Օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումն ու ծովային սառույցի նվազումը պատճառ են դարձել, որ հազարավոր բեղավոր կետեր տեղափոխվեն Գրենլանդիայի արևելյան ափամերձ գոտի, որտեղ նախկինում նրանք գրեթե չէին հանդիպում։ Այս մասին են վկայում Գրենլանդիայի, Դանիայի և Իսլանդիայի գիտնականների համատեղ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Frontiers in Marine Science ամսագրում։
Փորձագետների տվյալներով՝ խոսքը ֆինվալների, սապատավոր և փոքր զոլավոր կետերի մասին է։ 2024 թվականի ամռանը Գրենլանդական ծովում հաշվառվել է շուրջ 4000 սապատավոր կետ, ինչպես նաև 6000-ական ֆինվալ և փոքր զոլավոր կետ։

Գիտնականները կետերի միգրացիան բացատրում են նրանց հիմնական կերի՝ ցրտասեր կայսրաձկան տեղաշարժով։ 2000-ականների կեսերից այս ձկնատեսակը լքել է Իսլանդիայից հյուսիս գտնվող տաք ջրերը և տեղափոխվել դեպի Գրենլանդական ծով, ինչին էլ հետևել են նաև կետերը։
Փոփոխությունների մասին են փաստում նաև բազմամյա դիտարկումները․ եթե մինչև 2006 թվականը Արևելյան Գրենլանդիայի ափերին սապատավոր կետեր գրեթե չէին նկատվում, ապա 2007-ին արձանագրվել է 7, 2015-ին՝ 26, իսկ 2024-ին՝ արդեն ավելի քան 150 հանդիպում։ 2025 թվականի օգոստոսին անգամ նկատվել է մինչև 50 բեղավոր կետից կազմված խումբ։

Մասնագետները փաստում են, որ Արևելյան Գրենլանդիայում ընթանում է ծովային էկոհամակարգի լայնամասշտաբ վերափոխում։ Ջերմասեր կենդանիներն աստիճանաբար յուրացնում են այն տարածքները, որոնք նախկինում պատկանում էին արկտիկական տեսակներին (օրինակ՝ նարվալներին)։
Գիտնականների համոզմամբ՝ կլիմայական տաքացումն արդեն իսկ փոխել է Գրենլանդական ծովի կենսաբանական կազմն ու սննդային շղթան, ինչը կարող է ունենալ երկարատև ազդեցություն։