույց տան նրանց հնարավորություններն ու «մատների ճարպկությունը»։
Այս տարվա խաղերին մասնակցում է 16 երկրից ժամանած 666 թիմ և 2056 ռոբոտ։ Վերլուծաբանների խոսքով՝ հիմնական հարցն այժմ ոչ թե այն է, թե արդյոք մարդանման ռոբոտն ունակ է կատարել առանձին գործողություն, այլ այն, թե կկարողանա՞ արդյոք ինքնուրույն գլուխ հանել իրական առաջադրանքների ամբողջական շղթայից։
Ընդ որում, ինքնավարությունը դառնում է առանցքային ցուցանիշ։ Հեռակառավարման դեպքում մարդը փաստացի շարունակում է աշխատանքի մի մասն անել մեքենայի փոխարեն, ինչը նվազեցնում է ռոբոտի գործնական արժեքը։ Հենց այդ պատճառով էլ իրական բնակարաններում, հյուրանոցներում և այլ օբյեկտներում անցկացվող փորձարկումները որպես կարևոր քայլ են դիտարկվում դրանց ամենօրյա կիրառման ճանապարհին։